Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հոկտեմբերի 2010

Պետություն-մասնավոր հատված համագործակցությունն արդյունք է տալիս




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին.
«Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ուզում եմ սկսել Տաթևի համալիրի խնդրից։ Մենք ձեզ հետ միասին մասնակցեցինք այդ համալիրի բացմանը, ինչպես նաև ճոպանուղու շահագործման սկիզբը դրվեց։ Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի մեր գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, այդ ծրագիրը դարձրեցին իրականություն։ Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։ Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության Նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա։ Պետությունը նույնպես ֆինանսավորել է ծրագրի իրականացումը` և՛ ենթակառուցվածքների ձևավորման, և՛ համապատասխան հանրային լուսաբանման կազմակերպման նպատակով»։ Վարչապետը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը. «Այնպես որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածը բավական լուրջ և մեծածավալ աշխատանք կատարեցին։ Հատկապես ուզում եմ նշել Ռուբեն Վարդանյանին, նրա անձնական ներդրումը և նրա ընտանիքի ներդրումը։ Կարծում եմ, որ սա նաև պետք է վարակիչ լինի մեր մասնավոր հատվածի գործընկերների համար` պետության հետ համատեղ այսպիսի մեծածավալ ծրագրեր իրականացնելու առումով։ Մոտ ապագայում մենք ներկայացնելու ենք ևս մի քանի այսպիսի նախաձեռնություն` ինչպես Ազգային մրցունակության հիմնադրամի, այնպես էլ ուղղակի պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով կառուցված ծրագրեր, որոնք կարող են մոտակա երեք տարիների ընթացքում էապես բարելավել և՛ բիզնես միջավայրը, և՛ զբոսաշրջության համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»։
 

Լուծում են ստանում գյուղատնտեսության հիմնախնդիրները

Գործադիրը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, դրանց փոխադրման, ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը, որոշել ՀՀ-ից Եվրամության երկրներ արտահանման համար կիրառել Եվրամիության երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի և սննդամթերքի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը։ Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, կառավարությունը հաստատել է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագման մթերքների նմուշառման կարգը, դրանց արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, անասնաբուժության բնագավառում արգելել անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցների կիրառումը։ «Ընդունված որոշումների այս փաթեթի նպատակն է ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտահանման բարենպաստ պայմաններ»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Այդ գործընթացն ավելի պարզ և դյուրին է դառնում, և մեր գյուղացին կկարողանա անարգել արտահանել իր ստեղծած արտադրանքը»։
Գործադիրն ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշումը կարող է հեղափոխական փոփոխություն առաջացնել պարարտանյութի շուկայում։ Մեր գիտնականներն ու արտադրողները խոստանում են, որ երկրի կարիքները հոգալուց հետո այս պարարտանյութերը կարելի է նաև արտահանել։ Դրանք որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։ Եթե այդպես է, ապա ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ կլինի մշակել այդ հողերում նոր պարարտանյութերը կիրառելու ծրագիրը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է նաև գյուղացիական տնտեսությունների համար նշված պարարտանյութերի առավելությունները պարզաբանելու կարևորությունը։
Կառավարությունը որոշել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան, ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաստատել մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, այդ արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի համաձայն պետբյուջեով նախատեսված 558000.0 հազար դրամը հատկացվել է արտերկրից աշնանային ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերմանը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել ավելի վաղ ընդունված մեկ այլ որոշում։


Կկառուցվեն ստորգետնյա նոր ավտոկայանատեղիներ

ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ հետ կնքել շինարարական կապալի պայմանագրեր «ՀՀ էկոոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ դրանք կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 ՀՀ դրամի չափով, կատարվելիք շինաշխատանքի դիմաց որպես հանդիպական կատարում ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 25 տարի ժամկետով տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին և մյուս գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է շինարարական կազմակերպությունների, մասնագետների հետ քննարկել պետական նշանակության այլ շենքերին հարակից ստորգետնյա տարածքներում ևս ավտոկայանատեղիներ կառուցելու հարցը, որը կնպաստի մայրաքաղաքի կենտրոնը ազատել դրանց կուտակումից։
Կառավարությունն իր նիստում փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և Շիրակի մարզպետարանին հատկացրել 5577.0 հազար դրամ, որով Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղի դպրոցում կկառուցվի կենտրոնական ջեռուցման համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ուսումնական գործընթացն անցկացնել նորակառույց և հարմարավետ շենքում, այլև հոգալ դպրոցական շենքի նորմալ պահպանման և շահագործման խնդիրները։
ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ ստեղծելու, նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելուն և լուծարել բարեգործական ծրագրերի համակարգման բաժինը` դրա գործառույթները վերապահելով միջազգային կապերի բաժնին։
Իր նիստում գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով ապահովվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց միևնույն չափով աշխատավարձ ստանալու իրավունքը։
Կառավարության որոշմամբ փոփոխվել և լրացվել է նախկին որոշումներից ևս մեկը, որով կանխվում են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ փրկարար ծառայության և ՀՀ ԿԱ ոստիկանական մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձերի շեղումները։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացրած ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 120 հանձնարարականի կետերից մեկի կատարման ժամկետը տեղափոխվել է 2010թ. չորրորդ եռամսյակ, իսկ 10 կետ կամ 8,3 տոկոսը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 109 կետերից 2010թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 106-ը կամ 97,2 տոկոսը։
Կառավարությունն իր նիստում որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատազմ» ՊԿՀ հաշվեկշռում գտնվող 24236.3 հազար դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և հանձնել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերին։ Խոսքը վերաբերում է տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու նպատակով ձեռք բերված 120 համակարգիչները մարզպետարաններին հանձնելուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` վերջին երկու տարում մեծ փոփոխություն է եղել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ։ Առաջիկայում ձեռք են բերվելու ևս 1100 համակարգիչներ, որոնք ծառայելու են նույն նպատակին։
Գործադիրը հաստատել է գանգատարկման խորհրդի կողմից վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը։ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով վիճակահանությունների արդյունքում չշահած ՀԴՄ 2010թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին հատկացվել է 655,000,0 հազար դրամ։
Կառավարությունը հաստատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը։
Կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որի համաձայն հստակեցվել են գիտական աստիճանների հայցման ատենախոսությունների պաշտպանության քանակի նկատվող աճի պայմաններում անհարկի դժվարությունները հաղթահարելուն ուղղված քայլերը, որակավորման քննություններից հանվել է «փիլիսոփայություն» առարկան։
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել և օգտագործվում է պատմականորեն ձևավորված իր նախնական նշանակությանը համապատասխան` պաշտամունքային նպատակով։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200000 դրամ։ Նաև սահմանվել է, որ մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող` օրենքով սահմանված հավելումները), իսկ երրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում` բազային կենսաթոշակի 75-ապատիկի չափով։

                                                                 Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել ՀՀ կրթական հաստատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին ՀՀ կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու արտոնություն։
Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը կնպաստի ոռոգման ոլորտի բարեփոխման շարունակմանը, ինչպես նաև ջրօգտագործողների կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հովհաննես Սահակյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել Ազգային Ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները։ Կառավարության եզրակացության համաձայն գործադիրը սույն փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չունի։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ