Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունիսի 2009

Կարևոր պաշտոնյաներն իրավունք չունեն այս ամռանը բացակայել Հայաստանից


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ նա դիմել է ներկաներին.
«Արձակուրդային սեզոն է սկսվում, և ես ուզում եմ ձեզ դիմել հետևյալ հարցադրմամբ։ Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար։ Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական և ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ և ՀՀ-ում։ Մեկ ամսվա դիմումներ խնդրում եմ չներկայացնել, և դուք էլ ձեր տեղակալներին հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու։ Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, և 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար։ Եվ մենք պետք է աչալուրջ լինենք։ Իհարկե, հասկանալի է, որ տեխնիկական ռեցեսիայի խնդիր էլ կա, այսինքն տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ և այդ ֆոնի վրա մեր անկման ցուցանիշները լինելու են բավականին մեծ։ Միևնույն ժամանակ մենք չպետք է այն բացատրությամբ առաջնորդվենք, որ կա նաև տեխնիկական ռեցեսիայի խնդիրը։ Տնտեսական ցուցանիշները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են, և մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը, պետք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին։ Այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետև ցուցանիշները դեռևս շարունակում են վատանալ։ Մենք գիտակցում ենք, որ ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել։ Համար մեկ խնդիրը, որ մեր առջև կանգնած է, այն է, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետք է օժանդակենք պետական եկամուտների կոմիտեին։ Պետք է գիտակցենք, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ։ Մեր գերատեսչությունները շատ անտարբեր են այս խնդրի հանդեպ, և եթե մի որևիցե ձեռնարկություն, որը գտնվում է այս կամ այն գերատեսչության ենթակայության ներքո, չվճարի հարկերը, դրան շատ հանգիստ են նայում գերատեսչության ղեկավարները։ Սա անընդունելի մոտեցում է։ Ես առաջարկում եմ, որ մենք հիմա արձանագրային որոշում ընդունենք` բոլոր նախարարներն անձամբ իրենք, գերատեսչության ղեկավարները, երեք օրվա ընթացքում վարչապետին ներկայացնեն առաջարկություններ, թե իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի մենք հարկահավաքման գործում օգնենք պետական եկամուտների կոմիտեին։ Այդ առումով մեծ ներուժ կա առողջապահության նախարարությունում, որովհետև բժշկական հիմնարկություններում դեռևս հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ ունենք։ Այդպիսի լուրջ խնդիրներ ունենք գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան վերամշակող խոշոր ձեռնարկություններ, տրանսպորտի և կապի ոլորտում, շինարարության ոլորտում։ Հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ։ Եվ դա իր բացասական ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա։ Եթե այս տարվա հինգ ամիսների արդյունքը համեմատենք նախորդ տարվա 5 ամիսների արդյունքի հետ, ապա կտեսնենք, որ մեր մակրոցուցանիշների վատթարացումը` համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, հիմնականում պայմանավորված է շինարարությամբ։ Եվ քանի որ շինարարության մեջ ներդրումները հիմնականում գալիս էին Ռուսաստանից, ապա մասնավոր տրանսֆերտների և ներդրումների ծավալի կրճատումը առաջին հերթին հարվածում է հենց շինարարության ոլորտին։ Դրա համար մենք լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնենք խթանելու շինարարությունը, որպեսզի այս տարի կարողանանք դիմագրավել այս բարդություններին։
Խնդրում եմ ձեզանից, որպեսզի այս ամառվա սեզոնը մենք, ձեզ հետ միասին գնահատենք որպես լարված աշխատանքի ամիսներ։ Մենք իրավունք չունենք տրամադրվելու, որ կառավարության համար սկսվում է ամառային սեզոն, հանգստի սեզոն։ Ոչ, մեզ համար սկսվում է ամենածանր աշխատանքը, և եթե մենք կարողանանք այս ամռանը լավ աշխատել, ապա տարվա վերջում դրա արդյունքը կտեսնենք։ Դրա համար, հարգելի գործընկերներ, այս ազդակները հաղորդեք նաև ձեր տեղակալներին, ձեր վարչության պետերին։ Ամենակարևոր պաշտոններն զբաղեցնող անձինք իրավունք չունեն ամռանը բացակայել Հայաստանից»։

Նորմատիվ փաստաթղթեր


ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել ՀՀ ագրարային ոլորտի գիտության զարգացման 2009-2012թթ. գերակա ուղղությունների հայեցակարգը։ Դրա նպատակն է ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրի և «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» 2006թ. վերանայված տարբերակի դրույթներին համապատասխան սահմանել ագրարային գիտության գերակա ուղղությունները, մշակել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաստատել է «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը և տարածքի չափը և փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում։ «Ջրվեժ» անտառապարկի պահպանվող օբյեկտներից են ներմուծված հարյուրից ավելի ծառաթփային տեսակները, պարտեզային ձևերը և դարավանդավորված տեղանքի հետ համադրվող գեղազարդիչ պարկաշինության եզակի նմուշները։ Անտառապարկում աճում են ՀՀ կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող քսանմեկ բուսատեսակներ։ Որոշման իրագործմամբ առավել արդյունավետ կկազմակերպվեն և կիրականացվեն պարկի պահպանության ու վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կստեղծվեն շրջակա համայնքների հետ բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպաստավոր պայմաններ։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները և կարգը։ Նախագծի մշակման հիմք են հանդիսացել գինենյութի և սպիրտահումքի թորման համար ընդունված ավանդական եղանակներն ու տեխնոլոգիական գործելակարգերը, որոնք խորհրդային տարիներին ամրագրված էին նորմատիվ փաստաթղթերով ու կանոններով, որոնք այժմ չեն գործում։ Չնայած դրան նշված տեխնոլոգիական գործընթացները հիմնականում իրականացվում են վերը նշված հրահանգների և կանոնների պահանջներին համապատասխան։ Որոշմամբ սահմանված տեխնոլոգիական միասնական պահանջները կնպաստեն թողարկվող արտադրանքի որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Գործադիրը մի քանի որոշում է ընդունել հողերի կատեգորիան փոխելու մասին` Սյունիքի մարզի Քարահունջի, Լոռու մարզի Ղուրսալիի, Արարատի մարզի Դաշտավանի, Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղական համայնքներին հնարավորություն տալով այդ հողերն օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշումը մարզպետներին պարտավորեցնում է նշված հողամասերը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր 1997թ. մարտի 14-ի N 51 որոշման մեջ, ինչի շնորհիվ լուծվել է Բաղանիս համայնքի վարչական տարածքում գտնվող հեռուստակայանի շենքի սեփականության հարցը։ Դա համայնքին հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ ներդրումներ, շահագործել ռմբակոծության ենթարկված վթարային վիճակում գտնվող շենքը, ինչը տարածքում հեռուստահաղորդումների և բջջային հեռախոսակապի իրականացման տեսակետից ունի բացառիկ կարևորություն։


Արձանագրային որոշումներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել պատերազմի կամ դրա սպառնալիքի դեպքում տրանսպորտային միջոցներով զինված ուժերի ապահովվածության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը և խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների միջոցով բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Երկու այլ որոշումներով կառավարությունը ընդունելի չի համարում կամ դեմ է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերին։ Դրանք են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։

Այլ հարցեր


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան ՀՀ կառավարությունը ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից ստացված գրությունների համաձայն որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1573-Ն որոշման մեջ։
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել «Տիեզերական նկարահանումների պլանավորման, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման կարգը» և երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների ստացման հայտի ձևը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ պաշտպանության նախարարության N 102 զինվորական բազային պատկանող «Մեծ Բերդ» տարածքում գտնվող NN 73 և 78 շենքերում բնակվող Կարինե Փանոսյանի և Էդուարդ Մելքոնյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։ Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է բնակարանի գնման վկայագրի միջոցով։
Գործադիրն իր որոշումներով ՀՀ օրենսդրության համաձայն թմրամիջոցների բաշխման, բացթողնման և իրացման մինչև 03.04.2012թ. գործողության ժամկետով լիցենզիա է տվել «Ռայ ինվեստ» ՍՊԸ-ին, արդյունաբերական պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը` «Բեկոր» ՓԲԸ-ին։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տալ ՀՀ երեք քաղաքացիների։ Այդ որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
ՀՀ կառավարության հաջորդ` արտագնա նիստը տեղի է ունենալու ուրբաթ, հունիսի 26-ին Սյունիքի մարզում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ