Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 փետրվարի 2010

«Արարատ» մրցանակ` հայ մշակույթի և գիտության զարգացմանը մեծ ուշադրություն տրամադրելու համար


Այսօր Թեքեյան մշակութային միության դահլիճում տեղի է ունեցել «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Վահան Թեքեյան» միության որոշմամբ վարչապետին շնորհվել է ադամանդակուռ «Արարատ» մրցանակ` հայ մշակույթի և գիտության զարգացմանը մեծ ուշադրություն և օժանդակություն տրամադրելու համար։ Իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Տիգրան Սարգսյանին է շնորհել «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շնորհակալական խոսքում ամփոփել է նշանակալի օրը` ի մի բերելով նաև Վահան Տերյանի 125-ամյակը, որ լրանում է այսօր, ինչպես նաև խոսել է պետական գործչի ցանկալի կերպարի մասին։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է.
«Սրբազան հայր, հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ,
Ես շատ զգացված եմ և ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել Թեքեյան մշակութային կենտրոնի բարձրագույն պարգևը ինձ շնորհելու համար։ Հավաստիացնում եմ, որ դա շատ պարտավորեցնող է ինձ համար։ Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, ցանկանում եմ այսօրվա բոլոր դափնեկիրներին շնորհավորել նրանց ստացած բարձր պարգևների համար։ Համոզված եմ, որ այս պարգևն իրենց կյանքում բացելու է մի նոր պատուհան, մի նոր հնարավորություն` ծառայելու սեփական ժողովրդին, ազգին, մշակույթին։ Միևնույն ժամանակ այնպես է ստացվել, որ այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է և նշում ենք նրա 125-ամյակը։ Այս հանգամանքի մեջ էլ ինչ-որ մի խորհրդավոր բան եմ տեսնում։ Կարծես թե հոգևորը, ազգայինը և մշակութայինը միաձուլվել են այսօր այս սրահում։ Այդ տեսակետից ցանկացած մարդու մտորումներն առնչվում են հոգևորի, ազգայինի, մշակութայինի հետ։
Վահան Տերյանն ապրել է շատ կարճ կյանք, բայց թողել է մի այնպիսի ժառանգություն, որ 125 տարի անց մենք հպարտանում ենք, որ նա մեր հայրենակիցն էր։ Ամենամեծ հիշատակը Վահան Տերյանի համար այն է, որ մենք այսօր վայելենք նրա ստեղծագործությունները, որ մեր զավակները կարդան դրանք։
Ընդհանրապես պոեզիան մնացած բոլոր արվեստների համեմատությամբ ունի բացառիկ մի առանձնահատկություն։ Պոետը միշտ կենդանի է այնքան ժամանակ, որքան ժամանակ նա իր ընթերցողն ունի։ Նա կենդանի է, որովհետև դա արվեստի միակ ձևն է, որը ենթադրում է ընթերցողի և պոետի առանց միջնորդի շփումը։ Դուք հնարավորություն եք ունենում ներթափանցել այդ մարդու կյանքի մեջ, հասկանալ, թե ինչպես էր նա ընկալում աշխարհը։
Երբ այսօր առավոտյան բացեցի Տերյանի ստեղծագործությունները, ինձ ապշեցրեց մի բան, որ 20-22 տարեկան հասակում նա գրում էր այնպիսի ստեղծագործություններ, որոնց մեջ շատ մեծ իմաստ կար։ Կարծես թե մի մեծ փորձառու մարդ էր նա` կյանքի փորձով, իմաստությամբ, և երևի թե պոետի հանճարը հենց դրանում է, որ նա աշխարհը տեսնում է ավելի խորը, քան մենք, և նրա ընկալումն ավելի լայն է։ Նրա մեջ մեծ սեր կար կյանքի նկատմամբ, շատ մեծ սեր։ Երևի լավագույնս արտահայտվել է Տերյանի մասին Չարենցը, երբ ասել է, որ Տերյանը մի ամբողջ քաղաքակրթություն է։ Զարմանալի ձևակերպում Տերյանի մասին։ Եթե մի պոետի մեջ կարող է ամփոփվել մի մեծ քաղաքակրթություն, ապա մենք այսօր նույնպես պետք է այդ հարցին պատասխանենք. արդյո՞ք մենք այդ քաղաքակրթության կրողներն ենք, արդյո՞ք մենք պայքարում ենք մեր ազգային ինքնության համար, արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ «ազգային» նշանակում է սեփական ինքնության համար պայքար, քո տեսակի համար պայքար։ Աստծո կամոք է այնպես ստացվել, որ մեր ազգի առանձնահատկությունն այլ քաղաքակրթությունների հետ համեմատած այն է, որ մեր ամբողջ կյանքը մի առաքելություն է ինքնության պայքարի, ինքնության համար։ Եթե արվեստի գործիչների առումով առաքելության իրականացումը կարծես թե հասկանալի է, որովհետև նրանք հավերժանում են իրենց ստեղծագործություններով` թողնելով իրենց ժառանգությունը, ապա պետական քաղաքական գործչի առաքելությունը մի քիչ այլ է և շատ ավելի բարդ։ Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ մեր հասարակությունը, որը գտնվում է ձևավորման փուլում, դեռևս չունի հստակ պատկերացում այն մասին, թե որն է քաղաքական գործչի իդեալը, տիպը, որին մենք պետք է ձգտենք։ Տարբեր հերոսների անուններ կարող ենք հնչեցնել, ոմանք գտնում են, որ դա պետք է լինի Գարեգին Նժդեհը, ոմանք ասում են, որ դա պետք է լինի սպարապետ Վազգեն Սարգսյանը, ոմանք տեսնում են այդ հատկանիշները Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետի կերպարում, որը թողել է նաև հետաքրքիր հիշողություններ իր վարչապետության օրերի մասին, բայց ընդհանրական պատկերացում, որի շուրջ մենք կարողանանք համախմբել մեր հասարակությանը, դեռևս չկա և դա նաև պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունը գտնվում է ձևավորման փուլում և պատկերացումները ժամանակից գործիչների մասին շատ տարաբնույթ են, միասնական չեն։
Իմ կարծիքով անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով։ Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա և ցանկացած պետական գործիչ ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը։ Երկրորդը` մշակույթը, որովհետև առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու։ Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգևոր արժեքներով ապրող մարդ։ Եվ կարծես թե այս աքսիոմը դեռևս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որ ոչ միայն ընդունում է այս թեզը, այլև ապրում դրանով։ Իսկ եթե մարդ ապրում է այդպիսի կյանքով, ապա դա թաքցնել հնարավոր չէ։ Քաղաքական գործչի ևս մեկ կարևոր հատկանիշը հավատքն է։ Շատ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում իրենց գործին, իրենց առաքելությանը և ի սկզբանե չեն հավատում Աստծուն։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ միշտ փորձություններ են բերում իրենց ազգին։ Ես կցանկանայի, որ մենք Հայաստանի Հանրապետությունում տարածենք այս գաղափարները. որ պետական գործիչը անպայման պետք է այս երեք հատկանիշների կրողը լինի։ Այդ պարագայում մեր և քաղաքական գործիչների կյանքը շատ ավելի հեշտ կլինի, որովհետև նրանք, ովքեր ձգտում են զբաղվել այլ գործունեությամբ, ի սկզբանե կհասկանան, որ իրենց ճանապարհն այդ հարթության մեջ փակ է, որովհետև հասարակությունը չի ընդունում և չի ընկալում այդպիսի գործիչների։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա կնպաստի նրան, որ մեզ կառաջնորդեն հոգևոր արժեքներով ապրող մարդիկ և ոչ թե սովորական բյուրոկրատները, որոնք վտանգավոր են։
Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Թեքեյան կենտրոնին այս բարձր պարգևի համար և ևս մեկ անգամ ուզում եմ բոլոր դափնեկիրներին սրտանց շնորհավորել կառավարության անունից այս բարձր պարգևները ստանալու առթիվ։ Շնորհակալություն»։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ