Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 նոյեմբերի 2009

Շուշիի վերականգնումն ազգային արժանապատվության խնդիր է

                               Կատարենք մեր անձնական ներդրումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչև օրակարգի հարցերին անցնելը նա շնորհավորել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին` այդ պաշտոնում նշանակվելու, ծննդյան օրվա առթիվ` պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին և վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանին, կառավարության անունից նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք։
Այնուհետև վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարևոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով։ Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, և գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման աշխատանքները։ Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար։ Այդ իսկ առումով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը և մեր անձնական ներդրումը կատարելով, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին առաջնորդենք, ուղղորդենք, որպեսզի լինի լայն մասնակցություն այս գործընթացին։ Ես և իմ ընտանիքը նույնպես մասնակցելու ենք այս հանգանակությանը, կատարելու ենք մեր ներդրումը` դրանով իսկ առաջնորդելով մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին։ Այստեղ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք իրենց անձնական օրինակով պետք է ոգևորեն իրենց աշխատակիցներին, իրենց շրջապատող մարդկանց։ Համաձայնեք, որ մեր անձնական պարտքն է մասնակցել այս հանգանակությանը։ Ես ուզում եմ, որ այս տրամադրությունը հաղորդեք նաև ձեր կոլեկտիվներին»։

Բնապահպանական հիմնախնդիրներ

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2003թ. օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N1110-Ն որոշման մեջ, որի համաձայն անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային օգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խմ ստորերկրյա ջրի արժեքն ընդունվում է 10 դրամ, իսկ 1 խմ մակերևութային ջրի արժեքը` 5 դրամ, նախկինում սահմանված 32 դրամի փոխարեն։ Նշված մեծությունները համարժեք են ներկայումս ջրերի համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի տասնապատիկին և ավելի մոտ են Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխանող ջրային ռեսուրսի իրական տնտեսական արժեքին։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը փոփոխել է իր 2008թ. դեկտեմբերի 18-ի N1563-Ն որոշումը, որը վերաբերում է «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրմանը և քաղաքաշինական գործունեության իրականացմանը։ Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզպետի առաջարկությունը, վերը նշված որոշման երրորդ ենթագոտին, որն ընդգրկում է «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչև 500 մ լայնությամբ շերտի տարածքը, հանվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներից, քանի որ վերջինիս լիազորությունը տարածվում է միայն բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, իսկ երրորդ ենթագոտին բնության հատուկ պահպանվող տարածք չէ։
Գործադիրը հավանություն է տվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի հզորությունների ամրապնդման 2010-2013թթ. ծրագրին` ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցնելով ՀՀ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի նախագիծը կազմելիս ՀՀ բնապահպանության նախարարության հայտի հիման վրա քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը։ Ծրագրի շրջանակում իրավական, տնտեսական և սոցիալական համակարգերի ներդաշնակեցումը թույլ կտա համատեղել բնության պահպանությունը և կանոնակարգված բնօգտագործումը` նպաստելով բնապահպանական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Գործադիրը հաստատել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրության իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև վերաբաշխում կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխել կառավարության նախկին որոշումներից մեկը և 2009թ. չորրորդ եռամսյակում 5717.1 հազար դրամ հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Ծրագրի հիմնական նպատակը Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի շահագործողական պաշարների վերագնահատումն է։

 

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը կընդգրկվեն վարչական սահմաններում, ինչը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել եղած հողային ֆոնդի կառավարումը, այլ նաև հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումից գոյացած միջոցների հաշվին զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները։ Հավանություն է ստացել նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ 2010թ. պետբյուջեի կողմնորոշիչ չափաքանակներից, որտեղ նախատեսված չեն աշխատավարձի բարձրացման լրացուցիչ միջոցներ։
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հեղինակի հիմնավորմամբ կոչված է ապահովելու փաստաբանի անկախությունը և լիարժեք դարձնելու կասկածյալի պաշտպանությունը։ Կառավարությունն առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Իր նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և արել մի շարք դիտողություններ և առաջարկություններ։ Դրանց հիման վրա գործադիրը նպատակահարմար է համարում առայժմ ձեռնպահ մնալ և խնդրին անդրադառնալ 2010թ. երկրորդ կիսամյակի սկզբում, երբ կամփոփվի Երևան քաղաքում նոր մոտեցումների կիրառման փորձի ուսումնասիրությունը։
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Գոհար Ենոքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով առաջարկվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի։ Հաջորդ օրինագիծը Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունն է` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է գործադիրի բացասական եզրակացությանը։ Օրինագծի ընդունման դեպքում, ըստ կառավարության, կխախտվի բոլոր սփյուռքահայերի և մասնավորապես վիրահայերի հավասարության սկզբունքն ընդհանրապես, այն ոչ միայն չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, այլև, ընդհակառակը, կարող է ունենալ հակառակ ազդեցություն և Ջավախքի հայաթափման պատճառ դառնալ։
Այս օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

 

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» իրականացման վերաբերյալ ՀՀ հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը։ Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1993թ. հունիսի 23-ին և իբրև մասնակից-պետություն` պարտավոր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պարբերաբար ներկայացնել համապատասխան զեկույցներ, որոնք հանձնվելու են ռասայական խտրականության վերացման հարցերի կոմիտեի քննարկմանը։ Զեկույցը բովանդակում է կոնվենցիայի դրույթների կատարման 2002-2009թթ. հաշվետվությունը։ Հաստատվել է նաև ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման նպատակով կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրով տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը։ Որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի 2005թ. մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից ելնելով։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության մի շարք ոլորտներ, որոնցից են զինված ուժերի կազմակերպումը և սպառազինման տեսակները, տարածքային և օպերատիվ հրամանատարության կազմակերպումը, շտաբների աշխատանքը և այլն։
Կառավարությունն իր նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության պատշաճ կարգավորման համար, կնպաստի դրանց տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը։
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2009թ. պետական բյուջեում և փոփոխություն` իր նախորդ որոշումներից մեկում, որպեսզի ՀՀ 2009թ. պետբյուջե ներառի ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված ծախսերը։ Դրանք նախատեսված է իրականացնել նշված ծրագրի մինչև 2009թ. նոյեմբերի 30-ը չօգտագործվելիք ՀՀ համաֆինանսավորման և վարկային միջոցների հաշվին (վերաբաշխման եղանակով)։ Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է արել իր 2003թ. հոկտեմբերի 2-ի «ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ` այն համապատասխանեցնելով ԻԿԱՕ-ի «Անվտանգություն» N 17 հավելվածում վերջինիս և Եվրահանձնաժողովի կողմից ընդունված ավիացիոն անվտանգության նոր չափորոշիչներին։ Նիստում հաստատվել է «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկում իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը»։ Որոշմամբ կանոնակարգվում է դեպի ՀՀ, ՀՀ-ից դուրս կամ ՀՀ տարածքում վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների օդային փոխադրման, օդանավակայանների բեռնային համալիրներում, ինչպես նաև օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանք իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկում (փաթեթավորում և փաստաթղթային ձևակերպում) իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը։


Բյուջետային անհետաձգելի ծախսեր

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը լրացում է կատարել իր 1998թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ կացության հատուկ կարգավիճակ ստացող օտարերկրյա քաղաքացիները հաճախ իրենց անվան և ազգանվան տառադարձության հետ կապված խնդիր են ունենում, ինչն էլ հետագայում բազմաթիվ խոչընդոտների և դժգոհության առիթ է դառնում։ Որոշմամբ նախատեսվում է, որ նման դեպքերում քաղաքացու ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառմանը, ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը պետք է կատարվի գրական հայերեն, իսկ առանձնակի դժվարություն ներկայացնող դեպքերում տառադարձման համար անհրաժեշտ է հիմք ընդունել ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից տրված տեղեկանքը։

Իր նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից աղետի գոտու բնակավայրերում 2009թ. իրականացվող բնակշինարարության ծրագրով կառուցվող բնակելի տների (բնակարանների) բաշխման և հատկացման հետ կապված խնդիրների կարգավորմամբ։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և 22,282.4 հազար դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների հիմնադրամի և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակ» ՊՀ միջոցներով ՀՀ 10 մարզերում իրականացվող համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Վերաբաշխում կատարելով 2009թ. պետբյուջեում, կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու մարզերի պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների և մայրաքաղաքի մշակութային օջախների վերականգնման ու նորոգման համար։
Ծրագրերի համաֆինանսավորման իր պարտավորությունը կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում և իր նախկին երկու որոշումներում։
ՀՀ կառավարությունը որոշել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող 48 քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ քաղծառայության խորհրդին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10564.5 հազար դրամ։

 

Այլ որոշումներ

Ի կատարումն ՀՀ Նախագահի 2009 թ. նոյեմբերի 24-ի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ զորակոչի ենթակա ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից, իսկ ասպիրանտուրան ավարտած կամ գիտական կոչում ունեցող սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների և նշանակվում են ՀՀ զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների։ Հաջորդ որոշմամբ գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հնարավորություն է սահմանել երեք և ավելի երեխա ունեցող առաջին խմբի բժշկական կազմի սպաների համար։
Կառավարությունը սահմանել է ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը։ Դրանով իսկ կուժեղանա ոստիկանության ծառայողի կողմից զենք պահելու, կրելու, այն գործադրելու վերահսկողությունը, կձեռնարկվեն ծառայողին անօրինական գործողություններից զերծ պահելու լրացուցիչ միջոցներ։
ՀՀ կառավարությունը հաստատել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը, այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխարինելու կարգը։ Որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի 2008թ. նոյեմբերի 27-ի «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2010-2011 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է 2009թ. դեկտեմբերի 6-ին NN 8 և 25 ընտրատարածքներում կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 31.199.237 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 12.093.504 դրամ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին առաջարկվել է ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան։
Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Ջաջուռավանի և Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները և անցկացնել նրանց արտահերթ ընտրություն։ Գործադիրը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է այդ նպատակով գումար հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը։
ՀՀ կառավարությունը որոշել է Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3 հա անտառային հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ծաղկաձորի քաղաքային համայնքին։ Փոփոխումը պայմանավորված է տուրիզմի զարգացման հեռանկարային ծրագրերի զարգացման անհրաժեշտությամբ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն Արարատի մարզի Շաղափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 12 հեկտար արոտավայրը փոխադրել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն տրամադրելու համար։


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ