Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2010

Ազատ տնտեսական գոտի. հստակեցվում է օրենսդրությունը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետը շնորհավորել է ՀՀ նորանշանակ նախարարներ Հրայր Թովմասյանին և Վաչե Գաբրիելյանին, հակիրճ ներկայացրել նրանց աշխատանքային գործունեությունը, դրվատել մասնագիտական և մարդկային արժանիքները։ Նրանց, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար նշանակված Տիգրան Դավթյանին վարչապետը կառավարության անունից մաղթել է բեղմնավոր աշխատանք։
Նկատի առնելով այն իրողությունը, որ ՀՀ Ազգային Ժողովը ս.թ. դեկտեմբերի 9-ին ընդունել է «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, գործադիրն իր որոշմամբ սահմանել է պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։


Կբացառվեն հնարավոր ռիսկերը


Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ և լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով մեզանում առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին։ Օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջև` ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ և կառավարելի։
Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և ևս քսան ՀՀ օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նպատակն է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախաձեռնության նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք արծարծվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման ժամանակ։
Գործադիրը հավանության է արժանացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվեն ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններով մինչև 2011թ. հունվարի 1-ն ընկած ժամանակամիջոցում հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու իրավական հիմքեր։
Կառավարության հավանությունն է ստացել «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ՀՀ այլ օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կվերացվեն օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանություններն ու փոխհատումները, կապահովվի ոլորտին առնչվող գործառույթների հստակեցումն ու արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով եվրոպական փորձի վերլուծության արդյունքները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կսահմանվեն ներգործության համապատասխան միջոցներ երկաթուղային տրանսպորտի ոլորտում պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոնների խախտման համար, ինչը կնպաստի երկաթուղային տրանսպորտի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը։
Կառավարության հավանությունն է ստացել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը կոչված է կարգավորելու մթնոլորտի պահպանության կառավարման բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց ու պետական և տարածքային կառավարման մարմինների հասարակական հարաբերությունները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին։ Դրա ընդունմամբ կստեղծվի ՀՀ արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից Հայաստան վերադառնալու վկայականների տրամադրման իրավական հիմքը, որը թույլ կտա մշակել ոլորտը կարգավորող օրենսդրական այլ ակտեր։
Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակաուղղված է ժառանգման ինստիտուտին վերաբերող նորմերում առկա լեզվական անճշտությունները վերացնելուն։ Կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի։
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթի և ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկությունների կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Կարևորվում է ընտանեկան նպաստի հասցեականությունը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի հայեցակարգային մոտեցումներին` առաջնորդվելով այն սահմանումով, որ բնակչության սոցիալապես խոցելի խավերին սոցիալական ծառայությունների համալիր լրակազմով տրամադրումը սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունն է։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մի քանիսը, ինչը նպատակաուղղված է ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանը, ընտանեկան նպաստի համար պահանջվող տեղեկատվության հավաստիության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։ Կարևորելով այս որոշումները, վարչապետ Տիգրան Սարգսյանն հանձնարարել է մամուլի միջոցներով բնակչությանը մանրամասն տեղեկություն տալ դրանց վերաբերյալ,
- բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման հայեցակարգին, որը հնարավորություն կտա վեր հանել այդ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում առկա բոլոր հիմնախնդիրները, սահմանել դրանց լուծման սկզբունքները,
- ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հայեցակարգին, որով սահմանվում են ոլորտի բազմակողմանի արդիականացման հիմնական մոտեցումները` դրանց հիմքում դնելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաները։ Նախկին որոշումներից մեկում կատարված փոփոխություններն ու լրացումը նպատակաուղղված են բժշկական հաստատությունների` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունների և համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը,
-ՀՀ Շիրակի մարզում հակակարկտային համակարգի ստեղծման հայեցակարգին, ըստ որի մարզում տեղադրված 27 «Զենիթ» կայանքները վերակառուցումից և ձևափոխությունից հետո պաշտպանության տակ կվերցնեն շուրջ 2200 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղված տարածք։


Ներդրվում են նավիգացիոն համակարգեր և ռեֆերենց կայաններ


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է ՀՀ տարածքում նավիգացիոն համակարգերի ներդրման և գործունեության աշխատանքը տեխնոլոգիական նոր պահանջներին համապատասխանեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու խնդիրների կարգավորմանը,
- ՀՀ-ում մշտական գործող ՋիՓիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագիրը, որի նպատակն է երկրի տարածքում իրական ժամանակում աշխատող արդիական արբանյակային ցանց ստեղծելու միջոցով օգտագործողներին միասնական կոորդինատային ծածկույթում ապահովել ճշգրտված կոորդինատներ,
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման և դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ տրանսպորտի և կապի ոլորտի զարգացման ծրագիր» արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը,
-«Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկություններ ներկայացնելու կարգը», որի շնորհիվ էականորեն կհեշտանա լիազորված մարմնի ինքնաշխատ տեղեկատվական բազայից ստացվող տեղեկությունների համակարգչային մշակումը,
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը, որով գործակալությունն առանձին դեպքերում օժտվում է նաև ծառայություն մատուցելու գործառույթով,
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` մինչ այդ լուծարելով գործող երկու ՊՈԱԿ-ները։ Որոշմամբ ակնկալվում է բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտների ծրագրերի իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև բացի ՀՀ բյուջետային ֆինանսական միջոցներից ներգրավել արտասահմանյան երկրների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող միջոցները,
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։
Կառավարությունը մի շարք դպրոցների թույլատրել է իրենց միջոցների հաշվին մասնակցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հիմնադրմանը։ Ակնկալվում է, որ միությունն ավելի արդյունավետ կկազմակերպի դպրոց-կենտրոնների համագործակցությունը` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը։
Գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մի քանիսը, «Երևանի N 18 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է Նուբարաշենում, միացրել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին։ Վարչապետը դրվատանքով է խոսել այս կրթահամալիրի մասին, որն ունի բարի համբավ։ Նա հույս է հայտնել, որ «Փոքր Մհեր»-ի գործունեության ընդլայնումը կնպաստի N 18 հատուկ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավմանը։
Կառավարությունը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել իր ավելի վաղ ընդունած «2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին ՉԺՀ Շանհայ քաղաքում կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև ՀՀ մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» որոշման երկրորդ հավելվածը։ Նախատեսված միջոցառումները, աշխատանքները, ժամանակացույցը և ֆինանսավորման աղբյուրները փոփոխվել են աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, դրանով իսկ ծրագիրը դարձել է ավելի ճկուն, խթանել աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել «Շանհայ էքսպո-2010»-ի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մշակութային ծրագրի հեղինակներին և կատարողներին, ում համատեղ ջանքերով հայկական տաղավարը լավագույն է ճանաչվել, իսկ չին գործընկերներն առաջարկել են շարունակել դրա ցուցադրությունը։ Երևանի քաղաքապետարանն իր հերթին է հնարավորություն ստեղծում, որպեսզի տաղավարը ցուցադրվի նաև մայրաքաղաքում և հասանելի դառնա երևանցիներին։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը, լրացնելով և փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, ներդրել է հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգ, որի համաձայն էլեկտրոնային հարկային հաշիվները համարվում են որպես ծախս կամ եկամուտ հիմնավորող փաստաթուղթ։
Հիմք ընդունելով Արարատի մարզի համապատասխան համայնքների ավագանիների որոշումները, գործադիրը որոշել է այդ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներն ընդունել որպես ՀՀ սեփականություն և ընդգրկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմ։ Դա հնարավորություն կտա վերակառուցել, սպասարկել և նորոգել կառամատույցները, ինչը կնպաստի երթևեկության անվտանգության բարձրացմանը։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային անցակետերի համատեղ օգտագործման փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը, որի նպատակն է հեշտացնել կողմերի միջև առևտրային հոսքերը, օգուտ քաղել եղած մաքսային անցակետերի արդյունավետ շահագործումից։
Կառավարությունը Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի մի մասը փոխադրել է այլ կատեգորիա` շշալցման գործարանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Կառավարությունը որոշել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին երեք տարի ժամկետով տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման, ինչպես նաև այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության արտոնագրեր։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել 10 անձի։
 

Հուլիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ