Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 փետրվարի 2010

Բարձրացվում է կառավարման համակարգի արդյունավետությունը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարևորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում.
«Մենք ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ ներկայացված է նաև դրա մեխանիզմը։ Մենք այսօր բավականին ծավալուն, միգուցե դեռևս չերևացող, աշխատատար գործ ենք իրականացնում` նկարագրում ենք բոլոր նախարարությունների բիզնես գործառույթները, դրանցից ելնելով նկարագրվում են բոլոր վարչությունների, բաժինների և աշխատատեղերի հստակ ֆունկցիաները։ Բացի այդ, հստակեցնում ենք նախարարությունների, գործակալությունների և տեսչությունների գործառույթները։ Հասկանալի է, որ այս բարեփոխումների ընթացքում էականորեն բարձրանում է աշխատակազմի ղեկավարի դերակատարությունը, և օրենսդիրը պաշտպանում է քաղաքացիական ծառայողին և առավել ևս` աշխատակազմի ղեկավարին։ Մենք պետք է շատ խստապահանջ լինենք աշխատակազմի ղեկավարների նկատմամբ, որովհետև նրանք են նախարարությունների արդյունավետ աշխատանքի, բոլոր գործառույթների իրականացման, նշված ժամկետում հանձնարարականների կատարման, փաստաթղթերի պատշաճ նախապատրաստման, բոլոր վարչությունների գործունեությունը համակարգելու հիմնական պատասխանատուները։ Այդ խստապահանջությունը դրսևորվելու է նրանով, որ մենք այլևս չենք հանդուրժելու աշխատակազմի այնպիսի ղեկավարների, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս։ Ցավով պետք է նշենք, որ այդպիսի դեպք արդեն արձանագրել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Աշխատակազմի ղեկավարը ստացել է նկատողություն աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար, որից հետո նախարարի միջնորդությամբ նա ստացել է վարչապետի խիստ նկատողությունը։ Սակայն աշխատանքը չի շտկվել, և այսօր մենք ստիպված ենք անդրադառնալ այդ հարցին և օրենսդրության պահանջներին համապատասխան սկսել ծառայողական քննություն` դիմելով քաղծառայության խորհրդին, որպեսզի սկսվի համապատասխան վարույթ և աշխատակազմի ղեկավարին կարողանանք ազատել աշխատանքից։ Այս խստապահանջ մոտեցումը այսուհետև լինելու է բոլոր աշխատակազմի ղեկավարների նկատմամբ։ Հակառակ դեպքում մենք մեր 2010թ. ծրագրերը չենք կարողանալու ամբողջ ծավալով իրականացնել։
Երկրորդ հարցը, որին ես ուզում եմ անդրադառնալ, երեկ հնչեց նաև Ազգային Ժողովում և վերաբերում է տոնավաճառների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթներին։ Ես ուզում եմ, որ ամեն բան հստակ լինի մեզ և մեր քաղաքացիների համար։ Մեր ռազմավարությունը շատ պարզ է։ Մենք մտադիր ենք կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, որտեղ գտնվում է ստվերային տնտեսությունը սպասարկող հիմնական խոչընդոտներից մեկը և որը մեզ թույլ չի տալիս մեր երկրում կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը։ Երկրի առևտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, և սա անհանդուրժելի է։ Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը։ Մենք պետք է հետևողական լինենք այս հարցում։ Բայց այստեղ կա մի առանձնահատկություն` մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա։ Եվ դա հստակ դիրքորոշում էր։ Բոլոր ծախսերը պետք է հոգային տոնավաճառի ղեկավարները, ստեղծեին աշխատանքային պայմաններ անհատ ձեռներեցների, փոքր և միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի նրանք կարողանային նորմալ աշխատել։ Տոնավաճառի ղեկավարները պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին, և այդ տեղեկությունը հասանելի լիներ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի այն չանհանգստացներ օրինական դաշտում աշխատող անհատ ձեռներեցին` տվյալների բազայում տեսնելով նրա վճարած ծավալները, անհանգստացներ միայն տոնավաճառի այն մասնակցին, որը ցույց է տալիս ակնհայտորեն փոքր ծավալի գործառույթներ։ Այս առումով մենք առաջին հերթին խստապահանջ ենք լինելու տոնավաճառի կազմակերպիչների նկատմամբ։ «Վաղարշ և որդիներ» տոնավաճառի պատմությունը ցույց է տալիս, որ փորձ է արվում ֆինանսական բեռը նորից դնել փոքր և միջին բիզնեսի վրա, և տոնավաճառի կազմակերպիչների կողմից բազմաթիվ վճարներ են սահմանվում ծառայության դիմաց և դրանք գանձվում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է, և ինչն էլ, ըստ էության, ընկած է տոնավաճառում աշխատողների բողոքի և դժգոհության հիմքում։ Մարդիկ պատրաստ են վճարել այնքան հարկ, որքան որ իրենք վճարում էին։ Բայց եթե տոնավաճառի կազմակերպիչները նրանցից լրացուցիչ գումար են գանձում, բնականաբար, դա ազդում է նրանց ֆինանսական գործունեության արդյունքների վրա։ Եվ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որպեսզի նրանք առաջին հերթին հսկողության տակ պահեն տոնավաճառների կազմակերպիչների գործառույթները և նրանց ստանձնած պարտավորությունները և առաջին հերթին խստապահանջ լինենք նրանց նկատմամբ։ Այս պարագայում, կարծում եմ, կստեղծենք բարենպաստ պայմաններ, որպեսզի տոնավաճառում աշխատող մեր քաղաքացիները, անհատ ձեռներեցները դժգոհություն չունենան մեզանից։ Սա էր մեր քաղաքականության իմաստը և բովանդակությունը, և մենք հետևողական ենք լինելու այս խնդրում»։


Մաքսային և հարկային արտոնություններ


ՀՀ կառավարությունը թույլատրել է մինչև 2013թ. նոյեմբերի 28-ը երկարաձգել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքի մոնիտորինգ իրականացնելու համար ԱՄՆ ազգային օդագնացության և տիեզերքի վարչության և ՍՊԱԾ միջև կնքված պայմանագրերի համաձայն ստացվող սարքերի և սարքավորումների ներմուծման և մաքսային ձևակերպման հետ կապված խնդիրներով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչև 2010թ. օգոստոսի 11-ը երկարաձգել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմը։ Ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին և որակով չի զիջում արտասահմանյան ընկերությունների արտադրանքին։ Կառավարության մյուս որոշմամբ հարկային և մաքսային արտոնություններ են սահմանվել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակում «Անվճար» նշմամբ ներմուծվող 3.5 տոննա մալուխի նկատմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և ՀՀ ԿԱ ՊԵԿ սպասարկման հինգ կենտրոնների, ինչպես նաև ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման, հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանման ժամկետները անցյալ տարվանից տեղափոխել ընթացիկ տարի։


Հաստատվել է ծրագիրը, ճշգրտվել մինչդատական վարույթը


Կառավարությունն իր նիստում հաստատել է Շիրակի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Գործադիր իշխանության հանրապետական մարմինները, Շիրակի մարզպետը հանձնարարություն են ստացել, հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, ծրագրում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին, որը հիմնված է աշխարհի զարգացած և զարգացող երկրների լավագույն փորձի վերլուծության և համադրման վրա։ Հետագա երեք տարվա ընթացքում կնախագծվի, կմշակվի և կտեղադրվի ազգային լայնաշերտ ցանցը, կավելացվեն միջազգային կապուղիների քանակն ու թողունակությունը, ինչն ամբողջ երկրում կապահովի քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական աշխատողների կապը։ Դրա շնորհիվ էլեկտրոնային կառավարման և այլ առևտրային մեծաթիվ առցանց ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի քաղաքացիներին։
Ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85.1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ և հիմնավորել իր որոշումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացում է ստացել, որ ներդրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բացվելու է 100-150 աշխատատեղ, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում։
ՀՀ կառավարությունը որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները երկու տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 60000.0 հազար դրամ։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 275.760.000 դրամի չափով 2010թ. ծրագիրը, այդ թվում` 270.480.000 դրամը համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչի վճարման, իսկ 5.280.000 դրամը` համակարգի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքների համար։
Ի կատարումն ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի որոշման և ՀՀ նախագահի հանձնարարականի կառավարությունը «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող շենք-շինություններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացրել է «Հայատոմ» ԳՀԻ» ՓԲԸ-ին։
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման և ներկայացման կարգերը։ Այդ ձևերը վերաբերում են ՀՀ տարբեր գերատեսչական ենթակայությամբ գործող հետաքննության ու նախաքննության մարմիններին և նպատակ ունեն ապահովելու հաշվետվությունների միասնականությունը, հստակեցնելու ներկայացման կարգն ու ժամկետները։


Հոգևոր ներուժ և մշակույթ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին։ Դրա մշակումը բխում է Հայաստանի հասարակության քաղաքացիական, հայրենասիրական գիտակցության բարձրացման, հոգևոր ներուժի խթանման անհրաժեշտությունից և ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսևորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաև պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ։
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
«21-րդի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» Հ/Կ-ին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանն հատկացրել է 40000.0 հազար դրամ։ Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ` Պլասիդո Դոմինգոն (տենոր), Պինկաս Ցուկերմանը (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը և այլ կոլեկտիվներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ և բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունը ունկնդրի բարձրակարգ և որակյալ դասական երաժշտություն։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների սահմանումը վերապահվել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, ուստի գործադիրը ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած համապատասխան որոշումը։

 

 


Օրենսդրական փոփոխություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Նախագծով սահմանվել են այն ծառայություններն ու գործողությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում կամ մատուցում է որպես պետական մարմին, փոփոխվել են գործունեության որոշ տեսակների լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, վերացվել գործող օրենսդրության մեջ եղած հակասությունները։
Կառավարությունը ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Միջազգային համագործակցություն


Իր նիստում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության կառավարությունների միջև Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի (ՄՀՆԾ) վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների ԱԳՆ կողմից` աջակցելու համար զարգացող երկրների նորարարական բիզնես նախագծերին։ Հայաստանի համար հաստատվող նախագծերի իրական թիվը կախված կլինի ստացված առաջարկություններից, որոնք կդասակարգվեն և կմրցեն այլ երկրների ծրագրերի հետ։
ՀՀ կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Քոնսուլեքտրա/ՄՎՎ դեքոն» համատեղ ձեռնարկությունը` 845040,0 եվրո գումարով։
Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված «Այրում, Նոյեմբերյան քաղաքների և Դեղձավան, Հաղթանակ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները 420217719,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» ՍՊԸ - «Արտեզիա» ՍՊԸ կոնսորցիումը։
Կառավարությունը որոշել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը (լաբորատորիաներ և կաբինետներ) և տարածքը ՊՈԱԿ-ի հետ համատեղ անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական հաստատությունների Երևանի մասնաճյուղերին։ Ագրարային կրթության և գիտության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող վերոհիշյալ բուհերի մասնաճյուղերի կազմակերպումը ագրարային համալսարանի բազայի վրա թույլ կտա որոշակի չափով բավարարել Հայաստանի ռուսախոս բնակչության` ագրարային կրթություն ստանալու պահանջը, բարելավել մասնագետների ուսուցումը, լաբորատորիաները հագեցնել նորագույն տեխնիկայով և այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես դրական է գնահատել արդեն իսկ ընթացիկ տարվանից գործարկվող այս նախագիծը, որի շնորհիվ երկրի ագրարային հատվածը ժամանակի ընթացքում կստանա որակյալ մասնագետներ։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշել է 2010թ. փետրվարի 14-ին կայացած Արարատի մարզի Ջրահովիտի, Լոռու մարզի Դեբեդի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010թ. փետրվարի 21-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ջիլի, Կալավանի, Ազատի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ ԿԸՀ-ին հատկացնել 5.552.600 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 465.415 դրամ։
Գործադիրը հաստատել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 3 հեկտար փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքի օգտագործման` քարի արդյունահանման համար։
Կառավարությունը իր որոշումներով փոփոխություն է կատարել Կոտայքի մարզի Զովունիի, Սյունիքի մարզի Լեհվազի, Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` համապատասխանաբար կաթի վերամշակման արտադրամասի կառուցման, փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա է տվել Աբովյան քաղաքի «Ֆարմնորք» ՍՊԸ-ին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ