Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հոկտեմբերի 2009

Հրապարակային արձագանք հրապարակային հայտարարությանը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին.
«Ուզում եմ կառավարության նիստն սկսել հետևյալ թեմայով. «168 ժամ» թերթը և «Իրավունք» թերթը ուշադրության կենտրոնում են պահում կառավարության և վարչապետի գործունեությունը։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա. մենք բոլորս գիտենք շարժառիթները և զանգվածային լրատվական միջոցների աշխատանքն ուսումնասիրող մասնագետները նույնպես քաջ գիտակցում են, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այդ բնագավառում։ Եւ նաև բնական է, որ կառավարության գործունեությունը և վարչապետի գործունեությունը պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Այսօր «168 ժամ»-ը հրապարակել է մի հոդված փողերի լվանալու մասին և, մասնավորապես, Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ ինքը գիտե, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները պետք է արձագանքեն այս հայտարարությանը։ Կարծում եմ` ե՛ւ դատախազությունը, ե՛ւ կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վիկտոր Դալլաքյանի այս հայտարարությանը։ Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք զբաղված են փողերի լվացմամբ։ Երկրորդը` նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծը, որի նպատակը ճգնաժամի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները կարճ ժամկետով խթանելն է, այսինքն` սա ժամանակավոր օրենք է, որի էությունն այն է` որ եթե 2009, 2010, 2011թթ. Հայաստանի Հանրապետությունում մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում անողներ լինեն, ապա մենք այդ ներդրողների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ։ Հասկանալի է, որ ճգնաժամի ժամանակ ներդրումներ ներգրավելը դյուրին գործ չէ, և այս օրենքի նպատակը հենց դա էր։ Եթե օրենքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, ապա, բնականաբար, նպատակահարմար է, որ մենք այն չընդունենք։ Բայց այն մեխանիզմները, որոնք դրված են օրենքի հիմքում, իմ համոզմամբ, էապես և որակապես տարբերվում են այլ գործընթացներից։ Ենթադրվում է, որ պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք պետք է իրականացնեն մեկ միլիարդ դրամից ավելի կապիտալ շինարարություն, ինչպես նաև արտադրական շինարարություն և այդ ծրագրերը գտնվելու են ոչ միայն կառավարության, այլև հանրության հսկողության տակ։ Եթե այդ ներդրումները չեն գերազանցի 1 մլրդ դրամը, ապա չեն ստանա համաֆինանսավորում, իսկ համաֆինանսավորման չափը իրականացվելու է նույն սկզբունքով, ինչով մենք իրականացնում ենք ՀԲ-ի, միջազգային այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր։ Համաֆինանսավորման նպատակն է վերադարձնել շինարարներին ԱԱՀ-ն, որ նրանք վճարում են։ Եթե այս օրենքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ավելի բարձր ռիսկեր, քան այսօրվա շինարարական գործընթացներն են ենթադրում, ապա, բնականաբար, մենք այսօր հետ կկանչենք Ազգային Ժողովից։ Բայց մտահոգիչն այն է, որ թերթերը, զանգվածային լրատվական միջոցները, Ազգային Ժողովի պատգամավոր մեր գործընկերը հրապարակավ հայտարարություն է անում, որ ինքը քաջատեղյակ է փողերի լվացմանը։ Դա նշանակում է, որ ինչպես նա հրապարակայնորեն այդ մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին»։
Նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ օրեր առաջ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որին հրավիրված էին նաև կենտրոնական բանկի աշխատողները, լրագրողներ, նաև հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, թափանցիկ և հրապարակայնորեն քննարկվել են իրավապահ ոլորտի և բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները։ Ներկայացվել է Ստրասբուրգում մի քանի օր առաջ տեղի ունեցած ՄԱՆԻՎԱԼ-ի նիստի ժամանակ Հայաստանին տրված գնահատականը ևս, ըստ որի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ՄԱՆԻՎԱԼ-ի խումբը վերջերս եղել է Երևանում, աշխատել այստեղ և իր հետ հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել փողերի լվացման դեմ հատկապես վերջին տարիներին ծավալված պայքարի մասին։ Նույնիսկ համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանում կազմակերպվի դրական փորձի փոխանակման տարածաշրջանային քննարկում։ Գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտության դեպքում այդ ամենի մասին դարձյալ կտեղեկացվի հանրությանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ նման հարցերն անպատասխան թողնելը ճիշտ չէ, դրանք լուրջ ազդակ են կառավարության և հասարակության համար, քանի որ իշխանությունը հետամուտ է լինելու նման դեպքերի բացահայտմանը։ «Բայց եթե այդպիսիք չկան, ապա պետք է միջավայրը փոխվի Հայաստանում»,- եզրափակել է վարչապետը։
Այնուհետև կառավարությունն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը։


Կառավարությունը հավանություն է տվել

- «Պետական կենսաթոշակների մասին», ՀՀ օրենքում և ևս 53 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Սրանով, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր երկրում սկսվում է կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների դժվարին, սակայն և անհրաժեշտ գործընթացը։ Հույժ կարևոր այս նախագծերի փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ ԱԺ-ում։ Սակայն այն մեծ ճանապարհ ունի անցնելու ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հասարակության տարբեր շերտերում, շահառուների միջավայրում։ Վարչապետը հանձնարարել է օրվա ճեպազրույցում մանրամասնորեն լուսաբանել խնդիրը, ինչպես նաև հանրությանը մշտապես տեղեկացնել բարեփոխման ընթացքին։ Հիշեցներնք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում գործադիրը հավանություն է տվել բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրին ու ժամանակացույցին։
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է համայնքների ավագանիների կողմից ՀՀ վերահսկիչ պալատի և այլ պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների պարտադիր քննարկման պահանջի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը հավանության է արժանացել կառավարության անդամների բուռն և շահագրգիռ քննարկման արդյունքում։ Վարչապետի կարծիքով ընդունվելու դեպքում այդ օրենքը կնպաստի ՏԻՄ պատասխանատվության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի դերի բարձրացմանը։
- «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է իրավաբանական անձանց կողմից իրենց աշխատողների համար կատարված առողջության ապահովագրավճարները` ամսական մինչև 10 հազար դրամի չափով, համարել համախառն եկամտից նվազեցվող եկամուտ։ Նույն օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծի վերաբերյալ տեղեկացվում է, որ հեղինակներին առաջարկվում է համագործակցել մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով։
-ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է այդ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից, քանի որ այն հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չունի։
- ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որտեղ նշվում է, որ չնայած նախագծի ընդհանուր գաղափարն ընդունելի է, սակայն դրան ուղղված լուծումները չափազանց խոցելի են և համալիր վերանայման կարիք ունեն ինչպես բովանդակային, այնպես էլ իրավական տեխնիկայի առումով։ Այնուամենայնիվ, գործադիրը պատրաստակամություն է հայտնում, որոշակի պայմանների առկայության դեպքում, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը։
- ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որի համաձայն գործադիրը, համակարծիքի լինելով համայնքային բյուջեները բյուջետային մուտքերից ազատելու և գույքահարկի հավաքման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկությանը, նաև ներկայացրել է մի շարք առարկություններ և պատրաստակամություն հայտնել համագործակցել օրինագծի հեղինակների հետ` լրամշակելու այն։
- ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը։ Գործադիրը մի քանի առաջարկություն է անում նախաձեռնության վերաբերյալ և նշում, որ նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի առաջարկությունների ընդունման դեպքում։
- ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որով առաջարկվում է օրենսգրքի հոդվածներից մեկը շարադրել այլ խմբագրությամբ, ինչպես նաև ընդունել մեկ այլ հոդվածի վերաբերող առաջարկը։ Այդ դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված օրենքի նախագիծը, քանի որ ՀՀ վարչապետի խոսքով, բովանդակային իմաստով գործադիրը որևէ առարկություն չունի։
- ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Նշելով, որ կառավարությունը ևս կարևորում է նման կարգավիճակ ունեցող անհատական բնակելի տների խնդիրը և համապատասխան օրինագիծ է ներկայացրել ՀՀ Ազգային Ժողով, գործադիրը սույն նախագիծը թերի և անընդունելի է համարում։
- ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Նշելով, որ այսօր գործող ՀՀ օրենսդրությամբ ամբողջովին կարգավորված են վարորդների սթափ վիճակի ստուգման հետ կապված հարաբերությունները, այն, որ ՀՀ վարչապետը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, կազմակերպել ներքին քննարկումներ և դրանց հիման վրա ձեռնարկել վարչարարությունն ուժեղացնելու միջոցներ, կառավարությունը դեմ է օրենքի ընդունմանը ներկայացված տեսքով։
- ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի և Վարդան Բոստանջյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Օրինագիծը վերաբերում է քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացմանը, ինչը համահունչ է հանրային ծառայողների վարձատրության քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած մոտեցումներին։ Սակայն օրինագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի շուրջ 25.0 մլրդ դրամ, որը նախատեսված չէ 2010թ. պետբյուջեի նախագծով։ Կառավարությունը ներկայումս իրատեսական չի համարում նախագծի ֆինանսական ապահովումը, ուստի դեմ է դրա ընդունմանը։
- ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Գործադիրն անընդունելի է համարում Հայաստանում արտադրվող գարեջրի նկատմամբ օրինագծում առաջարկվող տարբերակված մոտեցումը և դեմ է դրա ընդունմանը։ Միևնույն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ օրինագծի հեղինակների մտահոգությունը հասկանալի է և հանձնարարել է հրավիրել նրանց մասնակցելու հարցի հետագա քննարկմանը։ Այդպիսի երկխոսությունը ԱԺ գործընկերների հետ միշտ էլ անհրաժեշտ է և կառավարության համար օգտակար, - նշել է վարչապետը։
Վերը նշված բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Ուժեղացվում է վերահսկողությունը

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բիզնես-գործընթացների վերակազմակերպման գծով տեխնիկական առաջադրանքին։ Հայաստանի պետական քաղաքականության հիմնական նպատակներից է ֆիսկալ մարմինների արհեստավարժ , կանխատեսելի և թափանցիկ գործողությունների միջոցով երկրում ապահովել նպաստավոր գործարար միջավայր։ ներկայումս ՊԵԿ-ն իրականացնելու է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ինստիտուցիոնալ զարգացմանը, կառուցվածքային փոփոխությանը, բիզնես-գործընթացի վերակազմակերպմանը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի արդիականացմանը։ Բարեփոխման հաջողությունն ապահովելու համար գործելու է խորհրդատվական ընկերություն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է համակարգում ծավալված և այս որոշմամբ նոր խթան ստացող բարեփոխման գործընթացը։
ՀՀ կառավարությունը երկու որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներում` նպատակ ունենալով կատարելագործել լիցենզավորում իրականացնող լիազորված մարմինների կողմից տրամադրված լիցենզիաների տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու համար սահմանված ձևատեսքերը, ինչպես նաև պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություն ունեցող պետական մարմինների կողմից այդ ծառայությունների մատուցման և դրանց վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կբարձրանա հարկային մարմինների կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունը։
Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքային կազմի զինծառայողներին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դրամական բավարարման և դրանց հավասարեցված վճարումների, ինչպես նաև նյութական ապահովության, սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվելու առանձին հարցերի կարգավորման նպատակով։
Իր նիստում կառավարությունը 55,672.4 հազար դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին` ուժգին քամուց տուժած մի շարք դպրոցների շենքերի վնասը վերացնելու, 25,327.6 հազար դրամ` «Էրեբունի» հնագիտական թանգարանի արտաքին աստիճանները և բազրիքները նորոգելու համար (անհրաժեշտ ևս 12,131.4 հազար դրամը տրամադրվել է Երևան քաղաքի 2009թ. բյուջեի միջոցներից)։
Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության գործունեության արդյունքների գանհատման նպատակով խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար կառավարության աշխատակազմին 2009թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 14,450.0 հազար դրամ` 2009թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշման ընդունմամբ գործադիրն սկսում է կիրառել մի անաչառ գործիք, որով հնարավոր է գնահատել կառավարության գործունեության արդյունավետությունը, բացահայտել նրա ուժեղ և թույլ կողմերը։
ՀՀ կառավարությունը որոշել է ՀԴՄ 2009թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ տիրապետող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից 2009թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 500,000.0 հազար դրամ։


Գործադիրը որոշել է հաստատել

- Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները։ Որոշման ընդունումը բխում է կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրից։
- Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ երրորդ զեկույցը, որը ներառում է տեղեկություն կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ 2004-2009թթ. ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։
- «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը։
- Որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը, դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները։ Որոշմամբ նախատեսվում է Հայաստանում արտադրվող ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների արտադրության հոսքագծերի վրա տեղադրել հաշվառման այնպիսի սարքեր, որոնք հարկային մարմիններին հնարավորություն կտան հսկողություն իրականացնել դրանց արտադրության և շրջանառության նկատմամբ, ինչը կնպաստի հարկման ենթակա արտադրանքի իրական ծավալների բացահայտմանը։
- Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը։
- ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե ներկայացնելու և ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ԱԱՀ գումարների փոխհատուցման կարգերը։
-ՀՀ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը։


Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» և «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի նպատակն է վերացնել տարընթերցումը, մասնավորապես այն, որ առողջության համար վնասակար է արխիվի լաբորատորիայի աշխատակիցների, այլ ոչ թե ամբողջ արխիվային գործի համակարգի աշխատողների աշխատանքը։
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել իր նախկին որոշումներից ևս մեկում` որոշման վերնագրից և առաջին կետից հանելով «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց» բառերը։ Որոշման ընդունումը պայմանավորված է նշված ՓԲԸ-ում ծագած մի շարք խնդիրներով, որոնք իրենց հերթին խոչընդոտ են ՀՀ կառավարության որոշման կատարման համար։
ՀՀ կառավարությունը հաստատել է Գորիսի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.2 հա հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա հասարակական կառուցապատման` հյուրանոցային համալիր կառուցելու համար։
Գործադիրը որոշել է Վայոց ձորի մարզի Արփիի և Տավուշի մարզի Ոսկևանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել համապատասխանաբար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների և հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` ապակու հումքի արդյունահանման և սպորտային գործունեության կազմակերպման համար։
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, մինչև 2010թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի միաբաններին և ուսանողներին, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին` ՀՀ 19 քաղաքացու։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2010թ. աշնանային զորակոչը, տարկետում է տվել ՀՀ երկու քաղաքացու։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ