չորեքշաբթի, 17 սեպտեմբերի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը, իր պահուստային ֆոնդից, 49մլն 66 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է մարել նշված ընկերությունների 2001թ. կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքը:
Գործադիրը հաստատել է 2003թ. փետրվարի 20-ին Երևանում ստորագրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև ՏԱՍԻՍ-ի 2002թ. Միջուկային անվտանգության գործողությունների ծրագրի վերաբերյալ շնորհ-նամակը: Այն ստորագրվել է միջուկային անվտանգության բարձրացման ներքին ծրագրերին աջակցելու և դրանք ընդլայնելու համար Հայաստանին մոտ 0.9 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)» ծրագիրը ստորագրելու առաջարկությանը: Ի պատասխան 2002թ. աննախադեպ ցրտահարության հետևանքները մեղմելու նպատակով օգնության վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղղված ՀՀ կառավարության դիմումի, Հայաստանում FAO-ի փորձագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքներով, պատրաստակամություն է հայտնվել իրականացնելու «Հրատապ օգնություն ցրտահարությունից տուժած ֆերմերային տնտեսություններին» ծրագիրը: Այն իրականացվելու է Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Ծրագրով նախատեսված է ցրտահարությունից տուժած մոտ 7633 գյուղացիական տնտեսություններին հատկացնել 650 տ աշնանացան ցորենի երկրորդ վերարտադրության սերմացու՝ 2003 թ. աշնանացանի և 330 տ գարնանացան գարու սերմացու՝ 2004 թ. գարնանացանի համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հիմնադրվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ, հաստատվել է դրա կանոնադրությունը:
Նիստում հաստատվել է զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրման կարգը ևս: Դրանով սահմանվում է զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության դիմաց առողջապահական կազմակերպությունների փոխհատուցման և մասնագետների վարձատրման կարգը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Նիստում հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնել տարածքային զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների հաստատված ցանկը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների՝ այդ թվում՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացածների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2005 թ. դեկտեմբերի 31-ը:
Կառավարությունը, իր այսօրվա նիստում, որոշել է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ՌԴ իրավունքի «ԶԱՕ» «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային կառավարմանը՝ 5 տարի ժամկետով և հավանություն տալ կառավարման հիմնադիր Հայաստանի Հանրապետության ու ՌԴ իրավունքի հավատարմագրային կառավարիչ վերոհիշյալ ընկերության միջև կնքվող պայմանագրի նախագծին:
Այսօրվա նիստում գործադիրը որոշում է ընդունել նաև «Անավարտ շինարարության օբյեկտների մասին»: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչություն ներկայացնել տեղեկություններ իրենց տնօրինության տակ գտնվող անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ: Հանձնարարվել է նաև նշված աշխատանքների ավարտից հետո, 3 ամսվա ընթացքում իրականացնել օբյեկտների գույքագրման, հաշվառման և դասակարգման աշխատանքները՝ այդ ընթացքում իրականացնելով դրանց հանձնումը ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը: Պետական գույքի կառավարման վարչության պետին էլ հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ի տնօրինություն ընդունած անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործընթացի իրականացումը:
Հանրապետության ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում պայմանագրային հարաբերությունների կարգավորման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գործունեության արդյունավետությունը և այդ համակարգերից օգտվող սպառողների բարձրակարգ սպասարկումն ապահովելու նպատակով, նիստում հաստատվել է նշված ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման կարգը:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Գերնորմատիվային ջրապահանջարկի խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումների» ցանկին ևս:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: