Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մարտի 2010

Ոռոգման սեզոնը կանցկացվի կազմակերպված

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ նա կառավարության անդամներին հիշեցրել է, որ օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ դժգոհություն է հայտնել առ այն, որ «Պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ԿԲ փոխնախագահն Ազգային ժողովի դահլիճում չի եղել, և բացատրություն է պահանջել դրա համար։ Լսելով ԿԲ նախագահի պարզաբանումը, վարչապետը համապատասխան ծառայություններին հանձնարարել է այսուհետ բացառել նման դեպքերը։


Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ


Իր նիստում գործադիրը որոշել է ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների 2010թ. առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 583700,0 հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ընթացիկ տարվա ոռոգման սեզոնը կազմակերպված անցկացնելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու վրա։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009թ. ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը։
Գործադիրը հաստատել է որդեգրման կարգը, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը, նոր ենթակետով լրացրել այս խնդրին վերաբերող իր նախկին որոշումը, ուժը կորցրած ճանաչել ևս չորս որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային Հայաստանի միանալու իրողությամբ և որդեգրմանն առնչվող որոշակի հարաբերություններ այդ փաստաթղթին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել «Սփյուռք» տարեգիրք» պարբերականի հրատարակման և «Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքում և առաքում համայնքներ» ծրագրերին։ Ակնկալվում է, որ դրանցից առաջինը կնպաստի Հայրենիք - Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի հայ համայնքների ակտիվացմանը, իսկ երկրորդով նախատեսվում է ապահովել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին ուսումնական գրականության հավաքում և առաքում Սփյուռքի հայկական համայնքներ, հայկական այլ կառույցներ։
Իր նիստում կառավարությունը որոշում է ընդունել «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010թ. նախատեսված հատկացումների բաշխման մասին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին օտար լեզուներով գրականության հրատարակմանը նախապատվություն տալու` ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջիկայում համալիր միջոցառումների ծրագիր է հաստատվելու ցեղասպանության 100-ամյակի առթիվ, և արծարծված հարցը կլուծվի այդ ծրագրի շրջանակում։
Գործադիրը հաստատել է փոխադրվող պոտենցիալ վտանգավոր նյութերի ցանկը, որն անհրաժեշտ է ՀՀ տարածքում առկա քիմիապես վտանգավոր օբյեկտների կողմից ուժեղ ներգործող թունավոր նյութերի ներմուծման և արտահանման անվտանգության ապահովման համար։
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավագ շին» ՍՊԸ-ին, պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմագործառնական բնակելի շենքի 1796,9 քմ բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ տարածքը վաճառել ՀՀ-ին` ի դեմս ՀՀ ոստիկանության։ Դրանով իսկ հնարավոր կլինի առանց բյուջետային միջոցներ ծախսելու կազմակերպությանը հատկացնել բարեկարգված տարածք, որը հագեցած կլինի դրա գործունեությանն անհրաժեշտ ժամանակակից գույքով։
Կառավարությունը վիճակահանությունների արդյունքում չշահած` ՀԴՄ կտրոնների խմբաքանակների համար 2009թ. վճարված բոնուսների և պարգևավճարների գումարների գծով բանկերի նկատմամբ առաջացած պարտքը մարելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացրել է 270,020.5 հազար դրամ։
Գործադիրն իր որոշմամբ կարգավորել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման բարձր լարման կայանի կառուցման հարցը, մեկ այլ որոշմամբ հաստատել ՀՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը, հաստատել դրանց բաշխումը։ Կառավարությունը որոշել է լրացումներ կատարել իր նախկին որոշումներից մեկում։ Դրա համաձայն` ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ժամանակ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի ՀՀ վարչապետի և Հ/Կ մեկական ներկայացուցիչ` բացառությամբ ուսումնական հաստատությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթների։
Իր որոշումներով կառավարությունը լուծել է Երևանի Վ. Սարգսյան N 3 հասցեում գտնվող տարածքի համալիր կառուցապատման հարցը, ինչպես նաև Ա. Սարգսյան N 8 չորրորդ աստիճանի վնասվածության շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը հանձնել Երևան քաղաքին` այն համայնքի միջոցների հաշվին վերակառուցելու և ամրացնելու համար։
ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և այն վերակազմակերպել որպես նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս։ Դրա նպատակն է բարձրացնել քրեակատարողական ծառայության արդյունավետությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսական ծախսը և կոռուպցիոն ռիսկը։
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հնարավոր է դարձել խլությամբ տառապող անձանց տրամադրել վարորդական իրավունքի վկայական, իրավունք, որից օգտվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետություններում խլությամբ տառապող անձինք։


Օրենսդրական հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և ՀՀ ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է անվճար տրամադրվող բժշկական ծառայությունների հարցը կարգավորել օրենքներով` սահմանելով անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը։ Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջակվում է լրացում և փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, սակայն արտահայտել է նաև որոշ նկատառումներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծը։ Գործադիրը պատրաստակամություն է հայտնել օրինագծի լրամշակման նպատակով համագործակցել դրա հեղինակների հետ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից փոխառությունների և վարկերի ստացման գործընթացի կազմակերպման և այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարության եզրակացության համաձայն առաջարկվող դրույթների մի մասը հակասում է ՀՀ սահմանադրության պահանջներին, մյուս մասն էլ կարգավորված է իրավական այլ ակտերով, ուստի կառավարությունը դեմ է փաթեթի ընդունմանը։ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նաև Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գույքահարկի արտոնություն սահմանել ստեղծագործական արվեստանոցների համար։ Գործադիրը դեմ է արտահայտվել նաև Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հիմնավորել իր դիրքորոշումը։
Վերը նշված կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Միջազգային համագործակցություն
 

ՀՀ կառավարությունը որոշել է Ճապոնիայի կառավարության «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակում ձևավորված գործընկերային հիմնադրամում միջոցների գոյացման և ծախսման վիճակը անկախ աուդիտի միջոցով գնահատելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 500.0 հազար դրամ։ Ճապոնական կողմի պահանջով անցկացվող աուդիտի արդյունքով կգնահատվեն հիմնադրամի միջոցների օգտագործման համար բացված հաշիվների հաշվեկշիռը և ծրագրերի ֆինանսավորման նպատակահարմարությունը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցելու համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Ըստ փաստաթղթի մասնավորապես կխրախուսվի նոր էլեկտրակայանների կառուցումը և որոշ էլեկտրական սարքավորումների արտադրության գործարանների կառուցումը։


Այլ որոշումներ
 

Գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմանում գտնվող իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3.2152 հեկտար հողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` ճոպանուղու և օժանդակ շինությունների կառուցման համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այս որոշումը` հիշեցնելով, որ զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունեցող կենտրոնը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա հոկտեմբերին։
ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատել ՀՀ տարածքում (մաքսատնից մինչև պահեստ) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ձևաթուղթը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձանց կողմից ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ԿԱ ոստիկանություն ներկայացվող հաշվետվության ձևը։ Որոշմամբ կանոնակարգվում է այս կարևորագույն ոլորտը, ինչը բխում է նաև բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին։
Կառավարությունը մինչև 2014թ. ապրիլի 4-ը երկարաձգել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը։
ՀՀ կառավարության հաջորդ` արտագնա նիստը տեղի է ունենալու Արարատի մարզում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ