չորեքշաբթի, 23 ապրիլի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Ամեն տարի այս օրը՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ազգովի խոնարհվելով մեր նահատակների հուշակոթող-շիրիմների առջև, մենք ավելի միասնական ենք դառնում մեր ժողովրդի պատմության մեջ անջնջելի հետք թողած այդ եղեռնագործությունը դատապարտելիս և որ կարևոր է՝ ապրելու և հարատևելու, աշխարհում մեր ուրույն տեղն ունենալու ձգտումը վերահաստատելիս:
Դարի մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը մղում է մեզ համախմբելու մեր ուժերը հզոր ու բարգավաճ պետություն կերտելու, մեր ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը ամենից առաջ մեր ուժի շնորհիվ ապահովելու նպատակով:
Վստահ եմ, որ երրորդ հազարամյակ ոտք դրած մեր երկիրն ու ժողովուրդը կկարողանան աշխարհի քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում միասնական պայքար տանել նման ոճրագործություններն ու բռնություններն այլևս բացառելու համար: