Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 դեկտեմբերի 2010

Բարելավվում է Հայաստանի գործարար միջավայրը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն հանդես է եկել հայտարարությամբ, որը կայքում տեղադրվել է առանձին։
Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ տեղի է ունեցել համահայկական բանկի խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ բանկի գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար առաջադրվել է Վահրամ Ներսիսյանցի թեկնածությունը։ Վարչապետը երկարամյա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել 2010թ. դեկտեմբերի 13-ի ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան։ Առաջարկվել է նաև նստաշրջանի օրակարգը։


Իրագործվում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը


ՀՀ կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներ բխում են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից և մի շարք այլ փաստաթղթերից, որոնցում ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ։ Դրանց շնորհիվ պետք է զգալիորեն բարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունը և բարելավվի երկրի դիրքը համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ։ Այդ նպատակով հավանություն է տրվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, նախկինում ընդունված որոշումների մեջ կատարվել փոփոխություններ, ուժը կորցրած ճանաչվել մի շարք որոշումներ, վերացվել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ սահմանվել 15 օրը։ Այս համատեքստում կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումների և առաջարկվող օրինագծերի փաթեթը մեծապես պարզեցնում է գործարար միջավայրը և էական դրական ազդեցություն կունենա դրա ցուցանիշների վրա։ Փաստաթղթերը մշակվել են բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ և առաջիկա վեց ամսում պետք է տան առաջին արդյունքները։


Պետք է բացառվի դեղերի ապօրինի շրջանառությունը

Նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը և սեդալգինը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։ Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել խնդրո առարկայի վերաբերյալ, ուստի առաջացել է վտանգավոր այս երևույթը կանխելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել նախկինում ընդունած «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» կետերից մեկը, որով ակնկալվում է բարելավել բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրային գործընթացը, ինչը հնարավորություն կտա առավել կառավարելի դարձնել թե՛ պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը, թե՛ բուժհիմնարկների ծախսերի պլանավորումը։
 

 

Իրականացվում են ներդրումային ծրագրեր


ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` երկարաձգելով «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։ Ընկերությունը, որն իրականացնում է շամպինիոն տեսակի սնկի արտադրության ծրագիր, արդեն ավարտել է շինարարական և ներմուծված սարքավորումների տեղադրման աշխատանքները և պատրաստվում է նախնական փորձարկմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել աշխատանքի իրականացման համար նախատեսված ժամկետները, գործադիրն ընդունել է վերը նշված որոշումը։ Տվյալ արտոնության տրամադրման շնորհիվ զգալիորեն մեծանում է մասնավոր ներդրումների հնարավորությունը, ուստի կառավարությունը հանդես է եկել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու օրենսդրական նոր նախաձեռնությամբ` արձանագրելով, որ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից արդեն օգտվել է 11 ընկերություն։ Նոր փոփոխությունը նույնպես միտված է մասնավոր ներդրումների խրախուսմանը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը, ինչի շնորհիվ զգալիորեն կբարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունը։ Այս օրենքի ընդունումը նույնպես ներառված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Կառավարության հավանությունն են ստացել «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ մաքսային օրենսգրքի փոփոխությունները։ Նշված չորս օրինագծերն էլ կառավարության որոշումներով համարվել են անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։ Փոփոխվել է նաև կառավարության մեկ այլ որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշման հավելվածի տողերից մեկը, քանի որ որոշ ճանապարհահատվածներ միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով առաջացել է լրացուցիչ գույքի օտարում իրականացնելու անհրաժեշտություն։
Կառավարությունը որոշել է Կոտայքի մարզի Աբովյան և Բյուրեղավան քաղաքներում գտնվող երկու ՊՈԱԿ-ների նախկին հանրակացարանային մասնաշենքերի տարածքները, ինչպես նաև դրանց համապատասխան ընդհանուր բաժնային սեփականություն համարվող հողատարածքները նվիրաբերել համապատասխան համայնքներին` այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականաշնորհելու պայմանով։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություն` իր նախկին որոշումներից մեկում և 16,912.0 հազար դրամ հատկացրել ՀՀ սփյուռքի նախարարությանը։ Այդ գումարով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվելու ավտոմեքենա, համակարգչային և տեսագրման տեխնիկա, գրասենյակային գույք և այլն։ Նույն ընթացակարգով գործադիրը Հայաստանում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 133600.0 հազար դրամ։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա բարձրացնել ՀՀ-ում և ՀՀ-ի տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգությունը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Վարչական վերաքննիչ դատարանի ստեղծման և բնականոն գործունեությունն ապահովելու համար կառավարությունը ՀՀ դատական դեպարտամենտին հատկացրել է 17370.8 հազար դրամ։ Գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը և համապատասխան փոփոխություններ կատարել 2010թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում։ Ի գիտություն է ընդունվել «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից ևս մեկը, որով սահմանվել են մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի և նվագարանի վկայականի, դրանց կրկնօրինակների տրման գործընթացները, պատասխանատուներն ու կատարման ժամկետները։ Դրանով իսկ ակնկալվում է բացառել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի տրամադրման անհարկի ուշացումը։
Իր նիստում կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում և մինչև 2011թ. մարտի 1-ը երկարաձգել բալոնների գազով լցավորման արգելանքի գործադրման ժամկետը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը։
Կառավարության որոշմամբ Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 13-րդ հարկում ազատված 135,4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ին, որը հրատարակում է «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագիրը և որի զբաղեցրած տարածքը բավարար չէր ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի բնականոն աշխատանքն ապահովելու համար։
Գործադիրը որոշել է ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. երրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին վճարելու համար հատկացնել 24,410,403 դրամ։


Նոր խթան կստանա հայրենադարձությունը


ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին։ Հայրենադարձությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում և մի շարք այլ փաստաթղթերում դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը։ Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, ովքեր ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ։
Գործադիրը հաստատել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի չբաշխված միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների, ինչպես նաև Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը, 2011թ. գնման ենթակա իշխանի մանրաձկների անվանացանկը և ժամանակացույցը։ Սահմանվել է, որ ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցերը լրացուցիչ կքննարկվեն յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների ժամանակ և ՀՀ 2012-2014թթ. ու հետագա տարիների ՄԺ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում։ Իրավական ակտի կարգավորման առարկան Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի կենսաբազմազանության պահպանությունն է` էնդեմ ձկնատեսակների վերականգնման համալիր միջոցառումների իրականացման միջոցով։


Օրակարգում են դատաիրավական բարեփոխումները


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի մշակման հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի 1.1 կետը։ Դրանով նախատեսվում է կատարելագործել դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը, կատարելագործել արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքները, ինչպես նաև վերանայել պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձևավորման ընթացակարգերը։ Միաժամանակ նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության հաստատած հակակոռուպցիոն ռազմավարությանը։
Կառավարության հավանությանն են արժանացել «Նոտարիատի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվում են նոտարի կարգավիճակը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից կատարվող նոտարական գործարքներին վերաբերող դրույթները, ինչպես նաև տիրապետող ժառանգների կարգավիճակը։ ՀՀ վարչապետը կարևորել է առաջարկվող փոփոխությունները, քանի որ մեր հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից։ Ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը։ Օրենքի առաջարկվող նախագիծը ազատականացնում է բնակչության համար կարևոր նոտարական գործառույթները։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Մոսկվա քաղաքի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում ՀՀ մշտական գործող ցուցահանդեսային կենտրոնի ստեղծման համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել օգտվել մեր երկրում թողարկվող ապրանքները ՌԴ մայրաքաղաքում ներկայացնելու հնարավորությունից` բացառիկ անվանելով Ռուսաստանի կառավարության սույն առաջարկությունը։
Գործադիրն հաստատել է Արագածոտնի մարզի Սասունիկի և Տավուշի մարզի Բաղանիսի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերը փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար արդյունաբերական օբյեկտների և գազաբաշխիչ կայանի կառուցման համար։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել յոթ անձի։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ