Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 փետրվարի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչև օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ հունվար ամսվա տվյալներով բյուջետային մուտքերը կազմել են շուրջ 9,4 մլրդ դրամ, ընդ որում՝ առանց հաշվանցումների: Սա համարվեց լավ ցուցանիշ, նկատի առնելով, որ 2000 և 1999 թվականների նույն ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 6,4-ական մլրդ դրամ: Այս արդյունքը գերազանցում է կառավարության կողմից 2001 թ. հաստատված բյուջետային մուտքերի համամասնություններով սահմանված ցուցանիշը: Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացին պետական եկամուտների նախարարությունից բացի իրենց մասնակցությունն են ունեցել նաև այլ նախարարություններ: «Բյուջեի կատարումը բոլոր նախարարությունների խնդիրն է», -նշեց վարչապետն՝ առավել ակտիվություն պահանջներով կառավարության բոլոր անդամներից: Բյուջեի մուտքային մասի կատարումը հնարավորություն կտա ժամանակին և հստակորեն իրականացնել նաև հաստատված ծախսային համամասնությունները: Մինչդեռ կան նախարարություններ ու գերատեսչություններ, որոնք ֆինանսների նախարությանը դեռևս չեն ներկայացրել հունվար ամսվա իրենց հայտերը: Նախարարներին հանձնարարելով կարճ ժամկետում պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը՝ վարչապետը կարևորեց պարտքերի չառաջացումը թե աշխատավարձերի, թե ծառայությունների դիմաց վարձավճարների գծով: Միաժամանակ պահանջվեց հստակորեն պահպանել սահմանված ծախսային համամասնությունները, չգերազանցել բյուջեով նախատեսված չափաբաժինները, հակառակ դեպքում, նշեց վարչապետը, պատասխան կտան իրենք՝ պետական պաշտոնյաները: Կառավարությունը որոշակի խմբագրումներով հաստատեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ործող օրենքը, որ ընդունվել է 1997 թ., սկզբունքորեն լուծել է իրեն վերապահված խնդիրները: Ներկա իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել առավել հստակեցնել ու որոշակիացնել ոլորտի իրավական դաշտը: Նախագծում մասնավորապես սահմանվում են էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, կարգավորման մարմինն ու միջոցները, այդ բնագավառում տնտեսավարող սուբյեկտների գործունեության լիցենզավորումը, էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման պայմանագրերը, սպառողների էներգամատակարարման ապահոման երաշխիքները: Նիստում հաստատվեցին նաև՝ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Նշվեց, որ 1969 թ. ընդունված ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը, չնայած ընթացիկ փոփոխություններին, այսօր չի սահմանում այն սկզբունքները և չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք պահանջում են տնտեսական առկա հարաբերությունները, օրենսդրական նոր լուծումները, համաշխարհային փորձը: Հաստատված նոր օրենսգրքի նախագծով ընդլայնվում է ընտանեկան հարաբերությունների կանոնակարգման դաշտը: Նախագծով, մասնավորապես, նորովի են սահմանվում ամուսնալուծության և որդեգրման կարգերը, առանց ծնողական խնամքի երեխաների դաստիարակությունն ընտանիքում իրականացնելու ինստիտուտները, խնամակալության և հոգաբարձության մարմնի կարգավիճակը և իրավասությունը, ամուսինների գույքային հարաբերությունները, այլ հարցեր: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով առաջին անգամ մանրամասն կանոնակարգվում են ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոփոխման, մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացակարգերը, գրանցում կատարող մարմինների իրավասությունները: Մեկ այլ որոշմամբ, 2001 թ պետական բյուջեում վերաբաշխումներ կտարելով, կառավարությունն անհրաժեշտ միջոցներ հատկացրեց ընտանեկան նպաստների գծով 2000 թ. հոկտեմբերի մնացած պարտքը մարելու և ազգային փոքրամասնություններին ցուցաբերվող պետական աջակցության համար: Կառավարությունն ընդունեց «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշում: Հաստատվեց ՓԲԸ-ի հիմնադիր լիազոր ներկայացուցիչների կազմը, որում ընդգրկված են ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունների պետերը՝ ի պաշտոնե: Կառավարության որոշմամբ, «Հայաստանի Հանրապետություն» օրեթերթի լուծարումից և պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքը անհատույց հանձնվում է նորաստեղծ ընկերությանը: Նիստում հավանություն տրվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կներկայացվի ԱԺ: Նախագծով մասնավորապես առաջարկվում է կրճատել Ազգային հանձնաժողովի կազմը՝ 9-ից իջեցնելով 5-ի: Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, նշված օրենքն ունի որոշակի թերություններ և դրանց շտկման համար այժմ աշխատանքներ են տարվում ինչպես կառավարությունում, այնպես էլ Ազգային Ժողովում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ