Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 սեպտեմբերի 2010

Ուշադրության կենտրոնում են սահմանամերձ մարզի խնդիրները





Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ։ Մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, կարևորագույն և հեռանկարային ճյուղերից են անասնապահությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը։ Առավել զարգացած ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունը, վերամշակումը, զբոսաշրջությունը։ Մարզում կա 134 արտադրական ձեռնարկություն։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է մոտ 32 հազար, արդյունաբերության և ծառայությունների ոլորտում` ավելի քան 16 հազար մարդ։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Արմեն Ղուլարյանի հաշվետվությունը։
Կառավարության հավանությունն է ստացել Տավուշի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը, ուր ընդգրկված են վանական համալիրների, թանգարանների, գրադարանների, մշակույթի տների նորոգման կամ վերականգնման ծրագրեր։
Գործադիրը հավանություն է տվել քանդակի Իջևանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին։ Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին և շարունակվել միչև 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ։ Նրանց ստեղծած աշխատանքներն այսօր էլ յուրահատուկ շունչ են տալիս քաղաքին։ Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել Տավուշի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքները բովանդակող հաղորդումը, որով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 145 քաղաքացու դիմում։ Դիմում-բողոքները քննարկման են ուղարկվել հիմնականում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տարածքային կառավարման նախարարություններ, Տավուշի մարզպետարան։
Սահմանամերձ այս մարզի բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Մարզի խնդիրներին նվիրված օրակարգային հարցերն ու ընդունված որոշումներն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը.
«Դուք գիտեք, որ մենք մշտապես փորձում ենք պարզել նաև բնակչության մոտեցումը, բնակչության գնահատականները, բնակչությանը մտահոգող խնդիրները և փորձում ենք համեմատության մեջ դնել մարզերը։ Առաջին հերթին պետք է արձանագրեմ, որ կառավարության կողմից ընդունված նոր մեթոդաբանությունը, որով մենք օբյեկտիվ չափանիշներով գնահատում ենք մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մարզպետների աշխատանքը, ամբողջությամբ իրեն արդարացրել է, որովհետև այն գնահատականները, որը մենք ստանում ենք բնակչությունից և այն պատկերը, որ ստանում ենք մեր մեթոդաբանությամբ, համընկնում են։ Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մենք ճիշտ պատկեր ենք ստանում ու նաև կարողանում ենք ճիշտ գնահատել մարզպետների, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատանքը։ Այդ առումով պետք է նշենք նաև, որ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ունի այն բոլոր հիմնական բնութագրիչները, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին, մասնավորապես, սոցիալական ու տնտեսական խնդիրները, իրավիճակը գյուղատնտեսությունում և այլն։ Դրա համար ես կանդրադառնամ միայն առանձնահատկություններին։
Առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ մարզը սահմանային է, և այդ հանգամանքն էական ազդեցություն ունի նրա կենսագործունեության վրա։ Եթե վերցնենք համայնքները և բնակավայրերը, ապա դրանց 40 տոկոսը սահմանային է, ընդ որում` հինգը գտնվում են ուղղակի կրակի տակ։ Բնականաբար, այս հանգամանքն էական ազդեցություն է թողնում նաև մարզում տիրող հոգեբանական վիճակի և այն խնդիրների վրա, որոնք կարևորում են մարզի բնակիչները։ Առաջին հերթին անվտանգության ապահովումն է, որ ակնհայտորեն տարբերում է այս մարզն այլ մարզերից։ Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է գտնվի հենց այս` Տավուշի մարզում բնակչության անվտանգության ապահովման խնդիրը։
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այլ մարզերի համեմատ` այստեղի ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են, և բնակչությունը դա նկատում է։ Դրական ազդեցություն են թողել նաև 2010թ. կատարված լայնամասշտաբ աշխատանքները։
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, ինչպես ունենք այլ մարզերում, այլ բնակչության կենցաղային պայմանները։ Բոլոր քաղաքացիներն այս խնդիրն են համարում առաջնահերթ։ Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է։
Հաջորդ առանձնահատկությունն առողջապահության նկատմամբ վերաբերմունքն է. ի տարբերություն այլ մարզերի` Տավուշի բնակչությունն ավելի խստապահանջ է առողջապահության ոլորտի նկատմամբ։ Դա էլ բացատրվում է նրանով, որ եթե անվտանգության խնդիրներն առաջնային են, ապա մարզում պետք է լինեն որակյալ բուժհիմնարկներ, որպեսզի մարդիկ կարողանան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալ հենց մարզում։
Բնակիչները բարձր են գնահատում մարզպետի, ինչպես նաև Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորների աշխատանքը, որոնք շատ ակտիվորեն շփվում են բնակչության հետ, գիտեն նրան մտահոգող խնդիրները, և կապը մշտական է»
։

                                        Նպատակը տնտեսության կայուն զարգացումն է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։ Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են ՀՀ նախագահի մոտ։ Նախագահի առաջարկությամբ 10.0 մլրդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։ Այժմ ամեն բան կախված է ընթացիկ տարվա ամփոփումից։ Գործադիրի ղեկավարի կարծիքով` հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու։
Կառավարությունը «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» 1970թ. հուլիսի 1-ի Ժնևի համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով ՀՀ հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ներդրման համար իրավասու մարմին է ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011թ. հունվարից հնարավորություն չեն ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետություններ։ Դրա համար պետք է սահմանել համակարգի ներդրումն ապահովող և ստուգում անցկացնող լիազոր մարմինները, հսկիչ սարքերի քարտերի ձևը, պատրաստումը և տրամադրումը, ինչը և արվել է սույն որոշմամբ։
ՀՀ կառավարության որոշմամբ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Երևանի Շիրակի 2ա հասցեում գտնվող 7-րդ հանրակացարանային մասնաշենքում բնակվող Լիանա Բաղրամյանի և Ստելլա Քոչարյանի զբաղեցրած տարածքները սեփականաշնորհվել են այդ բնակիչներին։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Երնորոգնախագիծ» պետական ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով։
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև օդային հաղորդակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության կառավարությունների միջև երկու` դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման և տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով գործադիրը Վայոց ձորի մարզպետարանին հատկացրել է 14,765.0 հազար դրամ, որով կգազիֆիկացվի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքը, կնորոգվի քաղաքի Մոմիկի այգին, կհրատարակվի «Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ.» անգլերեն ուսումնասիրություն-ալբոմը։

Կառավարությունը հաստատել է

-ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության ծրագիրը, որի համաձայն պետք է ապահովվի մակրոտնտեսական կայունությունը, իրականացվեն տնտեսական կայուն աճի միտված հարկաբյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի զարգացմանը, ֆինանսական միջնորդության խորացմանը և կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն։
Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագիծ։ Ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի ապահովել Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և կենսաբազմազանության ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների օգտագործմանն ուղղված խնդիրների անվերապահ կատարումը։
Նպատակ ունենալով նպաստել ոռոգման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ու շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերություններին աջակցել` բարելավելու ֆինանսական վիճակն ու մեծացնել ինստիտուցիոնալ կարողությունները և հիմք ընդունելով 2009թ. դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի ընդունած ՀՀ ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության հայեցակարգը, կառավարությունը հավանություն է տվել ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը։
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։ Որոշմամբ նախատեսվում է ստեղծել տարանջատված գործառույթներով երկու ստորաբաժանում` լիցենզավորման ու վերլուծության և վերահսկողության բաժիններ։ Ակնկալվում է, որ դա կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, լիցենզավորման ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Հաջորդ երկու որոշումներից առաջինով հստակեցվել են նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության նպատակներն ու խնդիրները, երկրորդով նոր խմբագրությամբ են շարադրվել ՀՀ ԱՆ նպատակներն ու խնդիրները, գործառույթները, նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժինը վերակազմակերպվել է իրավաբանական վարչության, ինչը բխում է ստորաբաժանման կողմից իրականացվող ծավալուն աշխատանքի կանոնակարգման անհրաժեշտությունից։

Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնարար օրենսդրական սույն ակտը ընդունման օրից` 1985թ. դեկտեմբերի 6-ից մինչև օրս երբևէ համակարգված քննության առարկա չի դարձել։ Առաջարկվող օրինագիծը ոլորտի բոլոր իրավահարաբերությունների կարգավորմանը նվիրված մեկ ամբողջական իրավական փաստաթուղթ է։ Նկատի առնելով, որ նոր օրենսգրքի ընդունումը կարող է ձգձգվել, կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մեկ այլ նախագծի, որով նոր խմբագրությամբ են շարադրվում դեռևս ԽՍՀՄ իրավահարաբերությունները կարգավորող հոդվածները։
Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանով նախատեսվում է ընդլայնել իրավաբանական օգնության շրջանակները, հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները, փաստաբանների իրավունքներն ու երաշխիքները, ստեղծել փաստաբանական դպրոց։ Կառավարության հավանությունն է ստացել «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը և այլն։
Կառավարությունը որոշել է հավանություն տալ առողջապահության, գիտական և գիտատեխնիկական, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման 2011թ. պետական ծրագրերին և դրանք սահմանված կարգով «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը քննության է առել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում և ևս հինգ օրենսգրքերում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախաձեռնության նպատակն է նշված օրենսգրքերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի։ Կառավարության եզրակացության համաձայն օրենսդրական փաթեթը լրամշակման կարիք ունի։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

                                                                 Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզի Որոտանի և Տորունիքի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել Վայոց ձորի մարզի Գողթանիկի և Արփիի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համապատասխանաբար ձկնաբուծության տնտեսության կազմակերպման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, սննդի օբյեկտների կառուցման և սպասարկման և հանգստի ու սննդի սպասարկման օբյեկտների կառուցման համար։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման արտոնագիր է տվել Աբովյանի «Կոտայք» և Վանաձորի «Վանֆարմ» ՍՊԸ-ներին։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել մեկ անձի։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ