Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունվարի 2010

Հանրությունը վերահսկելու է բարեփոխման ընթացքը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգը հաստատելուց առաջ նա դիմել է կառավարության անդամներին.
«Մենք 2010 թվական մուտք ենք գործում արդեն իսկ ունենալով հաստատված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ըստ նախարարությունների և գերատեսչությունների հաստատված գերակայություններ։ Մի քանի օրից սկսելու ենք նաև հաշվետությունների քննարկումն ըստ նախարարությունների։ 2010թ. համար երկու կարևորագույն խնդիր եմ ուզում դնել ձեր առջև։ Առաջինը, բոլոր նախարարները պետք է հանրության առջև հնչեցնեն առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ և որոնք ապահովելու են բեկումնային զարգացում։ Տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց։ Երբ մենք կքննարկենք 2009թ. հաշվետվությունները, դուք արդեն հստակ պետք է պատկերացնեք, թե 2010թ. որ ուղղություններով է, որ ապահովվելու է այդ առաջընթացը։ Մենք այն պետք է դարձնենք նաև հանրության կողմից վերահսկելի թեմա։
Երկրորդ հանձնարարականը վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին։ Ամփոփելով 2009թ. արդյունքները, լսելով ձեր հաշվետվությունները մենք պետք է հիմնական շեշտը դնենք այն հանգամանքի վրա, թե ինչ ներուժ է կուտակված և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010թ., որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը, ինչ ռեզերվներ ունենք, ինչ խոչընդոտներ կան, որոնց վերացումը կարող է ապահովել տնտեսական աճ, կամ ինչ կոնկրետ նախագծեր կան, որոնց իրականացումը ապահովելու է այն։ Այս երկու ուղղություններով մենք հունվար ամսվա ընթացքում պետք է գանք համաձայնության, և բոլոր նախարարներն իրենց անձնական հսկողության տակ պետք է ունենան այդպիսի խնդիրներ։ Այս ամենը պետք է լինի ի լրումն մեր ընդունած կառավարության գործունեության 2010թ. միջոցառումների ծրագրի»։

Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։

 


Կառավարությունը հավանություն է տվել

- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, ՀՀ և ԱԶԲ միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»։ Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները։ Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի և Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ։ ՀՀ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարներից ճշտել է, որ ընթացիկ տարում իրականացվելու է 120 մլն դոլարին համարժեք դրամի աշխատանք և հանձնարարել, որ այն ամբողջությամբ կատարելու համար ձեռնարկվեն բոլոր միջոցները.
- ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգին, որի նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաև ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, որի մասը հանդիսացող բովանդակային նյութերը դեռ պետք է քննարկվեն։ Ամեն դեպքում ճյուղի կառավարմանը վերաբերող պատկերացումները պետք է հստակեցվեն ընթացիկ տարում.
- ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքի և շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին և դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին։

 

... հաստատել է

- ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2010թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Սահմանվել են ընտանեկան նպաստի սահմանային միավորի մեծությունը, բազային մասի չափը, երեխաներին տրվող հավելումների տարբերակման միավորները (տիրույթները), տարբերակված հավելումների, միանվագ դրամական օգնության, ինչպես նաև հրատապ օգնության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական Խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափերը։ Միաժամանակ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք ունեն իրավակիրառական նշանակություն, հստակեցնում են գործող որոշ դրույթների կիրառումը.
- 2010-2015թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը, առաջնահերթ միջոցառումների ցանկը, այդ աշխատանքն համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը, ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները.
- նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, որը հնարավորություն կտա առավել չափելի դարձնել իրավական ակտի կիրառման հետևանքով առաջացող ազդեցությունների գնահատումը, ավելի արագ վերլուծել իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունները.
- համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը.
- մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է համակարգի արդիականացման գործընթացով, մշակութային ծառայությունների որակի բարձրացմամբ, կառավարման արդի համակարգերի կիրառմամբ, շուկայական հարաբերությունների թելադրած նոր գործելակերպով և ստեղծագործական գործունեության առջև դրված նոր խնդիրներով.
- «Սևանա լճի բնապահպանական ծրագրով» անցկացված և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում» միջազգային մրցույթի արդյունքները` 3,923,920.00 եվրո (առանց ԱԱՀ) արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով գերմանական «Լյուդվիգ Պֆայֆեր» ընկերությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2010թ. այս ոլորտում իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, կառուցվելու է շուրջ 500 կմ ջրագիծ, ինչը աննախադեպ աճ է ենթադրում.
- ՄԶԸ միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի» շրջանակում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի նորոգման համար անցկացված մրցույթի արդյունքները` 766,174,514.88 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արտաշատշին» ՍՊԸ-ն։

 

… սահմանել է

- ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում արդիական են համարվում այն տեխնոլոգիաները, որոնց կիրառումն ապահովում է ջրային ռեսուրսների որակական և քանակական մասով (մասնավորապես ջրային ռեսուրսի համապատասխան որակի ապահովում, կորուստների նվազում, ջրային ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում) ջրային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը` բնագավառում կայուն կառավարման համար` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.
- ըստ դասակարգման` ջրային պաշարների օգտագործման և պահպանության պահանջները։ Որոշումների ընդունումը կնպաստի ջրային պաշարների առավել խնայողաբար և արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, դրանց աղտոտման հնարավորինս նվազեցմանը կամ կանխմանը։

… հստակեցրել է

Իր որոշմամբ կառավարությունը լրացրել և փոփոխել է «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը», որով հստակեցվել են պետական տուրքի հիման վրա անձնագրային գործողություններ կատարելու ժամկետները, ինչը թույլ կտա տարանջատել անձնագրային գործողությունների կատարումը որպես վարչարարություն և որպես ծառայության վճարովի մատուցում։ Հաջորդ որոշմամբ սահմանվել են կորած անձնագրի փոխարեն նորը կարճ ժամկետում տալու դեպքում վճարի չափերը։ Փոփոխվել են նաև անձնագիր տալու կամ այն փոխանակելու ժամկետները` վճար սահմանելով առաջին կամ երրորդ աշխատանքային օրը անձնագիր տալու կամ փոխանակելու համար։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով երկարաձգվել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը։ Այդ ընկերությունն իրականացնում է այլընտրանքային եղանակով էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության կազմակերպման եզակի ծրագիր, որն իր անմիջական հիմքով չի կրում առևտրային բնույթ։ Կառավարությունն իր սույն որոշմամբ ապահովում է ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը։
Կառավարությունը որոշել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունը հստակեցրել է ՏԻՄ կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց ֆինանսավորման համամասնությունները ՀՀ բնապահպանական նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու գործող կարգը։
Գործադիրը թույլատրել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գետափնյա փողոցի N 1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը նվիրաբերել Մարտունու քաղաքային համայնքին` շախմատի դպրոց հիմնելու համար։
Ելնելով Երևանի Աերացիա թաղամասի N 7 չորրորդ կարգի վթարային, քանդման ենթակա, 73 գույքային միավորից բաղկացած հանրակացարանային շենքից բնակիչների ամբողջական վերաբնակեցման անհրաժեշտությունից, կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում։


Նոր օրինագծեր

Կառավարությունը հավանություն է տվել «Գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օրենսդրորեն կարգավորվում են մշակութային ժառանգության անքակտելի մասը կազմող ՀՀ գրադարանային հավաքածուի օգտագործման, տնօրինման, օտարման հարցերը։ Օրինագիծը երկրորդ անգամ է քննարկվում կառավարությունում։ Մինչ այդ, վարչապետի դիտարկմամբ, անհրաժեշտ է եղել նախագիծը լրացնել Երևանի քաղաքապետարանի առաջարկներով, այժմ էլ սպասվում է ԱԺ գործընկերների շահագրգիռ քննարկումը և միասնական կարծիքի ձևավորումը։
Կառավարության հավանությանն է արժանացել «Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է հակամենաշնորհային քաղաքականություն և հավասար մրցակցություն ապահովել փոստային կապի բնագավառում։
Գործադիրը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը և Վարդան Բոստանջյանը։ Այդ առթիվ կառավարության ընդունած եզրակացության մեջ նշված է, որ տվյալ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ուստի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից և այն լրամշակելու նպատակով համագործակցել կառավարության հետ։
Գործադիրը դեմ է արտահայտվել ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, քանի որ այն հստակ չէ և տարաբնույթ մեկնաբանությունների և տարակարծության տեղիք է տալիս։
Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի պահանջով, որի համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները զինծառայողներին հավասարեցված անձինք են, ուստի որոշման մեջ ներառվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Գործադիրը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի և դրա պահպանական գոտու հողատարածքը և այն որպես պետական սեփականություն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով «Վեմ» մարդասիրական կենտրոն» ծրագիրը փոխարինվում է «Այբ» կրթական հանգույց» ծրագրով, և որի կատարման վերջնաժամկետը սահմանվում է 2017թ. վերջը։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ հինգ քաղաքացու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ