Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 փետրվարի 2011

Թերանալու դեպքում կառավարությունը տույժ ու տուգանք կվճարի





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը հաստատել է գերավճարի և/կամ գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և/կամ վճարման կարգը։ Մինչև 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն որոշումը կարևորել է այն առումով, որ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ և եթե ուշացնի ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա տույժ և տուգանք պետք է վճարի։ Վարչապետը հավելել է, որ վերջին երկու տարում ուշացման կամ առավել ևս չվճարման դեպք չի եղել, դրանք ապագայում ևս կբացառվեն։
Գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս գնումները կատարվում են տվյալ պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված կարգով` եթե գնման գինը չի գերազանցում 50 մլն դրամը և կառավարության սահմանած կարգով` եթե գնման գինը գերազանցում է 50 մլն դրամը։ Այս միջոցառումները Տիգրան Սարգսյանն անցումային է համարել, ինչը պայմանավորված է ԾԻԳ-երը նախարարություններին ինտեգրելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնց նպատակն է Հայաստանի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հնարավորինս համապատասխանեցումը միջազգային ժամանակակից չափանիշներին։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն հիվանդությունների առավել արդյունավետ կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման, ինչպես նաև մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերման լավ պայմաններ։
Գործադիրը հավանություն է տվել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին։ Ծրագրի նպատակն է բարելավել նշված կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշները, բարձրացնել դրանց մրցակցությունը, ինչպես նաև մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը։
ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման 2011թ. պետպատվերի կատարման նպատակով կառավարությունը նախատեսել է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1770 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն։


                         Կբարելավվեն ՀԱԷԿ-ի աշխատողների սոցիալական պայմանները

ՀՀ կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գտնվող բնակելի բազմաբնակարան շենքով վճարել ընկերության տեղաբաշխած` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և նշված գույքը նվիրաբերել Մեծամորի քաղաքային համայնքին` պայմանով, որ վերջինս գույքը որպես բնակելի ֆոնդ իր հերթին նվիրատվությամբ տրամադրի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին։ Նրանցից 50-ը կապահովվի բնակելի տարածքով։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը։ Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել 10000.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու իր նախկին որոշման N1 հավելվածը։ Դրա շնորհիվ շտկվել են նշված տարածքների ցանկում հողամասերի ծածկագրերի, մակերեսների, սեփականատերերի անուն, ազգանունների, ինչպես նաև քարտեզագրման հետ կապված անճշտությունները։
Կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին են ամրացվել Վանաձորում և Աբովյանում գտնվող շինությունների որոշակի տարածքներ, որտեղ կկազմակերպվի այդ քաղաքներում գտնվող արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների լուծարման հետևանքով անհրաժեշտ դարձած փաստաթղթերի հետագա արխիվացումը։
Գործադիրը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրական կարիքների համար Հայաստան ներմուծել տեխնիկական ցիանական նատրիում, որը մեր երկրում չի արտադրվում։

    Միջազգային համագործակցություն


Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը, որն ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի պարզեցմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` սա կարևորագույն փաստաթուղթ է, և պետք է արվի հնարավորը, որպեսզի Վրաստանի վարչապետի` առաջիկա երեքշաբթի Հայաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում այս գործընթացն իրականացվի։
ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմատեխնիկական հարցերի հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը, որով սահմանվել են հասարակական հիմունքով գործող հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը։ Նշված փաստաթղթերն ստորագրելու նախաձեռնությունը պատկանում է հայկական կողմին և միտված է զարգացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները, ապահովելու Իրաքի վերակառուցման ծրագրերին Հայաստանի հնարավոր մասնակցությունը։
Կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վիճակագրական հզորությունների կառուցման (2011թ. Հայաստանի բնակչության մարդահամարի փորձարկման և նախապատրաստական աշխատանք) դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը կանոնակարգող խումբ, հաստատվել խմբի աշխատակարգն ու անհատական կազմը։


                                                             Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որին տվել է դրական եզրակացություն։ Փաթեթի ընդունումը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման և հակասությունների վերացման անհրաժեշտությամբ։
Կառավարությունն սկզբունքային առարկություն չի արտահայտել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Այս նորմը սահմանում է, որ այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին նույնպես պետք է տալ դատարանում պետտուրքի վճարումից ազատելու իրավունք։
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Վահագն Մախսուդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության զարգացման մասին» և ևս երկու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ կիրառել հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականություն։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքների նախագծերին։ Միաժամանակ նկատի առնելով այն, որ «Գյուղատնտեսության զարգացման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը ներառված է 2011թ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, նախագծերի հեղինակներին առաջարկվել է համագործակցել ՀՀ կառավարության հետ և ճշգրտել նախագծերի կարգավորման առարկան և իրավահարաբերությունների շրջանակը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Ռուբեն Գևորգյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթին այն պատճառաբանությամբ, որ փաթեթով նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

 Այլ որոշումներ

Իր նիստում կառավարությունը մինչև ուսումնառության ավարտը` 2012թ. գարնանային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ անձի։
Գործադիրը Մհեր Ղազարյանին նշանակել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ