չորեքշաբթի, 1 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը և հույս հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը և այլն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը` որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ։
Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև կայուն հիմք է ստեղծվել համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Անդրեա Վիկտորինին` նրա հետագա գործունեության մեջ։