Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հուլիսի 2009

Կառավարության մակրոտնտեսական ռազմավարությունը կենսունակ է


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա հանդես է եկել ներածական խոսքով.

«Կառավարության այսօրվա նիստն ուզում եմ սկսել ազգային վիճակագրական ծառայության մեր տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշներից և մի քանի մեկնաբանություն կատարել։ Այս ցուցանիշների քաղաքական վերլուծության պակաս կարծես թե չկա, տրվում են տարբեր գնահատականներ, տարբեր տեսակետներ են հնչում, բայց ցավոք մասնագիտական վերլուծության պակաս ակնհայտորեն ունենք, քանի որ զանգվածային լրատվական միջոցներում չենք տեսնում մասնագիտական վերլուծություններ։ Ես ուզում եմ մեր տնտեսագետների, վերլուծաբանների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա և հորդորել նրանց, որպեսզի արձագանքեն այս ցուցանիշներին և ներկայացնեն, այդ թվում նաև քննադատական, մասնագիտական վերլուծություններ, որոնց կարիքը մենք ունենք և որոնք, բնականաբար, շատ օգտակար են մեզ համար։ Եվ այսպես, վեց ամսում մենք արձանագրել ենք 16,3 տոկոս անկում, հինգ ամսվա համեմատ անկման ցուցանիշը խորանում է. հինգ ամսվա կտրվածքով ունեինք 15.7 տոկոս անկում և կանխատեսում էինք, որ մոտակա ամիսներին տնտեսական անկման ցուցանիշը խորանալու է։ Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. նույն ժամանակահատվածում ունեցել ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որոնք առաջին հերթին պայմանավորված էին շինարարության աճով։ Այդ աճը 2008թ. աննախադեպ է եղել։ Առաջին անգամ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում գերազանցեց 30 տոկոսը։ Մեզանում շինարարության 70 տոկոսը իրականացվում է մասնավոր հատվածի հաշվին։ Ընդ որում, այդ հատվածի ֆինանսավորման կառուցվածքը նույնպես չափազանց հետաքրքրական է. կառուցապատողների սեփական միջոցները չեն գերազանցում 30 տոկոսը և շինարարությունը հիմնականում իրականացվում է ներգրավված միջոցների հաշվին, ապագա բնակարանների սեփականատերերի հաշվին։ Դա նշանակում է, որ մեր քաղաքացիների և ներդրողների սպասումները տնտեսական աճի տեսակետից ունեն էական նշանակություն։ Մեր կանխատեսումներով մոտակա ամիսների տնտեսական աճի ցուցանիշների անկումը ավելի խորը պետք է լիներ։ Մենք չէինք բացառում, որ այն տարվա ընթացքում կարող է կազմել 20 տոկոս. դա, իհարկե, հոռետեսական սցենարն էր, բայց այս ամսվա հաշվետվությունը, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց, պարունակում է որոշ դրական ազդակներ։ Նախ, շինարարության ոլորտում այս ամսվա ընթացքում մենք մայիսի նկատմամբ արձանագրել ենք աննախադեպ աճ` շուրջ 230 տոկոս։ Դա մի կողմից պայմանավորված է շինարարության ոլորտի սեզոնայնությամբ, բայց մյուս կողմից նաև դրական սպասումների ձևավորումն է և այն միջոցառումները, որոնք մենք ձեզ հետ միասին իրականացրինք։ Մասնավորապես, մենք վեց կառուցապատողների տրամադրել ենք պետական երաշխիքներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս առևտրային բանկերից լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել։ Երկրորդը հիպոթեքային հիմնադրամի աշխատանքների սկիզբն էր, ինչի մասին հայտարարեց Կենտրոնական բանկը։ Դա նույնպես դրական սպասումներ է ստեղծում, և երրորդ ամենակարևորը մասնավոր հատվածից եկող ներդրումներն են, այն, որ մեր քաղաքացիները սկսեցին բնակարաններ ձեռք բերել։ Այս երեք գործոնների արդյունքում շինարարության ոլորտում մենք այս ամսվա ընթացքում մայիսի համեմատ նկատեցինք աննախադեպ փոփոխություն։ Արդյունաբերության ոլորտում անկումը շուրջ 12 տոկոս է։ Համադրելով էլեկտրաէներգիայի ծախսի ծավալները, համոզվում ենք, որ այս ցուցանիշը իրատեսական է։ Գյուղատնտեսության մեջ վեց ամսում նախորդ տարվա վեց ամսվա համեմատ մենք ունենք 2.5 տոկոս անկում։ Այստեղ սեզոնայնությունը իր բացասական ազդեցությունը թողել է, և հույս ունենք, որ օգոստոս ամսվա ընթացքում այս ոլորտի իրավիճակը կարող է շտկվել։ Չափազանց կարևոր է մանրածախ ապրանքաշրջանառության ցուցանիշը։ Չնայած այն հանգամանքին, որ մասնավոր տրանսֆերտները այս վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա վեց ամիսների համեմատ կտրուկ նվազել են, չնայած ունենք 16 տոկոս տնտեսական անկում, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը այս տարվա վեց ամսում նախորդ տարվա վեց ամիսների համեմատ ոչ միայն չի նվազել, այլև մի փոքր աճի միտում ունի։ Ինչո՞վ է բացատրվում այս հանգամանքը։ Առաջին հերթին նրանով, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում աշխատավարձը ՀՀ-ում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում աճել է շուրջ 13 տոկոսով։ Թոշակները նույնպես նախորդ տարվա վեց ամսվա համեմատ բարձրացել են առնվազն 14 տոկոսով։ Այսինքն, 100 հազարավոր մարդիկ իրենց վճարունակությունը բարձրացրել են, ինչը չէր կարող չանդրադառնալ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների վրա։ Սա կարևոր գործոն է։
Երկրորդ կարևոր գործոնը ՀԴՄ-ների կիրառումն է, որը հնարավորություն է ստեղծել ստվերից դուրս բերել մանրածախ ապրանքաշրջանառությունը։ Իհարկե մենք գիտակցում ենք, որ ստվերայնության տեսակարար կշիռը այդ ոլորտում դեռևս բավականին բարձր է, բայց ՀԴՄ-ների կիրառումը արդեն իսկ տալիս է դրական ազդեցություն և դա մենք կարողանում ենք արձանագրել մեր մակրոցուցանիշներով։ Չափազանց կարևոր է, որ համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով երկրորդ ոլորտը հանդիսացող ծառայությունների ոլորտում մենք նույնպես վեց ամսում աճ ենք արձանագրել։ Կարելի է ասել, որ ծառայությունների ոլորտում պահպանվել է նախորդ տարվա վեց ամիսների մակարդակը։ Հինգ ամիսների կտրվածքով մենք ունեինք մի փոքր անկում, իսկ վեց ամսում ունեցանք մի փոքր աճ։ Ապրանքաշրջանառության մեջ ընդհանուր առմամբ արտահանման ցուցանիշը նախորդ տարվա վեց ամիսների ցուցանիշի 54 տոկոսն է կազմում, իսկ ներմուծմանը` 72.5 տոկոսը։ Այսինքն, մենք ունենք ներմուծման ծավալի շուրջ 27 տոկոս և արտահանման ծավալի շուրջ 45 տոկոս անկում։ Կարևորն այն է, որ վեց ամիսը և հինգ ամիսը համեմատելիս ունենք որոշակի բարելավում, այսինքն դրական դինամիկա։ Պետք է նշել, որ հունիսին մայիսի համեմատ ունենք արտահանման 37 տոկոս և ներմուծման 45 տոկոս աճ, ինչը վկայում է որոշակի դրական տեղաշարժ։
Մեր քաղաքականության մասին. իրեն արդարացնու՞մ է արդյոք մեր ընտրած մակրոտնտեսական ռազմավարությունը։ Վերջին հինգ տարիների ընթացքում ե՛ւ հարկաբյուջետային, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը տնտեսական աճի տեսակետից եղել են զսպողական, և դա տեսության մեջ համարվում է գրագետ քաղաքականություն։ Երկնիշ տնտեսական աճի դեպքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի զսպողական, որպեսզի տնտեսությունը չափից ավելի չտաքանա։ Իսկ տնտեսական անկման դեպքում հակառակը, ե՛ւ դրամավարկային, ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինեն ընդլայնողական։ Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ պետությունը պետք է ավելացնի իր ծախսերը և եթե նույնիսկ սեփական եկամուտների տեսքով չունի այդ ծախսերը ավելացնելու ֆինանսական միջոցներ, ապա արտաքին և ներքին շուկաներից պետք է ներգրավի լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչը մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք այս տարի և ունենք աննախադեպ ընդլայնողական ֆիսկալ քաղաքականություն։ Կենտրոնական բանկը նման քաղաքականություն սկսել է իրականացնել մարտ ամսից հետո, երբ իրականացրինք լողացող փոխարժեքի վերադարձը, և Կենտրոնական բանկը ստիպված էր 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` արձանագրելով, որ մտել ենք գնաճային ավելի ցածր մակարդակի փուլ։ Կենտրոնական բանկը սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն անցում կատարեց ընդլայնողական քաղաքականության։ Դրա բովանդակությունն այն է, որ տնտեսական աճի խթան է հանդիսանում ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը, ինչը հակաճգնաժամային բովանդակություն ունի, և ավելորդ էին այն խոսակցությունները, թե արդյո՞ք նպատակահարմար է սեկվեստր իրականացնել։ Բոլոր փորձագետները, Արժութային հիմնադրամը և ՀԲ-ն մեզ հետ համամիտ են, որ անհրաժեշտ է պահպանել պետական ծախսերի բարձր մակարդակը, որովհետև այն զսպում է տնտեսական անկումը։ Բնականաբար, մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք մեր բյուջեի ծախսային մասի վերաբաշխումներ այնքանով, որքանով օրենսդրությունը մեզ թույլ է տալիս։ Ավելին, մենք Ազգային Ժողովից օրենքի փոփոխության ձևով թույլտվություն ենք ստացել, որ մեր բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել համախառն ներքին արդյունքի7.5 տոկոսի։ Սա նշանակում է, որ արտաքին և ներքին պարտքերի ներգրավման առումով մեզ ԱԺ-ն տվել է լրացուցիչ հնարավորություններ, ինչից և մենք օգտվել ենք՝ ստանալով լրացուցիչ ֆինանսական միջոցներ Արժութային հիմնադրամից` այս տարվա համար շուրջ 150 մլն դոլար և 150 մլն դոլար էլ 2010 թվականի համար, ՀԲ-ից` 60 մլն դոլար ուղղակի բյուջեի ֆինանսավորման համար, Ասիական բանկից` 80 մլն դոլար։ Այդ հեղինակավոր միջազգային կառույցները գտնում են, որ մեր իրականացրած ընդլայնողական քաղաքականությունը արդարացված է և պետք է շարունակվի նաև 2010 թվականին, որպեսզի մենք կարողանանք հակացիկլիկ լինել և խթանել տնտեսական աճը՝ օգտվելով այն բացառիկ հնարավորությունից, որ գնաճային ճնշումները այս պարագայում դեռևս մեզանում բացակայում են։
Ուզում եմ անդրադառնալ ՀՀ հարկային և մաքսային վարչարարությունը բնութագրող չափազանց կարևոր ցուցանիշների։ Ամենածանր աշխատանքն այսօր ՊԵԿ-ինն է, որովհետև տնտեսական անկման ժամանակ հարկային և մաքսային վարչարարությունը խստացնելը և բարելավելը չափազանց բարդ գործ է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ-ն ունենա մեր աջակցությունը։ Դրա համար կառավարության անդամներին տրված են հանձնարարականներ, որպեսզի բոլորն իրենց ոլորտներում աջակցություն ցույց տան ՊԵԿ-ին։ Եվ դա պետք է առարկայական լինի, ձեր նախարարությունների լիազորությունների դաշտում գտնվող ձեռնարկությունները պետք է ձեզնից ստանան համապատասխան ազդակներ, որպեսզի ամբողջապես կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Չափազանց կարևոր է նաև ձեր մարդկային, բարոյական աջակցությունը։ Մենք ՊԵԿ-ում իրականացրել ենք բավականին լուրջ և ցավոտ բարեփոխումներ, հնչեցրել ենք սուր քննադատություն, ինքներս բացահայտ խոսում ենք մեր թերությունների մասին։ Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է այն, որ մենք ինքներս բացահայտենք մեր պրոբլեմները և ինքներս էլ բացահայտ խոսենք դրանց մասին։ Այս բաց խոսակցությունը և քննադատությունն արդեն տվել են իրենց արդյունքն ու ցուցանիշները, ինչի վկայությունն են մեր վերլուծությունները։ Ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել չափազանց կարևոր մի քանի ցուցանիշ։ Այս տարի օրենսդրորեն ընդլայնել ենք հարկային արտոնությունները փոքր և միջին բնզնեսի համար։ ԱԱՀ-ի գծով 58 մլն դրամի շեմը չգերազանցող սուբյեկտների քանակը շուրջ 32 հազար է, հաստատագրված վճարումից օգտվողների քանակը 20 հազարից ավելի է։ Այս սուբյեկտներն այս տարի օգտվել են հարկային արտոնությունից, ուստի այդ պատճառով նախորդ տարվա համեմատ շուրջ 25 մլրդ դրամ պակաս ենք հավաքելու։ Սա նշանակում է, որ հարկային ցուցանիշների կատարման տեսակետից այս գործոնը պետք է հաշվի առնվի։ Երկրորդ չափազանց կարևոր գործոնն այն է, որ գերավճարների առումով մենք նույնպես արձանագրում ենք բավականին լուրջ հաջողություններ։ 2008թ. վեց ամսում գերավճարների առումով կանխիկ ձևով վերադարձրել ենք շուրջ 10 մլրդ դրամ այն պարագայում, երբ այդ ընթացքում ունեինք արտահանման երկու անգամ ավելի մեծ ծավալներ, քան այս տարի։ Այս տարվա վեց ամիսներին մենք 8.5 մլրդ կանխիկ գերավճարների վերադարձ ենք կատարել, ինչն աննախադեպ ծավալ է արտահանման ծավալների համեմատ։ Իսկ ընդհանուր, այդ թվում անկանխիկ գերավճարների ծավալը վեց ամսում գերազանցում է 20 մլրդ դրամը։ Եվ, բնականաբար, հարկային պարտավորությունների կատարման հարաբերակցոությունը ՀՆԱ-ի մեջ դիտարկելիս վերլուծաբաններն անպայման պետք է հաշվի առնեն այս երկու կարևորագույն գործոնը։ Այս միջոցառումների արդյունքում լրացուցիչ լիկվիդային միջոցներ ենք թողել և՛ փոքր ու միջին ձեռնարկատերերին, և՛ ընդհանուր առմամբ տնտեսության մեջ։ Չնայած այս արտոնություններին, մենք արձանագրում ենք, որ 2009թ. վեց ամիսներին մենք ունենք հարկային վարչարարության բարելավում առնվազն 0.5 տոկոս։ Սա չափազանց կարևոր և շատ մեծ ցուցանիշ է ՀՆԱ-ի մեջ։ Մեր պարտավորությունը միջնաժամկետ ծրագրով նախատեսում էր ՀՆԱ-ի մեջ տարեկան 0.4 տոկոս հարկային վարչարարության բարելավում։ Եթե մենք նախորդ տարին ավարտել էինք հարկային մուտքերը հասցնելով ՀՆԱ-ի 17 տոկոսի և նախատեսել էինք միջնաժամկետ ծրագրում տարեկան 0.4 տոկոսի աճ, ապա այս սցենարը ենթադրում էր, որ տարեկան պետք է ունենայինք առնվազն 8 տոկոս տնտեսական աճ։ Եվ հասկանալի է, որ 16 տոկոս տնտեսական անկման պարագայում ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը 0.5-0.6 տոկոսով ավելացնելը չափազանց ծանր խնդիր է, բայց այն ՊԵԿ-ն իրականացրել է։ Սա որակական փոփոխություն է հարկահավաքման ոլորտում։
Մենք քաջ գիտակցում ենք, որ ստվերային տնտեսության տեսակարար կշիռը դեռևս բավականին բարձր է, բայց նաև գնահատելի է, որ տնտեսական անկման ժամանակ էլ այս բարեփոխումներն իրականացվում են, իսկ սա մեր միակ ճանապարհն է։ Վերլուծաբանների ուշադրությունն ուզում եմ հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, ինչը լրացուցիչ բացատրության կարիք ունի. հարկային մուտքերի կառուցվածքում եթե վերցնենք շահութահարկը, ապա 2008թ. դրա տեսակարար կշիռը հարկերի մեջ կազմել է 11.9 տոկոս։ Այս տարվա վեց ամսվա արդյունքում մենք ունենք 16 տոկոս շահութահարկ։ Կարծես թե այդպիսի իրավիճակ չպետք է լիներ։ Եթե մենք ունենք տնտեսական անկում, դա նշանակում է, որ ձեռնարկությունների շահութաբերության հետ խնդիրներ պետք է ունենայինք և կարծես թե շահութահարկի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի կառուցվածքի մեջ պետք է նվազեր։ Բայց իրավիճակն այստեղ փոխվել է և տեսակարար կշիռն ավելացել է առաջին հերթին ի հաշիվ ստվերային տնտեսության նվազման։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ստվերային տնտեսության հիմնական մասը մեր ներքին տնտեսությունն է։ Բոլոր մակրոտնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ մաքսային ոլորտում հավաքված հարկերի և ներմուծման ծավալների հարաբերակցությունը հասնում է 20 տոկոսի։ Դա այն առավելագույնն է, որ կարող ենք մեզ թույլ տալ։ Այսինքն, մաքսային վարչարարությամբ պետության եկամուտներն ավելացնելու ներուժն այդտեղ չնչին է։ Հիմնական ներուժը և հիմնական ստվերային մասը մեր ներքին տնտեսությունն է, մեր ձեռնարկություններն են և առաջին հերթին` խոշորները։ Եվ այն հանգամանքը, որ ՊԵԿ-ին հաջողվել է հարկային մուտքերի ընդհանուր կառուցվածքում բարձրացնել շահութահարկի տեսակարար կշիռը, վկայում է, որ դա հնարավոր է անել միայն ու միայն ստվերային ծավալների կրճատման հաշվին։ Դրա վկայությունն է նաև ապրանքաշրջանառության ծավալների ԱՎԾ արձանագրած վեց ամսվա ցուցանիշը, որը պարունակում է նաև ստվերայնության տեսակարար կշռի նվազում։ Կարծում եմ, որ իմ արած հարցադրումները և ներկայացրած ցուցանիշները բավականին հետաքրքրական պետք է լինեն մասնագետների և նրանց վերլուծությունների համար։ Մենք ակնկալում ենք, որ ԶԼՄ-ներում կհայտնվեն մասնագիտական վերլուծություններ, և մենք շնորհակալ կլինենք քննադատական վերլուծությունների համար ևս, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»։

Կառուցվելու է հյուրատնային կենտրոն

Իր նիստում գործադիրը հավանություն է տվել Գողթ գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման ծրագրին։ Ծրագիրը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, կառուցապատման նախագիծը մշակվելու է մրցույթով։ Հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը, որը կառաջարկի հողամասը ձեռք բերելու առավել մեծ գին։ Ծրագրի իրականացման ընթացքում խրախուսվում է էկոլոգիապես մաքուր նյութերի և իբրև այլընտրանքային` արևի էներգիայի օգտագործումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ձեռնարկով կառավարությունն սկսում է կիրառել ներդրումների ներգրավման նոր մեթոդ, որը հաջողություն է ունեցել Չիլիում։ Դրա իմաստն այն է, որ պետությունն ինքն է բիզնես նախագծեր մշակում և մասնագետների հավանությունն ստանալուց հետո մրցույթով մասնավոր ներդրող ընտրում։ Տվյալ դեպքում Գողթի հյուրատնային կենտրոնի վայրը շահեկան է, քանի որ գտնվում է Գառնի-Գեղարդ ավտոմայրուղու հարևանությամբ և դրանով էլ կարող է գրավիչ լինել ներդրողի համար։ Նախագիծը հաջողություն ունենալու դեպքում կարող է կիրառվել գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջային այլ վայրերում։

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ


Հինք ընդունելով ՀՀ նախագահի 2009թ. ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագիրը, ՀՀ կառավարությունը ստեղծել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուների ընտրության հանձնաժողով, հաստատել դրա գործունեության կարգը և հատկացնել գումար։ Գործադիրը սահմանել է, որ որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հաստատող հավաստագրով և դրամական պարգև` 500 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Մրցանակը, որը շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի գիտական գործունեության հետ կապված` դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից, առաջին անգամ հանձնվելու է 2010թ. սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը։ ՀՀ վարչապետը նշել է, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի վարկանիշը միջազգային ասպարեզում բավական բարձր կարող է լինել և բարի երթ է մաղթել այդ նախաձեռնությանը։

Կանոնակարգող փաստաթղթեր

ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել իր 2008թ. նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման մեջ` հստակեցնելով երկրաշարժից հետո աղետի գոտու մի բնակավայրից այլ բնակավայր մշտական բնակության տեղափոխված անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրները պետական միջոցների հաշվին իրականացվող բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում դիտարկելու հետ կապված հարցերը, ինչպես նաև սահմանելով գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման վերջնաժամկետ` 2008թ. դեկտեմբերի 15-ը։
Գործադիրը իր որոշումներով հաստատել է ՀՀ բուսական աշխարհի և ՀՀ կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգերը, ինչի շնորհիվ կկարգավորվեն կադաստրի վարման արդյունքում ստացված տվյալների համակարգված տեղեկատվական բազայից օգտվելու հետ կապված հարաբերությունները։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել շինարարության և քանդման թափոնների անվտանգ գործածության պայմաններին, երկրորդային ռեսուրս հանդիսացող շինարարության և քանդման թափոնների, դրանց օգտագործման առաջնային ուղիների անվանացանկին, շինարարության և քանդման թափոնների տեսակների ցանկին։ Որոշման ընդունումը կնպաստի շինարարության և քանդման թափոնների` որպես արժեքավոր երկրորդային հումքի, օգտագործմանը, դրանց քանակի, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանը։ Իր որոշմամբ գործադիրը ստեղծել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով և հաստատել դրա աշխատակարգը։ Հանձնաժողովը ստաժ կսահմանի 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած այն անձանց համար, ում աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով։ Ստաժ կսահմանվի Ադրբեջանում մինչև 1992թ. աշխատած ժամանակաշրջանի համար, բայց անձի` փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում հաշվառվելու (փախստականի կարգավիճակ ձեռք բերելու) ժամկետից ոչ ավելի։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2009թ. ծրագիրը։ Կիրականացվեն Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1։50000 մասշտաբի երկրաբանական հանույթ, ՀՀ 1։50000 մասշտաբի երկրաբանապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն Երևան քաղաքում և մերձակա տարածքներում, ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիտորինգի վարում և դրանց կադաստրի կազմում (շարունակելի) և այլ ծրագրեր։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը, որով սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ստուգումն իրականացնող հանձնաժողովի կազմը, ստուգման ընթացակարգը։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը հաստատել է կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2010-2012թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը։ ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին` հանգամանորեն հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։ Այս օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։

Երևանի ինքնակառավարման առանձնահատկությունները


ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներով, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, լրացումներ և փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներում։ Դրանք պայմանավորված են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով և կանոնակարգում են գույքահարկ և հողի հարկ վճարողների, գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման հարցերը, անշարժ գույքի կադաստր վարող և փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններին գույքահարկի հաշվարկման նպատակով, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը։ Ի լրումն ՀՀ կառավարության ս.թ. մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» որոշման անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքին է փոխանցվել «Ժամանակակից արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի թանգարանային ֆոնդը` նախատեսելով համապատասխան պայմանագիր ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի միջև։ Իր նիստում գործադիրը Երևան քաղաքի Անտառային փողոցի N 192 տանը հարող տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը 668.081.737.0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին։

Միջազգային հարցեր

ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի համաձայն հաստատել է ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցը։
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2009թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, ՀՀ 2009թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով դրանց գծով ծախսերը ՀՀ 2009թ. պետական բյուջեում ներառելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն (ՄԳԿՏԿ) հիմնադրելու` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվելիք փոխըմբռնման հուշագրին։ Կողմերը ՄԳԿՏԿ ստեղծմանն աջակցում են համատեղ գիտատեխնիկական և կրթական գործունեություն ծավալելու նպատակով։
Իր նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթի նպատակն է երկու երկրների միջև հաստատել ճարտարապետության, քաղաքաշինության, տարածական պլանավորման, շինարարության, բնակարանային և կոմունալ քաղաքականության բնագավառներում համագործակցության հաստատումը։

 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, քանի որ այն չէր ապահովում ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ ամրագրված Հայաստանում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների տեխնիկական և մասնագիտական հագեցվածությունը։
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա պաշարներն արդյունավետ կառավարելու նպատակով ՀՀ կառավարությունը ժամանակավորապես կասեցրել է ստորերկրյա հորերից նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը` մինչև անհրաժեշտ ջրաերկրաբանական ուսումնասիրության կատարումը։
Գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Կոտայքի մարզպետարանին 2009թ. երրորդ եռամսյակում հատկացնել 12000 հազար դրամ։ Ս.թ. մարտի 31-ին մարզպետի «Մերսեդես-բենց» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Գառնիի տաճար, մշակութային միջոցառման մեկնելիս, Երևան-Սևան մայրուղու Արզնիի հատվածում։ Ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտել է հանդիպակաց ճանապարհով ընթացող ավտոմեքենայի վարորդը։ Մարզպետի ավտոմեքենան նորոգման և հետագա շահագործման համար այլևս պիտանի չէ։
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի N ՍԴՈ-630 որոշումը և առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել իր 2002թ. հունիսի 6-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 734-Ն որոշումը։ Գործադիրը սահմանել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ, Փարաքար և Պտղունք գյուղական համայնքների տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկները կարող են կառավարության քննարկմանը ներկայացվել միայն ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության դրական եզրակացության դեպքում։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն» հավելվածով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություններ կատարել իր նախկին որոշումներից մեկում, որոնցով ապահովվում է ՀՀ օդանավակայաններում իրականացվելիք ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների համապատասխանեցումը ԻԿԱՕ և Եվրամիության չափանիշներին։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ