Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հունվարի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփում է հաշվետվությունները


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կառավարության անդամների անունից Տիգրան Սարգսյանին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և նորանոր հաջողություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։ Այնուհետև նա դիմել է նիստի մասնակիցներին.
«Այսօրվա նիստն ուզում եմ սկսել տարեկան հաշվետվությունների թեմայից։ Մենք ավարտեցինք բոլոր նախարարությունների հաշվետվությունները, քննարկեցինք և նաև կարողացանք արձանագրել, թե որոնք են մեր ակնառու հաջողությունները 2009թ., որոնք են բացթողումները և 2010-ի գերակա խնդիրները, որոնք լինելու են մեր նախարարների անմիջական վերահսկողության տակ։ Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները։
Առաջին, պետական եկամուտների կոմիտեի գործունեության արդյունքում մեզ հաջողվել է 2009թ. էապես նվազեցնել գերավճարները։ Այդ հիմնախնդիրը մենք չէինք կարողանում լուծել տարիներ շարունակ, և ահա առաջին անգամ շուրջ 25 մլրդ դրամով նվազեցրել ենք գերավճարները, այսինքն` 25 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ են մնացել մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ։ 2009թ. 24 մլրդ դրամի արտոնություն է տրամադրված 32 հազար փոքր և միջին ձեռնարկությունների, 15 տոկոսով նվազել են հաշվետվությունները` հեշտացնելով շփումները պետական եկամուտների կոմիտեի հետ։ Մեր քաղաքացիներին ՀԴՄ կտրոններով վճարվել են 3.7 մլրդ դրամի բոնուսներ։
Երկրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք լուրջ հաջողություն, առողջապահությունն է։ Ծնելիության օժանդակության, ծննդօգնության պետական ծրագիրը տվել է իր դրական արդյունքը։ 2009թ. 2008-ի համեմատ 3 հազարով աճել է ծնելիության թիվը։ Այս բնագավառի կարևոր հաջողություններից մեկն այն է, որ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով ստվերայնությունն այս ոլորտում 90 տոկոսից նվազել է մինչև 21 տոկոս, ինչը, բնականաբար, ոլորտի բարեփոխման հաջողություններից է։
Հաջորդը սոցիալական ոլորտն է, որտեղ մենք աննախադեպ միջոցառումներ ենք իրականացրել։ Ունենալով 14 տոկոս տնտեսական անկում, ոչ միայն 16 տոկոսով ավելացրել ենք թոշակները և 12 տոկոսով` սոցիալական նպաստները, այլև երրորդ և ավելի երեխաների պարագայում 300 հազարանոց վճարը դարձրել ենք 430 հազար դրամ։ Բացի այդ, խնամքի վճարը ճգնաժամային տարվա ընթացքում 3 հազար դրամից շեշտակի ավելացնելով դարձրել ենք 18 հազար դրամ։ Միանվագ վճարները երեխաների համար 35 հազար դրամից հասցրել ենք 50 հազար դրամի։ Բնականաբար, դա դրական է ազդել սոցիալական իրավիճակի վրա։
Եվ չորրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն, ոստիկանության աշխատանքն է։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մենք արձանագրել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում, ընդ որում` ԱՊՀ երկրների և միջազգային տվյալների համեմատ Հայաստանը նվազման բացառիկ ցուցանիշ է արձանագրել։ Շատ ուրախալի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների թիվը 2008թ. համեմատ նվազել է 84-ով, իսկ մարմնական վնասվածք ստացածների թիվը` 372-ով։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն, այս ցուցանիշները դրա վառ վկայությունն են։ Այնպես որ, ես ուզում եմ, որ մենք ոգևորված լինենք 2009թ. մեր հաջողություններով, չխոսենք միայն բացթողումների և խնդիրների մասին, որոնք մեզ մատուցեց համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը։ Մնացած բոլոր ոլորտներում նույնպես ունենք հաջողություններ։ Մենք դրանց դեռևս կանդրադառնանք, բայց ես թվարկեցի այն հաջողությունները, որոնք մեր ընտանիքները զգացել են, և այն հաջողությունները, որոնք առնչվում են մարդկանց կյանքի հետ։ 84 հոգու մենք փրկել ենք. որովհետև մեր ոստիկանությունն արդյունավետ է աշխատել 2009 թվականին։ Ծնելիությունն ավելացել է, որովհետև պետության ծրագիրը արդեն տալիս է բավական լուրջ արդյունքներ, և մենք վստահ ենք, որ 2010 թվականին այս հաջողությունները ոչ միայն ամրապնդվելու, այլ նաև զարգանալու են։ Այդ առումով ուզում եմ նաև բոլորիդ շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ մենք իրականացրել ենք 2009 թվականին` այդ դժվարագույն տարվա ընթացքում»։


«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»

ՀՀ կառավարությունը հաստատել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որը միտված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան ներդրման միջոցով պետական աջակցություն ցույց տալու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է որոշումը` նշելով, որ խնդիրը ներառված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Համաձայն ՀՀ ԿԲ հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի վերաֆինանսավորմանը` վարկի 10 մլն դրամ միջին գումարի և 10 տարի ժամկետի դեպքում։ Վարչապետը հավելել է, որ նշված գումարը չբավարարելու դեպքում գործի կդրվեն լրացուցիչ ռեզերվներ։ Նախնական հաշվարկները վկայում են, որ ծրագրից կարող են օգտվել հազարավոր ընտանիքներ։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը և պետբյուջեից հատկացրել 22,871.9 հազար դրամ` «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու համար։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել Գյումրի, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակշինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության և արդյունքում բնակարանների (բնակելի տների) հատկացման ու վիճակահանությամբ բաշխման գործընթացների իրականացումը։ Այս գործընթացի վերահսկողությունը նույնպես կատարվելու է ՀՀ նախագահի հանձնարարությամբ։
ՀՀ կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի» տնտեսական գոտու տարածքում` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան» ծրագրով նոր պոմպակայան կառուցելու նպատակով առանց մրցույթի, անհատույց, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 0,56 հա հողամաս։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգերի վերականգնման նպատակով բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք հողատարածքներում։ Հաջորդ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 55.0 մլն դրամ է հատկացրել «Արփա-Սևան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակում կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի անկախ միջազգային փորձաքննության և առաջարկությունների ներկայացման ծառայությունների` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մեկ անձից գնման համար։

Հաստատվել են Կարմիր գրքերը


ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ հաստատել է ՀՀ բույսերի և ՀՀ կենդանիների Կարմիր գրքերը։ Այժմ Հայաստանում գործում են 1989թ. հրատարակված Կարմիր գրքերը, որոնցում ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգված անոթավոր բույսեր և 99 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի ողնաշարավոր կենդանիներ։ Կարմիր գրքերի երկրորդ հրատարակությունը բովանդակում է 463 բարձրակարգ բուսատեսակներ և 155 տեսակի անողնաշարավոր և նույնքան էլ ողնաշարավոր կենդանիներ։ Որոշումների ընդունումը կնպաստի գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման միջոցով կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և վերարտադրության բարելավմանը, Կարմիր գրքերում ընդգրկված տեսակների վերահսկողության ապահովմանը և դրանց նկատմամբ անօրինական գործունեության կրճատմանը, ինչպես նաև այդ տեսակների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը և բնակչության իրազեկության բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ գրքերի ստեղծմանը ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունները։

Նպատակը արդյունավետությունն է

Գործադիրը որոշել է Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար Ազգային մրցունակության հիմնադրամին նվիրատվություն տրամադրելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 13,111.8 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի NN 4/1 և 4/2 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտները` որպես գույքի մեկ միավոր և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տնօրինության երկու միավոր տրանսպորտային միջոցները` որպես գույքի առանձին տարրեր մասնավորեցնել և օտարել դասական աճուրդով։


Ապահովվում է անվտանգությունը


Իր նիստում կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանում, տեսանկարահանում կամ հարցազրույց իրականացնելիս ապահովել ԶԼՄ ներկայացուցչի անվտանգությունը, բացառել կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստի հնարավորությունը և նկատի առնելով վերջինների անձնական կյանքը հարգելու սահմանադրական դրույթը, բացառել նրանց տեսանկարահանումը և լուսանկարահանումը խցերում կամ բնակության այլ վայրերում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում եղել են ոչ համարժեք մեկնաբանություններ, վարչապետ Տիգրան Սարգսյանն հանձնարարել է լրացուցիչ պարզաբանում տալ ընդունված որոշմանը։
Ի կատարումն ՀՀ նախագահի 2009թ. սեպտեմբերի 1-ի հանձնարարականի ՀՀ ոստիկանությունում իրականացվելիք բարեփոխման շրջանակում կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով պարզեցրել է քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործընթացը, կրճատել անձի կողմից դիմումը ներկայացնելուց հետո մինչև քաղաքացիության վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը, սահմանափակել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի «ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչություն» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Որոշման նպատակն է ապահովել պետական նշանակության փաստաթղթերի պաշտպանվածության բարձր մակարդակը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել լիարժեք վերահսկողություն իրականացնել նշված փաստաթղթերի շարժի նկատմամբ։ Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացրել և փոփոխել է իր նախկին որոշումներից ևս մեկը, որի անհրաժեշտությունը թելադրված է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով տարանջատվել են աերոնավիգացիոն սպասարկման միջոցները և որի համաձայն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների մատուցման թույլտվություն ստացած կազմակերպությունները թռիչքների անվտանգության ապահովման նպատակով ենթակա են անվտանգության շարունակական վերահսկողության։
Կառավարությունը սահմանել է երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը և երկաթուղիների հատման կանոնները, երկաթուղային գծանցների շահագործման պայմանները, դրանց գործարկման և փակման կարգը։ Իրավական այս ակտերի կիրառման դեպքում կկանոնակարգվի ՀՀ երկաթուղային գծանցների և երկաթուղիների հատման վայրերում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը։


Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2009թ. օգոստոսի 27-ի նիստի N 35 արձանագրային որոշման մեջ։ Մասնավորապես փոփոխվել են առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի որոշ կետեր, պետական պատվեր ակնկալող բուժհաստատությունները պարտավորեցվել են իրենց ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող տեղեկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն, քայլեր են նախատեսվել 100 տոկոս պետական մասնակցությամբ բուժհաստատությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և այլն։
Կառավարության հավանությունն է ստացել ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ ՀՀ երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցը։
Գործադրի հավանությանն է արժանացել Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների (աղբահանության) կառավարման հայեցակարգը, որի մշակման հիմք է հանդիսացել գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից իրականացված Երևանի աղբահանության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հայեցակարգի իրականացման ժամկետով, որը, նրա կարծիքով, չպետք է ուշանա, ինչպես նաև խնդրի լուծման եղանակը հանրապետության մյուս քաղաքներում և բնակավայրերում կիրառելու հնարավորությամբ։
Իր նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Գործադիրը տեղին է համարում պատգամավորի մտահոգությունը և ընդունում է խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։ Սակայն կառավարությունը գտնում է, որ պարտադիր դրոշմապիտակավորման պետք է ենթարկվեն ոչ միայն տեսաձայնային կրիչները, ուստի մշակվել է համապատասխան օրինագիծ, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով, և նախաձեռնության հեղինակը հնարավորություն կունենա համագործակցել կառավարության հետ նախագծերը միավորելու և այդ նպատակով լրամշակելու ուղղությամբ։
Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այլ թեմաներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև մշակույթի, գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթն ամրագրում է, որ կողմերը փորձի փոխանակում կիրականացնեն մշակույթի, արվեստի, պատմամշակութային ժառանգության, կինեմատոգրաֆի, արխիվային գործի, հեղինակային և հարակից իրավունքի, գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում նորմատիվ-իրավական կանոնակարգման հարցում։ Կողմերը կնպաստեն հայոց լեզվի և գրականության ուսուցմանն ու դասավանդմանը ՌԴ և ռուսաց լեզվի և գրականության դասավանդմանը` ՀՀ կրթական հաստատություններում։
Կառավարությունը որոշել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» միասնական հոբելյանական մեդալի (3500 հատ) պատվիրման նպատակով ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել մինչև 8000.0 հազար դրամ։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ թողարկվելիք մեդալն անհրաժեշտ է ձեռք բերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերաններին պարգևատրելու համար։
Հաշվի առնելով Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի շահերը, գործադիրը իր 2008թ. դեկտեմբերի 3-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1448-Ն որոշման առաջին կետում «կատեգորիա» բառից հետո ավելացրել է «և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Գողթի գյուղական համայնքին» բառերը։ Այս առիթով վերստին ամրագրվել է օրենսդրության այն պահանջը, որ պատմամշակութային արժեքների առկայության դեպքերում ներդրողի կողմից պետք է հարգվեն դրանց պահպանման կանոնները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ