հինգշաբթի, 18 սեպտեմբերի 2003
Այսօր Յալթայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այլ հարցերի թվում քննարկվել են ԱՊՀ տնտեսական խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի ներկայացրած երեք տասնյակից ավելի որոշումների նախագծեր:
Նիստում ԱՊՀ գործադիր կոմիտեն գրավոր տեղեկատվություն է ներկայացրել մինչև 2005 թ. ԱՊՀ զարգացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին: Վարչապետների խորհուրդը հավանություն է տվել տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկություններին, որոնք մինչ այս քննարկվել են համապատասխան աշխատանքային խմբում, այնուհետև տնտեսական խորհրդում:
Օրակարգում ընդգրկված մի շարք կարևոր խնդիրներ վերաբերում էին տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացմանը: Կառավարության ղեկավարները հավանություն են տվել, մասնավորապես, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում փոխգործակցության մասին համաձայնագրի, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության հուշագրի, ԱՊՀ տարածքում տրանսպորտային անվտանգության ապահովմանն ուղղված հայտարարության վերաբերյալ որոշումներին: Վարչապետների խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց աջակցություն ցույց տալու հարցերը: Խորհուրդը հավանություն է տվել նշված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությանը:
Ռազմական համագործակցության ոլորտում, մասնավորապես, կարևոր որոշումներ են ընդունվել ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների օգտագործման, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով կոորդինացիոն կոմիտեի գործունեության ապահովման, 2004 թ-ին հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին: Հավանություն է տրվել նաև զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի ստեղծման հայեցակարգի վերաբերյալ որոշմանը:
Առողջապահության բնագավառը ևս կարևոր տեղ է զբաղեցրել օրակարգի հարցերի շարքում: Մասնավորոպես, որոշում է ընդունվել բնակչության առողջապահության ոլորտում համագործակցության հայեցակարգի, ԱՊՀ երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատության հարցում փոխգործակցության կարգի մասին համաձայնագրի վերաբերյալ:
Նիստում ընդունված որոշումների մի մասը վերաբերում էր տեղեկատվության ոլորտում համագործակցությանը: Վարչապետների խորհուրդը հավանություն է տվել ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման մասին համաձայնագրի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման, դրանց հետևանքների վերացման և տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու գործում տեղեկատվական փոխգործակցության մասին որոշումներին:
Նիստում քննարկվել են նաև ֆինանսական խնդիրներ: Մասնավորապես, լսվել է ԱՊՀ մարմինների 2002թ. միացյալ բյուջեի կատարման հարցը, որոշումներ են ընդունվել 2003 թ. միացյալ բյուջեի ծախսերի օպտիմալացման (դրանց կրճատման նպատակով) և միացյալ բյուջեում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև ԱՊՀ 2004 թ. միացյալ բյուջեի վերաբերյալ: Վերջին հարցի կապակցությամբ Հայաստանը ներկայացրել է հատուկ կարծիք, ըստ որի 2004 թվականին ԱՊՀ մարմինների գործունեության ապահովմանն ուղղված ծախսային մասում Հայաստանի մասնակցության չափը չպետք է գերազանցի 2001թ. ԱՊՀ մարմինների միացյալ բյուջեով հաստատված մակարդակը:
Կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն է տվել նաև անօրինական միգրացիային հակազդման գործում համագործակցության հայեցակարգի նախագծի մշակման վերաբերյալ որոշմանը:
Մեկ այլ որոշմամբ փաստաթղթաբանության և արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին տրվել է բազային կազմակերպության կարգավիճակ՝ ԱՊՀ երկրների արխիվաբանության, փաստաթղթաբանության և կառավարման փաստաթղթային ապահովման հարցերով կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գծով:
Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների ուռուցքաբանների և ռադիոլոգների երրորդ համագումարը անցկացնել 2004թ. Մինսկում, իսկ ԱՊՀ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 2004թ. Մոլդովայում:
Նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:
Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հրավիրել 2004թ. ապրիլին Ղրղզստանում: