Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 սեպտեմբերի 2010

Օրենքի փոփոխությամբ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ «Մենք երկար ժամանակ և հանգամանորեն քննարկել ենք այս նախագիծը, որով մտադիր ենք լուծել նաև որակական խնդիրներ,- ասել է ՀՀ վարչապետը, - արտոնագրման որոշ գործառույթներ նմանվում էին ստուգման։ Այժմ, խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը, կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»։
Կառավարության հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը և աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համահունչ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումներին, քանի որ մեծացնում է հսկողությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ։ Տեղեկանալով, որ պարտադիր աուդիտի արդյունքները ներկայացնող 500 խոշոր ընկերություններ կատարել են օրենքի այդ պահանջը, բայց կան փոքրաթիվ թերացողներ, վարչապետը նպատակահարմար է համարել դրանց անունների հրապարակումը մամուլում` ի տես հանրության։

Օրենսդրական այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերին։ Սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը։ Այս հարցը նույնպես, վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով, երկար ժամանակ քննարկվել է վերը նշված ապրանքները ներմուծողների և արտադրողների հետ, արդյունքում հստակեցվել է բնագավառի քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում, օրինակ` ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի։ Մեզանում խիստ տարածված են նաև ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունները։ Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։ Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև և երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014թ.-ից։
Նիստում հավանության է արժանացել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրա ընդունման նպատակը ՀՀ պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծումն է, երբ դիմորդը հնարավորություն կունենա հավասար պայմաններով մասնակցել հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին։ Դրա նպատակը, Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, դիմորդների համար կրթություն ստանալու միասնական դաշտ ստեղծելն է։ Բարեփոխումը շարունակվելու է, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին, այլ ոչ թե պետությունը։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրին, որը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացմանը` դրա գերակա ուղղությունների և ռազմավարության նախանշմամբ։
Վերը նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Տրվել են հարկային և մաքսային արտոնություններ

 

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 29-ը։ Անցյալ տարի ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենասարքավորում և նախատեսում է տարեկան արտահանել 600 մլն դրամի պատրաստի արտադրանք։ Ֆաբրիկայում աշխատում է 440 մարդ, մինչև տարեվերջ աշխատատեղերի քանակը կավելանա 200-ով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ այս ֆաբրիկայի փորձը լավագույն օրինակներից է և ցանկալի է, որ տարածվի այլ մարզերում ևս։ Այժմ եվրոպական երկրներից արդիական սարքավորումներ մեր երկիր տեղափոխելու լավ հնարավորություն կա, և պետք է օգտվել դրանից` զարգացնելու համար թեթև արդյունաբերությունը։
Գործադիրն ընդունել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասցեով «Անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող վեց հատ KYN28-12 տեսակի 6/10 կՎ բջջի նկատմամբ հարկային և մաքսային արտոնություններ կիրառելու որոշում։ Ընդունվել է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող որոշում, որի համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ, ինչպես նաև գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ 76 գազաբաշխիչ համակարգեր նվիրաբերվել են հանրապետության 10 մարզերի համայնքներին։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ս.թ. գարնանային վարարումների հետևանքով Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մոտ 3 կմ հեռու գտնվող Արաքս գետի հոսանքի ուղղությամբ ամբողջությամբ քանդված և ողողված արգելաթմբի և երկու կարճապատնեշների վերականգնման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 155000,0 հազար դրամ։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով նույն որոշման մեջ, գործադիրը Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում եղած օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների և Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի մշակման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրել է 30,000.0 հազար դրամ։
Իր նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին որոշումներից մեկում, որով պարզեցվում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ապրանքների տեղափոխման ընթացակարգը և հսկողությունն իրականացվում է հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգի միջոցով։
Կառավարությունը հավանություն է տվել Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրին և հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերին։ Դրանք վերաբերում են Արշակունյաց պողոտա - Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց - Արգավանդ, Դավթաշենի կամուրջ - Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցներին։ Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010թ. հոկտեմբերի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Լրացուցիչ գումարներ պետք է ներգրավի նաև Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս, այնպես էլ Երևանում իրականացվող մի քանի այլ ծրագրեր ունեն համապետական նշանակություն։ Մասնավորապես, քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում հատկացվելու է 300 մլն ԱՄՆ դոլար։ Գործադիրը հավանություն է տվել նաև Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակներ» և «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակներ» զեկույցներին։
Նկատի առնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ Յունիկոդ համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունը, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային «Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակները։ Սահմանվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում։
Իր երկու որոշմամբ կառավարությունը 9195,7 հազար դրամ է հատկացրել «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու և 7.300.0 հազար դրամ` «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։


Կառավարությունը հաստատել է

-Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» համաձայնագրի շրջանակում 1-ին տրանշի շինաշխատանքների վերահսկողության, 2-րդ և 3-րդ տրանշների նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով հաստատված մրցույթի արդյունքները` 2.040.133,33 ԱՄՆ դոլար և 1.415.600,00 եվրո պայմանագրային առավելագույն արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Էջիս բիսիոմ ինտերնեյշնլ» կազմակերպությունը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունված որոշմամբ Հայաստանում ձևավորվում է ճանապարհաշինության նոր մշակույթ, ստեղծվում են նոր կարողություններ, որոնց արդյունքում պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը ժամանակ է պահանջում, սակայն դա արդարացված է աշխատանքների ակնկալվող որակով,
-հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ ընթացակարգով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգերը, որոնց նպատակն է առավել հեշտացնել արտոնագիր ստանալու գործընթացները,
-կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառման կարգը։ Որոշումը հնարավորություն կտա կենտրոնացնելու և համակարգելու կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները և դրանք օգտագործելու այդպիսի իրերը հայտնաբերելու աշխատանքում։ Ակնկալվում է, որ արդյունքում կբարձրանա հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը։



Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն հատկացվող 5,0 հազար տոննա ցորենի և 1,0 հազար տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխելու և պահեստավորելու հետ կապված 12,28 մլն դրամ ծախսի ֆինանսավորումը իրականացնել 2010թ. երկրորդ կիսամյակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային միջոցների հաշվին։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև Հայաստանում ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն ստեղծելու պայմանագրի նախագծին` դրա ստորագրումը վերապահելով ՀՀ արտգործնախարարին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 12-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Դեռևս 2001թ. կնքված համաձայնագրի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ՀՀ իրավապահ ոլորտը։ Մինչև օրս նամակ-համաձայնագիրն իրականացվել է 13 լրացումներով, որոնց շրջանակում ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է մոտ 14 մլն դոլարի աջակցություն։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Վաղարշապատի պոլիկլինիկա» պետական, «Վայքի բուժական միավորում», Երևանի «Թիվ 2 բուժմիավորում», «Մարալիկի առողջության կենտրոն» և «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել 2010 – 2011թթ. ուսումնական տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած 20 անձանց, ովքեր սովորում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ այդ տաղանդաշատ երիտասարդների անունները մենք ապագայում էլ ենք լսելու։ Նրանք Երևանի և տարբեր մարզերի ծնունդ են և ուսումն ավարտելուց հետո ստացած գիտելիքներն ի սպաս են դնելու հայրենիքի զարգացմանը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ