Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 օգոստոսի 2009

Բյուջետային երաշխիք և մաքսային բարենպաստ ռեժիմ


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, որոշել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընկերության հետ կնքվելու է գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ։ Չորս այլ որոշումներով կառավարությունը չորս ընկերությունների թույլատրել է երկարաձգել նրանց կողմից ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետները։ Դա նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամի հետևանքով ստեղծված դժվարությունները և հաջողությամբ շարունակել հետագա գործունեությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունված որոշումների առնչությամբ նշել է, որ դրանք բխում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի տրամաբանությունից։ Գործադիրը անբարեխիղճ աշխատանքի պատճառով մերժել է համանման խնդրանքով դիմած մեկ ընկերության, որը, վարչապետի բնորոշմամբ, չգրանցված գործունեություն էր իրականացնում ՀՀ տարածքում և չէր կատարում իր պարտավորությունը պետության հանդեպ։
Ընդառաջելով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ դիմումին` կառավարությունը փոփոխել է ս.թ. հունիսի 26-ին ընդունած «Հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու մասին» որոշումը, որը շարադրվել է ձեռնարկության համար ավելի նպաստավոր տարբերակով։


Հարկային և ֆինանսական ոլորտներ

ՀՀ կառավարությունը, վերաբաշխելով 2009թ. պետբյուջեն և փոփոխելով կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումը, գումար է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Սույն վերաբաշխումը կատարվել է «Կապանի N 2 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի» վերակազմակերպման հետևանքով։ Գործադիրը ՀՀ օրենսդրությանը համապատասխան որոշել է հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան («Պոլիտեխնիկ») ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, ստեղծել «Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ը։ Գործադիրը որոշում է ընդունել «Արմավիրի վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին։ ՀՀ կառավարությունն իր նիստում գումար է հատկացրել ՀՀ դատախազությանը` 2009թ. ընթացքում լրացուցիչ փորձաքննությունների կատարման ծառայության դիմաց վճարելու նպատակով։ Կառավարությունը, վերաբաշխում կատարելով 2009թ. պետական բյուջեում և փոփոխելով իր նախորդ որոշումներից մեկը, գումար է հատկացրել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմին։ Փոփոխվել և լրացվել է ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը թելադրված է «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումների պարզեցման և արագացման անհրաժեշտությամբ։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ հաստատագրված վճար վճարողները տեղեկություններ ներկայացնեն նաև գազալցման գործունեությունից տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափի մասին։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը, հաշվի առնելով, որ հարկային պարտավորությունների չափի որոշման համար այսուհետև առաջնային է ստացված գազի ցուցանիշը, անհրաժեշտ է համարել ստանալ նաև մատակարարի` «Հայռուսգազարդ» ՓԲԸ մատակարարած գազի ֆիզիկական ծավալի վերաբերյալ տվյալներ` ավտոգազալիցքավորման կայանները շահագործողների կողմից ներկայացված համապատասխան ցուցանիշների հետ համադրման համար։ Որոշմամբ սահմանվել է, որ տեղեկությունները ներկայացվելու են ամեն ամսվա արդյունքներով` ըստ գազալցման կայանների, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։

Սահմանվել են նոր ընթացակարգեր

Իր որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը։ Այն հանքարդյունահանմամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կընձեռի կանոնակարգել օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման իրենց գործառույթները, հստակեցնել հարաբերությունները հասարակության, պետական մարմինների և տնտեսավարող մյուս սուբյեկտների հետ, ինչը իր հերթին կնվազեցնի օբյեկտներում հնարավոր տեխնածին վթարների թիվը, դրանց ռիսկի աստիճանը, հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասը։ Նիստում հաստատվել է «ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացվող ստանդարտացման 2009թ. աշխատանքների ցանկը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մեծացնել մշակվող ստանդարտների թիվը, ավելացնել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի գրանցումը ազգային ֆոնդում և տեղեկատվության տրամադրումը հայրենական արտադրողներին։ Վարչապետը չափազանց կարևոր է համարել վերջերս Լոնդոնում հաստատված փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հաշվետվությունների ստանդարտը և հանձնարարել է ապահովել դրա թարգմանությունը և այն դնել շրջանառության մեջ։ Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից և նպատակաուղղված է լիցենզավորման գործընթացի պարզեցմանը և թափանցիկության ապահովմանը։ Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկում ավելացրել «Հիվանդի ընդհանուր խնամք» մասնագիտությունը, ինչը համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին։ Առողջապահությանն անհրաժեշտ են «Կրտսեր բուժքույր» որակավորմամբ մասնագետներ, որոնց պատրաստումը հեռանկարային է և կնպաստի առավել լիարժեք դարձնել քաղաքացիների բուժսպասարկումը։

Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման բնագավառում եղած հիմնախնդիրների լուծմամբ։ Դրանով իսկ կբարձրանա բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը և հասցեականությունը, վստահությունը պետպատվերի նկատմամբ, կբարելավվի բուժծառայությունների մատուցման որակը և այլն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հանել լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար նախատեսված պետական տուրքի տեսակը և թողնել միայն լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար նախատեսված պետական տուրքը։ Վարչապետը հանձնարարել է սույն օրինագիծը վաղօրոք քննարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ապա նոր ներկայացնել լիագումար նիստի քննարկմանը։
Կառավարությունը եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Գործադիրը ՀՀ Ազգային Ժողովին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի քննարկումից, իսկ հեղինակին` համագործակցել ՀՀ կառավարության հետ` առկա խնդրի օրենսդրական համապարփակ լուծման մշակման հարցում։
Վերջին երկու օրինագծերն էլ սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է իրենց ոլորտներում ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն ունեցող օրենքների գույքագրում իրականացնելու վրա։ «Մենք պետք է բացահայտենք պատկերը, հասկանանք, թե այդ իմաստով ինչ իրավիճակում ենք, արդյո՞ք ի վիճակի ենք կրել այդ ակտերի ստեղծման բեռը»,- ասել է նա։ Նշված խնդիրներն ամփոփելու համար վարչապետը սահմանել է մեկ ամիս ժամկետ։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Լոռու մարզի Հաղպատ համայնքի տարածքում գտնվող «Ախթալա» ենթակայանի շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հաղպատ համայնքին` այնտեղ բնակվող բնակիչներին սեփականության իրավունքով օտարելու պայմանով։
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր 2001թ. ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ, որով կկարգավորվի հողամասերի սեփականատերերի նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխելուց հետո, ըստ գույքի գտնվելու վայրի, հողամասերի կադաստրային արժեքների առկա տարբերությունը համապատասխան բյուջե մուծելու գործընթացը։ Վարչապետը այս առիթով նկատել է, որ որոշման ընդունմամբ էապես կբարձրանա ֆինանսական պարտավորությունների կատարման արդյունավետությունը, մարդիկ հենց այնպես հողի կատեգորիա չեն փոխի, եթե չունենան ֆինանսական միջոցներ և հստակ ծրագրեր։
Իր որոշումներով ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզի Փարաքարի, Շիրակի մարզի Մայիսյանի, Արարատի մարզի Հովտաշատի գյուղական, Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների տարբեր նշանակության հողերի մի մասը փոխադրել է ծառայեցնելու համապատասխանաբար հասարակական, բնակելի կառուցապատման և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, լիթոիդային պեմզայի և հրաբխային խարամի արդյունահանման նպատակներին։
Կառավարության որոշմամբ «Որսորդների և ձկնորսների միություն» ՀԿ-ի «Որսորդմիություն» ԱՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է «Զենքի (ողորկափող որսորդական հրացանի փամփուշտներ) արտադրության լիցենզիա։
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հորդորել է չխախտել ավանդույթը և ս.թ. սեպտեմբերի 1-ին նույնպես այցելել դպրոցներ և երեխաներին շնորհավորել նոր ուսումնական տարվա առթիվ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ