Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հուլիսի 2009

Արտագնա նիստի որոշումներն աննախադեպ էին


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա անդրադարձել է Կապանում տեղի ունեցած նախորդ` արտագնա նիստի որոշ կարևոր հարցերի պարզաբանմանը։

ՀՀ վարչապետի ներածական խոսքը. «Կապանում մենք ընդունել ենք աննախադեպ որոշումներ, մասնավորապես շուրջ 180 մլրդ դրամի ֆինանսական միջոցների բաշխում տեղի ունեցավ, որը մեր տնտեսության համար ունի էական նշանակություն։ Խոսքը վերաբերում է ռուսական վարկին։ Մենք ձեզ հետ միասին որոշեցինք, թե այդ միջոցները ինչպես պետք է ծախսվեն կոնկրետ ըստ ուղղությունների։ Փիլիսոփայությունը, որ ընկած էր այդ որոշման հիմքում, հետևյալն էր. առաջին` մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ միջոցները, որպեսզի նպաստենք մեր տնտեսության դիմադրողականության աճին և երկրորդ, որ այդ միջոցները կարողանանք վերադարձնել, այսինքն` վերադարձելիության սկզբունքով ենք բաշխել այդ գումարները, ինչը նշանակում է, որ այդ պարտքը մեր պետության վրա կծանրանա այնքանով, որքանով այդ միջոցները ուղղելու ենք անտոկոս ընթացիկ մեր ծախսերին, կապիտալ շինարարությանը։ Մասնավորապես 24 մլրդ դրամ աղետի գոտու վերականգնման աշխատանքներն են, որ մենք ուղղակի բյուջեով ֆինանսավորում ենք այս տարի և մյուս տարի։ Այդ միջոցների մի մասը ուղղվելու է մեր կայունացման հիմնադրամին ԿԲ-ում, իսկ մյուս մասը տրամադրվում է որպես վարկային միջոցներ։ Թիրախները` առաջին կարևորագույն թիրախը փոքր և միջին բիզնեսի համար վարկային հնարավորությունների ընդլայնումն է։ Մի կողմից դա ԿԲ-ում հայ-գերմանական հիմնադրամի աշխատանքներն են, և մենք պատրաստ ենք միջոցներ տրամադրել հիմնադրամին, որովհետև այն ապացուցել է իր արդյունավետությունը, ապահովել աշխատանքների և միջոցների 100 տոկոս վերադարձելիությունը, ինչը չափազանց կարևոր է։ Երկրորդ ուղղությունը հիպոթեքային շուկայի զարգացումն է, և այն հիմնադրամը, որ ստեղծում է ԿԲ-ն, հնարավորություն կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ կառավարությունից։ Երրորդը ՓՄՁ ԶԱԿ-ն է, որն արդեն իսկ մարզերում հավաքել է շուրջ 5 մլրդ դրամի վարկային ծրագրեր, ինչը նույնպես խթանելու է փոքր և միջին բիզնեսի զարգացումը ՀՀ-ում։ Բնականաբար, կարևոր ուղղություններից է համակարգաստեղծ ձեռնարկություններին վարկային միջոցներով օգնելը։ Մենք ընդունեցինք կարևորագույն որոշումներ հենց հանքահումքային արդյունաբերության ոլորտում, օգնեցինք այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են արտահանման վրա, տրամադրեցինք վարկային միջոցներ, ինչը կավելացնի նրանց ներուժը։ Հասկանալի է, որ այս միջոցառումները չեն կարող սահմանափակվել միայն ռուսական վարկով։ Մենք շատ ուրախ կլինենք լսելու մեր ընդդիմախոսներին, թե ինչ ուղղություններով ավելի նպատակահարմար կլիներ օգտագործել այս վարկային միջոցները։ Բնականաբար, այդպիսի քննադատական վերլուծությունները խիստ օգտակար կլինեն կառավարության համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այն քննադատությանը, որն սկսվում է հայհոյանքով և ավարտվում է հայհոյանքով։ Իհարկե, խոսքը դրա մասին չէ, փառք Աստծո, կան բավականին կառուցողական ընդդիմախոսներ, որոնք հանդես են գալիս հետաքրքիր վերլուծություններով` քննադատելով կառավարության աշխատանքները, բայց որտեղ կան մասնագիտական բավականին լուրջ առաջարկներ, որոնք դառնում են մեր քննարկման առարկան։ Վերջին շրջանում, ասենք, «Կապիտալ» թերթը, «Դելովոյ էքսպրես» թերթը բավականին լուրջ վերլուծական նյութեր են տպագրում, որոնք օգտակար են մեզ համար։ Մեր աշխատանքը շարունակվում է և մենք ունենք ֆինանսական միջոցներ ստանալու և տնտեսության զարգացմանն օգնելու ևս մեկ լրացուցիչ հնարավորություն։ Խոսքը վերաբերում է Եվրազեսի շրջանակում ձևավորված հակաճգնաժամային հիմնադրամին, որտեղ կուտակվելու է շուրջ 10 մլրդ դոլար գումար, և մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից։ Ցավոք սրտի, դեռևս չունենք մշակված այնպիսի ծրագրեր, որոնք կարողանայինք ներկայացնել այդ հիմնադրամ։ Ընդամենը երկու ծրագիր ենք երաշխավորել և ուղարկել, երկուսն էլ վերաբերում են էներգետիկայի և քիմիայի ոլորտներին։ Դա, իհարկե, բավարար չէ։ Իմ որոշումով ֆինանսների փոխնախարարի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի, պետք է համագործակցի բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ։ Նպատակը լինելու է այն, որ մենք ձեզ հետ միասին մշակենք, բացահայտենք այնպիսի խոշոր ծրագրեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և որոնք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու համար կարող ենք ներկայացնել այդ հիմնադրամ։ Այսօր խնդիրը դրվում է հետևյալ կերպ` մենք ունենք ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, բայց ցավոք սրտի դեռևս չունենք այնպիսի ծրագրեր, որ կառավարության անունից կարողանանք ներկայացնել այդ հիմնադրամ։ Դրա համար ես խնդրում եմ ձեզ ամենայն աջակցություն ցույց տալ այդ աշխատանքային խմբին, որը կղեկավարի Վարդան Արամյանը և որում ընդգրկված են լինելու էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի մասնագետները, վարչապետի խորհրդականները։ Այն բանից հետո, երբ որ բացահայտենք այդպիսի խոշոր ծրագրերը, բնականաբար, կվարձենք մասնագիտացված կազմակերպություններ, որոնք կպատրաստեն բիզնես ծրագրեր, բիզնես առաջարկներ` հաշվարկելով ֆինանսական հոսքերը։ Մենք պետք է կարողանանք օգտվել այս բացառիկ հնարավորությունից և ինչքան շուտ, այնքան լավ։ Ես համոզված եմ, որ այն բաշխումը, որ կատարեցինք Կապանում, դրական ազդեցություն է թողնելու մեր տնտեսական համակարգի վրա։ Իհարկե, դրա դրական ազդեցությունը կզգանք 3-րդ և 4-րդ եռամսյակներում և ավելի շատ 2010թ., քանի որ այդ ծրագրերը կամաց-կամաց են թափ ստանալու»։

Միջազգային հարցեր


Անցնելով օրակարգի հարցերին, ՀՀ կառավարությունը, ի կատարումն իր նախկին որոշումների, ինչպես նաև «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, որոշել է հաստատել ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը։ Ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր և միջազգային կազմակերպություն, ներառյալ ԱՊՀ անդամ պետությունները։ Ըստ չինական կողմի կանխատեսման ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն` 70 մլն այցելու։ «Շանհայ էքսպո-2010»-ի նախապատրաստման և անցկացման համար կպահանջվի 569354.37 հազար դրամ։ Այս ծախսը ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղավարի ձևավորումը, կահավորումը և սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը, տպագրական նյութերի և հուշանվերների, բեռների փոխադրման և մաքսազերծման, ցուցահանդեսի ընթացքում նախատեսվող Ազգային օրվա` սեպտեմբերի 21-ի, ինչպես նաև պաշտոնական պատվիրակության և տաղավարը սպասարկող անձնակազմի գործուղման ծախսերը և այլն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարությանը հանձնարարել է կազմել Հայաստանի ազգային օրվա մշակութային ծրագիրը և տեղեկացնել չինական կողմին։ Նա անհրաժեշտ է համարել նաև ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման աշխատանքում սփյուռքի նախարարության ներգրավումը։
Իր նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որի նպատակն է արդյունավետ իրականացնել 2006թ. նոյեմբերին ստորագրված Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա աջակցել 2006թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության արժանացած 2009-2011թթ. իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը։
Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա երկու պետությունների միջև զարգացնել ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը։
ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ներկայացուցիչ` ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակով, հաստատել է ներկայացուցչի գործունեության կարգը։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության և ԱՊՀ անդամ պետությունների, մասնավորապես ՌԴ ներքին գործերի նախարարությունների միջազգային համագործակցության զարգացմամբ և խորացմամբ։ Առանձնակի կարևորություն են ստացել ՀՀ և ՌԴ այս մարմինների ստորաբաժանումների միջև օպերատիվ փոխգործակցության կանոնակարգումը, դատավճռի կատարումից կամ քրեական հետապնդումից թաքնվող անձանց, ինչպես նաև անհետ կորածների հետախուզման գործնական միջոցառումների համակարգումը և շատ այլ հարցեր, որոնք իրենց լուծումն են ստանում սույն որոշման ընդունմամբ։ Գործադիրն ընդունել է այս որոշումից բխող ևս երկու որոշում, որոնցով կարգավորվում է ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնի հավասարեցման հարցը և սահմանվում ներկայացուցչի պաշտոնին համապատասխանող կոչումը։

Արձանագրային որոշումներ


ՀՀ կառավարությունն ընդունել է արձանագրային որոշումներ։ Դրանցից առաջինով գործադիրը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական քաղաքականության 2009-2035թթ. ռազմավարությանը, դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է կազմակերպել և համակարգել ժողովրդագրական զարգացման ծրագրերի մշակումն ու ապահովել դրանց իրականացումը, կատարել միջոցառումների ծրագրի մոնիտորինգ, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել որոշման հավելվածներում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ։ ՀՀ հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները պարտավորեցվել են ՀՀ ամեն տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի առնել ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված առաջնահերթ նպատակները։
Մեկ այլ արձանագրային որոշմամբ գործադիրը ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների (բացառությամբ պետական եկամուտների կոմիտեի) և պետական գերատեսչությունների ղեկավարներին պարտավորեցրել է ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման կատարման հսկողությունն ապահովելու նպատակով, յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, ՀՀ վարչապետին ներկայացնել տեղեկատվություն նախորդ եռամսյակի ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ։
Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Դրանց ընդունումը պայմանավորված է զինվորական կոմիսարիատներում զինվորական հաշվառման գործընթացը հստակեցնելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կողմից նշված գործընթացին լիարժեք մասնակցություն ապահովելու, զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացում համայնքի ղեկավարների լիազորությունները և պարտավորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին` հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։
Վերջին երկու օրինագծերը սահմանված կարգով կներկայցվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այլ հարցեր

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով, 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով մի շարք քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց այդ քաղաքացիների հանդեպ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է 2009թ. երրորդ եռամսյակում հինգ տրանսպորտային միջոցների դիմաց նրանց տրամադրել 7875.1 հազար դրամ ընդհանուր գումարով գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010թ. առաջին եռամսյակում վճարման ժամկետով։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում, շինարարության իրականացում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, քաղաքաշինական փաստաթղթերի մշակում գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը և լիցենզիաների ձևերը։ Դրանք հաստատելուց հետո վերացել է նախկին իրավական ակտերի անհրաժեշտությունը, ուստի գործադիրը ուժը կորցրած է ճանաչել իր 2001թ. նոյեմբերի 21-ի համապատասխան որոշումը։
ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրության համաձայն հաստատել է Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) և Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծերը։ Որոշումների ընդունման հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է։ Օրենքի պահանջին համապատասխան գլխավոր հատակագծերը ներկայացվել են հասարակական իրազեկման, քննարկվել և հավանության են արժանացել համայնքների ավագանիների կողմից և ստացել բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություններ։ ՀՀ վարչապետը հանձնարարել է ակտիվացնել բնակավայրերի գլխավոր հատակագծերի ստեղծման աշխատանքը, որպեսզի այդ գործընթացն ավարտին հասցվի ողջամիտ ժամկետում։
Գործադիրը իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Հայանիստի և Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքների հողերի կատեգորիան` առաջին դեպքում ձկնաբուծական լճակներ, երկրորդում` հանգստի գոտի կառուցելու համար։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական զորակոչից տարկետում տալ ՀՀ երեք քաղաքացիների։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ