հինգշաբթի, 22 հուլիսի 2010
Վարկավորվում են տնտեսության կայունացման նոր ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բարելավվում է ապագա բժիշկների ուսուցումը
«ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի N 717-Ա որոշմամբ հաստատված ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում ներկայումս առաջացել է վարկավորման պահանջարկ և կան համապատասխան ծրագրեր։ Դրանք ֆինանսավորելու նպատակով կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից ՀՀ 2010թ. պետբյուջե է ներգրավվում ևս 5.0 մլրդ դրամ։
Գործադրի որոշմամբ Ղրղզստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով այդ երկրի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 40,000.0 հազար դրամ:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով ուժը կորցրած է ճանաչել «ՀՀ ոստիկանության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրության այն դրույթը, համաձայն որի ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտը մուտքագրվում է պետբյուջե։ Որոշմամբ ոստիկանության ակադեմիային հնարավորություն կընձեռվի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներով, կհիմնադրվի գիտխորհուրդ, կհստակեցվեն դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի և մրցույթից դուրս ընդունվողների ցանկերը և այլն։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 հասցեում գտնվող մասնաշենքից 54.1 քառ. մետր, Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից` 34.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով վճարել պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, նշված գույքը հանձնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ տնօրինությանը և անհատույց սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց։ Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման տնօրինության «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ապավեն» ՍՊԸ-ին, որը պարտավորվել է 480935 հազար դրամ վաճառքի գնի 30 տոկոսը վճարել մեկ տարվա, իսկ մնացածը` համամասնորեն երեք տարվա ընթացքում։ Կառավարությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է որոշված շուկայական արժեքով ձեռք բերել «Մանուկ պոլիկլինիկա» ՓԲԸ կողմից տեղաբաշխված բոլոր հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը, ՓԲԸ-ն և ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել, ինչի շնորհիվ համալսարանը հնարավորություն կստանա ընդլայնել իր կլինիկական հիվանդանոցային համալիրը և բարելավել ուսանողների ուսուցումն ու պրակտիկան։
Գործադիրը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել նախկինում հաստատված «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգի» կետերից մեկը, ինչի շնորհիվ պետական կառավարման այն մարմինները, որոնք ունեն բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, կմասնակցեն չափորոշիչների ընդունման գործընթացին։
Կառավարության որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։
Կառավարությունը հաստատել է
- Վայոց ձորի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը, պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը, տրանսպորտային այդ միջոցների տեսակները և մակնիշները,
- Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխման երկրորդ ծրագրով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման համար անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հաստատած մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Արարատշին» ԲԲԸ-ն,
- Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն։
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 11-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Նամակ-համաձայնագիրը կնքվել է 2001թ. հունիսի 11-ին, և ԱՄՆ կառավարությունը ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունների զարգացման նպատակով հատկացրել է շուրջ 11 մլն դոլարի աջակցություն։ Արդյունավետ համագործակցության զարգացմանն է ուղղված նաև ստորագրվելիք 11-րդ լրացումը, որով նախատեսվող աջակցության համար ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 2.875.284 ԱՄՆ դոլար։
Իր նիստում կառավարությունը ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման (01.01.2010-30.06.2010թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 84 հանձնարարականից երկուսի կատարման ժամկետը տեղափոխվել է 2010թ. երրորդ եռամսյակ, երկուսը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 80 կետից 2010թ. հուլիսի 9-ի դրությամբ կատարվել է 77-ը կամ 96,3 տոկոսը։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել սպառողական ընկերության անդամների (փայատերերի) թվի սահմանափակումը (գործող օրենքով` 30-ից ոչ պակաս), ինչը կհեշտացնի վերջիններիս ստեղծումը և կխթանի կոոպերատիվ շարժումը։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Նույն օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը նույնպես ստացել է կառավարության հավանությունը։ Դրանով մասնավորապես առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս` 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին։
Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է պետտուրք գանձելու պահանջը վերացնել ՀՀ 16 տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին ՀՀ քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաև նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար։
Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտանեկան և մի շարք այլ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է նշված օրենսդրական ակտերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային այլ օրենքների դրույթներին։ Ըստ կառավարության եզրակացության օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ որոշումներ
Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նոր Արթիկի և Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել և անցկացնել նրանց նոր ընտրություններ, ֆինանսավորել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Կառուցապատման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը Երևան քաղաքի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների տարածքներում փոփոխել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը։
Գործադիրը երեք որոշմամբ հաստատել կամ փոփոխել է Լոռու մարզի «Ղարախաչ» տարածքի, Ղուրսալիի և Շիրակամուտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար հողմաէլեկտրակայանի, ավտոտեխսպասարկման կայանների և ավտոկայանատեղիների կառուցման համար։
Նկատի առնելով ջութակահար Վահե Ստեփանի Ռոստոմյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունը, կառավարությունը որոշել է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տրվել մեկ անձի։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։