Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 նոյեմբերի 2009

Պարզեցվում և հստակեցվում են աշխատանքային հարաբերությունները


Ներդրվում է աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Որոշումը մշակվել և ընդունվել է` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը։ Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցել ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ կոնվենցիաներով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին։ Նախատեսվում են նաև աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաև ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը։
Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։


Արձանագրային այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցին, որի նախապատրաստման հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Քաղծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում» հետազոտության արդյունքները։ Հետազոտության իրականացման համար պետական կառավարման մարմիններից հավաքվել են տվյալներ, որոնց վերլուծությամբ հաշվարկվել են պետական առանձին ծառայությունների, քաղաքացիական ծառայության համակարգի, ըստ պետական կառավարման մարմինների, ըստ վարչատարածքային միավորների (մարզերի) միջին աշխատավարձը, պետական կառավարման համակարգի նվազագույն և առավելագույն աշխատավարձը, միջին աշխատավարձն ըստ քաղծառայության համապատասխան պաշտոնների, որոշվել են քաղծառայության համակարգում գերակշռող մասնագիտությունները և հաշվարկվել միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների, վերլուծվել է պետական ծառայության, այդ թվում` քաղծառայության վարձատրության համակարգը։ Աշխատավարձի վերաբերյալ հավաքված տեղեկությունների հիման վրա ներդրվել է վարչական վիճակագրական ռեգիստր։ Հիմք ընդունելով կատարված վերլուծությունը և եզրակացությունը` ներկայացվել են հետևյալ հիմնական առաջարկությունները` բարեփոխել քաղծառայողների հիմնական աշխատավարձի ձևավորման սանդղակները, միասնականացնել նրանց լրացուցիչ աշխատավարձի ձևավորման կառուցվածքը, ձեռնարկել մասնավոր հատվածի նկատմամբ պետական հատվածի աշխատավարձի մրցունակությանն ուղղված քայլեր։ Քաղծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններին, որոնց իրականացման համար ՀՀ պետբյուջեից կպահանջվեն լրացուցիչ միջոցներ, հնարավոր կլինի անդրադառնալ Կայուն զարգացման ծրագրի վերանայված տարբերակի հաստատման և պետբյուջեում համապատասխան միջոցների առկայության դեպքում։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, ըստ որի գործադիրի համար ընդունելի է բռնադատվածներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գաղափարը, սակայն երկարաժամկետ վարկեր տրամադրելու դրույթները ոչ թե պետք է փոխարինվեն, այլ լրացվեն ֆինանսական աջակցության դրույթներով։ Օրենքի նախագիծը կառավարության համար ընդունելի կլինի արված առաջարկությունների ընդունման դեպքում։
Գործադիրը նպատակահարմար չի համարել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» և «Գնումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը։ Առաջինը վերաբերում է «Հայրենատիրության օր» սահմանելուն և տոնելուն, ինչի հիմնավորումը կառավարությունը բավարար չափով համոզիչ չի համարում, իսկ երկրորդը հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակներին և գնումների հիմնական սկզբունքներին։
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Բարելավվում են մաքսային և աշխատանքային պայմանները


ՀՀ կառավարությունը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից 2008թ. հուլիսի 16-ի C 1279 մաքսային հայտարարագրով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. ապրիլի 30-ը։
Կառավարությունը 2009թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ` փոփոխություններ և ՀՀ պետբյուջեից 2009թ. չորրորդ եռամսյակում 3.100,0 հազար դրամ է հատկացրել Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու, ինչպես նաև 13.200,0 հազար դրամ` օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2009թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց իրավունքով ամրացված Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող N1 մասնաշենքի 3-րդ հարկի 644.9 քմ տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նույն նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությանը` դրանով իսկ բարելավելով ծառայության անձնակազմի աշխատանքային պայմանները։ Փոփոխելով կառավարության նույն որոշումը և ավելացնելով 2009թ. պետբյուջեի եկամուտները և ծախսերը` գործադիրը 194,398.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի համար վարչական շենք ձեռք բերելու նպատակով։ Շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Կանազ» ԲԲ ընկերությանը, որը ստացված գումարն ուղղելու է պետական բյուջեի նկատմամբ իր ունեցած պարտավորությունների, աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման համար հաշվարկված 27.6 մլն դրամ կապիտալացման գումարի, ինչպես նաև ընկերությանը փոխառության պայմանագրով տրամադրված 70,000.0 հազար դրամ գումարի մարմանը։
Կառավարությունը որոշել է «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Րաֆֆու փողոցի 111/11 հասցեում գտնվող հակահրդեհային դեպոյի շենքը և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ձեռք բերելու նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը 2009թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 44.861.344 դրամ։ Ընկերության հետ կնքվելիք առուվաճառքի պայմանագրում նախատեսվելու է դրույթ, որով վերջինս կպարտավորվի վաճառքից գոյացած ամբողջ գումարն ուղղել համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հողի հարկի և գույքահարկի պարտավորության և գույքի վաճառքից առաջացած ԱԱՀ մարմանը։ Նշված ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր ՌԴ «Գույքի կառավարման դաշնային գործակալությանը» պատկանող շենքում կան նաև անօրինական բնակվողներ։ Սույն որոշմամբ պետությունը ձեռք է բերում անշարժ գույքը, որից հետո այն հնարավոր է հատկացնել բնակիչներին կամ հանձնել Երևանի քաղաքապետարանին։ Գործադիրը որոշում է ընդունել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրի փլուզված հատվածի վերականգնման համար կառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտում գտնվող տարբեր նշանակության հողատեսքերի, շենք-շինությունների իրացման համար փոխհատուցում տալու վերաբերյալ` փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած համապատասխան որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերստին փոփոխելով վերը նշված որոշումը, ինչպես նաև «2009թ. պետբյուջեի մասին» օրենքի N1 հավելվածը և նախկինում իր ընդունած ևս երկու որոշումների հավելվածները, Սյունիքի մարզի Տեղ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների և մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին որոշել է վերականգնել նաև հարևան Արավուս գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը։ Հաջորդ որոշմամբ նույնպես գործադիրը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում և փոփոխություններ` ՀՀ կառավարության նույն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված փոխառության համաձայնագրի համաձայն «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ծախսերը ՀՀ 2009թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ։ Գործադիրը նաև հաստատել է նույն ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված «Արմավիրի և Թալինի ոռոգման համակարգերի մայր ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկում և որակի հսկողություն» խորհրդատվական մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Քիս Քնսալթինգ Ինջինիերս Սալզգիթեր» ՋմբՀ (Գերմանիա) և «Երևանի ճարտարապետաշինարարական համալսարան» (Հայաստան) համատեղ ձեռնարկությանը։
Կառավարությունն իր նիստում որոշել է Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության աշխատավորական կոլեկտիվին` ընկերությունը վերանվանելով «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություն։ Նույն որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մի շարք կառավարչական հիմնարկների տրանսպորտային միջոցներ օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։

Իրականացվում են հակակոռուպցիոն միջոցառումներ


ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և ի կատարումն ՀՀ վարչապետի ավելի վաղ ընդունած որոշման ցանկի, սահմանել է ոստիկանության` ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը։ Ռոտացիայի են ենթակա անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի և անձնագրային խմբի ավագ տեսչի պաշտոն զբաղեցնող ծառայողները։ Ոստիկանության ղեկավարը ռոտացիայի ենթակա կոնկրետ պաշտոններում ծառայողներին կկարողանա նույն ստորաբաժանման ներսում հավասարազոր պաշտոնների տեղափոխել առնվազն երեք տարին մեկ անգամ։ Որոշումն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության 2008թ. օգոստոսի 7-ի «ՀՀ պետեկամուտների (հարկային ու մաքսային) վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշման 1-ին հավելվածի Բ մասի 65-րդ կետը և 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշման 1-ին հավելվածի 240-րդ կետը, որոնք վերաբերում են հարկային վարչարարության կատարելագործմանը։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված միջոցառման ամբողջական իրականացումը, ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ կատարած ուսումնասիրության, դեռևս վաղաժամ է, և անհրաժեշտ է բարձրացնել ներկա տնտեսական պայմաններում եղած հարկային վարչարարության գործիքների լիարժեք օգտագործման արդյունավետությունը։
ՀՀ կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը և ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի գնահատման տեղեկատվական հենք։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» ՓԲ ընկերությունների 2008թ. ֆինանսական արդյունքները, թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքները նվազեցնելու միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումները` համապատասխանեցնելով դրանք 2008թ. տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին։
2008թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2009թ. մայիսի 31-ը և 2009թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածներում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի վարձակալության համար վճարում կատարելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 11.797,028 հազար դրամ` մասնակցելով կիսով չափ վարձակալման վճարին։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև 1996թ. Քիշնևում ստորագրված միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը։
Իր որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասնագիտական հանձնաժողովի կազմը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ