Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հուլիսի 2009

Կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ՓՄՁ համար


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգի հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ նիստից առաջ ինքը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հետ քննարկել է պալատի հաշվետվությունների մանրամասները և շարունակել.
«Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող և իրականացված աշխատանքները մեզ համար չափազանց օգտակար են լինելու 2010թ. պետական բյուջեի կազմման ժամանակ։ Մասնավորապես նախորդ տարիների ընթացքում թույլ տրված խախտումները, բացթողումները, չարաշահումները մեզ հուշում են, թե որտեղ մենք ունենք մեր ֆինանսական միջոցները տնտեսելու ռեզերվներ։ Միևնույն ժամանակ մենք արձանագրեցինք, որ արդեն իսկ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կային ստանձնած պարտավորություններ` վերականգնելու պետությանը հասցված վնասները։ Ցավոք, այդ միջոցները դեռևս ամբողջությամբ չեն վերականգնվել։ Ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ մարմիններին, որոնք առնչվել են Վերահսկիչ պալատի եզրակացությունների հետ, ծանոթ են հաշվետվություններին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի գումարներն ամբողջ ծավալով վերականգնվեն»։

Արտահանումը` հեշտացված կարգով

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2001թ. դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246-Ն որոշման մեջ։ Դրանով իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը կսահմանվի 2000 դրամ, հավաստագիրը կտրամադրվի 1 աշխատանքային օրում և Հայաստանում արտադրվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը կտրամադրվի առանց փորձաքննության ակտի։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգում, որով նույնպես պարզեցվել է բուսասանիտարական փորձաքննության հավաստագրի ստացման ընթացակարգը։ Սահմանվել է, որ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առար¬կա¬ների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանի¬տա¬րա¬կան զննման միջոցով, անվճար և մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
«Այս որոշումները վկայում են, - ասել է Տիգրան Սարգսյանը, - որ կառավարությունը հետևողական է փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փոփոխությունները էական նշանակություն են ունենալու գյուղատնտեսության ոլորտում։ Մենք նաև ՊԵԿ-ի նախագահի հետ ենք քննարկել այս հարցը։ Այս ռեժիմը փոքր և միջին ձեռնարկատերերին թույլ է տալիս, որ իրենց արտադրանքն ինքնուրույն արտահանեն Վրաստան, այնտեղ վաճառեն և այդ ընթացքում հեշտացված ռեժիմ կիրառվի։ Անցած վեց ամիսների արդյունքները, որ մենք ամփոփեցինք, վկայում են, որ փոքր և միջին բիզնեսի շնորհիվ մեր դիմադրողականությունը այս հակաճգնաժամային միջոցառումների ներքո էապես բարձրացել է ե՛ւ նրանց տնօրինության տակ մնացած ֆինանսական միջոցների, ե՛ւ նրանց արտադրած ապրանքների ծավալների առումով։ Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք 16 տոկոս համախառն ներքին արդյունքի անկում, փոքր և միջին բիզնեսի ոլորտում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են 22 տոկոսով։ Սա նույնպես վկայում է, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական ազդեցություն են թողել, քանի որ սրանք այնպիսի ցուցանիշներ են, որոնք արտահայտում են իրողությունը։ Համոզված եմ, որ այս երկու որոշումները էապես բարելավելու են գյուղացու տնտեսական ապրանքների արտահանումը»։

Օրենսդրական հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հիմնավորել իր եզրակացությունը։
Իր նիստում ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` հիմնավորելով իր բացասական եզրակացությունները։ Նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել` առաջարկելով խմբագրական փոփոխություններ։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Փոխվել է հողերի կատեգորիան

ՀՀ կառավարությունն իր որոշումներով փոխել է Սյունիքի մարզի Արևիսի, Արարատի մարզի Նոր Խարբերդի և Այգավանի, Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Շիրակի մարզի Ազատանի գյուղական համայնքների, Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմանում գտնվող` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան` տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Հաջորդ որոշումներով գործադիրը հաստատել է Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։ Մարզպետներին հանձնարարվել է նշված հողամասերը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել այդ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Հողերի կատոգերիան փոխելու և դրանց օգտագործման ժամանակավոր սխեմաների վերաբերյալ կան համայնքների ավագանիների որոշումները և մարզպետների համաձայնությունը։

Ծրագրի իրականացման ընթացքը

Գործադիրն իր արձանագրային որոշմամբ ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման 2009թ. (15.01.2009-01.07.2009թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին։ Կատարման ենթակա 139 հանձնարարականի կետերից վեցի կատարման ժամկետը տեղափոխվել է 2009թ. երրորդ և չորրորդ եռամսյակ, իսկ 35 կետ կամ 25 տոկոսը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 98 կետից 2009թ. հուլիսի 27-ի դրությամբ կատարվել է 98-ը կամ 100 տոկոսը։ Ծրագրի ցանկի 98 կետից 23-ը կամ 22.5 տոկոսը ուշացումով է կատարվել։
Իր այս նիստում կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել վերոհիշյալ միջոցառումների ծրագրի 75-րդ կետը, որը վերաբերում էր զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովությանը։ Հաշվի առնելով ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով պետբյուջեի միջոցների սղությունը և այն, որ նշված անձանց սոցիալական ապահովության դրույթները ներառվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, գործադիրը նպատակահարմար է համարել այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ տարիներին։
ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի 161-րդ կետի համաձայն համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման, գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայրենիք-Սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցությունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է 2009թ. ընթացքում Հայաստանում կազմակերպել և անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների ազգությամբ հայ իրավաբանների և բանկիրների համաժողովներ։
ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրում ամրագրված հիմնական գերակայություններով, Կայուն զարգացման ծրագրում ամրագրված աղքատության հաղթահարման մշակութային հայեցակարգով, ինչպես նաև կառավարության այլ որոշումներով է թելադրված «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Ուստի գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2009թ. պետական բյուջեում և փոփոխելով 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումը 2009թ. երրորդ եռամսյակում նշված ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու նպատակով 58680.9 հազար դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հիմք ընդունելով իր ավելի վաղ ընդունած «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ ստեղծելու որոշումը, ՏՏ ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009թ. ծրագրի միջոցների հաշվին գումար է հատկացրել գրասենյակի 2009թ. գործունեությունն ապահովելու համար։ մեկ այլ որոշմամբ գործադիրը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում և փոփոխելով իր 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումը, գումար հատկացրել Երևանի Նար-Դոսի անվան N 14 դպրոցի, «Օլիմպոս» կրթահամալիրի և N 6 արհեստագործական ուսումնարանի տանիքների հիմնանորոգմանը, Գորիսի N 4 դպրոցի հիմնանորոգման համաֆինանսավորմանը և Կապան քաղաքի Երկաթուղայինների թաղամասի ստորգետնյա հեղեղատի վերականգնմանը։
«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներն ապահովելու, ինչպես նաև երկաթգծի աշխատողների, վտանգավոր բեռներ առաքողների և ստացողների ու բեռնստացողներին և բեռնառաքողներին սպասարկող տրանսպորտային-առաքիչ կազմակերպությունների պատասխանատվությունը բարձրացնելու ու վտանգավոր բեռների փոխադրումը կանոնակարգելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը։ Գործադիրը հաստատել է նաև պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության, այդ օբյեկտների և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման հեղինակային հսկողության համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրերի բաշխումն ըստ օբյեկտների։
Իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության կանոնադրության մեջ ամրագրվել են ընդերքի ուսումնասիրմանն առնչվող մի շարք գործառույթներ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է 2009թ. սեպտեմբերի 30-ին դադարեցնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
Ղեկավարվելով ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով կառավարությունը փոփոխություններ է կատարել «Հայաերոնավիգացիա», «Ավիաուսումնական կենտրոն» և «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներում։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ չորս քաղաքացիների։ Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կառավարությունը Արտակ Զաքարյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ