Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հունվարի 2010

Կատարելագործվում է ֆինանսական վերահսկողությունը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 1999թ. հունիսի 10-ի «ՀՀ պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Որոշման ընդունումը պայմանավորված է բյուջետային և արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությամբ ու ֆինանսական կառավարման ու վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։
Որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հետևյալը. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա, որովհետև վերջին օրերին բուռն քննարկման առարկա են դարձել արտաբյուջետային ֆոնդից պետական եկամուտների կոմիտեի տարեվերջին կատարած ծախսերը։ Պետական եկամուտների կոմիտեն և մեր մնացած գերատեսչությունները, որոնք ունեն արտաբյուջետային ֆոնդեր, մինչև օրս իրավասություն ունեին ինքնուրույնաբար որոշել, թե ինչ ծախսեր են նրանք իրականացնում, 15 տոկոսի չափով վերաբաշխում կարող էին անել այդ արտաբյուջետային ֆոնդերից։ Ըստ էության, մենք չէինք կարողանում վերահսկել, թե այդ միջոցների հաշվին ինչ ծախսեր են ծրագրում իրականացնել մեր գերատեսչությունները։ Առաջին քայլը, որ մենք իրականացրեցինք և որն իր դրական արդյունքն արդեն իսկ տալիս է, այն է, որ հրապարակային ենք դարձրել արտաբյուջետային բոլոր ծախսերը։ Նույնիսկ այն ծախսերը, որոնք վրիպում են ֆինանսների նախարարության ուշադրությունից, դառնում են հանրության քննարկման առարկա։ Եվ ՊԵԿ-ի այս դեպքը դրա վառ ապացույցն է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ լիազորությունների հետ միասին պետք է բարձրացվի ֆինանսների նախարարության պատասխանատվությունը, այն պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ծախսերի վերաբերյալ արտաբյուջետային հայտերը, որքանով են դրանք բխում այս կամ այն գերատեսչության ծրագրերից և մեր պետության շահերից։ Եվ այդ առումով նախարարությունը պետք է խստապահանջ լինի։ Պետք է նաև նշենք, որ արտաբյուջետային ֆոնդերի ծավալները բավականին մեծ են, և այդ միջոցների հաշվին միլիոնավոր, միլիարդավոր դրամների ծախսեր են իրականացվում, որոնք մինչև օրս չեն գտնվել կառավարության պատշաճ վերահսկողության տակ։ Այս խնդիրը մտահոգում է ոչ միայն մեր քաղաքացիներին, այլ նաև մեր պատգամավորներին։ 2010թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեք կարևորագույն խնդիրներից մեկը, որ մտահոգում էր նրանց, հենց արտաբյուջետային ֆոնդերի պլանավորման և ծախսերի իրականացման գործընթացներն էին։ Այդ դեպքերը վկայում են, որ մտահոգությունը տեղին է, քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, տեղին է։ Այսուհետև մենք խստագույնս պետք է հետևենք, թե ինչպես են այդ ծախսերն իրականացվում, ինչ նպատակների համար, ուստի այս որոշումը, կարծում եմ, այս ոլորտում կարգուկանոն կմտցնի և մենք այսուհետև հստակ պատկերացում կունենանք, ինքներս կհաստատենք արտաբյուջետային ֆոնդերի ծախսերի ուղղությունները և պատասխանատու կլինենք` արդյո՞ք արդյունավետ ենք մենք բաշխում այդ միջոցները, և այսուհետև բոլոր արտաբյուջետային ֆոնդերի համար միասնական ստանդարտներ կլինեն։ Շատ հաճախ արտաբյուջետային ֆոնդերից գնումներ կատարելու համար մրցույթներ են հայտարարվում, որի մասին մենք իմանում ենք մամուլից, միլիոնավոր դոլարի տենդերներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Հարց է ծագում` ինչպե՞ս են այդ պարտավորությունները կատարվելու, ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, որովհետև չնայած դրանք արտաբյուջետային ֆոնդերի հաշվին են, բայց ի վերջո պետական պարտավորություններ են։ Եթե արտաբյուջետային ֆոնդում միջոցներ չլինեն, մենք այդ պարտավորությունները պետք է պետական միջոցներից կատարենք, ուստի անթույլատրելի է առանց կառավարության որոշման տնօրինել արտաբյուջետային միջոցները։ Այսօրվա մեր որոշումով մենք, ըստ էության, խնդիրն ամբողջությամբ լուծում ենք»։

Oգնություն Հաիթիի աղետյալներին

2010թ. հունվարի 12-ին Հաիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով օգնություն ցուցաբերելու համար գործադիրը որոշել է Հաիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել 100.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցի շուրջ մեր քաղաքացիները բազմաթիվ հարցումներ են հղել մեզ, թե ինչու օպերատիվ չենք արձագանքել աղետին։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ հենց աղետից մի քանի ժամ հետո մեր նախարարը` պարոն Շահգելդյանը, ինձ զեկուցել է, որ 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը պատրաստ է անհապաղ մեկնել Հաիթի` օգնություն ցուցաբերելու։ Ցավոք սրտի, մենք դա չենք կարողացել իրականացնել, որովհետև Հաիթին պատրաստ չէր ընդունել այն, և կային բազմաթիվ տեխնիկական և օգնությունը համակարգելու խնդիրներ։ Մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ծավալի օգնություն ցուցաբերող պետություններին, տեղեկացրել, որ մեր փրկարարներն ունեն հմտություն, փորձ, կարողություն։ Մեր ներկայացրած երկրորդ առաջարկությունը նյութական օժանդակություն ցուցաբերելն էր` անհրաժեշտ սարքավորումներ և այլն, բայց այս անգամ նույնպես միջազգային կառույցները մեզ ասացին, որ ֆիզիկապես տեղափոխելու խնդիր կա, և նպատակահարմար է, որ օժանդակությունը լինի ֆինանսական։ Հասկանալի է մեր քաղաքացիների մոտեցումը, քանի որ մենք ինքներս տեսել ենք և մեր մաշկի վրա ենք զգացել, թե ինչ հետևանքների է հանգեցնում երկրաշարժը, և մենք ինքներս հարյուրավոր պետություններից օժանդակություն ենք ստացել։ Բնական է մեր քաղաքացիների այդ պոռթկումը, թե մենք նույնպես պարտավոր ենք մեր օգնությունը ցուցաբերել այն երկրներին, որոնք դառնում են երկրաշարժի աղետալի հետևանքների զոհ։ Եվ ուզում էի, որ այս տեղեկությունը հասանելի լիներ ձեզ և մեր քաղաքացիներին` աղետի հենց առաջին ժամերից խնդիրը գտնվել է հանրապետության նախագահի անմիջական հսկողության տակ, և այն պահից, երբ նախագահն իր ցավակցությունը հայտնեց Հաիթիի ժողովրդին, նախագահին, հենց այդ պահից էլ մենք նրա հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել գտնել օժանդակության լավագույն տարբերակը։ Այնպես որ, այսօր մենք որոշում ենք կայացնում և 100.000 դոլար հատկացնում աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին»։

 

Աջակցությունը շարունակվում է

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր «Նատֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելուն։ Որոշման հավելվածը փոփոխելու և լրացնելու խնդիրը ծագել է ՓԲԸ նախագիծը կատարելագործելու և օպտիմալացնելու անհրաժեշտությունից։ Տեղեկանալով, որ հակաճգնաժամային նմանօրինակ ձեռնարկումից արդեն օգտվել է հինգ ձեռնարկություն` 30 մլն ԱՄՆ դոլարի չափով, վարչապետ Տիգրան Սարգսյանը եզրակացրել է, որ միջոցառումը արդարացրել է իրեն, ուստի կարելի է ընդգրկել այլ ընկերություններ ևս։
Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությունը շարունակում է մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։ Նախորդ նիստում հավանություն տալով Հայաստանը ինդուստրիալ երկիր դարձնելուն ուղղված գործընթացի հայեցակարգին, կառավարությունը հաստատել է ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագիրը։ Ոլորտի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարությամբ. ՓՄՁ-ն գերակա ուղղություններից մեկն է, որը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում։ 2008-ի տվյալներով ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.7 տոկոս։
Կարևորելով ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, միջին խավի ձևավորման գործում, ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 150.000.0 հազար դրամ. ՓՄՁ վարկավորման, ֆինանսական և ներդրումային ծրագրերը կշարունակեն իրականացվել ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՆԱ-ում ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը, հատկապես մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծմանը, ՓՄՁ ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը։ Ծրագրի կարևոր բաղադրիչների թվում են տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցումը, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, սահմանափակ կարողություններով անձանց համար։


Կառավարությունը հավանություն է տվել

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցման ձևին։ Մինչ այդ նպատակահարմար է գտնվել մեկ տարի ժամկետով` մինչև 2011թ. հոկտեմբեր ամիսը, երկարաձգել ՓԲԸ կառավարման ժամկետը ֆրանսիական ՍԱՈՒՐ Ս. Ա. ընկերության կողմից։ Վարձակալությամբ փոխանցումը նպատակաուղղված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխման շարունակմանը, մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավմանը.
- Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին։ Այն ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով մշակվել է ՀԲ խմբի բազմադոնոր ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայության պատրաստած «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման նոր հուշագրի հիման վրա.
- Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի ամփոփ եզրակացությանը, ըստ որի էներգաբլոկի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին.


… հաստատել է


- «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը».
- Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ՀՀ տարածքով անցնող հատվածի և դրա անվտանգության գոտիների 105 կմ երկարությամբ, 19.2 հա ընդհանուր մակերեսով ծրագիծը.
- կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության կարգը, որով կանոնակարգվում են այդ հարաբերությունները.
- Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Ճաննախագիծ» ինստիտուտ» ՍՊ և «Տրանսնախագիծ» ինստիտուտ» ՓԲ ընկերությունները։

Օրենսդրական հարցեր

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական և քաղաքացիական, այլ նաև վարչական գործով ակնհայտ սուտ ցուցմունք, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար։
Նիստում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքներում տեղական ինքնակառավարման տարածման և իրականացման իրավական անհրաժեշտությամբ։ Այդ հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել եղած հողային ֆոնդի կառավարումը, այլ նաև զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտը հողի վարձավճարի, հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողի օտարումից գոյացած միջոցների հաշվին։
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է զարգացնել և ամրապնդել երկու պետությունների համագործակցությունը աշխատանքի, զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության, ընտանիքի, կանանց, հաշմանդամների, տարեցների սոցիալական աջակցության ոլորտներում։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2009/2010թթ. ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթի համաձայն ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը և երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից վեց տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ ստանալ մինչև 105.500.000 (հարյուր հինգ միլիոն հինգ հարյուր հազար) եվրոյի չափով ֆինանսական աջակցություն և ցածր տոկոսադրույքով վարկ։
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ և ամերիկյան «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրին համապատասխան կառավարությունը որոշել է վերջինիս վարձակալությամբ տրված ընդհանուր գույքով և հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև ընկերության ձեռք բերած բաժնետոմսերը մարելուց հետո համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։ Որոշումն ընդունելիս կառավարությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ վարձակալության ընթացքում վարձակալը էականորեն բարելավել է գույքը` այն հասցնելով միջազգային չափանիշների, պայմանագրով նախատեսված 760 մլն դրամի փոխարեն կատարել ավելի քան 3.4 մլրդ դրամի ներդրում։ Գույքի արդիականացման ծրագիրը շարունակվելու է։


Այլ թեմաներ


ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» ՊԿ հիմնարկին ամրացված Ստեփանավանի Սայաթ-Նովայի 3 հասցեի շենքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «Լիարժեք կյանք» բարեգործական Հ/Կ-ին` հաշմանդամ անձանց սոցիալական, մշակութային գործունեությունը կազմակերպելու համար։
Գործադիրը որոշել է 2010թ. փետրվարի 1-ից կիրառությունից հանել Հայաստանում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը, սահմանել, որ 2010թ. հուլիսի 1-ից արգելվում է Հայաստանում արտադրված «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը։
2010թ. հունվարի 10-ին N 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունը ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել է 13.594.18 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 5.739.162 դրամ։
Կառավարությունը համաձայնել է, որպեսզի Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 12.144.254 հազար դրամը ուղղվի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը։
ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Արարատի մարզի Այնթապի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները և նշանակել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Այդ նպատակով ՀՀ ԿԸՀ-ին հատկացվել է 1234720 դրամ, ՀՀ ոստիկանությանը` 602350 դրամ։
ՀՀ կառավարությունը գործողության երեք տարի ժամկետով հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա է տվել Հրազդանի «Լիպա» ՍՊԸ-ին, Երևանի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին, «Վիոլա և Ժասմին» և «Գալեն» ՍՊԸ-ներին։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ չորս քաղաքացու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ