Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 դեկտեմբերի 2010

Հետճգնաժամային աշխարհը որակապես այլ է լինելու




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տարվա վերջին` 51-րդ նիստի սկզբում վարչապետն ամփոփել է 2010թ. հիմնական ցուցանիշները և կառավարության կատարած աշխատանքի արդյունքները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։


Բարեփոխվում է հարկային և մաքսային դաշտը


ՀՀ կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներ ուղղված են երկրի հարկային դաշտի կատարելագործմանը։ Գործադիրը նախ հաստատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ինչպես նաև շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգերը։ Նշված տեղեկատվությունը կօգտագործվի հարկատուների կողմից հարկերի հաշվարկման և հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման համար։ Հաջորդ որոշմամբ սահմանվել է հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը, որի համաձայն այդ տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակով և հրապարակման ենթակա չեն։
Կառավարության ընդունած երկու այլ որոշումներից մեկով հաստատվել է սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը, մյուսով կրկնությունը բացառելու նպատակով փոփոխվել նախկին որոշումներից մեկի այն դրույթը, ըստ որի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրում է տեղեկություններ` ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ կիրառվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի ԱԱՀ-ի հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգը, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել խնդրո առարկային վերաբերող իր նախկին որոշումներից մեկը։ Առանձին որոշմամբ սահմանվել է ստուգում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը։ Դրանց ստացումը ՊԵԿ-ին կընձեռի ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրության, նրանց իրական ծախսերի և եկամուտների գնահատման, որոշակի դեպքերում` նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման հնարավորություն։
Ընդունված ևս երկու որոշումները միտված են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, այն է` բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողները չեն վարի առաքումների գիրք, էապես կնվազի ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման վրա ծախսվող ժամանակը։ Բացի այդ, էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները ևս կհամարվեն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող փաստաթղթեր։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի շնորհիվ ակնկալվում է կրճատել տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակը և միջոցները։ Կներդրվի հավաստագրերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակը։ Սա, վարչապետի բնորոշմամբ, Ամանորի իսկական նվեր է ապրանք արտահանողներին։ Պետք է պահպանել 2010թ. 41 տոկոսի աճ արձանագրած արտահանման ոլորտի այս ձեռքբերումը։ Փոփոխություն կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից ևս մեկում, գործադիրը սահմանել է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանների բաշխիչ աշտարակների տեղադրման ժամկետը Երևան քաղաքում, մարզկենտրոններում և մայրուղիներում 2011թ. մարտի 1-ն է, այլ վայրերում` 2011թ. ապրիլի 1-ը։


Աջակցություն կստանա կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը


ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սկսած 2011 թվականից, յուրաքանչյուր տարվա` ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների շրջանակում իրականացնում է կենսաթոշակային բարեփոխման աջակցության ծրագիր։ Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ կենտրոն, որի գործառույթները վերապահվելու են «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Քանի որ ս.թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, կառավարությունն իր երկու որոշումներով վերահաստատել է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և թաղման նպաստի չափերը, կանոնակարգել կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերություններն այն հաշվով, որ 2011թ. հունվարի 1-ից այդ գործընթացը բնականոն իրականացվի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև սոցիալական նպաստին, նշել, որ առաջիկայում հիմնովին փոխվելու է դրա հատկացման տրամաբանությունը։ Գաղտնիք չէ, որ նպաստի ավելացումը նվազեցնում է մարդկանց աշխատելու դրդապատճառը, ուստի կիրառվելու են այլ մեխանիզմներ։ Դրանցից է բնակչության կողմից անասուններ պահելը խրախուսելու կառավարության նախաձեռնությունը։ Այդ եկամուտը չի հարկվելու։ Դրանով, ճիշտ է, մեծանում է պետության սոցիալական բեռը, բայց և նոր խթան կարող է ստանալ գյուղատնտեսության ոլորտը։
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչի շնորհիվ կապահովվի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհրաժեշտ դեղերի պատշաճ և անխափան մատակարարումը։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պայմանագրում, ինչի արդյունքում արդեն 2011թ. սկզբից կսկսվի «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում» ծրագրի ֆինանսավորումը։
Գործադիրն իր որոշմամբ երկու տարով երկարաձգել է բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին ՀՀ պետբյուջեից արտոնյալ պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկերի մարման ժամկետները։ Վարկավորված 279 վարկառուներից իրենց վարկային պարտավորությունները պատշաճ կարգով կատարում է շուրջ ութ տոկոսը, ուստի ժամկետի երկարաձգումը նրանց հնարավորություն կտա միջոցներ կուտակել և մարել վարկերը։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով գնված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է 557.559.425 դրամ արժողությամբ տեխնիկան սահմանված կարգով նվիրաբերել 44 համայնքների, ինչի շնորհիվ կբարելավվի դրանց սոցիալ-տնտեսական վիճակը։
Գործադիրը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչությանը թույլատրել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ հաշվեկշռում գտնվող Շիրակի մարզի Ամասիայի համայնքի դատարանի նախկին շենքն օտարել դասական աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ վարչությանը թույլատրվել է Էջմիածին քաղաքի «Իսի-Լե-Մուլինո» N 1 հասցեում գտնվող փայտյա տնակը և հարակից 206 քառ. մետր հողամասը` որպես անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք սեփականության իրավունքով անհատույց տրամադրել տնակում դեռևս 2000 թվականից բնակվող Գառնիկ Զաքարյանին և իր ընտանիքին։


Կարևորվում է սննդամթերքի անվտանգությունը


ՀՀ օրենսդրության և ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատել դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Ստեղծելով սննդամթերքի անվտանգության ոլորտի միասնական մարմին, որը պատասխանատու կլինի սննդամթերքի անվտանգության շղթայի բոլոր օղակների համար, գործադիրն ակնկալում է բացառել միջգերատեսչական շահերի և գործառույթների կրկնողությունը։ Հաջորդ երկու որոշմամբ նորաստեղծ ծառայությանն է վերապահվել Հայաստանում սննդի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» և «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ների լիազորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորումը Եվրամիության հետ իրականացվող կարևոր ծրագրերից է, որն անցել է համապատասխան փորձաքննություն։ Անդրադառնալով ստեղծվելիք ՊԿՀ-ի գործունեությանը, վարչապետը նշել է, որ հաջորդ տարվանից կառավարությունը գործելու է նոր միջավայրում։ Նախարարություններն այլևս փող ծախսելու գործառույթ չեն ունենալու, այլ իրականացնելու են ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, վերահսկելու են աշխատանքների կատարման, գումարների ծախսման ընթացքը։ Այս մեխանիզմը մեզանում առաջին անգամ է կիրառվում, ուստի մերթընդմերթ ճշգրտելու կարիք է զգացվելու։
 

 

Լրամշակվում են պաշտպանության ոլորտի իրավական ակտերը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հստակեցնել զինված ուժերում կայազորային ու պահակային ծառայությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները։
Գործադիրը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կկարգավորվեն համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Առևտրի և ծառայությունների մասին» և ևս երկու օրենքներում և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի նպատակն է արտացոլել օրենքի փոփոխությունը, ինչպես նաև վարչական պատասխանատվություն սահմանել առևտրի օբյեկտներից առանց թույլտվության տեխնիկական հեղուկի վաճառքի համար։
Իր նիստում գործադիրը հավանություն է տվել «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է «Համահայկական բանկ» ԲԲԸ գործունեությունը համապատասխանեցնել բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներին։ Վարչապետի դիտարկմամբ արդեն եկող տարվանից այս բանկը պետք է կարողանա նպաստել երկրի տնտեսական աճին, արտահանման խթանմանը, քանի որ ունի գլխավոր տնօրեն, խորհուրդ, նպաստավոր օրենսդրություն։
Քննության առնելով ԱԺ մի խումբ պատգամավորների «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրը դեմ է արտահայտվել այն դրույթին, որ պետական պարգևներով պարգևատրման միջնորդություն կարող է հարուցել նաև Ազգային Ժողովը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու, «Անհատական տվյալների մասին» և ևս մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Հեղինակների կարծիքով գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ֆինանսական հավելյալ բեռ է, ուստի այդ նորմը պետք է վերանայել։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրական բազմաթիվ դրույթներ բովանդակող ԱՊՊԱ-ի ներդրումը հանիրավի շահարկվում է։ Հնչում են անտեղի մեղադրանքներ, որոնց մի մասը պարզապես անհեթեթություն է։ Պոպուլիստական մղումներով առաջնորդվող այդ մարդիկ իրականում փորձում են խոչընդոտել բարեփոխման գործընթացը։ Հարց է ծագում` «Ժառանգությունը» հատուցելո՞ւ է այն վնասը, որ ավտովարորդներին կպատճառվի իրենց տրանսպորտի միջոցները չապահովագրելու դեպքում։ Օրենքն ընդունված է, պետք է այն հարգել և կատարել դրա պահանջները։
Նշված օրինագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Մարզերի զարգացումը գերակա խնդիր է


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- Արմավիրի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, ինչը պայմանավորված է միջազգային լավագույն փորձին համապատասխան` ընկերություններում կորպորատիվ կառավարման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության սկզբունքների ներդրման անհրաժեշտությամբ և ամրագրված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների գույքագրումը հնարավորություն կտա, որպեսզի կանոնագրքի ներդրման ընթացքում որևէ բարդություն չծագի,
- վերանայված եվրոպական սոցիալական ինստիտուտի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան` 2005-2009թթ.),
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային հաշվառման և բնակարանի տրամադրման կարգը, այդ անձանց ծրագիրը։ Որոշման ընդունումը պայմանավորված է մանկատների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին տրամադրվող բնակարանների և դրանց կահավորման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման և շահառուներին հանձնման միասնական գործընթաց ապահովելու անհրաժեշտությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն իրողությունը, որ քայլ առ քայլ երկրում գոյանալու է սոցիալական բնակարանների ֆոնդը, որից կօգտվեն նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Իբրև ասվածի օրինակ Տիգրան Սարգսյանը բերել է Ստեփանավանի օրինակը, որտեղ արդեն իսկ կա չորս բնակարանից բաղկացած ֆոնդ։ Գյումրիում և Սպիտակում նույնպես կան նման ռեզերվներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի 2012թ. ամբողջությամբ լուծել աղետի գոտու ծնողազուրկ երեխաների բնակարանային հիմնախնդիրը,
- ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը, որը ներառում է հայեցակարգի ռազմավարական նպատակներով նախատեսված օրենսդրական բարեփոխման միջոցառումներ և սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված առանձին ենթածրագրեր։ Մեկ այլ որոշմամբ վերակազմակերպվել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ն, ուժը կորցրած ճանաչվել կառավարության մեկ այլ որոշում։ Դրանով իսկ ընկերությունը վերակազմակերպվել է հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող ՓԲԸ-ի, ինչն էլ իր հերթին թույլ կտա ստեղծել սեյսմակայուն շինարարության և շենքերի ու կառուցվածքների ինժեներական պաշտպանության առավել բարենպաստ պայմաններ,
- Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխման երկրորդ ծրագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները` 593,704,738 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն,
- ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Գործադիրը հավանություն է տվել գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական նորմերին համապատասխանեցնելու առաջնահերթ միջոցառումների ծրագրին, որով կկարգավորվի այդ փաստաթղթերի համակարգի միջազգային (ISO) և եվրոպական (EN) ստանդարտներին ներդաշնակեցնելու գործընթացը։ Հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, ուր ներառվել են նոր իրողությունների ազդեցությամբ համակարգի առջև ծառացած խնդիրները։
 

Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված և ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների երկրորդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունները վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության կոլեգիային։
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բուսասանիտարիայի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։
Կառավարությունն իր նիստում լրացրել և փոփոխել է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը, քանի որ այն չէր բովանդակում վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման և վերաարտահանման դրույթները։ Այժմ դրանք ներառվել են կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգ։ Հաջորդ որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարությանը վերապահվել է վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքի վերականգնման գործընթացը ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով իրականացնելու լիազորություն։
Գործադիրը որոշում է կայացրել ֆինանսավորել 2011թ. հունվարի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Ձորաստանի գյուղական համայնքի ղեկավարի, Անտառաշատի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011թ. հունվարի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Տարոնիկի, Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնքների ղեկավարների, 2011թ. հունվարի 23-ին կայանալիք Արագածոտնի մարզի Գեղադիրի գյուղական համայնքի ղեկավարի, Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի, 2011թ. հունվարի 30-ին կայանալիք Արարատի մարզի Վերին Դվինի, Տավուշի մարզի Սարիգյուղի, Լուսահովիտի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Կառավարությունը մինչև 2011թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ անձի։
Կառավարության որոշմամբ Լևոն Խալիկյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը Նոր տարվա առթիվ շնորհավորել է բոլորին։ Չնայած 2010թ. ծանր տարի էր, սակայն հնարավոր եղավ հաղթահարել դժվարությունները և տնտեսական աճ ապահովել։ Լարված աշխատանք է սպասվում նաև եկող տարի, նշել է վարչապետը։ Նա բոլորին մաղթել է քաջառողջություն, ընտանիքներին` ջերմություն, սեր և համերաշխություն։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ