Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 օգոստոսի 2010

Հայաստանն օգնում է ՌԴ անտառային հրդեհների մարմանը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա առաջարկությամբ կառավարությունը լսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանի Դաշնությանը օգնություն ցույց տալու վերաբերյալ։ Երեկ և այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն ևս։ Կառավարությունը որոշել է այդ նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 24 մլն 600 հազար դրամ։


Բարեկարգվելու են Հալիձորը և Շինուհայրը

 

ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Սյունիքի մարզպետարանին հատկացրել 32,279.621.4 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով։ Այդ գումարով բարեկարգվելու են նշված գյուղերը, որոնց սոցիալական կյանքը զգալիորեն կբարելավվի։ Աշխատանքը նախատեսված է Տաթևի ճոպանուղու կառուցման և բացման միջոցառումների շրջանակում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 65475.00 հազար դրամ` Տաթևի վանական համալիրի և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման և Եվրանյուզ հեռուստաալիքով հեռարձակելու, 27670.00 հազար դրամ` Հայաստանում «Նեշնըլ Ջեոգրաֆիք Թրեվլեր» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների «Ճամփորդություն առանց սահմանի» գիտաժողովի կազմակերպման նպատակով։
Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկի բավարարման նպատակով, հաշվի առնելով այդ ոլորտում ներդրողների վարկավորման Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի երկարատև և հաջողված փորձը, գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ապահովել ՀՎԷԷ հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ վարկային կազմակերպության հիմնադրումը` ՓԲԸ կազմակերպաիրավական տեսակով և 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Այն ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդնելու համար հիմնադրամին կհատկացվի ՀԲ աջակցությամբ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ծրագրի միջոցներից մարված գումարների հաշվին։
Գործադիրը որոշել է թույլատրել «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով։ «Ախթամար» ՓԲԸ-ն Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու նպատակով 2009թ. ներմուծել է շուրջ 830 մլն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ։ Դրանց մոնտաժումը դեռ չի ավարտվել, և չստանալով որևէ եկամուտ, ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ Հաշվի առնելով, որ ՓԲԸ ձեռնարկած միջոցները համահունչ են կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներին և ճոպանուղու շահագործումից հետո կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, գործադիրն ընդունել է սույն որոշումը։
Իր նիստում գործադիրը փոփոխություն է կատարել աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինությանը վերաբերող որոշման մեջ` նպատակ ունենալով կարգավորել սահմանված կարգով բնակարան (բնակելի տուն) ստանալու համար հաշվառված, սակայն բացակա անդամ (անդամներ) ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հետ կապված խնդիրները։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչպես նաև հիվանդանոցները հնարավորինս շուտ շահագործման հանձնելու խնդիրը արագ լուծելու նպատակով կառավարությունը որոշել է «Սևանի պոլիկլինիկա», «Նոյեմբերյանի հիվանդանոց» և «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ համար բժշկական սարքավորումներ գնելու համար հատկացված 197 մլն դրամը տրամադրել «Արարատի բժշկական կենտրոն» և «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններին։
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ` ամրագրելով վտանգավոր թափոնների վերամշակմամբ, վնասազերծմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ և տեղադրմամբ զբաղվելու գործունեության տեսակը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համալսարանի հիվանդանոցները և բժշկական երկու այլ հաստատություններ ընդգրկվել են ՀԲ կողմից ֆինանսավորվող բժշկական թափոնները գնահատելու փորձնական ծրագրում, և համալսարանին ՀԲ ֆինանսավորմամբ տրամադրվել է բժշկական թափոնների այրման սարք։
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության անցկացման կարգը։ Այժմ այն պարզեցվել է և տրանսպորտային միջոցների սեփականատերերին հնարավորություն է տալիս պարզեցնել նաև տեխնիկական զննության գործընթացը, ինչի շնորհիվ ակնկալվում է մեծացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Գործադիրը որոշել է 12-ական մլն դրամ հատկացնել Արագածոտնի և Արարատի մարզպետարաններին` մարզպետներին սպասարկող ծառայողական մաշված ավտոմեքենաների փոխարեն նորերը գնելու նպատակով։
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ 2010թ. օգոստոսի 20-ից 22-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն կիրականացվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ որոշման պահանջները կտարածվեն մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
Գործադիրը հաստատել է «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում (արտաբյուջետային միջոցների հաշվին)» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։


Մեծացվում է պետական կառավարման արդյունավետությունը


ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով ստեղծվել էր «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, հաստատվել նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Մասնավորապես, նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության գործառույթները դասակարգվել են որպես ծառայությունների մատուցում, ուստի ստեղծվել է այդ իրավասությամբ օժտված գործակալություն, մեկ այլ որոշմամբ հաստատվել գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։ Հաստատվել են նաև նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը։ Մինչ այդ նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների թվում չկար տեսչական լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որը վերահսկեր իրավաբանական անձանց գործունեության օրինականությունը։
Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, ստեղծել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, վերակազմակերպել մի շարք ՊՈԱԿ-ներ, ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումները։ Արդյունքում հստակեցվել և տարանջատվել են ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթները, ձևավորվել են մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող ազգային կենտրոններ։


Քննարկվել են նոր օրինագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելու օրենքի նախագծին, որն ընդունվելու դեպքում դատավորի ամենամյա հավելավճարի չափը կսահմանվի նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, հավելավճարի իրավունք տվող դատավորի ստաժը սահմանելով 15 տարի, կկարգավորվեն այլ իրավահարաբերություններ։ Գործադիրն առաջարկել է փոփոխություն կատարել նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքում, որպեսզի հստակեցվեն դատախազի կենսաթոշակային ապահովության իրավունքը, դատախազին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու օրենսդրական հիմքերը։
Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, այսինքն` արհեստական և կենդանիներից օրգաններ փոխպատվաստելու դրույթները։ Նկատի առնելով, որ այս հարցը վերջին շրջանում մեծ արձագանք է ստացել հասարակության մեջ, դրան անդրադարձել է նաև Հանրային խորհուրդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով տալ համապատասխան պարզաբանում։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացիական դատավարության» և ևս երկու օրենսգրքերում։ Նախաձեռնությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. հունիսի 15-ի ՍԴՌ-896 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությունից, ինչի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չունի։ Դրական եզրակացություն է ստացել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն ուղղված է առկա կրկնաբանությունները վերացնելուն և այն իրավաբանական տեխնոլոգիայի կանոններին համապատասխանեցնելուն։
Կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և հունիսի 29-ը սահմանել անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Գործադիրը առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրինագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից տոների և հիշատակի օրերի մշակվող նոր նախագծի քննարկման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ հարցեր


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2010թ. փետրվարի 9-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 2500 եվրոյին համարժեք դրամ։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը Երևանի «Ասպար Արմս» ՍՊԸ մարտական զենքի արտադրության արտոնագրի ժամկետը երկարաձգել է հինգ տարով։
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով Երևանի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում քաղաքաշինական (կառուցապատման) ծրագրի իրականացնող է ճանաչվել «Միլենիում Կոնտրաքշըն» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է ավարտին հասցնել այդ կարևոր նախագիծը։
Իր նիստում կառավարությունը փոխել է Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելով այլ նշանակության հողի կատեգորիա` մսի վերամշակման արտադրամասի կառուցման և սպասարկման համար։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել չորս անձի։ Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ