Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հոկտեմբերի 2009

2010թ. հունվարի 1-ից կգործեն բոնուսի վճարման նոր կանոններ


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին.
«Կառավարության նիստը ես ուզում եմ սկսել մեր հանրության կողմից արծարծվող երկու խնդիրների անդրադառնալով։ Առաջին, վերջին շրջանում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հետևում են մեր բարեփոխումներին ու նաև մեր կոռուպցիոն խնդիրներին, մասնավորապես օժանդակում են հակակոռուպցիոն միջոցառումներին։ Բոլորն արձանագրում են, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները տալիս են դրական արդյունք։ Հարցումները, որ կատարվում են մեր քաղաքացիների շրջանում, նույնպես ցույց են տալիս, որ նաև հասարակությունը արձանագրում է, որ այստեղ կան դրական փոփոխություններ։ Եվ այստեղ մի հանգամանք է ի հայտ եկել` ավտոմեքենաների ձեռքբերման ժամանակ գրանցումների իրականացումը ոստիկանությունում։ Եվ այդ հարցումների և դիտարկումների գնահատականն այն է, որ այստեղ կան ռիսկեր և կարծում եմ, անհրաժեշտություն կա, որպեսզի ոստիկանությունն ինքը հետաքննի ոլորտը, պարզի, թե ինչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ավտոմեքենաների գրանցման ժամանակ մեր քաղաքացիներից չլինեն շորթումներ։
Երկրորդ հարցը, որ վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում է, կառավարության հունիսի 18-ի N684 որոշումն է, որն ինձ համար անսպասելիորեն դարձավ ե՛ւ հեռուստատեսային հողորդումների, ե՛ւ մամուլի ու հասարակական կազմակերպությունների քննարկման և քննադատության առարկան. Ջրվեժի անտառպարկի մասին է խոսքը։ 400 հա հող ենք հատկացրել այդ անտառպարկին, և խոսքը վերաբերում է 24 հա-ին, որն ըստ մեր քննադատների անտեղի դուրս է բերվել անտառպարկի սահմաններից և հանձնվել է համայնքին։ Բոլոր մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք ի կատար ենք ածել կառավարության դեռևս 1991թ. որոշումը, որի համաձայն 400 հա պետք է տրամադրվեր այդ անտառպարկին։ Այս խնդիրը դարձել է հասարակական բուռն քննարկման առարկա։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին և արձագանքենք մեր քաղաքացիների և հասարակական կազմակերպություններին խնդրանքին։ Ուստի ես հանձնարարում եմ իմ խորհրդական Արամ Ղարիբյանին, որպեսզի նա հրավիրի այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և առարկայորեն հասկանանք, թե մեր որոշման որ հատվածն է, որ առաջացնում է նրանց մտահոգությունը։ Միգուցե ինչ-որ տեղեկատվություն կա, որին մենք չենք տիրապետում, որը տեղիք է տալիս մամուլի այդպիսի քննադատական հոդվածներին։ Այդ դեպքում ևս մեկ անգամ անդրադառնանք թիվ N 684 որոշմանը»։

Կատարելագործվում է ՀԴՄ պարգևավճարի համակարգը


ՀՀ կառավարությունը լրացում է կատարել 2004թ. օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման մեջ։ Դրանով սահմանվում է, որ Հ կառավարության 30.10.2008թ. «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտները ՀԴՄ կտրոն տրամադրելիս պետք է կիրառեն միայն ՀՀ կառավարության 01.06.2005թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ սահմանված պահանջները բավարարող ժապավեններ։ Նշված ոլորտներում ՀԴՄ կտրոն տրամադրելիս այլ ժապավենների կիրառումը կդիտվի որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում։ Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր 2005թ. հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է, որպեսզի գործունեության որոշ տեսակներով զբաղվող տնտեսվարողների կողմից տրամարվող ՀԴՄ կտրոնների տարբերակման նպատակով կիրառվեն տարբերակված գույնի ՀԴՄ ժապավեններ։ Դա հնարավորություն կտա բացառել նշված ոլորտներում կիրառվող ՀԴՄ-ների տրամադրած կտրոնների ներառումը պարգևավճարի ստացման նպատակով կազմվող կտրոնների խմբաքանակում։ Երրորդ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև իր 2008թ. հոկտեմբերի 30-ի N 1330 որոշման մեջ։ Սահմանվել է, որ ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող ) ֆիզիկական անձը 2010թ. հունվարի 1-ից բոնուս ստանալու համար կարող է կազմել և ներկայացնել հիսունից մինչև հինգ հարյուր (ներառյալ) կտրոն պարունակող խմբաքանակ, որոնց վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարը չպետք է պակաս լինի հարյուր հազար դրամից։ Ներկայացված խմբաքանակի համար բոնուսը հաշվարկվելու է խմբաքանակում ներառված կտրոնների վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարի 1.0 տոկոսի չափով։ Կարգով սահմանված պահանջները չբավարարող` որոշման ուժի մեջ մտնելուց հետո վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ տարածքում գործող բանկեր։ Որոշմամբ նախատեսվում է 2010թ. հունվարի 1-ից կիրառել սահմանափակումներ, մասնավորապես` առանձին գործունեության տեսակների համար կիրառվող ՀԴՄ տրամադրած կտրոնները չեն կարող ներառվել բոնուսի ստացման նպատակով կազմված ՀԴՄ կտրոնների խմբաքանակում։ Սահմանափակումները վերաբերում են հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներին, կապի բնագավառում միջնորդական գործունեությանը և կրթության ոլորտին։ Բանն այն է, որ նշված գործունեության տեսակների համար իրացման շրջանառության աճը չի բերում հարկային հետևանքներ` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով, իսկ կապի բնագավառում միջնորդական գործունեության ժամանակ տրամադրված կտրոնների մասով ֆիսկալ առումով մեծ ռիսկեր կան, քանի որ այս ոլորտում հարկերը հաշվարկվում են միջնորդավճարից, սակայն ՀԴՄ-ով մուտքագրվում է հատուցման ենթակա ամբողջ գումարը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունման շնորհիվ էականորեն կբարձրանա սպասարկման մակարդակը, քանի որ բանկային համակարգն ունի 10-ից ավելի անգամ շատ մասնաճյուղեր, քան հարկային մարմինը, որակապես նոր մակարդակի կհասնի փաստաթղթաշրջանառությունը, կապահովվի հարկային եկամուտների կայուն աճ։
Ամփոփելով քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.
«Մենք ունենք ՀԴՄ կտրոնների բոնուսների տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներ։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը պետական եկամուտների կոմիտեի խնդրանքով կատարել է ուսումնասիրություններ և բացահայտել լուրջ պրոբլեմներ, չարաշահումներ, որոնք առկա են այս դաշտում։ Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցեն օրենքը և պետությունից փողեր փախցնեն։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում` ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա։ Հաստատագրված վճարով աշխատող ձեռնարկությունները, որոնք անտարբեր են այդ կտրոնների նկատմամբ, տպագրում են ՀԴՄ կտրոններ, բաժանում իրենց աշխատողներին` աշխատավարձի փոխարեն։ Նաև նկատում ենք սպեկուլյատիվ գործողություններ, երբ մարդիկ իրենց կտրոնները ավելի էժան գնով կամ իրենց հասանելիքը ներկայացնելով հարկային մարմիններին, վերավաճառում են։ Խնդիրն այն է, որ այս բացահայտված պրոբլեմները լուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ։ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պարզեցնել համակարգը, որպեսզի այսուհետև չգործի սանդղակ, անկախ ծավալից, քանակից քաղաքացիներին կտրոնների մեկ տոկոսը վերադարձվի։
Երկրորդ նորամուծությունն այն է, որ բոնուս է տրամադրվելու միայն այն կտրոնների դիմաց, որոնք ստացվել են շահութահարկ վճարողներից։ Հաստատագրված վճարում իրականացնող որոշակի ոլորտներ ստանալու են այլ տիպի ՀԴՄ կտրոններ, որոնք մասնակցելու են միայն վիճակախաղին։ Ես առաջարկում եմ, որ մենք այսօր մի համարձակ որոշում էլ ընդունենք, այն է` չորրորդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնենք բոնուսների տրամադրում, այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով այն պարզ պատճառով, որ բացահայտված թերությունները, խախտումները և բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք։ ՊԵԿ-ում գոյանում էին բազմահազարանոց հերթեր, ֆիզիկապես հնարավորություն չէր ընձեռվում ճշգրիտ ստուգումներ կատարել չարաշահումներից խուսափելու համար։ Եվ դա, իհարկե, հարուցում էր մեր հազարավոր քաղաքացիների արդարացի դժգոհությունը։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի առևտրային բանկերի հետ նույնպես բանակցենք և համաձայնության գանք, որպեսզի առևտրային բանկերը 2010թ. հունվարի 1-ից սպասարկեն այս մեծածավալ հոսքերը։ Բանկերի մուտքը այս դաշտ, բնականաբար, կավելացնի սպասարկման կետերը և հերթեր չեն առաջանա, միևնույն ժամանակ մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ վերահսկողություն սահմանել, որպեսզի կեղծարարություն չլինի։ Երրորդ, հանձնարարական է տրվում ՊԵԿ-ին այս երեք ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ այն ձեռնարկություններում, որտեղ վարչապետի վերահսկողական ծառայությունը բացահայտել է այդ ռիսկերը։ Այն ձեռնարկությունները, որոնք լինելով հաստատագրված վճարումների դաշտում կարճ ժամանակահատվածում տրամադրել են մեծաքանակ ՀԴՄ կտրոններ, պետք է հատեն 58 մլն դրամի շեմը և անցնեն սովորական հարկման դաշտ։ Ներմուծմամբ զբաղվող մեր այն ձեռնարկությունները, որոնք նույնպես տվել են այդպիսի մեծաթիվ կտրոններ, պետք է դառնան ՊԵԿ քննության առարկան, պետք է բացահայտել, թե արդյո՞ք այնտեղ կա կեղծարարություն, թե ոչ։ Այն ռիսկերը, որոնք բացահայտվել են վերահսկողության մեր ծառայության կողմից, պետք է ստանան ՊԵԿ գրավոր պատասխանը, ինչ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի այդ ռիսկերը բացառվեն կամ չկրկնվեն։ ՊԵԿ-ը պետք է պատրաստ լինի հունվարի 1-ից այնպես սպասարկել մեր քաղաքացիներին, որ այլևս հերթեր ու դժգոհություններ չլինեն։ ՊԵԿ-ը իմ խնդրանքով վերլուծություն է ներկայացրել հինգ մլրդ դրամ լրացուցիչ մուտքերի վերաբերյալ։ Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե որ ոլորտներից են այդ մուտքերը և 2010թ. այս միջոցառումը ըստ ոլորտների ինչ լրացուցիչ եկամուտ է ապահովելու պետական բյուջե։ Ըստ ՊԵԿ տեղեկանքի, մանրածախ ապրանքաշրջանառությունը 40 մլրդ դրամով ավելացել է և 5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է գանձվել բյուջե։ Քանի որ մենք անցում ենք կատարում ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, այդպիսի վերլուծական աշխատանքը խիստ անհրաժեշտ է։ Ես քաջ գիտակցում եմ, որ այն ՊԵԿ-ից պահանջելու է լրացուցիչ աշխատանք։ Եթե անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք տրամադրել միջոցներ, միայն թե պատշաճ ձևով պատրաստ լինենք հունվարի 1-ին։
Հարգելի գործընկերներ, եթե համաձայն եք այս սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա կմտցնենք որոշման մեջ, որ չորրորդ եռամսյակում բոնուսի վճարում չի լինելու։ Ես ուզում եմ մեր անունից, իմ անունից մեր քաղաքացիներից ներողություն խնդրել պատճառված անհարմարությունների և այս փոփոխության համար, բայց հավաստիացնում ենք մեր քաղաքացիներին, որ այս եռամսյակում ՊԵԿ-ը անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կիրականացնի, որպեսզի 2010թ. հունվարից սկսած, հաշվի առնելով այս տարվա երկու եռամսյակների փորձը, մենք ավելի լավ նախապատրաստված լինենք։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այս գործառույթը իսկապես տվեց իր արդյունքները։ Ակնհայտ է, որ այստեղ կան մեծ ստվերայնություն և մեծ ռեզերվներ ստվերայնությունից տնտեսությունը դուրս բերելու համար։ Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը, մենք 2010թ. համար կունենանք լրացուցիչ ռեզերվներ և ճիշտ հաշվարկներ կանենք, թե այս նոր մեխանիզմի ներքո ինչ լրացուցիչ եկամուտ ենք ստանալու և եռամսյակային կտրվածքով ինչ ծախս ենք իրականացնելու բոնուսների սպասարկման համար։ Որոշումը պետք է հրապարակել հնարավորին չափ շուտ, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն նոր կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2010թ. հունվարի 1-ից»։


Հակաճգնաժամային միջոցառումներ

ՀՀ օրենսդրության համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը։ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է առավելագույնը երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը և ընկերության հիմնադրի` Հայաստանի Հանրապետության, օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը։ Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը մշակելու և իրականացնելու է Գյումրու տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև Գյումրիում և երկրի այլ վայրերում, այդ թվում` Մեղրիում ազատ տնտեսական գոտիների ստեղծման աշխատանքի արագացումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մինչև ընթացիկ ամսվա վերջը քննարկման ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։
Գործադիրը որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակում «Շամբ բիզնես» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչև 2012թ. սեպտեմբերի 10-ը հետաձգելու մասին։ Որոշումը ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ` կառուցելով գյուղատնտեսության ոլորտում գյուղմթերքների վերամշակման գործարան, որը կօգտագործի տեղական հումքը։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կառավարությունը սահմանված կարգով լուծարել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, հանձնարարել ընկերության գույքը և դեբիտորական պարտքերը հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, իսկ զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի մարքեթինգային քաղաքականությունից բխող միջոցառումներն իրականացնել հիմնադրամի միջոցով։ Այն կզբաղվի նաև զբոսաշրջային նոր, մրցունակ փաթեթների ձևավորմամբ և համապատասխան առաջարկություններ կներկայացնի զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնին։ Կառույցի կառավարմանը կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը։
ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել որպես նվիրատվություն «Գալակտիկա» ՓԲԸ կողմից արտադրված և վերջինիս սեփականություն հանդիսացող 600 մմ տրամագծով 200 չերենկովյան հայելիները, դրանք հանձնել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` «Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ» (ԲԷՍՀ) միջազգային համագործակցության վերաբերյալ 2004թ. ապրիլի 6-ի փոխըմբռնման հուշագրով ամրագրված անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու նպատակով, ՊՈԱԿ-ին թույլատրել է նշված հայելիներն արտահանել ԳԴՀ` Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտ` ԲԷՍՀ միջազգային համագործակցության` Նամիբիայում գտնվող դիտակայան տեղափոխելու համար։ ԲԷՍՀ համագործակցության ծրագրի մեկնարկը տրվել է 2003թ., անցած ժամանակահատվածում ստացվել են կարևոր արդյունքներ, մասնավորապես համակարգը, այդ թվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտը 2006թ. արժանացել են Եվրամիության Դեկարտյան մրցանակին։ Այժմ սկսվում է ԲԷՍՀ միջազգային համագործակցության երկրորդ փուլը, և ընդունված որոշումը թույլ կտա հիշյալ աշխատանքում մեծացնել Հայաստանի գիտական կազմակերպությունների, մասնավորապես ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվելիք բարձր էներգիաների աստղաֆիզիկայի խմբի ներգրավվածությունը։
Իր նիստում կառավարությունն ընդունել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու որոշում, որի նպատակն է ավարտին հասցնել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարին թույլատրվել է կնքել եռակողմ պայմանագրեր մի կողմից պետության, մյուս կողմից բնակարաններ վաճառող ընկերության և շահառուների միջև, նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում և միաժամանակ նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում բնակարանը (բնակելի տունը)` ներառյալ դրա զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները, եթե այդպիսիք կան։ Միաժամանակ, հաշվի առնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը, նշված գործարքներն ազատվում են պետական տուրքերի գծով բոլոր վճարումներից, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության համար նախատեսված վճարներից։
Գործադիրը որոշում է ընդունել 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, որի նպատակը Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող N7 հանրակացարանային մասնաշենքի N501 և N215 սենյակներում բնակվող փախստական Էվելինա Այվազյանի և Էլմիրա Սարկիսովայի բնակարանային սոցիալ-տնտեսական, ինչպես նաև իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունն է։

Գործադիրը հաստատել է և հավանություն տվել

ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, ռազմավարության և միջոցառումների ծրագրի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը։ Առաջին անգամ սույն ռազմավարությամբ սահմանված են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի և ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի, դրա կառուցման ինստիտուցիոնալ, կոռուպցիայի գնահատման և միջոցառումների իրականացման ցուցանիշների համակարգերը։ Վարչական մոնիտորինգի փոխարեն որդեգրվում է ըստ արդյունքների մոնիտորինգի իրականացման ու գնահատման համակարգ։ Ամեն տարվա ավարտին գնահատվելու են ոչ թե կատարված գործողությունները, այլ ստացված արդյունքները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նոր ռազմավարությունը հանգամանորեն քննարկվել է, հաշվի են առնվել բոլոր նախարարությունների և գերատեսչությունների առաջարկություններն ու դիտողությունները։ Կարևորագույն այս փաստաթուղթն արժանացել է նաև միջազգային կազմակերպությունների հավանությանը։ Փաստաթուղթը որակապես տարբերվում է նախորդից, այն չափելի է, ամեն ոք կարող է գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը։ Երաշխավորված է իշխանության և հանրության փոխադարձ կապը։ Մոնիտորինգային խմբերում ընդգրկվելու են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հավասար հիմունքներով մասնակցելու են բոլոր աշխատաքններին, եզրափակել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները», «Նախնական բնապահպանական հետազոտության մասին» և «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակները» զեկույցներին։ Դրանցից առաջինը մշակվել է ծրագրի բաղադրիչների գնահատումը ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ բնապահպանության պետական տեսչության և Ասիական զարգացման բանկի պահանջներին համապատասխան ապահովելու համար։ Երկրորդ զեկույցում վեր են հանվում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնարավոր բնապահպանական ազդեցությունները, գնահատվում է դրանց նշանակությունը, ներկայացվում բնապահպանական կառավարման և մոնիտորինգի ծրագրերը։ Երրորդ զեկույցը անդրադառնում է ծրագրի շրջանակում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և վերաբնակեցման խնդրի պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին։
Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել Հայաստանում վճարովի ավտոճանապարհներ կառուցելու և շահագործելու հայեցակարգը, որպեսզի հնարավոր ներդրողները ծանոթանան այդ ասպարեզի «խաղի կանոններին», ինչպես նաև հարցը քննարկել Ասիական բանկի հետ, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրում ներառվի վճարովի ճանապարհների կառուցման հնարավորությունը։
Գործադիրը հաստատել է կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքների նոր կառուցվող օբյեկտներում կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է նշված դեպքերում քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման և դրանց իրավական ձևակերպման համար Երևան քաղաքում արդեն իսկ լայնորեն կիրառվող իրավական հիմքերը սահմանել հանրապետության մյուս համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ։ Դրա շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կստանան իրականացնել սեփականության իրենց իրավունքները և հարկման դաշտ կբերվեն անշարժ գույքի բազմաթիվ միավորներ։
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունելու դեպքում կվերանա ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վճռաբեկ բողոք բերելու նորմերի միջև եղած հակասությունը և կապահովվի մարդու իրավունքների և ազատությունների դատական արդյունավետ պաշտպանությունը։ Կառավարության հավանությունն է ստացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության գործողության ժամկետը և այլն։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Հ Ազգային Ժողով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման մասին»։ Այդ դրամաշնորհով 1998թ. Հայաստան էր ներկրվել 18 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 25 միավոր տրակտոր։ Գյուղտեխնիկան, բացառությամբ 2-ական միավոր կոմբայնի և տրակտորի, 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մարզային ԲԲԸ-ներին։ Վարձակալության ժամկետը լրանալուց և վարձավճարը մուծելուց հետո վարձակալն իրավունք ունի ձեռք բերել վարձակալած տեխնիկան։ Որոշմամբ սահմանվել են տեխնիկայի օտարման գները, ինչպես նաև այն, որ տեխնիկայի ձեռքբերումից հրաժարվող ընկերությունների տեխնիկան իրացվում է դասական աճուրդի կարգով։ Գոյացած միջոցները կփոխանցվեն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և սահմանված կարգով կօգտագործվեն գյուղատնտեսական և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ին, որը գործունեություն է իրականացնում Արմավիրում, երեք տարի ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կառավարությունը Վահե Ջիլավյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։
Նիստի ավարտին, ի պատասխան Էրեբունի-Երևան հանդիսությանը մասնակցելու` Երևանի քաղաքապետի հրավերի, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հորդորել է օգտվել բարեպատեհ առիթից և ներկա գտնվել հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքում անցկացվելիք բազմազան միջոցառումներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ