Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 փետրվարի 2010

«21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են». Տիգրան Սարգսյան

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված համաժողովին։ Թեման հայ-թուրքական հարաբերություններն էին և միջսահմանային ռեգիոնալիզմը։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատը (AmCham) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV)։
Համաժողովը բացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Նա մասնավորապես նշել է. «ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեծ ջատագով է, և մենք լիահույս ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»։ Դեսպանի խոսքով, սահմանի բացման հետևանքների վերաբերյալ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ թեև դա կարող է բերել որոշակի կարճաժամկետ դժվարությունների, սակայն խոշոր հաշվով բաց սահմանները դրականորեն կազդեն երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա։ Դեսպանը նշել է նաև, որ սահմանի բացումը կնպաստի Հայաստանի բարօրությանը։ «Ոչ մի երկիր չպետք է կախված լինի միայն մեկ միջացքից։ Սահմանի բացումով կվերանա մեկուսացումը, տնտեսական ու տրանսպորտային ծախսերը կնվազեն, կաճի մրցակցությունը, հայաստանյան ապրանքների որակը կբարձրանա, և Հայաստանի առջև կբացի 70 միլիոնանոց շուկա։ Սահմանի բացումը կարևոր է նաև Հայաստանի` Եվրամիությունն ինտեգրման տեսանկյունից»։
Այուհետև ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Բոլորին ողջունում եմ կառավարության անունից և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս հետաքրքիր թեմայով զրույցը ծավալելու հնարավորության համար։ Տիկին դեսպանի ելույթն ստիպեց ինձ վերանայել իմ այսօրվա ելույթը, որովհետև ստիպված էի լինելու կրկնել այն թեզերը, որ առաջ քաշեց նա։ Դրա համար կփորձեմ չկրկնվել և հրավիրել ձեր ուշադրությունը որոշ թեզերի վրա, որոնք կարևորվում են քաղաքական իշխանության կողմից։ Եվ առավել ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հանրապետության նախագահի լոնդոնյան այցի ժամանակ հնչեցրած կարևորագույն քաղաքական թեզերի վրա, որոնք ևս մեկ անգամ ամրագրում են Հայաստանի իշխանությունների կամքը` առաջ գնալ հայ-թուրքական հարաբերություններում և կարգավորել այդ հարաբերությունները։ Հանրապետության նախագահի ելույթը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սա խորը գիտակցված մոտեցում է, և որ Հայաստանի իշխանությունները` ի դեմս ՀՀ նախագահի, դրսևորում են քաղաքական կամք` հաղթահարելու այն կարծրատիպերը, որոնք ձևավորվել են Հայաստանի և Թուրքիայի միջև և բացել նոր հարաբերություններ մեր երկու երկրների միջև։ Այդ հարաբերություններն իմ կարծիքով ճիշտ կլինի դիտարկել երեք հարթությունների մեջ։ Առաջին հարթությունն այն է, թե ինչ անելիքներ ունեն իշխանությունները, որն է նրանց պատասխանատվության մասը, երկրորդը` ինչպես են ընկալում մեր հասարակությունները ստեղծված իրավիճակը, ինչպես են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան և երրորդը միջազգային հարթությունն է, թե ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, և տարածաշրջանում ինչպիսի միջավայր և մթնոլորտ կձևավորվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից ելնելով։ Եվ այսպես` առաջին հարթությունը. քաղաքական իշխանությունների պատասխանատվության խնդիրը։ Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել չափազանց կարևոր մի ուղերձի վրա, որն արել է մեր նախագահը` մեկնելով Լոնդոն և անցնելով Թուրքիայի օդային տարածքով։ Մեջբերում եմ հատված նախագահի ուղերձից` ուղղված Թուրքիայի նախագահին. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի։ Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղ շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնական հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»։ Կարծում եմ, որ այս ուղերձը ևս մեկ անգամ հաստատում է հանրապետության նախագահի վճռականությունը այս հարցի շուրջ և նաև շատ ուրախ եմ, որ այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը պաշտպանում է ե՛ւ Միացյալ Նահանգների վարչակազմը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոմիությունը։ Բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղությամբ։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սա խորը գիտակցված քայլ է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ սրանով, հանրապետության նախագահը բացեց նոր էջ հայ-թուրքական հարաբերություններում և այսուհետ մենք գործ ունենք նոր իրողության հետ։ Դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե` ոչ, մենք բոլորս ստիպված ենք այլևս հաշվի նստել այս իրողության հետ, որ բացվել է նոր էջ քաղաքական բարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու համար և հանրապետության նախագահի ուղերձը, կարծում եմ, բոլոր կասկածներն ի դերև է հանում այն առումով, որ սա որևիցե դիվանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է` հաստատել հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ։
Քաղաքական հատվածի երկրորդ կարևոր թեզը, որ հնչեցրեց հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հաստատում է մեր դիրքորոշումը` այն է, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրների հետ հարաբերություններով և որ դրանք պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը տվեց իր դրական եզրակացությունն առ այն, որ ստորագրված արձանագրությունները չեն հակասում մեր Սահմանադրությանը։ Հանրապետության նախագահն արեց կարևոր մի քաղաքական հայտարարություն, որ ստորագրված արձանագրություններն իր կողմից ուղարկվում են Ազգային Ժողով` դրանով իսկ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ մենք պատրաստ ենք այդ արձանագրությունների վավերացմանը։ Ավելին, հանրապետության նախագահը հավաստիացրեց, որ մենք վստահ ենք` եթե Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացվեն, որևիցե ռիսկայնություն և խոչընդոտ չի լինի Հայաստանում, ունենալով Ազգային Ժողովում մեծամասնություն` վավերացնել այս արձանագրությունները։ Կա երրորդ կարևորագույն թեզը հանրապետության նախագահի ելույթում, այն է` արձանագրությունների վավերացումը, սահմանի բացումը Թուրքիայի հետ կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հարգելի գործընկերներ, քաղաքական հարթության մեջ կարծես թե բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի կողմից իրականացվել են, և կարծում եմ, կհամաձայնեք, որ պահն է, որպեսզի մեր երկրների նախագահները քաղաքական կամք դրսևորեն և առաջ գնան ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ Միևնույն ժամանակ պետք է համաձայնենք այն թեզի հետ, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետև դա ազդակ է հանրությանը` մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաև միջազգային հանրությանը, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան։
Այժմ անդրադառնանք երկրորդ հարթությանը, այն է` ինչպես է մեր հասարակությունն ընկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարությունը։ Գաղտնիք չէ, որ մենք հանդիպեցինք նաև հակադրության, այդ թվում նաև սփյուռքահայության շրջանում տեսանք, որ կան ուժեր, որոնց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին ընկալումները համահունչ չեն մեր ընկալումների հետ։ Մենք դա շատ բնական ենք համարում, որովհետև պատմությունից ստացել ենք այնպիսի ժառանգություն, այնպիսի վերքեր, այնպիսի ցավ, որը մեկ ակնթարթում հաղթահարել հնարավոր չէ։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ այդ տեսակետն արհեստական չէ, այլ օբյեկտիվ է։ Մեծ մտավախություն, վախ կա, որ իրականում սա ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարություն է, այլ խաբկանք, վտանգավոր խաբկանք, որը ևս մեկ անգամ հիասթափություն է բերելու մեր ժողովուրդներին և որը ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հեռու է իրականությունից, որը հեռու է մեր պատկերացումներից։ Հիմնական թեզն այն է, որ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որպեսզի մենք կորցնենք մեր զգոնությունը: Դրա վտանգն այն է, որ մենք պատրաստ չենք լինի նոր մարտահրավերների, նամանավանդ, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և այն մթնոլորտը, որ ձևավորվում է հարևան Ադրբեջանում, այն ատելությունը, որ քարոզվում է Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ, և այն մեծածավալ ֆինանսական ծախսերը, որ այսօր կատարում է Ադրբեջանը այդ ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ։ Բնականաբար, այս հասարակական մտահոգությունն անհիմն չէ։ Սա նշանակում է, որ մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը։ Մեզ համար չափազանց կարևոր է, թե Թուրքիայի քաղաքական իշխանություններն ինչ ռազմավարություն են ընտրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, որովհետև սա հանրությանը լուրջ ազդակ է տալիս։ Նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք չենք կարող շատ երկար սպասել։ Պետք է լինի խելամիտ ժամանակահատված` ստանալու մեր քաղաքական գործընկերներից պատասխանն առ այն, թե ինչպես են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, և արդյոք նրանք դրսևորելու են քաղաքական կամք` վավերացնելու այս արձանագրությունները նաև Թուրքիայի պառլամենտում։ Այսինքն` հանրապետության նախագահի այն թեզը, որ իշխանություններից այսօր շատ բան է կախված, տեղին է, որովհետև իշխանությունների պահվածքը ձևավորելու է հասարակական կարծիք։ Մենք պատմական հնարավորություն ունենք` առաջնորդելու մեր հասարակությունները, քանի որ մենք վստահ ենք, որ դա միակ ճիշտ ուղին է։ Հասարակական տրամադրությունների ներքո, բնականաբար, ձևավորվում են նաև բիզնես էլիտայի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ։ Չափազանց կարևոր է, թե տնտեսվարող սուբյեկտները ինչ սպասումներ ունեն և այդ սպասումներից ելնելով էլ նրանք պատրաստ կլինեն ներդրումներ իրականացնել։ Գաղտնիք չէ, որ մեծածավալ ներդրումներ իրականացվում են միշտ հաշվի առնելով առկա ռիսկերը։ Դրանք ոչ միայն տնտեսական են, այլև քաղաքական։ Պատահական չէ, որ բոլոր միջազգային կազմակերպությունների համար մեր երկրի վարկանիշը, վարկունակությունն ունի տնտեսական բովանդակություն, որի շնորհիվ մենք հայտնվում ենք աշխարհի ֆինանսական քարտեզի վրա։ Այդ վարկանիշներն իրենց մեջ պարունակում են քաղաքական ռիսկի էլեմենտ, և այն մեծ տեսակարար կշիռ ունի տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների համար։ Ինչո՞ւ եմ այս թեզն առաջ քաշում, որովհետև կողմնակից եմ, որ անկախ նրանից, թե քաղաքական հարթությունում ինչպիսի միջավայր է ձևավորվում, անհրաժեշտ է, որ լինի նաև հասարակական ընկալում, հասարակական առաջընթաց. մեր երկու երկրների ժողովուրդների առողջ տարրերը պետք է առաջնորդեն հասարակություններին և իրենց տեսակետները տարածեն։ Հասկանալի է, որ այդ ուժերին աջակցելու համար մենք մեծ անելիք ունենք։ Հակառակ դեպքում այդ ուժերը կարող են հայտնվել փոքրամասնության մեջ, և մեր տնտեսական, ինչպես նաև հասարակական, մշակութային հարաբերությունները չեն կարող ունենալ լուրջ առաջընթաց։ Կա երկրորդ տեսակետը հասարակական հարթության մեջ։ Այն է, որ հասարակություններն իրենք պետք է ազդեն քաղաքական իշխանությունների վրա, որ հասարակությունները պետք է ձևավորեն այնպիսի մթնոլորտ, որ քաղաքական իշխանությունները հասկանան, որ նրանք այլընտրանք չունեն և պետք է գնան արձանագրությունների վավերացմանը։ Կարծում եմ, սա, իհարկե, ճիշտ ուղղություն է, բայց ժամանակատար։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվելու են, որովհետև 21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են, և քաղաքական իշխանությունները կարող են հայտնվել աննախանձելի վիճակում, եթե նրանք համաշխարհային գործընթացներից հետ մնան։ Քաղաքական իշխանությունները պետք է առաջնորդեն մեզ և ոչ թե գնան իրադարձությունների ետևից։ Դրա համար, կարծում եմ, որ մենք, գիտակցելով այս ամենը, աշխատանքները պետք է զուգահեռաբար տանենք ե’ւ քաղաքական դաշտում, ե’ւ հասարակական միջավայր ձևավորելու գործում, որպեսզի նաև մեր քաղաքական գործիչներին օժանդակենք դրական լուծումների առումով։ Երրորդ հարթությունը, տարածաշրջանային և միջազգային հարթությունն է. ինչպես է աշխարհն ընկալում իրավիճակը։ Այդ տեսակետից էլ պետք է արձանագրենք, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություն, որովհետև հազվադեպ է լինում, երբ գլոբալ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ունեն միատեսակ մոտեցում։ Այս բացառիկ հնարավորությունից մենք պարտավոր ենք օգտվել, որպեսզի ապագայում պատմությունից նորից դասեր չքաղենք` կարդալով դասագրքեր և հայտնվելով կոտրած տաշտակի առաջ։ Բացառիկ հնարավորություն է մեզ տրված, և կարծում եմ, ճիշտ կլինի, որ այդ հնարավորությունից օգտվենք։
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ողջունել մեր հյուրին։ Պատրաստվելով այս հանդիպմանը` փորձեցի ծանոթանալ TEPAV-ի կատարած աշխատանքներին, այն հետազոտական նյութերին, որոնք տպագրվում են նրանց կողմից և ցանկանում եմ պրոֆեսոր Գյուվեն Սաքին ողջունել Հայաստանում։ Համոզված եմ, որ նրա ելույթը, այն քննարկումները, որոնք այսօր կծավալվեն այս սրահում, լինելու են խիստ օգտակար։ Մենք կարոտ ենք այսպիսի քննարկումների և շահագրգռված ենք, որ տնտեսական հարաբերություններով զբաղվողների միջև լինեն նմանատիպ անմիջական երկկողմ հարաբերություններ։ Համոզված եմ, որ այս հանդիպումը կխթանի նաև տնտեսական մտքի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ կան բավականին հետաքրքիր վերլուծական նյութեր, որոնք հրապարակվել են, կա հետաքրքիր բանավեճ, առ այն, թե ինչ կտա սահմանի բացումը մեր երկու տնտեսական համակարգերին։ Իմ ելույթի սկզբում արդեն ասացի, որ համաձայն եմ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի թեզերին։ Տնտեսական մասով նույնպես այդ թեզերին ամբողջությամբ համաձայն եմ։ Եթե մեր հանրությունում կան կասկածներ, թե դա կարող է լինել կործանարար մեր հանրության համար, կարծում եմ, որ այս քննարկումները շատ օգտակար նյութեր և թեզեր կտան կասկածները փարատելու համար, որովհետև ես համոզված եմ, որ սահմանի բացումից և տնտեսական ինտեգրացիայից շահելու է մեր տնտեսությունը, շահելու է Թուրքիայի տնտեսությունը, շահելու են մեր երկու ժողովուրդները։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել մեր թուրք գործընկերներին Հայաստանի Հանրապետությունում` բարի գալուստ»։

Համաժողովի հիմնական զեկույցը ներկայացրել է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Գյուվեն Սաքը` «Թուրքիայի փորձը տնտեսական ազատականացման մեջ և միջսահմանային ռեգիոնալիզմի ոլորտներում. մասնավոր հատվածի դերը հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում և մասնավոր հատվածի դերը իր հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում» թեմայով։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ