Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 դեկտեմբերի 2009

Արդյունավետ կառավարել պետական մասնակցությամբ ձեռնարկությունները

     Բարձրացվում է նախարարների պատասխանատվությունը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն ընդունել է ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2008թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը, որը գործադիրի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Քննարկվող հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք մեկ ու կես տարի ծախսել ենք հստակեցնելու համար, թե Հայաստանի Հանրապետությունում պետության մասնակցությամբ քանի ձեռնարկություն կա, և ինչպես է պետությունն իր սեփականատիրական ֆունկցիաներն իրականացնում այդ ձեռնարկություններում։ Կային հարյուրավոր ձեռնարկություններ, որոնք, ըստ էության, գոյություն չունեին, բայց իրավաբանորեն դեռևս գոյություն ունեն։ Այդ խնդիրը լուծում ենք երկու ուղղությամբ` օրենսդրական փոփոխություններ առաջարկելով և կառավարության համապատասխան որոշումներով թողնելով այն ձեռնարկությունները, որոնք այսօր գոյություն ունեն և աշխատում են։ Բայց նույնիսկ այդ պարագայում շուրջ 500 պետական ձեռնարկություններ կան, և քննարկվող տեղեկանքից բխում է, որ մենք դեռևս չենք կարողանում արդյունավետ ձևով կառավարել պետական մասնակցությամբ ձեռնարկությունները։ Գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ։ Այդ ձեռնարկությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, որովհետև վերահսկիչ հանձնաժողովները, որոնք ձևավորվում են, հաշվետու են նախարարներին։
Ցավոք, տեղեկանքում արձանագրված է, որ շատ հաճախ ձևական բնույթ է կրում ներքին վերահսկողությունը, և մարդիկ այդ աշխատանքը բովանդակային չեն իրականացնում։ Միայն այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարությունը վերցնում է իր հսկողության տակ, տեղում ստուգումներ են կատարվում, բացահայտվում են լրջագույն խախտումներ, և վերականգնվում են գումարներ։ Երեք ուղղությամբ ենք աշխատանքները տանելու։ Առաջին` նախարարների պատասխանատվությունը բարձրացվելու է, և նախարարությունների տարեկան հաշվետվությունները լսելու ժամանակ մենք անդրադառնալու ենք ըստ նախարարությունների պետական մասնակցությամբ ձեռնարկությունների իրավիճակին` ֆինանսական իրավիճակ, բացահայտված խախտումներ, թերություններ, ինչպես է աշխատում ներքին հսկողությունը։ Կրկնում եմ` դա նախարարների անձնական պատասխանատվության խնդիր է։ Երկրորդ ուղղությունը. օրենսդրորեն հստակեցնելու ենք ներքին հսկողության կանոնները և ուժեղացնելու աուդիտը, որպեսզի կարողանանք ձեզ հետ միասին վերահսկել` ինչ գործընթացներ են իրականում տեղի ունենում պետական մասնակցությամբ ձեռնարկություններում։ Եվ երրորդը. այս հաշվետվությունների ընթացքում եթե կպարզվի, որ նախարարություններն այս կամ այն պետական ձեռնարկության նկատմամբ չունեն հետաքրքրություն, ապա անհրաժեշտ է այդ ձեռնարկություններն ապապետականացնել, սեփականաշնորհել, որովհետև եթե մենք չենք կարողանում արդյունավետ կառավարել այդ ձեռնարկությունները, դա բերում է նրան, որ այդ ձեռնարկության տնօրինությունն ուղղակի չարաշահում է իրավիճակը, մի կողմից հանդես է գալիս որպես պետական մասնակցությամբ ձեռնարկություն, մյուս կողմից իրականում ինքն է տնօրինում այդ ձեռնարկության ե՛ւ գույքը, ե՛ւ ունեցվածքը, ե՛ւ ծրագրերը։ 2010թ. մենք պետք է ամբողջությամբ այս աշխատանքն ավարտենք։ Վերջին շրջանում 1500 ձեռնարկություն էր մնացել։ Այս մեկ տարվա ընթացքում մենք մաքրեցինք դաշտը, և ըստ էության` մենք այսօր գործ ունենք շուրջ 500 ձեռնարկության հետ, և այս 500 ձեռնարկություններից որոնք որ կմնան պետական սեփականության ներքո, կլինի համապատասխան կառավարում, հսկողություն, վերահսկողություն։ Դրա համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ ևս մեկ անգամ անդրադառնալ այն ձեռնարկությունների իրավիճակին, որոնք այս տեղեկանքում ներկայացված են, և հաշվետվությունների ժամանակ անպայման խնդրում եմ անդրադառնալ այն խնդրին, թե ինչ միջոցառումներ են նախարարությունում ձեռնարկվում, որպեսզի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնենք»։

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի և ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը և հանձնարարել ՀՀ հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին քննության առնել և առաջարկություններ ներկայացնել։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել շինարարության ոլորտի զարգացման ծրագրի հայեցակարգին, որի նպատակն է ոլորտի զարգացմանը նպաստող նոր ռազմավարության կամ պետական քաղաքականության մշակման և ներդրման գործընթացների, մրցակցային ազատ և ներդրումային գրավիչ դաշտի ձևավորման, մրցունակ արտադրանքի և բիզնես միջավայրի ստեղծման համար նախադրյալների ապահովումը։ ՀՀ էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարներին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել միջազգային ստանդարտներին համապատասխան շինարարության ոլորտի զարգացման ծրագիր` ըստ հաստատված հայեցակարգային դրույթների և գործողությունների ժամանակացույցի, Ծրագրի միջոցառումների մշակման աշխատանքներին ներգրավելով անհրաժեշտ մասնագետների և շահագրգիռ բոլոր կողմերին։
Արձանագրային մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների հայեցակարգը։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձևավորման կարգը։ Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որոշակի պարտավորություններ ունի, և, անհրաժեշտության դեպքում կարող է մրցութային կարգով ձևավորել փորձագետների խումբ, օտարերկրյա պետություններում քիմիական, ճառագայթային և կենսաբանական վտանգների հետ առնչվող` հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում աջակցություն ցուցաբերելու համար։ Փորձագետների խմբի ձևավորման կարգը առավել դյուրին կդարձնի միջազգային համագործակցությունը, կապահովի հայ մասնագետների ներգրավումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդհանուր փորձագիտական խմբերում։


Վերաբաշխում պետական բյուջեում

ՀՀ մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերի համաֆինանսավորման նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և համապատասխան փոփոխություններ` ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում։
Վերաբաշխման արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արմավիրի մարզպետարանին կհատկացվի 94.500.0 հազար դրամ` մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող քանդման ենթակա մեկ բազմաբնակարան շենքի 9 բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով։
Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու համար ՀՀ Արարատի մարզպետարանին հատկացվում է 4,000.0 հազար դրամ։ Նույն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվում է 500.0 հազար դրամ` մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացնելու և 14,500.0 հազար դրամ` դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար։
Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետային հատակածածկոցի ձեռքբերման նպատակով կառավարությունը «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրել է 10,611.0 հազար դրամ։


Օրենսդրական խնդիրներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, դեմ արտահայտվելով ներկայացված տեքստով օրենքի նախագծի ընդունմանը։ Խոսքը վերաբերում է ԱԺ մի խումբ պատգամավորների` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու հետ կապված լրացումներին, որոնց ընդունման դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև` սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը իրենց նախաձեռնությամբ փոփոխելու դեպքում մուծում կատարելիս։ «Մեր մոտեցումը շատ պարզ է. գյուղատնտեսական նպատակներով օգտագործման ենթակա գյուղատնտեսական հողերի նկատմամբ պետք է լինենք ավելի խստապահանջ, իսկ այն հողերում, որոնք ենթակա չեն գյուղատնտեսական մշակման, կարող ենք ավելի մեղմ գործակիցներ կիրառել», - ասել է Տիգրան Սարգսյանը, Տարածքային կառավարման և Էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարելով ուսումնասիրել հարցը և որոշել գործակիցների կիրառման հնարավորությունները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, ըստ որի կառավարությունը հիշատակված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում։
ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ԱԺ պատգամավորն առաջարկել է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից բացի այլ ընտրությունների դեպքում նախատեսել տեղամասային հանձնաժողովի անդամի վարձատրություն։
Կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծի անհրաժեշտությունը չկա, քանի որ Երևանը ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն համայնք է, որն ունի 10.000-ից ավելի ընտրողներ, ուստի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 33.1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթով։
ՀՀ կառավարության եզրակացության նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Փոփոխություններ ընդունված որոշումներում


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ, պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների մասին անվճար տեղեկատվության տրամադրումը, որ իրականացվում էր 2008 թվականից, 2011 թվականից վերսկսելու մասին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն փոփոխությունը հիմնավորել է համապատասխան միջոցների բացակայությամբ։
ՀՀ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել «ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.1 Տնտեսական զարգացում» բաժնի 5-րդ կետը, նկատի ունենալով, որ կառավարությունը փոփոխել է իր որդեգրած քաղաքականությունը թանկարժեք մետաղների բնագավառում, և թանկարժեք մետաղների վերահսկողություն իրականացնող մարմնում ժամանակակից տեխնիկայի կիրառումը և վերազինման աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետներում անիրատեսական է։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացում է կատարել «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ ստեղծելու և պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 1930-Ն որոշման մեջ, կոմիտեի առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով կոմիտեի նախագահին կից ստեղծելով կոլեգիա։
Գործադիրը 2009թ. օգոստոսի 6-ի «Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 6 լոտով կնքված կապալի պայմանագրի լուծման և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն վերապահելու մասին» N 909-Ա որոշման մեջ կատարել է լրացում, որի համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հաշվեկշռին հանձնված ակտիվների կազմում առկա գույքը սեփականության իրավունքով հանձնվում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին։
ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ստեղծելու մասին որոշման, մի շարք մարզպետարանների աշխատակազմերի գործունեությունը կանոնակարգող որոշումների մեջ։
«Բուժսանիտարիայի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու և «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ վարչապետի 2009թ. հուլիսի 22-ի որոշման պահանջն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2007թ. հուլիսի 26-ի N 908-Ն որոշման մեջ, որոշման նախաբանի և N 2 հավելվածի 1-ին կետի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինելով «Բուսասանիտարիայի մասին» բառերով։
ՀՀ կառավարությունը, համապատասխան փոփոխություն կատարելով, «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2009թ. ապրիլի 30-ի N 491-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը հետաձգել է մինչև 2010 թվականի մայիսի 22-ը։

Գույքի նվիրաբերում և գումարի հատկացում

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները, կառավարությունը «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված` Արագածոտնի մարզի Արտենի համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը` գրասենյակի շենք և ավտոտնակ, վերցրել և նվիրաբերել է Արտենիի համայնքին` վերանորոգելու և համայնքի կարիքավոր բնակիչներին տրամադրելու պայմանով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից «Տաթև» վանական համալիրի սպասարկման համար 1.76 հա հողամասը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի N 385-Ն որոշման մեջ, կառավարությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն է հանձնել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի ՍԲ Գր. Լուսավորիչ եկեղեցին ու դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» Ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրերի մասին»։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել, որպեսզի «Սևան» ազգային պարկի տարածքի հողամասերի վերաբերյալ կնքված պայմանագրերը համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության պահանջներին։
ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդի հաշվին 79.935.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2009 թվականին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողներին ու մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու նպատակով, մեկ այլ որոշումով, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով, 2009թ. չորրորդ եռամսյակում նույն նախարարությանը 6000.0 հազար դրամ է հատկացրել «Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի ճաշարանի և հանդիսությունների մասնաշենքի տանիքի հիմնանորոգման համար։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը 6.000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ գիտության և կրթության նախարարության գիտության պետական կոմիտեին, «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու և թանգարանային համալիրի կանաչապատման նպատակով «Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» ՊՈԱԿ-ի օգտագործած ջրի պարտքը մարելու նպատակով։ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 5.852.978,0 դրամ` ծախսերի փոխհատուցման նպատակով։

Այլ որոշումներ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետին վերապահել «Սուրգար» ՍՊԸ և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ հետ պետության անունից պայմանագիր կնքելու լիազորություն։
Կառավարության երկու այլ որոշումներով ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է 2009թ. դեկտեմբերի 20-ին կայանալիք Արագածոտնի մարզի Թթուջուր և Ջրամբար գյուղական համայնքներում համայնքի ղեկավարների և ավագանու անդամների, Ոսկեվազ, Սասունիկ, Սարալանջ, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Լեռնարոտ, Նոր Ամանոս, Կանչ, Կաթնաղբյուր և Դդմասար գյուղական համայնքներում ավագանու անդամների, Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար համապատասխան գումարներ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել միջնակարգ դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում սովորող 52 քաղաքացու։
Կառավարության հաջորդ` արտագնա նիստը տեղի կունենա Արմավիրի մարզում։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ