Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 օգոստոսի 2009

Ծրագրերի մեկնարկը տրված է


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունել է որոշումներ, որոնք դնում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբը։ Այդ նպատակով գործադիրը ՀՀ համապատասխան մարզպետներին և համայնքի ղեկավարներին հանձնարարել է կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողհատկացման գործընթացը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի նախագծա-հաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել է 18 մլն 500 հազար դրամ` մինչև 2009թ. ավարտը Ասիական զարգացման բանկից նշված գումարը ստանալուց հետո վերադարձնելու պայմանով։ Այս երկու որոշումները վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է իբրև մեծ գործընթացի սկիզբ։ Դա ճանապարհաշինությունն է, որի արժեքը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման, կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Առաջին փուլի համար, որի հայտը ներկայացնելու է Հայաստանը և որը սեպտեմբերին քննարկելու է բանկի տնօրենների խորհուրդը, անհրաժեշտ կլինի 700 մլն դոլար։ Հյուսիս-Հարավ ժամանակակից ճանապարհը համապատասխանելու է միջազգային լավագույն չափանիշներին», - ասել է վարչապետը։ Մյուս որոշմամբ կառավարությունը ստեղծել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն և սահմանել դրա կանոնադրական կապիտալը, իսկ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել տրանսպորտի և կապի նախարարությանը։ Նորաստեղծ ՓԲԸ-ն պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը։ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Դրա անհրաժեշտությունն առաջացել է հայկական և ռուսական կողմերի միջև վարված բանակցությունների արդյունքում։ «Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման Հայաստանում այլևս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել», - ասել է Տիգրան Սարգսյանը։ «Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն և տեղյակ պահել կառավարությանը։ Եվ եթե մենք նպատակահարմար չենք համարում փոխել սակագները, ապա պարտավոր ենք փոխհատուցել այն կորուստները, որ նրանք կրում են։ Սակագների փոփոխությունը այսուհետև միայն այս մեթոդաբանությամբ տեղի կունենա, ինչը կանխատեսելի կդարձնի դրանք և մենք չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ սակագների փոփոխությունը կոնցեսիոները հայտարարեց և բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»։

Հրատապ որոշումներ

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է ներդրումային ծրագրերի շրջանակներում «Նաֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Որոշումը «Նատֆուդ» ընկերությանը հնարավորություն կտա ներմուծել արդի թանկարժեք տեխնոլոգիաներ, ինչը կհանգեցնի տեղական ձեռնարկությունների կողմից արտադրվող մսամթերքի որակական չափանիշների բարձրացմանը։ Ձեռնարկության աշխատանքի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Նշելով այս իրողությունը, վարչապետը արձանագրել է, որ այս որոշումը առաջինն է ԱԺ ընդունած նոր օրենքից հետո, որ կիրառվում է 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու առումով։ Դրա արդյունքում Հայաստանը կունենա մսամթերք վերամշակող ժամանակակից գործարան։ Փորձը հաջողվելու դեպքում այն կկիրառվի նաև այլ ոլորտներում։
Իր նիստում կառավարությունը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու և պետբյուջեից գումար հատկացնելու միջոցով ՀՀ քաղաքաշինության նախարարության 2009թ. ծրագրերի խնայողություններից գումար հատկացնել Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում ուժեղ քամու և տևական տեղումների հետևանքով վնասված մի շարք դպրոցների տանիքները և ապակիները, Վանաձորի Տանձուտ գետի ափապաշտպան պատը վերականգնելու համար։

Սահմանվել են ընթացակարգերը


ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր 2000թ. սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ, որտեղ նախատեսված է նոր դրույթ, ըստ որի դեղերի և/կամ դեղանյութերի արտահանման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ։ Երկրորդ փոփոխությամբ սահմանվել է, որ այն ապրանքները, որոնք Հայաստան են ներմուծվում ոչ դեղագործական նպատակով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի ինչպես այս, այնպես էլ գործընթացները պարզեցնող մյուս որոշումները հանգամանորեն ներկայացվեն հանրությանը և մասնավոր հատվածը օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից։ «Փորձը ցույց է տալիս, որ հաճախ խնդիրներ են առաջանում այն պարզ պատճառով, որ մարդիկ իրազեկված չեն», - նշել է նա։ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը որոշել է վերաշարադրել նախկինում հաստատված տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգի կետերից մեկը, որով ակնկալվում է բարձրացնել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից վճարվող բնապահպանական մուծումների հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը։ Կառավարությունն իր նիստում որոշել է թույլատրել ՊԵ կոմիտեից գումար հատկացնել «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ» ՊՀ-ին` Մեղրիի մաքսային կետի տարածքում իրականացված հողային աշխատանքների դիմաց, տնօրինել այդ տարածքը, իսկ Ագարակի անասնաբուժական և բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետը կառուցել դրա համար հատկացված տարածքում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչությունների։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, գործադիրը թույլատրել է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնել և սահմանել 250000.0 հազար դրամ, որի արդյունքում կհամապատասխանեցվեն ընկերության իրական զուտ ակտիվների մեծությունը և կանոնադրական կապիտալը։ Նիստում հաստատվել է Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը։

Փոփոխություն և նոր խմբագրություն

ՀՀ կառավարությունը փոփոխել է նախկինում ընդունած իր երկու որոշումները` վերաշարադրելով «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» փաստաթղթի N 1 հավելվածի 205-րդ կետը, որի համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը կառավարություն են ներկայացվելու ս.թ. օգոստոսի երկրորդ տասնօրյակում։ Հաջորդ որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 4-ի նիստի N 49 արձանագրությամբ հավանության արժանացած «ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկի չորրորդ կետի «Էժան հիպոթեքային համակարգի ձևավորում» միջոցառման առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները։ ՀՀ ավանդների երաշխավորման համակարգի կատարելագործման նպատակով առաջարկվում է այդ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համար սահմանել երաշխավորվող ավանդների առավելագույն չափը որոշակի պարբերականությամբ վերանայելու պարտավորությունը, ավելացնել երաշխավորվող ավանդի առավելագույն չափը և սահմանել որոշ դեպքերում Հիմնադրամի միջոցներն ավելացնելու այլ աղբյուրներ։
Իր նիստում գործադիրը նախորդ որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բխում է դասագրքերի լրացուցիչ խմբաքանակի տպագրությունից։ Նախատեսվել է տնտեսած միջոցների հաշվին տպագրել երրորդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» դասագրքերի լրացուցիչ խմբաքանակներ։

Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Իրավական այս ակտերով կարգավորվում են ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների, ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, ինչպես նաև լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների տեղադրման և մի շարք այլ հարցեր։ Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու` օրենքների նախագծերի փաթեթին, որն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։ Հավանության է արժանացել «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների և չափագրումների արդյունավետության բարձրացումն է և հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կբարձրանա ընթացիկ հարկային հսկողության կարևորագույն գործիքի` չափագրման կիրառման արդյունավետությունը։ ՀՀ վարչապետն այս առնչությամբ կարծիք է հայտնել, որ այս հարցի շուրջ ԱԺ-ում կարող է լուրջ բանավեճ ծավալվել, և ՊԵԿ խնդիրն է ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել որոշումների կայացման ապակենտրոնացման անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի տարածքային հարկային մարմինների պատասխանատվությունը։ Նիստում հավանություն է տրվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմիններում վերացնել ծառայողների իրավունքների և պարտականությունների տարբերությունը, մաքսային ծառայությունում ներդնել ռոտացիայի սկզբունքը, նախատեսել մաքսային ծառայության գանգատարկման հանձնաժողով, ինչպես նաև սահմանել մաքսային ծառայողների վարվելակերպի նորմեր։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։

Այլ հարցեր


Իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է լուծել «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի շրջանակում վեց լոտերով կնքված կապալի պայմանագրերը։ Որոշումը թելադրված է ՀՀ կառավարության և ԱՄՆ, ի դեմս «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջև կնքված համաձայնագրով նախատեսված նշված ծրագրի հետագա ֆինանսավորման դադարեցմամբ։ Գործադիրը ս.թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ մտնող «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի» փոփոխմամբ կանխել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում լուրջ խնդիրների առաջացումը։ Ստանդարտներով սահմանված պահանջները բավարարելու համար կպահանջվեր նման արտադրությունների տեխնիկական վերազինում, անձնակազմի վերապատրաստում և այլն, ինչի իրականացումը ներկայումս` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, իրատեսական չէ, ուստի կանոնակարգի գործարկումը հետաձգվել է երկու տարով։
ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել մեկ այլ որոշում, լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը։ Վերջինիս և 2008թ. կառավարության որոշմամբ ստեղծված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործառույթները կրկնվում էին, ուստի գործակալությունը լուծարվել է և ընդգրկվել նախարարության աշխատակազմում որպես կառուցվածքային ստորաբաժանում, որն այսուհետ կիրականացնի միայն լիցենզավորման գործընթացը։ Լրացում կատարելով նախարարության կանոնադրության մեջ, գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի նախարարությունը հիմնի գերատեսչական մեդալ։
Իր որոշումներով ՀՀ կառավարությունը հաստատել է Շիրակի մարզի Բանդիվանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և արոտավայրերի մի մասը, իսկ ավելի վաղ հաստատված Դիլիջանի քաղաքային, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքների ժամանակավոր սխեմաների տարբեր նշանակության հողերի մի մասը փոխադրել ծառայեցնելու համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտի կառուցման, բնակելի կառուցապատման և հանգստի, խառը կառուցապատման նպատակներին։
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և համապատասխան պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ, գործուղվող անձի համաձայնությամբ վերջինս կարող է նշանակվել սահմանված դիվանագիտական պաշտոնից ավելի բարձր քաղաքացիական ծառայության պաշտոնի, քանի որ որոշ դեպքերում հավասարազոր պաշտոն զբաղեցնող դիվանագետների պակաս է զգացվում։
Համաձայն «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության կանոնակարգի», ինչպես նաև հաշվի առնելով հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերի 5-ի որոշումը, որի համաձայն ՀԱՊԿ քարտուղարությունում քվոտային հիմունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիքը, ՀՀ կառավարությունը որոշել է Արա Բադալյանին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ (նստավայրը` ք. Մոսկվա, ՌԴ)։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությունը որոշել է Արմեն Ասլանյանին մեկամսյա փորձաշրջանով նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջիկա մասնագիտական տոնի առթիվ կառավարության անունից շնորհավորել է հանրապետության բոլոր շինարարներին, մաղթել արդյունավետ աշխատանք։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ