Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հունիսի 2010

Առողջապահական ոլորտում փորձարկվելու է համավճարային նոր եղանակը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Լուծվել է միասնական տառատեսակի օգտագործման հարցը


ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը։ Համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը։ Համավճարի ներդրմամբ նաև կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը և օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում։ Վարչապետը ողջունել է նորամուծության արմատավորմանը մասնակցելու և դրա հաջողությանը նպաստելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունը։ Մնում է հուսալ, որ մեր քաղաքացիները ճիշտ կընկալեն համավճարի նոր եղանակը, որպեսզի այն սոցիալական որևէ խնդիր չհարուցի։
Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքի տիրապետման համար կառավարությունը որոշել է այդ տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու նպատակով նրանց զբաղեցրած շենքերը, շինությունները, դրանց օգտագործմանն ու սպասարկմանն անհրաժեշտ հողամասերով հանդերձ հետ վերցնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ից և նվիրաբերել ՀՀ համապատասխան համայնքներին` այնտեղ բնակվողներին սեփականության իրավունքով անհատույց օտարելու պայմանով։ Որոշման մյուս կետերով ճշտվել է մնացած շենք-շինությունների պատկանելության հարցը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է կոնցեսիոների հետ կնքված պայմանագրի պահանջներն ըստ ժամանակացույցի կատարելու անհրաժեշտության վրա։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Դրա նպատակն է պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում ապահովել միասնական` «յունիկոդ» տառատեսակի կիրառումը։ Միայն այս տառատեսակն է սերտիֆիկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին։ Վարչապետը տեղեկացրել է, որ այս հարցն արծարծել են ՏՏ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպություններ ու բավական մեծ հեղինակություն ունեցող կազմակերպություններ։ Պետական կառույցները և կառավարությունն` առաջին հերթին, պարտավոր են պահպանել սահմանված չափանիշները։
ՀՀ կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և իր նախկին որոշումներից մեկն ուժը կորցրած ճանաչելու որոշում, որով «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին, որպես գույքային ներդրում, հանձնվելու են մի շարք շենքեր և շենքերի մասեր։ Որոշմամբ կարևորվում է կրթական բարեփոխման, նախադպրոցական, դպրոցական, միջին մասնագիտական, բուհական ու վերապատրաստման եվրոպական կրթական ամբողջական համակարգի ներդրման և արդիական ինովացիոն ծրագրերի ու եվրոպական չափանիշների կիրառման անհրաժեշտությունը։ Մարզերի երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում ստանալ եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան կրթություն։
Վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, գործադիրը դրանով իսկ գումար է հատկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության վարչական շենքի հիմնանորոգման համար, պայմանով, որ ֆինանսավորումը կիրականացվի փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 7,800.0 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետարանին` Գյումրի քաղաքի N 131/086 տնակի բնակիչ Սամվել Մարտիրոսյանի 4 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Քաղաքացու ժամանակավոր կացարանը խոչընդոտում է կառուցվող «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքի բարեկարգմանը։
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 208,115.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակակազմի ավելացման հետևանքով նրանց սննդով, հանդերձանքով և հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով, հաստատել այդ գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը։
Գործադիրը սկսված աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով 90 մլն դրամով ավելացրել է ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման համար նախատեսված գումարը։


Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հասարակական կազմակերպությունների մասին» և այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Մասնավորապես, առաջարկվում է օրինագծի համապատասխան հոդվածից հանել «միություն» բառը, հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում չփոփոխել կանոնադրությունը, բարձրագույն մարմնի նիստին մասնակցող պատվիրակներ ընտրել ոչ թե երկու, այլ երեք տարին մեկ անգամ և այլն։
Գործադիրը ներկայացված տեսքով ընդունելի չի համարել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Պատմության և մշակութային հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և մի քանի այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթները: Դրանցից առաջինը, հեղինակների կարծիքով, դրական քայլ կապահովի լեզվական հարաբերությունների կարգավորման և հայոց լեզվի պաշտպանության ուղղությամբ, իսկ երկրորդը թույլ կտա խուսափել  շինաշխատանքների ժամանակ հուշարձանները վնասելու վտանգից։
Վերը նշված օրինագծերի նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Կառավարությունը հաստատել է


- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը, որով նախատեսված ծախսը ոչ միայն թույլ կտա կատարելագործել արդյունաբերական սեփականության իրավական պահպանության ազգային ընթացակարգով իրականացվող աշխատանքները, այլև բարձրացնել փորձաքննության արդյունավետությունը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։
Գործադիրը հավանություն է տվել կենսաթոշակային ապահովության ոլորտի ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված` 2010թ. միջոցառումների ծրագրին։
Լրացվել և փոփոխվել է կառավարության նախկին որոշումներից մեկը, ինչի շնորհիվ կստեղծվեն հիվանդությունների առավել արդյունավետ կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման, ինչպես նաև մասնագիտական բժշկական օգնության կազմակերպման արդիական պայմաններ։


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Փաստաթուղթը կհանդիսանա երկու երկրների օդային կանոնավոր հաղորդակցության ձևավորման և պատշաճ կարգավորման իրավական հիմք։
Գործադիրը հաստատել է Արմավիրի մարզի Մուսալեռի, Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել այլ կատեգորիաներ` առաջին դեպքում առևտրի և սննդի սպասարկման օբյեկտների կառուցման, երկրորդ դեպքում` հանգստի գոտու ստեղծման համար։
Կառավարությունն իր նիստում մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ անձի։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
Կառավարությունն իր որոշումներով երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» և «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ներին, «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն», «Հրազդանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ