Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 փետրվարի 2011

Կենսաթոշակի վճարման ժամանակ այլևս հերթ չի գոյանա




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնելով կենսաթոշակի վճարման հարցում կարգուկանոն հաստատելու վերաբերյալ նախորդ նիստի իր հանձնարարականը, վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչ է արվել այդ ուղղությամբ (վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը և նախարարի պարզաբանումը կայքում տեղադրվել են առանձին)։


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը


ՀՀ կառավարությունը որոշել է «Սպայկա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. փետրվարի 1-ը։ Ավելի վաղ ներկայացված և կառավարության հավանությանն արժանացած ծրագրով ՀՀ-ից արդեն իսկ արտահանվում են թարմ մրգեր, որոնց նախնական արագ սառեցման, տեսակավորման, փաթեթավորման և պահեստավորման համար ներմուծվել են մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ժամանակակից սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ։ Այժմ նախատեսվում է Հայաստանում կառուցել համապատասխան տեխնոլոգիաներով հագեցած մոտ 24 հեկտար ջերմոցային համալիր, մրգի-բանջարեղենի վերամշակման արտադրամաս, որոնց շնորհիվ դրանց արտահանման ծավալը կհասցվի 70 հազար տոննայի, ստեղծել հավելյալ 500 աշխատատեղ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից որոշակի հայտարարագրերով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2012թ. ապրիլի 30-ը։ Նշված ընկերությունում ներկայումս աշխատում է 335 մարդ, հիմնականում` կանայք։ Նախատեսվում է ընդլայնել կարի ծառայությունների մատուցումը և Շիրակի մարզի Ամասիա համայնքում հիմնել նոր արտադրություն։ Այդ նպատակով էլ երկիր են ներմուծվելու անհրաժեշտ սարքավորումներ, որոնք աշխատանքն ավարտելուց հետո արտահանվելու են։ Այս երկու որոշումների ընդունման առնչությամբ ՀՀ վարչապետը ընդգծել է նշված գործընթացների թափանցիկության անհրաժեշտությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել ԶԼՄ-ների միջոցով քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել։
ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2011թ. հատկացրել է 10012.000.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումն ընդունվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ և նպատակ ունի բարելավել մարզերի բնակչության կենսամակարդակը, նպաստել մարզերի համաչափ զարգացմանը։ Ծրագրերի առաջնահերթությունը սահմանվել է մարզպետների առաջարկով։ Հատկացված ավելի քան 10 մլրդ դրամից ակնկալվող արդյունքը տեսանելի կլինի արդեն այս տարվա ընթացքում։
Գործադիրը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 345344,17 հազար դրամ` խիստ վթարային վիճակում գտնվող Արաքս գետի արգելաթմբի չորս հատվածները վերականգնելու նպատակով։
Գործադիրը նկատի է առել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հասարակական և բարեգործական լայնածավալ գործունեությունը ամբողջ հանրապետությունում և որոշել հիմնադրամին նվիրել Երևան քաղաքի Սեպտեմբերի 3-ի N 1 և Արշակունյաց N 52/1 հասցեներում գտնվող տարածքները, որոնք մինչ այդ ամրացված էին «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և գտնվում են տեխնիկապես վատթար վիճակում։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Սարի թաղի նախկին սուր վարակիչ հիվանդանոցի շինություններով զբաղեցված տարածքում ստեղծվել է հակասանիտարական վիճակ, կառավարությունն իր որոշմամբ այդ տարածքը նվիրել է Երևանի քաղաքային համայնքին` կառուցապատման և բարեկարգման քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով։


Վերահսկվում է հանձնարարականների կատարման ընթացքը


Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (10.01.2010թ. – 30.12.2010թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 171 կետից կատարվել է 162-ը կամ 94.7 տոկոսը։ 2010թ. հունվարի 31-ի դրությամբ չի կատարվել ծրագրի ինը կետը, կամ 5.3 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները։ Ինչ վերաբերում է թերացումներին, ապա դրանք վաղօրոք քննարկվել են, բացահայտվել պատճառները, տրվել հանձնարարականներ։ Ի գիտություն է ընդունվել նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2009թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների ամփոփ հաշվետվությունը։ Այս ոլորտում ևս, Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, անցած երկու տարում որոշակի կարգուկանոն է հաստատվել։ Հանրապետությունում կա 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 1400 կազմակերպություն։ Առաջիկա տարիներին այս դաշտը պետք է մաքրվի և գործընթացը տրամաբանական ավարտին հասցվի։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- կոնտակտավորների հսկողության հետ կապված տուրօպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը, հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեային քարտը, վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների և կոնտակտավորների ռեգիստրը,
- ՀՀ ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսչի, ինչպես նաև ՀՀ տարածքում արտադրվող վերը նշված նյութերի մասին ՀՀ սերտիֆիկացման մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևերը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս բնագավառը ժամանակավորապես գտնվում է օրերս ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական նշանակված Արամ Ղարիբյանի տնօրինության ներքո։ Ընդունված որոշումների նպատակն է մեզանում ներդնել եվրոպական չափորոշիչներ, որպեսզի մեր արտադրանքը հնարավոր լինի արտահանել Եվրոպա։ Մինչ այդ համանման խնդիրը լուծվել է ձկնաբուծության և ձկան արտահանման ոլորտում։ Դրա շնորհիվ անցած տարի Ռուսաստան է արտահանվել 500 տոննա ձուկ։ Այժմ խնդիր ենք դրել մուտք գործել եվրոպական շուկա։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը փորձագիտորեն կվերլուծեն Եվրոպայից հրավիրված տեսուչները,
- ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը։ Հաջորդ որոշմամբ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքում տեղակայված վերը նշված կենտրոնի տարածքի վերանորոգման համար հատկացվել է 36000.0 հազար դրամ։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ հնարավորինս հստակեցվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման (փաստագրման) ժամանակ փաստաթղթերի տրման գործընթացները կամ սահմանվել խնդրի լուծման այլընտրանքային մեխանիզմներ։ Միաժամանակ 2011թ. հունվար և փետրվար ամիսների ընտանիքների փաստագրման ժամկետները հետաձգվել են համապատասխանաբար 2011թ. փետրվարի 11-ը և մարտի 11-ը։ Վարչապետի դիտարկմամբ այս միջոցառումների նպատակն է ճշտել կառավարության սոցիալական ծրագրերի թիրախային ուղղվածությունը։ Վերահսկիչ պալատի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստուգումները վկայում են, որ նպաստառուների ցուցակները անճշտություններ ունեն, կան բազմաթիվ չարաշահումներ։ Ձեռնարկված միջոցների շնորհիվ ակնկալվում է խնայել ֆինանսական միջոցներ, որոնք նույնպես ուղղվելու են նպաստների ավելացմանը։
Գործադիրը թույլատրել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային և կիսանկուղային հարկերից 370 քառ. մետր մակերեսով տարածքը 25 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Գաուդեամուս» ՍՊԸ-ին, որն այնտեղ նախատեսում է կազմակերպել ինտերնետի ծառայություններ և գրադարան-սրճարան։ Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցի ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է N 18 դպրոցի և «Փոքր Մհեր» կրթահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը` նշելով, որ կառավարության ընդունած որոշումը նպատակ ունի բարելավել աշակերտների ուսման դրվածքը, ընդ որում, ոչ մի ուսուցիչ չի մնա առանց աշխատանքի։ Վարչապետը հանձնարարել է հանրությանը լրիվ ծավալով ներկայացնել կառավարության նպատակը և ձեռնարկած միջոցները, պատասխանատվության ենթարկել աշխատանքում թերացողներին։
Կառավարության որոշմամբ փոփոխվել է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը, որը համապատասխանեցվել է միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում ՀՀ ջրային օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը։ Որոշման ընդունումը միտված է ջրային պաշարների կառավարման ոլորտի ԵՄ և ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին։


Բարեփոխվում է հանրային միջոցառումներ անցկացնելու կարգը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում են հավաքների և հանրային միջոցառումների անցկացմանն առնչվող իրավահարաբերությունները։ Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, մի շարք առաջարկներով հանդես է եկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Վարչապետը խիստ կարևորել է օրենքի նախագիծը և հանձնարարել այն Ազգային Ժողով ներկայացնել արված առաջարկների հաշվառմամբ և լրամշակելուց հետո։
ՀՀ կառավարությունը քննության է առել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մի շարք ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին գանձվող մաքսատուրքի դրույքաչափը ներկայումս գործող 10-ի փոխարեն սահմանել մաքսային արժեքի նկատմամբ 15 տոկոս` նպատակ ունենալով պաշտպանել ներքին արտադրողին։ Կառավարությունը դեմ է այս նախագծին` պատճառաբանելով, որ այն չի կարող ծառայել նշված հարցի լուծմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ԱԺ պատգամավորները, առաջարկելով այս փոփոխությունները, բարի նպատակ են հետապնդել, բայց իրականում կարող է հակառակ արդյունքն ստացվել, քանի որ մաքսատուրքերի ավելացումը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի։ Առանց այն էլ կառավարության ընթացիկ տարվա հիմնական մարտահրավերը գնաճն է, և դրա զսպման համար պետք է ձեռնարկվեն գործուն միջոցներ։ Գնաճի խնդիրը մարտահրավեր է ոչ միայն մեր երկրի, այլև բոլոր զարգացող երկրների համար։ Այս հարցը բազմիցս արծարծվել է, այդ թվում` ՀՀ Ազգային Ժողովում։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


Իր նիստում ՀՀ կառավարությունը 2008թ. ապրիլի 4-ի N 329 որոշմամբ հաստատած ՀՀ մուտքի վիզայի տրամադրման խստացված կարգի ցանկից, ուր ընդգրկված է 18 երկիր, հանել է Չինաստանը և Հնդկաստանը` պատճառաբանելով, որ խստացված կարգով վիզաներ տրամադրելը չի համապատասխանում այդ երկրների հետ Հայաստանի առկա քաղաքական շփումների ոգուն և չի նպաստում հարաբերությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։
Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի պետը միաժամանակ կարող է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Գործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և գյուղատնտեսական նշանակության հողերից 624.9 հեկտարը փոխադրել այլ կատեգորիա` ոսկու արդյունահանման համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ