ուրբաթ, 26 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ավստրալիայի ներգաղթի, ազգությունների և տեղաբնիկների հարցերով նախարար Ֆիլիպ Ռադդոկին և նրա գլխավորած պատվիրակությանը. «Մենք արդեն հասցրել ենք հանդիպումներ ունենալ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ, եղել ենք փախստականներին հատկացված բնակարաններում և շատ գոհ ենք ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կատարած աշխատանքից», -հանդիպման ժամանակ նշել է նախարար Ֆիլիպ Ռադդոկը:
Ներկայացնելով Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակը, եղած դժվարություններն ու դեռևս չհաղթահարված խնդիրները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ կառավարությունն անում է հնարավորը Ադրբեջանից ներգաղթած մեր շուրջ 360000 հայրենակիցների հիմնախնդիրների լուծման համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանն այդ գործում ակնկալում է նաև այլ երկրների՝ այդ թվում Ավստրալիայի աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ավստրալիայի որդեգրած անկողմնակալ դիրքորոշման համար, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել սերտացնելու համագործակցությունը այդ երկրի հետ՝ նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Անդրադառնալով հայ-ավստրալիական երկկողմ հարաբերությունների խնդրին, վարչապետը կարևորել է, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների ակտիվացման, իրավական դաշտի ձևավորման գործարար շրջանակների միջև շփումների խթանման, գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի անհրաժեշտությունը՝ դրանում օգտագործելով նաև մեծաթիվ ավստրալահայ համայնքի հնարավորությունները:
Նախարար Ֆիլիպ Ռադդոկը ևս կարևոր է համարել երկու երկրների համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ հավաստելով, որ կանի հնարավորը, որպեսզի ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որի գլխավոր դոնորներից է Ավստրալիան, քննարկի Հայաստանի փախստականների բնակարանային ծրագրին աջակցության խնդիրը: Անդրադառնալով Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ տնտեսական, առևտրային կապերի զարգացման անհրաժեշտությանը, պարոն Ֆիլիպ Ռոդդոկը նույնպես այդ գործում կարևոր է համարել, իր խոսքերով՝ հաջողությամբ Ավստրալիայի տնտեսության մեջ ինտեգրված, հայ համայնքի ջանքերի և հնարավորություների օգտագործումը. «Վերադարձիս հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնելու եմ այն գործարար ծրագրերի ու պայմանավորվածությունների մասին, որ ունեցել ենք այստեղ՝ Հայաստանում», - ասել է նա:
Խոսելով ներդրումների մասին, նախարարը նշել է, որ դրանք պետք է լինեն փոխշահավետ՝ առաջարկելով հայաստանյան գործարարներին ևս լրջորեն քննարկել Ավստրալիայի տնտեսության զարգացմանը մասնակցելու իրենց հնարավորությունները:
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս արտահայտվել են հայ-ավստրալիական երկխոսությունը շարունակելու, երկկողմ համագործակցությունը սերտացնելու օգտին: