Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 դեկտեմբերի 2009

Ճշգրտվել են «Բյուջե-2010»-ի եկամտային և ծախսային մասերը


             Նոր էներգաբլոկի շահագործման ժամկետը 60 տարի է

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է. «Այսօր հաշմանդամների միջազգային օրն է։ ՀՀ-ում մենք ունենք 178 հազար հաշմանդամ, ընդ որում` 8 հազար 274 հաշմանդամ երեխա։ Այսօրվա խորհուրդն այն է, որ մենք ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք հաշմանդամների առջև ծառացած հիմնախնդիրներին։ Որպես կառավարություն մենք պարտավոր ենք իրականացնել ծրագրեր` բարելավելու հաշմանդամների կյանքը։ Բայց ավելի կարևորն այն է, որպեսզի ապահովենք հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը։ Նրանք պետք է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրենց հասարակության լիակատար անդամ համարեն։ Այս գործում, իհարկե, անհրաժեշտ է համագործակցություն ՀԿ-ների հետ, որպեսզի հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ փոխվի։ Այդ վերաբերմունքը պետք է դաստիարակենք մանկապարտեզից, դպրոցից սկսած, որպեսզի հաշմանդամ երեխաներն իրենց օտարված չզգան հասարակությունից։ Սա չափազանց կարևոր խնդիր է, և նման ազդակներ, իհարկե, պետք է հաղորդենք մեր հասարակությանը»։
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։

 

«Բյուջե-2010»-ի վերջնական տարբերակը պատրաստ է


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողով ներկայացված 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխություններին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է, հաշվի առնելով դրանք, լրամշակել ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակը և ՀՀ ԱԺ-ում քննարկման արդյունքների ամփոփաթերթը ներկայացնել կառավարության աշխատակազմ, որի ղեկավարին հանձնարարվել է նախագիծը և ամփոփաթերթը սահմանված կարգով ներկայացնել Ազգային Ժողով։ Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը` 75 մլրդ դրամով։
Հիմք ընդունելով «Ուորլի Պարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու սահուն գործընթացը և ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու իրողությունը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2009 թ. պետբյուջեում, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և կառավարության պահուստային ֆոնդից 1.000.000.0 հազար դրամ տրամադրել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` ՀԴՄ 2009 թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Մեկ այլ որոշմամբ ևս վերաբաշխվել է 2009-ի պետբյուջեն` ՀՀ և ՎԶՄ բանկի միջև կնքված Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ծախսերը բյուջեում ներառելու, ինչպես նաև լրացուցիչ համաֆինանսավորում հատկացնելու նպատակով։

Կենսաթոշակային բարեփոխումը` նոր ժամանակացույցով


Կառավարությունն իր նիստում փոփոխել է իր ավելի վաղ հաստատած ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը։ Ս.թ. հունիսին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում, հաշվի առնելով առկա խնդիրները, որոշում էր կայացվել կենսաթոշակային բարեփոխման սկիզբը, նախկին 2010-ի փոխարեն, սահմանել 2011 թ. հունվարի 1-ը։ Իրավական այս ակտի ընդունմամբ կապահովվի կենսաթոշակային բարեփոխման ենթակառուցվածքների ձևավորումը, համակարգում կուտակային բաղադրիչի ներդրումն ու բնականոն գործունեությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարևորել է այս որոշումը` հիշեցնելով, որ ՀՀԿ համագումարում ունեցած իր ծրագրային ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է կենսաթոշակային բարեփոխման սկիզբը։ Այժմ հստակեցվում է բարեփոխման ժամանակացույցը, որպեսզի 2011թ. համակարգն ամբողջությամբ պատրաստ լինի նոր ռեժիմին։ Գործադիրը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար հավելումները։ Սրանց հետ կապված հարաբերությունները չկարգավորված էին մնացել 2007 թ. համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։
ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ վերաբաշխում է կատարել 2009 թ. պետբյուջեում, փոփոխություններ` նախկին որոշումներում և 458.000,0 հազար դրամ հատկացրել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի մի քանի մաքսակետում կապիտալ շինարարության, մյուսներում` վարչական շենքերի ջեռուցման, գազիֆիկացման և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կառավարության պահուստային ֆոնդից ՊԵԿ-ին տրամադրվել է նաև 45000.0 հազար դրամ` համակարգիչներ և տնտեսական գույք ձեռք բերելու և վարչական շենքերի կապիտալ նորոգման համար։
ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Եղեգնաձոր քաղաքի Ավագյան 40 հասցեում գտնվող շենքը և շինությունները, որոնք բնակեցված չեն, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը` Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության և նախարարության քննչական ծառայության Եղեգնաձորի կայազորի
քննչական բաժնի տեղակայման նպատակով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը պաշտպանության նախարարին պարտավորեցրել է համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Լազերային տեխնիկա» ՓԲԸ և «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ կանոնադրական կապիտալների ավելացումը։ Որոշման նպատակն է ֆինանսական ծանր վիճակում գտնվող ընկերություններին հնարավորություն տալ ոտքի կանգնելու, մարելու կուտակված պարտքերն ու տնօրինելու գոյացած դրամական ազատ միջոցները։
Լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ոլորտ է ներմուծել «պալիատիվ» հասկացությունը, որը բժշկական միջոցների համակցում է և ցուցաբերվում է մահամերձ և սահմանային վիճակում գտնվող հիվանդներին` ուղղված լինելով վերջիններիս ֆիզիկական և հոգեկան տառապանքների մեղմացմանը։
Իր նիստում գործադիրը որոշել է Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 2-րդ մասնաշենքի 716-րդ սենյակի բնակիչ Ռիմա Գազարովային ճանաչել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի շահառու և նրա բնակարանային խնդիրը լուծել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ձեռք բերվող բնակարաններից մեկսենյականոց բնակարանի հատկացմամբ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գասպարյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարությանը 2009 թ. 4-րդ եռամսյակում հատկացնել 5,000 (հինգ հազար) եվրոյին համարժեք դրամ, որը վճարվելու է դիմումատուին։


Երկաթուղու սակագինն անհիմն չի աճելու

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկաթուղային փոխադրման ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջև համաձայնագրի նախագծին և ՀՀ անունից այն կնքելու իրավունքը վերապահել տրանսպորտի և կապի նախարարին։ Որոշման նպատակն է նշված սակագների տնտեսական չհիմնավորված աճի բացառումը։ Ստեղծվելիք հանձնաժողովը կսահմանի երկաթուղային փոխադրման ծառայությունների գնագոյացման մեթոդաբանությունը, սակագների փոփոխության և հիմնավորվածության վերաբերյալ կկազմակերպի քննարկում, ինչպես նաև համաձայնություն կտա, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սահմանի կամ փոփոխի սակագները։ Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությամբ ուժը կորցրած է ճանաչվել այդ հարաբերությունները մինչև օրս կարգավորող կառավարության որոշումը։ Գործադիրը նաև համաձայնություն է տվել Երկաթուղիների համագործակցության կազմակերպությանը ՀՀ անդամակցության առաջարկությանը։ Կազմակերպությունը, որը ստեղծվել է 1956 թ. և որին անդամակցում է 27 պետություն, նպատակ ունի խթանել միջազգային երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումը, Եվրասիական տարածաշրջանում ստեղծել երկաթուղային տրանսպորտի միասնականացված համակարգ, նպաստել միջմայրցամաքային երկաթուղային հաղորդակցության մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև համագործակցությանը և տեխնիկական առաջընթացին։ Գործադիրն իր որոշմամբ «Գյումրու N2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել է «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի, որը հանրապետությունում միակն է, որը կադրեր է պատրաստում երկաթուղային տրանսպորտի մասնագիտություններով և այսուհետև կունենա ուսանողների հանրակացարանային շենք։


Կարգավորվում է ընդերքօգտագործումը

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը` գործադիրը փոփոխություններ է կատարել տարբեր տարիների իր ընդունած երեք որոշումներում, որոնցով կարգավորվում է օգտակար հանածոների ուսումնասիրության նպատակով ընդերքի տեղամասերի լոտերի մեկնարկային գների հաշվարկը, հստակեցվում է կոնցեսիոն վճարի չափը, ինչի շնորհիվ ապահովվում է աճուրդի անցկացումից սպասվելիք ֆինանսական մուտքերի ծավալը ՀՀ պետբյուջե։ Որոշմամբ նպատակահարմար է համարվել բոնուսի մեծության հաշվարկման համար «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքով նախատեսված հանածոյի կորզվող արժեքի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարի արտադրյալի 0,2 տոկոսի (նախկին 0,01 տոկոսի փոխարեն) կիրառումը։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ այս առաջարկությամբ հանդես են եկել մի շարք հասարակական կազմակերպություններ, և որոշման մեջ հաշվի է առնվել դրանց անդամների կարծիքը։ Ոլորտին վերաբերող օրենքներում առկա բազմապիսի տարբերությունների վերացման նպատակով ստեղծվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, որի նախագծի մշակման աշխատանքի ավարտի ժամկետ է սահմանվել 2009 թ. դեկտեմբերի 10-ը։

Օրենսդրական խնդիրներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձևավորել հակամարտության ծագման և ծավալման վերաբերյալ։ Խնդիր է դրվում միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը` մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման համար, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` այդ գործում ակտիվորեն ներգրավելով խորհրդարանական դիվանագիտությունը։
Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել էթիլային սպիրտից սպիրտային խմիչք արտադրողների համար ստեղծված դաշտի անհավասարությունը։
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն ընդունելու դեպքում կլուծվեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող և ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների` անձի հաշվառված չլինելու հետ կապված խնդիրները։ Առաջարկվում է այդ անձանց հաշվառել օտարերկրյա պետությունում իրենց մշտական բնակության վայրի հասցեով։ Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել այս օրինագիծը։
ՀՀ կառավարությունը քննության է առել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, հեղինակների կարծիքով, կոչված է հստակեցնելու կանոնակարգի մի շարք դրույթներ և շտկելու մի շարք անճշտություններ։ Սկզբունքային առարկություն չունենալով հանդերձ գործադիրը հանդես է եկել մի քանի առաջարկությամբ։ Կառավարությունն իր առաջարկություններն ընդունելու դեպքում ընդունելի կհամարի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք նախատեսում են ապրանքներին վերաբերող պարտադիր տեղեկատվության ցանկում և մշակութային գովազդում ամրագրել ֆոնոգրամայի (ձայնագրության) կամ կենդանի կատարման իրողությունը։
ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություն և լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում է Ամանորը և Ծննդյան տոները նշել դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը 4-ը և 5-ը (Նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) հայտարարել ոչ աշխատանքային օրեր։ Ոչ աշխատանքային է առաջարկվում սահմանել հունվարի 7-ը` Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենքի ընդունման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան տարեկան երկու անգամ օգտվել տևական արձակուրդից և հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել սույն օրենքի նախագիծը։
Կառավարության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր» ձևակերպման փոխարեն ընդունել «Ցեղասպանության զոհերի հիշատակի և Հայրենազրկման դատապարտման օր» ձևակերպումը։ Կառավարությունը գտնում է, որ Ցեղասպանության հետևանքներից մեկի` հայրենազրկման առանձնացված դատապարտումը նվազեցնում է գործող օրենքի նշանակությունը, ուստի դեմ է նախագծի ընդունմանը։
Գործադիրի բացասական եզրակացությանն է արժանացել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որն ընդունելու դեպքում կբերի շուրջ 700 մլն դրամի լրացուցիչ բյուջետային հատկացման անհրաժեշտություն։ Այդ գումարը ներառված չէ ինչպես ՀՀ 2009 թ. պետբյուջեում, այնպես էլ 2010 թ. պետբյուջեի նախագծում։
Վերը նշված օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Կանոնակարգվում են մի շարք ոլորտներ

ՀՀ կառավարությունը հաստատել է փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը, փաստաթղթի տրման կարգը, ՀՀ տարածքային կառավարման նախարարին պարտավորեցրել մեկ տարվա ընթացքում ապահովել փախստականի և ժամանակավոր ապաստան ստացածի վկայականների փոխարինումը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով։ Ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 1999 թ. ընդունած համապատասխան որոշումը։
Գործադիրը սահմանել է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծման և կառուցման կարգը, որը նախկինում որևէ օրենսդրական ակտով կարգավորված չի եղել։ Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման» և «Շինարարական ապակիներին ներկայացվող անվտանգության պահանջների» տեխնիկական կանոնակարգերը։ Նիստում սահմանվել է Հայաստանում արտադրված և ՀՀ ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը, որը կնպաստի շուկայահանվող արտադրանքի բաղադրության և ցուցանիշների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

Այլ որոշումներ

Կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մի քանիսը, լուծել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության շենք ունենալու, ինչպես նաև Արմավիրի մարզի Գայ համայնքում խաղողի վազերի ֆիլոքսերա հիվանդության դեմ պայքար մղելու հարցը։
Հաշվի առնելով «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը, ՀՀ կառավարությունն իր որոշմամբ նշված արտաբյուջետային հաշվով ֆինանսական միջոցների շրջանառության ժամկետը երկարաձգել է մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև կրթական, գիտական և մշակութային համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթի ստորագրումը կնպաստի երկուստեք փոխշահավետ գիտակրթական կապերի ամրապնդմանը։
Իր նիստում կառավարությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր օլիմպիական պարբերաշրջանում նորացվող կանոնակարգերը, որոնց արդյունքում փոփոխվում են «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» և «ՀՀ սպորտի վարպետ» մարզական կոչումների չափորոշիչները, փոփոխություն և լրացում է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը որոշել է Վաղարշապատի «Դավ ֆարմացիա» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տալ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա։ Երկու այլ որոշումներով կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Ֆարմառս+» և «Մերկադո հոլդինգ» ՍՊԸ-ներին տրված համանման լիցենզիաները։
Գործադիրը որոշում է ընդունել փոխել Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմանում գործող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքի հողերից 2.28 հեկտարը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` ագրոտուրիստական հյուրատնային կենտրոնի կառուցման համար։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ երկու քաղաքացու։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ