չորեքշաբթի, 23 հուլիսի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հաշմանդամ երեխաների ամառային մարզա-վերականգնողական ճամբարի, ինչպես նաև մի շարք զորամասերում միջոցառումների կազմակերպման նպատակով, գործադիրը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանը և «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպությանը հատկացրել է համապատասխանաբար 2 մլն և 1 մլն դրամ՝ ՀՀ կառավարության 2003թ. պահուստային ֆոնդի հաշվին:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նման վիճակում հայտնված երեխաներին բնակարան տրամադրելու կարգը: Սահմանվել է, որ բնակարանի հատկացումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման կարգը:
Կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 100 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Սոթք-Դրմբոն ավտոճանապարհի ընթացիկ նորոգման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ 30 մլն դրամ է հատկացրել գյուղատնտեսության նախարարությանը՝ Լոռու և Շիրակի մարզերի կարկտահարությունից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման համար և ևս 6 մլն 481 հազար 335 դրամ՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող մարդասիրական բեռներ փոխադրող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավերի աերոնավիգացիոն և այլ կարգի սպասարկումների ու մատուցված ծառայությունների արժեքի փոխհատուցման համար:
Այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել նաև «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին գումար հատկացնելու մասին», որով ՀՀ կառավարության 2003թ. մարտի 17-ի «Լիազորություն վերապահելու մասին» որոշման համապատասխան, մի շարք հանձնարարականներ են տրվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003թ. երրորդ եռամսյակի ընթացքում «Արմավիա» ՍՊԸ-ի և ՀՀ կառավարության միջև նախաստորագրված օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն, այդ ՍՊԸ-ի կողմից ՀՀ կառավարությանը 2003թ. վճարվող գումարներից «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը հատկացնել 473 մլն դրամ՝ Իրանում Յակ 40 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վնասների վճարման, ինչպես նաև նշված ընկերության ունեցած այլ պարտքերը մարելու նպատակով:
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, գործադիրը սեփականության իրավունքի անվճար գրանցման ժամկետը ավելացրել է 3 ամսով՝ վերջին ժամկետ սահմանելով 2003թ. նոյեմբերի 5-ը:
ՀՀ ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում հաստատվել է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը: Որոշման ընդունման նպատակը արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովումն է:
Կառավարությունը հաստատել է նաև ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը: Դրանով կանոնակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վարվող ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման, տեղեկատվության հավաքագրման և տրամադրման գործառույթները, ինչպես նաև դրանց հետ առնչվող պետական կառավարման լիազոր մարմինների իրավասությունները:
Գործադիրը որոշել է ընդունել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին պատկանող ջրատարներից սնվող Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի համայնքների առաջարկությունները՝ համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը նշված ՓԲԸ-ներին պայմանագրային հիմունքներով, 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնելու մասին: Որոշումն ընդունվել է հիշատակված ընկերությունների բարեփոխումների ծրագրով նախատեսված գործընթացների շրջանակներում իրականացվող գույքային հարաբերություններն առավել արդյունավետ կազմակերպելու և Կոտայքի, Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:
«Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների, ռազմավարական նշանակության օգտակար հանածոների ցանկերը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը:
«Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվել է «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով, մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» ՍՊԸ-ին: «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (70,35%) գնահատված արժեքը սահմանվել է 565 մլն 686 հազար դրամ:
Ելնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը սահմանել է «Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման» կարգը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հաստատել է նաև «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2003թ. պետական պատվերը: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ «Աճուրդի կենտրոնը» ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետպատվերի շրջանակներում կազմակերպել է 52 օբյեկտների մասնավորեցման աշխատանքներ: Երկրորդ կիսամյակում նախատեսվում է կազմակերպել ևս 58 օբյեկտների մասնավորեցումը:
Մեկ այլ որոշմամբ, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորման նպատակով, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացվել է 14 մլն 309 հազար դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» ՓԲԸ-ն վերակազմակերպել և նրանից առանձնացման միջոցով ստեղծել «Հանութագրման կենտրոն» ՓԲԸ: Նույն որոշմամբ «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» ՓԲԸ-ն և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ՝ «Հողշիննախագիծ» ՓԲԸ-ն, միաձուլման միջոցով, վերակազմակերպվել են «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկը, վերակազմավորման ձևով, վերակազմակերպվել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, գործադիրը սահմանել է դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այսօրվա նիստում կառավարությունը քննարկել է նաև ԱԺ-ի նախորդ գումարման ժամանակ առաջին կամ երկրորդ ընթերցում անցած օրենքների շուրջ մեկ տասնյակ նախագծեր ԱԺ-ում հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության վերաբերյալ հարցը: