հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2009
Կարևորվում է երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը
Կանոնակարգվում է անհատական բնակարանաշինությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգն անցնելը նա առաջարկել է արձանագրային երկու հանձնարարություն տալ ՀՀ քաղաքաշինության նախարարին և այդ առիթով դիմել է կառավարության անդամներին.
«Դուք ծանոթ եք «Փոքր Մհեր» համալիրին, շատերդ եղել եք այնտեղ և կհամաձայնեք, որ այն մեր երիտասարդների համար հայրենասիրական դաստիարակության հնարավորություններ ստեղծելու հաջողված օրինակ է։ Այժմ անհրաժեշտություն կա, որպեսզի մենք օժանդակենք համալիրին՝ ընդլայնելու տարածքները։ Իմ հանձնարարությամբ քաղաքաշինության նախարարության մասնագետներն այցելել են տարածք, դիտարկել առկա հնարավորությունները։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք մրցույթ հայտարարենք ճարտարապետական լավագույն լուծումների համար և այն նախագծով, որը կճանաչվի լավագույնը։ Հետագայում կհայթայթենք միջոցներ, այդ թվում նաև դոնորներից, և «Փոքր Մհեր» համալիրի համար կկառուցենք նոր շենք։ Եվ այսօր մենք հանձնարարական կամրագրենք քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի կազմակերպի այդ մրցույթը։
Երկրորդ խնդիրը, որը կարծում եմ, նույնպես չափազանց կարևոր է, հետևյալն է. Հայաստանում մենք հանդիպում ենք էկլեկտիկ կառուցված անհատական տներ։ Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացման, իր հնարավորության շրջանակում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն՝ առանց նախագծի, առանց նախահաշվի, և դա բացատրվում է այն հանգամանքով, որ շատ հաճախ, մանավանդ գյուղական շրջաններում, մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ։ Նրանք հնարավորություն չունեն պատվիրելու համապատասխան նախագծեր, և հետագայում բախվում են լուրջ խնդիրների՝ բյուրոկրատական քաշքշուկ, օրինականացման գործընթաց կամ տարրական անվտանգության ռիսկեր, որոնք առկա են այս պարագայում։ Ինչպե՞ս կարող ենք օժանդակել այդ քաղաքացիներին, առավել ևս նրանց, ում եկամուտը ցածր է։ Լուծումը, որ առաջարկում ենք, հետևյալն է. ունենալ պետականորեն հաստատված մի կատալոգ, որի մեջ կներառվեն տիպային անհատական բնակարանների և տների նախագծեր։ Եթե մեր քաղաքացիները կընտրեն դրանցից որևէ մեկը, ապա կհամարվի, որ այն անցել է բոլոր փորձաքննությունները և բյուրոկրատական քաշքշուկը կհասցվի նվազագույնի։ Գաղափարն այն է, որ մենք հայտարարենք անհատական տների նախագծերի մրցույթ, ընտրենք լավագույնները՝ տասից ավելի տիպային նախագծեր, հաստատենք դրանք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ազատորեն ընտրել։ Բնականաբար, նրանց ծախսն էապես կնվազի, քանի որ մենք անհատույց ենք տրամադրում դրանք։ Եվ երկրորդ հանձնարարությունը քաղաքաշինության նախարարությանը՝ հայտարարել մրցույթ, ընտրել լավագույն նախագծերը, ստեղծել այդպիսի մի կատալոգ, որը մենք կբաժանենք բոլոր մարզերին, համայնքներին, կտեղադրենք ինտերնետային կայքէջերում, որպեսզի քաղաքացիներն օգտվեն դրանցից»։
Այնուհետև նիստն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը։
Որոշումների հստակեցում
ՀՀ կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2009թ. պետբյուջեում, ինչպես նաև փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն և 2009թ. մարտի 26-ի N302-Ն որոշումների մեջ։ Փաստաթղթի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. ս.թ. հուլիսի 10-ին ԱԺ-ն վավերացրել է ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.204 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը, համաձայն որի Հայաստանին տրամադրվել է 57,4 մլրդ դրամի չափով վարկ, որի գումարն արդեն ստացվել է։ Անհրաժեշտություն է առաջացել այդ գումարը, ինչպես նաև ՌԴ և ԱՄՀ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) լրացուցիչ շուրջ 3,5 մլրդ դրամ ծախսը ներառել ՀՀ 2009թ. պետբյուջեում և այդ գումարի չափով ավելացնել 2009թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը։ Պետբյուջեի եկամուտների տարեկան ծրագրային ցուցանիշները ուռճացումից զերծ պահելու նպատակով կառավարության որոշմամբ չեղարկվել են ծրագրային ցուցանիշների վերը նշված ավելացումները։ Նախկին որոշումներում արված փոփոխությունների շնորհիվ ՌԴ-ից ստացված պետական վարկի միջոցների օգտագործումն ավելի հստակ է ներկայացվում։
Գործադիրը փոփոխել է նախկինում ընդունած իր որոշումներից մեկը, որով երկու տարով հետաձգվել են «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից հանրապետության ողջ տարածքում ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում այրվող գազի ազդանշանային սարքերի և դրանց միացված վթարային անջատիչ կափույրների տեղադրման ժամկետները։ Գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկը փոփոխելու և լրացնելու միջոցով կարգավորել է դեղերի փորձաքննության արդյունքում դրանց գրանցման հավաստագրեր տրամադրելու ժամանակ ծագող խնդիրները։ Որոշումը կնպաստի նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված միջազգային փաստաթղթերի պահանջների կատարմանը և կծառայի մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Լրացում է կատարվել կառավարության 2004թ. մարտի 4-ի N318-Ն որոշման մեջ, որով պետական պատվերով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց ցանկում ավելացվում են նաև թրաֆիքինգի ենթարկված անձինք։
Միջազգային հարցեր
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ն, «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն և «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագրի իրականացման արժեքների և ժամկետների վերաբերյալ որոշ մտահոգություն է արտահայտել ՀՀ ՎՊ նախագահը։ Վարչապետը հանձնարարել է նրա առաջարկությունները քննության առնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում և կայացնել փաստարկված որոշում։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Փաստաթղթով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է քսան միլիոն չինական յուան դրամաշնորհ, որով նախատեսվում է իրականացնել կողմերի միջև համաձայնեցված ծրագիր։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի և դրանից բխող՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև «Պարենային ապահովության ծրագիր սակավապահով ֆերմերների համար» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս ծրագրով Հայաստանին տրամադրվելու է հացահատիկի և կարտոֆիլի արտադրության համար անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա։ Չինական դրամաշնորհի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է համակողմանի քննարկման միջոցով ճիշտ և արդյունավետ նյութականացնել այն, իսկ ճապոնական աջակցության մանրամասները նույնպես ներկայացնել հանրության ուշադրությանը։
Գույքի օտարում և նվիրաբերում
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով կանոնակարգվում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնելու գործընթացը։ Մինչև օրս վերը նշված բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացը կանոնակարգված չէր, ինչի հետևանքով չի իրականացվել նաև կազմակերպությունների հաշվառում և գործունեության ֆինանսատնտեսագիտական վերլուծություն։ Այդ թերությունն այլևս վերացված է։ Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկի ոչ բնակելի ազատված տարածքը աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» ՊՀԿ և ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության մեկական միավոր ավտոմեքենաները, «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊՀԿ ութ միավոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊՀԿ երեք խառատային հաստոցներն օտարել դասական աճուրդով։ Երկու այլ որոշումներով գործադիրը «N5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի N14 հասցեում գտնվող մասնաշենքը, դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը հետ է վերցրել և համայնքային կառուցապատման ծրագրերում ընդգրկելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Գավառի քաղաքային համայնքին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» ՊՀ-ի երեք ավտոմեքենաները հետ է վերցրել նշված գրասենյակից և շուկայական արժեքով ներդրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում։
Արձանագրային որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգին», որի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը ՀՀ քաղաքաշինության նախարարը երկամսյա ժամկետում ներկայացնելու է կառավարության քննարկմանը։ Հայեցակարգի նպատակն է հանրապետության համայնքներում ստեղծել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը խթանելու անհրաժեշտ պայմաններ։ Առաջարկվում է մինչև երկու հազար բնակիչ ունեցող գյուղական համայնքների համար մշակել պարզեցված գլխավոր հատակագծեր։ Որպես պետության կողմից խրախուսման միջոց ելակետային նյութերը կտրամադրվեն անվճար։ Պետությունը նախատեսում է նաև համայնքային փաստաթղթերի մշակմանը բյուջետային միջոցների հաշվին մասնակցել համաֆինանսավորմամբ՝ ըստ տարիների աստիճանաբար նվազող համամասնությամբ։ Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած արձանագրային որոշման մեջ, որով սահմանվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունն իր ներկա թվաքանակով հնարավորություն չունի ապահովել իր վրա դրված գործառույթների կատարումը, և դրանք ապահովվելու են մինչև 2010թ. հունվարի 15-ը։ Ուժը կորցրած է ճանաչվել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության արդյունավետության բարձրացման համար դրամական միջոցների տրամադրումը, ինչը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են հոգեբուժական հաստատություններում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները։ Հավանության է արժանացել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծի նպատակն է կանոնակարգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի՝ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոններն զբաղեցնելու գործընթացը։ Գործադիրը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծերը վերաբերում են ավանդների երաշխավորման համակարգի դերին ու նշանակությանը, որոնք հատկապես կարևորվում են ֆինանսական ցնցումների և ճգնաժամերի պայմաններում։ Երաշխավորման արդյունավետ համակարգը կարող է առանցքային նշանակություն ունենալ ֆինանսական շուկաների նկատմամբ հանրության վստահության բարձրացման գործում։ Իր նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Դրանով իսկ լրացվում է այն բացը, որ ՀՀ գործող օրենքում կոմպրեսացված (սեղմված) գազի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք սահմանված չէր։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
Գործադիրը որոշել է Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հինգ հեկտար անտառային հողերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ծաղկաձորի քաղաքային համայնքին։ Հաստատվել են նույն մարզի Բալահովիտի և Նոր գյուղի գյուղական համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաները։
Կառավարությունը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել է «Էկրան» ՓԲԸ-ն, որի զուտ ակտիվների արժեքը, ըստ պետական գույքի կառավարման վարչության վերջին երեք տարիների ֆինանսատնտեսագիտական մոնիթորինգի տվյալների, պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավի իրավունքի պետական գրանցման պահից։