Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունիսի 2009

Հանքարդյունաբերությանը` 44 մլն ԱՄՆ դոլար վարկ


Սյունիքի հիմնախնդիրները լուծում կստանան: Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դիմելով ներկաներին նա նշել է, որ Սյունիքի կյանքում նշանակալի իրադարձություն է այս նիստը, որի հարցերի զգալի մասը միտված է մարզի հիմնախնդիրների լուծմանը։ Բացի այդ, կառավարության անդամները ծանոթանում են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, բնակչությանը հուզող խնդիրներին։
Նիստն սկսվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հաշվետվությամբ` մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների, ծրագրերի մասին։ Մարզպետը ըստ բնագավառների ներկայացրել է նաև 2009թ. առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունը ի գիտություն է ընդունել Սուրեն Խաչատրյանի հաշվետվությունը։

Հաստատվել է մարզի զարգացման ծրագիրը

Ելնելով ՀՀ կառավարության հաստատած Կայուն զարգացման ծրագրի սկզբունքներից, այդ ծրագրի ռազմավարությունը և միջոցառումները տարածքային զարգացման ծրագրերում ներառելու և իրագործելու անհրաժեշտությունից, գործադիրը որոշել է հաստատել Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրն առանձնանում է նաև ներդրումային լուրջ բաղադրիչով։ Եվ դա հասկանալի է, որովհետև Սյունիքը միջպետական նշանակության մարզ է և բնական է, որ պետք է ունենա զարգացման ավելի երկարաժամկետ և խոշորածավալ ծրագրեր։
Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին` 15 մլն ԱՄՆ դոլար (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին` 15 մլն ԱՄՆ դոլար (հինգ տարի մարման ժամկետով) և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` 14 մլն ԱՄՆ դոլար (չորս տարի մարման ժամկետով)։ Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր։ Իբրև գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները և վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը։ «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին, որի հիմք են հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանի իրականացրած ուսումնասիրություններն ու վերլուծությունները, մշակութային կազմակերպություններից, ինքնակառավարման մարմիններից ստացված դիմումները և առաջարկները։ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գործադիրը որոշել է «Տաթև» վանական համալիրը և հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Աղվանի և Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն, հաստատել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ Որոշման մյուս կետերով հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել նորաստեղծ կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը` այդ գործին մասնակից դարձնելով շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև միջազգային փորձագետներին։ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի» շրջանակում իրականացվելու են ճոպանուղու և հյուրանոցային համալիրի կառուցման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է ապահովել զբոսաշրջության հետագա զարգացումը։
ՀՀ կառավարությունը, ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքից, անդրադարձել է նաև մարզի «Զորաց քար» հուշարձանախմբին և որոշել ստեղծել «Զորաց քար» բնակատեղի» պետական պատմամշակութային արգելոց, որի տարածք է սահմանել հուշարձանախմբի և դրան հարակից բնական լանդշաֆտը։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել Սյունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։ Նշվել է, որ մյուս մարզերի համեմատ Սյունիքից զգալիորեն քիչ դիմում-բողոքներ են ստացվում։
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով իր ավելի վաղ ընդունած որոշումը, գործադիրը հաստատել է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթև, Հալիձոր համայնքներում (բնակավայրերում) առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները։ Սույն որոշման նպատակը նշված օբյեկտների առանձնացումից հետո դրանց քաղաքաշինական զարգացման միջոցառումների ապահովումն է։

Ռուսական վարկը կմեղմի ճգնաժամի հետևանքները


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Լևոն Ամիրխանյան», «Մ.Գ. – Հաուզինգ» և «Հերմեկ» ՍՊԸ-ներին։ Հիշյալ ընկերությունները ՀՀ կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն դիմել էին կառավարության օպերատիվ շտաբ։ Տրամադրվելիք բյուջետային երաշխիքների վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման նպատակով կառուցապատողների հետ կնքվելու են համապատասխան գրավի պայմանագրեր։
Նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։ Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձևը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետևյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով ասել է, որ օրը նշանակալի է ոչ միայն կառավարության նիստը Սյունիքի մարզում անցկացնելու և տեղի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու, այլև երկրի տնտեսության տարբեր ոլորտներին մեծ գումարներ հատկացնելու իրողությամբ։ Նա հավելել է, որ ահա այժմ էլ 90 մլրդ դրամ է բաշխվում` մեղմելու ճգնաժամի բացասական հետևանքները։ «Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, և այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ ևս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար։ Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- եզրափակել է վարչապետը։
Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202 400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս որոշումը կայացվել է ի կատարումն ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության` 2009-2010թթ. բյուջեների ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն նամակների փոխանակման միջոցով վարկ տրամադրելու վերաբերյալ։

Ուժեղացվում է ՀԴՄ կիրառման հսկողությունը


Այս նպատակով գործադիրը ընդունել է երկու որոշում։ Դրանցից մեկով լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է ՀՀ վարչապետի 2009թ. փետրվարի 2-ի «Գործունեության առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու մասին» որոշմամբ։ Նույն պատճառաբանությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման մեջ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեի նախագահին պարտավորեցրել է առցանց ռեժիմով ՀՀ էկոնոմիկայի նախարարին տրամադրել ամենօրյա թարմացմամբ տեղեկատվություն ՀՀ ներմուծված և իրացման փուլում համապատասխանության հավաստման ենթակա ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների վերաբերյալ։

Բնապահպանական խնդիրներ


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել իր ավելի վաղ ընդունած «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» և «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» որոշումներում։ Դրանով իսկ նշված ազգային պարկերի գործունեությունը կհամապատասխանի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, պարկերի զբաղեցրած տարածքները կդառնան գիտաճանաչողական, ուսումնական և զբոսաշրջության զարգացման կենտրոններ, հարակից համայնքների բնակչության համար կստեղծվեն նոր աշխատատեղեր։


                                                      Իրավական նոր ակտեր


ՀՀ կառավարությունը ՀՀ մի շարք օրենքների համաձայն հաստատել է իրավական նոր ակտեր։ Դրանցից մեկով հաստատվել է ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնության ժամանակացույց կազմելու կարգը։ Մյուս որոշմամբ հաստատվել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը։ Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը սահմանվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Նույն օրենքի համաձայն կառավարությունը հաստատել է օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատի տրման կարգը, նշանի և սերտիֆիկատի ձևերը, ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի ձևը։
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը սահմանել է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու և օգտագործելու կարգը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել նշված պայմաններում վայրի կենդանիների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման հիմունքների կիրառումը։


Արձանագրային որոշումներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» ՀՀ օրենքի, «Հրդեհային անվտանգության մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Գործադիրը արձանագրային որոշումներ է ընդունել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրինագծերի վերաբերյալ, մի դեպքում իբրև ընդունման նախապայման նշելով իր ներկայացրած առաջարկությունների ընդունումը, մյուս երկու դեպքում նպատակահարմար չհամարելով ներկայացված նախագծերի ընդունումը։ Խոսքը վերաբերում է համապատասխանաբար «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Սույն օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ։

Այլ հարցեր


ՀՀ կառավարությունը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք և շինություններ կառուցելու անհրաժեշտության մասին ՀՀ արդարադատության նախարարի առաջարկը և համապատասխան հանձնարարականներ տվել ՀՀ քաղաքաշինության և ՀՀ ֆինանսների նախարարներին։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը որոշում է ընդունել անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնել «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ինչի շնորհիվ անչափահաս դատապարտյալները հնարավորություն կունենան տիրապետել մի շարք արհեստների։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2004թ. մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման մեջ, որով, ընդառաջելով սեփականատիրոջ դիմումին, երեք տարով երկարաձգել է «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում ոչ պակաս, քան 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրում կատարելու ժամկետը։
ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան որոշել է «Էսկուլապ», «Ֆարմ Գոհար» և «Դեղատուն Ադոնիս» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տալ հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման, պահպանման, տեղափոխման, բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիաներ։
Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրն ընդունել է Լոռու մարզի Լեջանի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ հինգ քաղաքացու։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ