Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 օգոստոսի 2010

Բարելավվում է երկրի բիզնես-միջավայրը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։ Այս հանգամանքը շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով, որ կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունները մանրակրկիտ պարզաբանվեն և զանգվածային լրատվամիջոցներով հասցվեն շահառուներին, երկրի բնակչությանը։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում։
Կառավարության հավանությանն են արժանացել «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք ուղղված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման և պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն, արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը պարզեցնելուն, դիվանագիտական աստիճանների դերը վերաարժևորելուն և դիվանագիտական նոր աստիճաններ սահմանելուն, ռոտացիայի ժամկետները վերանայելուն, դիվանագետների սոցիալական վիճակը բարելավելուն և այլն։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Նպատակն արդյունավետ կառավարումն է

Կառավարությունն ի գիտություն է ընդունել 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքի հաշվետվությունը։ Նշվել է, որ այդ ժամանակամիջոցում ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ավարտին է հասցվել ՀՀ 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Գործադիրը հաստատել է միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերի ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը, կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման ձևը, միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման և գնահատման սխեման, արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման կայացման սխեմաների օրինակները։
Իր հերթական որոշմամբ կառավարությունն ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումը շոշափում է հազարավոր մարդկանց շահերը, և այն պետք է ԶԼՄ-ների միջոցով հասցվի բոլոր հետաքրքրվողներին։ Կառավարությունը հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը` հաստատել է «Համաձայնեցված հայտարարագրի և ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինման և ԱՊՊԱ կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը ճանապարհային լուսացույցների և տեխնիկական այլ միջոցների պահպանման և շահագործման նորմատիվները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պարտականությունը վերապահել է ՀՀ ԿԱ ոստիկանությանը, որին հանձնարարվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնել դրանք։
Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին երեք որոշումները և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 891,400.0 հազար դրամ։
Իր նիստում կառավարությունը 96600.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը նախատեսում է 2010թ. բացել յոթ դեսպանություն։ Դրանց ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։
Գործադիրը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Կրեդիտանշտալտ ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն «Բնակարանային կայուն շուկայի զարգացում» ծրագրի ապահովման և վարկի հետագա ստացման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել 20,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք։
Գործադիրը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը, ՀՀ քաղաքաշինության նախարարության  կանոնադրության փոփոխությունները և կառուցվածքը, նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը, ստեղծել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։
Իր երկու որոշմամբ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում հաստատած Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկում, ինչը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջից և նպատակ ունի աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի անընդհատ թարմացման միջոցով պահպանել դրա արդիականությունը։
Կառավարությունը հավանություն է տվել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներդրման տեխնիկական առաջադրանքին և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ին պարտավորեցրել հիմք ընդունելով այն, ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացումը։ Կձևավորվի մրցութային գնահատող հանձնաժողով, որը կազմված կլինի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից։
Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և միջծրագրային վերաբաշխման եղանակով 150.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված 2010թ. հատկացումները։


Բարեփոխվում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը


Օրակարգի ավելի քան հիսուն հարցից տասնյոթը վերաբերել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարվող բարեփոխմանը։ Նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։ Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Նախարարությանն են վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։ Հաջորդ երկու որոշումներով գործադիրը «Լազուր» կոմբինատ» պետական հիմնարկը վերակազմակերպել է «Լազուր» ՊՈԱԿ-ի, «Պահուստ» պետական հիմնարկը միացրել «Բուժգույք» ՊՈԱԿ-ին։ Նիստում հաստատվել է ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը լրամշակվել է` հիմք ընդունելով Եվրոպայի երկրների փորձն ու օրինակը։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր։
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հաստատել կամ փոփոխել է Գեղարքունիքի մարզի Լճավանի, Սյունիքի մարզի Գորայքի, Արմավիրի մարզի Ոսկեհատի, Արշալույսի և Արևադաշտի, Վայոց ձորի մարզի Քարագլխի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Շիրակի մարզի Զույգաղբյուրի, Հարթաշենի, Մուսայելյանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի կատեգորիան` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության, բենզալցակայանի տարածքի ընդլայնման, բժշկական ամբուլատորիայի, մանկապարտեզի, առևտրի կետի, արդյունաբերական օբյեկտի, հողմաէլեկտրակայանի կառուցման համար։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել մեկ անձի։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է, պահպանելով ստեղծված լավ ավանդույթը, ս.թ. սեպտեմբերի 1-ին նույնպես այցելել երկրի հանրակրթական դպրոցներ և շնորհավորել սաների ու մանկավարժների նոր ուսումնական տարին։
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ