Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2010

Պարզեցվում է ընկերությունների հիմնադրման ընթացակարգը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանցով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետռեգիստրի, հարկային մարմինների, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հետ։ Առաջարկվում է նաև վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից։ Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունմամբ առավել արդյունավետ կդառնա ընկերությունների հիմնադրման ընթացակարգը, մասնավորապես ֆիրմային անվան տրամադրումը, պետական գրանցումը, հաշվառումը և այլն։ Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը անվանել է 2010թ. կարևորագույն բարեփոխումներից մեկը և հանձնարարել, որպեսզի այն զանգվածային լրատվամիջոցներով հասանելի դարձվի շահառուներին և ամբողջ հասարակությանը։

Կառուցվելու է Մեղրու հիդրոէլեկտրակայանը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ միջև «Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման» թույլտվության պայմանագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված թույլտվության պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրից բխող օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքը։ Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով պետք է տեղափոխվի Իրան։ Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրու ՀԷԿ-ը անհատույց փոխանցվելու է հայկական կողմին։ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշումը Հայաստանի համար ներդրումային կարևոր, խոշոր ծրագրի սկիզբն է։ Վարչապետի հանձնարարությամբ հրավիրված ճեպազրույցում հանգամանորեն պարզաբանվել են ընդունված որոշման մանրամասները։
Երկու այլ որոշումներով գործադիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով հաստատել է այդ ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ), դրա փոխհատուցման սկզբունքները, ինչպես նաև ծրագրի համաձայն ՀՀ վարչական սահմաններում գտնվող բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը։ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի հաստատմամբ միասնական սկզբունքներով կիրականացվի հյուսիս-հարավ ճանապարհային մջանցքի ներդրումային ծրագրով իրականացվող հողատարածքների, շենքերի և շինությունների, բիզնեսի օտարումը, սեփականության օբյեկտների համար նկարագրության արձանագրությունների կազմումը։

Կիրառվում են հարկային ու մաքսային արտոնություններ

ՀՀ կառավարությունն ընդունել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «Անվճար» նշմամբ Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ հարկային և մաքսային արտոնություն կիրառելու երկու որոշում։ Դրանցից առաջինով արտոնություն է կիրառվում ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրերով իրականացվող «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «Հեիլոնգջիանգ N1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորքս» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրերով երկու հասցեով, մյուսով` վերը նշված ՊՁ և այս վերջին ՀՁ միջև կնքված պայմանագրով ևս մեկ հասցեով Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքներից են պղնձե դողերը, պաշտպանության ստուգման սարքերը, միաֆազ լարման տրանսֆորմատորը, թվային երկկողմանի վահանակները, օպտիկական հզորության չափիչ մոդուլը, օպտիկամանրաթելային մոդուլի զոդող սարքը և այլն։
Կառավարությունը որոշել է փոփոխել և լրացնել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով «Նատֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգվել էր երեք տարով։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է ևս հինգ ամսով, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա ձեռք բերել 1,9 մլն եվրոյի լրացուցիչ սարքավորումներ։

Կբավարարվեն բնակչության կարիքները

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 11,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN45, 47, Պրոմեթևսի փողոցի N28, 29 անավարտ շենքերի գազիֆիկացման, բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Գործադիրը «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ից հետ է վերցրել քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանք վարձակալության իրավունքով 15 տարի ժամկետով հանձնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին` քաղաքի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով օգտագործելու պայմանով։ Կենտրոնը քաղաքի ձեռնարկություններին և ձեռներեցներին կառաջարկի տեխնոլոգիական զարգացման ծառայություններ, ուսումնական դասընթացներ, տեխնոլոգիական աջակցություն և ինկուբացիոն ծրագիր։
Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև գործող վարկային համաձայնագրով իրականացվող միջոցառումների մասին կառավարության ընդունած որոշումը թելադրված է կառուցված և վերականգնված օբյեկտների շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ընդունված որոշման իրագործմամբ երկու համայնք կունենա խմելու ջրագծի ներքին ցանց, կարգավորվող ջրավազան, երեք համայնք` մայր ջրագիծ, չորս համայնք` ոռոգման պոմպակայանի մղման խողովակաշար, ոռոգման ցանց, էլեկտրամատակարարման հոսանքի գիծ, կաթի ընդունման կետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց - «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում է տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը, օգտակար հանածոների մշակումը, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, թունաքիմիկատների օգտագործումը և այլն։
Գործադիրը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների և ՊՈԱԿ-ների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման հավելվածը, ինչը պայմանավորված է դրամի փոխարժեքի նվազման արդյունքում որոշմամբ սահմանված` ավտոմեքենաների նախահաշվային արժեքները վերանայելու հանգամանքով։ Ներկայացված գները սահմանվել են հիմք ընդունելով համանման չափանիշներին համապատասխանող ավտոմեքենաների շուկայում գործող գները։ Հաջորդ որոշմամբ ևս մեկ փոփոխություն կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացրել է 440000 հազար, շենքերի և շինությունների ձեռքբերման համար` 60000 հազար, վարչական սարքավորումների ձեռքբերման համար` 40000 հազար դրամ։
Գործադիրը ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղու կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայությունների դիմաց 2010թ. առաջին կիսամյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ վճարելու համար հատկացրել է 27933772,0 դրամ։ Նաև որոշվել է հայերեն նոր խմբագրությամբ հրատարակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը` ուժը կորցրած ճանաչելով նույն խնդրով կառավարության նախկին որոշումը։

Կառավարությունը հաստատել է

-հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների և տվյալների միասնական համակարգի ստեղծման ծրագիրը, որի նպատակն է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ՀՀ և սփուռքի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի մասնակցության ապահովումը,
-փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը, դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ընդունելու ակտերի, օրգանները և (կամ) հյուսվածքները տեղափոխելու հայտարարագրի ձևերը, որոնց միջոցով կապահովվեն գործընթացի թափանցիկությունը և վերահսկելիությունը,
-գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ֆինանսավորման համաձայնագրով տնտեսված միջոցների վերաբաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերի իրագործումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին լիազորել հաստատելու ՀՀ անդամակցությունը ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման համակարգին, նշանակելու համակարգի հետ կապված համագործակցության հարցերով ՀՀ ազգային կապի պատասխանատու, համակարգի ազգային անդամներին ահազանգելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության համակարգի աշխատակիցներից ստեղծելու մոբիլիզացիոն ազգային կենտրոն` աշխատանքային խմբի տեսքով։
Գործադիրը երկու որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Կառավարությունը համաձայնել է նաև Հայաստանի և Սլովակիայի կառավարությունների միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծին և որոշել այն սահմանված կարգով «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը, ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աշխատաշուկայում առաջացած լարվածության հաղթահարումը և այլն։
Գործադիրը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքի տարածքում գտնվող 10.63 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային նոր համալիրի կառուցման համար։
Կառավարությունն իր որոշմամբ փոփոխություն է կատարել Արարատի մարզի Մրգավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում և բազմամյա տնկարկը փոխադրել այլ կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով սննդի օբյեկտ կառուցելու համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ