Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 մայիսի 2009

Հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանության ներքո

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը նա տեղեկացրել է, որ կառավարության հաջորդ նիստն սկսվելու է հանձնարարականների կատարողականի քննարկումով, քանի որ դրանք կամ ժամանակին չեն կատարվում, կամ կատարվում են ոչ ամբողջությամբ, այսինքն` ցածր է որոշումների կատարման որակը։ Անհրաժեշտ է հաշվետվությունների միջոցով բացահայտել դրա պատճառը։

Աջակցություն ոսկերչությանը

ՀՀ կառավարությունը, նկատի առնելով ակնագործության և ոսկերչության զարգացման հայեցակարգով նախատեսված` ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումները, հավանություն է տվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Դրանցով ոսկերչական իրերի արտադրությունը ազատվում է 1 տոկոս շահութահարկի կանխավճարի վճարումից, ինչպես նաև հնարավորություն ստանում խնայել ֆինանսական միջոցներ, նպաստել ճյուղի զարգացմանը և ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը։ Որոշումը ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողով։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Հանրությունը պետք է իմանա, որ ոսկերչությունը և ադամանդագործությունը համարելով առաջնահերթ ճյուղ, մենք այս փոփոխություններով ստեղծում ենք հարկային բարենպաստ դաշտ։ Հարցը քննարկել ենք նաև ոսկերիչների և ադամանդագործների մեր միջազգային ասոցիացիայում։ Նրանց կարծիքով ևս սա կնպաստի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը։ Մեկ տոկոս շահութահարկի կանխավճարի վերացման առաջարկությունը նույնպես իրենք են արել, քանի որ դա խոչընդոտում է ճյուղի զարգացմանը։ Օրինագիծը կարող է դիտարկվել մեր հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանության ներքո»։

Բյուջետային երաշխիք` մրցունակ ծրագրին

Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. մարտի 13-ի նիստի N 70-121 արձանագրային որոշումը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ու «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով` գործադիրը որոշել է «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` 746 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա այն խնդիրներից է, որը պետք է գտնվի հասարակության վերահսկողության ներքո, քանի որ պետության ընդունած նման որոշման մեջ կարևոր է, որ այդ գումարը ծառայի բուն նպատակին։ Մի կողմից մենք երաշխավորված ենք այն առումով, որ ռիսկերի կառավարումը ստանձնել է Արմսվիսբանկը և պատրաստ է միջոցներ տրամադրել, մյուս կողմից ունենք գյուղնախարարության մասնագետների կարծիքը առ այն, որ Կովկասյան ցեղի կենդանիների գենոֆոնդի պահպանումը պետական նշանակություն ունի, և սա միակ ընկերությունն է, որը զբաղվում է դրանով։ Մենք պարտավոր ենք օգնել այս ընկերությանը։ Բացի այդ, խնդիրն ունի հակաճգնաժամային բովանդակություն, որովհետև ստեղծվում են նոր աշխատատեղեր և բիզնես-ծրագիրն էլ ինքնին արդյունավետ է։ Ամեն դեպքում ցանկալի է, որ այս գործը առաջին հերթին մեր ընդդիմախոսները վերցնեն հսկողության տակ, ինչպես որ հսկողության տակ են վերցնում օպերատիվ շտաբի ցանկացած որոշում»։

Նոր աջակցություն ՓՄՁ-ներին

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009թ. ծրագիրը հաստատելու մասին» N 1480-Ն որոշման հավելվածում։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Այս որոշումն ունի նաև հեռահար նպատակ։ Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, և մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր 250 մլն դոլար։ Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ` ևս 50 մլն դոլար տրամադրվեց։ Ահա այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար։ Միջոցներ են հատկացվելու նաև հիպոթեքային հիմնադրամին։ Հուսով ենք, որ այս միջոցառումները նույնպես կնպաստեն ճգնաժամի բացասական ազդեցության մեղմմանը»։

Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն

Գործադիրը հավանություն տվեց «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին. այն սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողով։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի։ Օրենքի նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան և իրականացնեն խոշոր նախագծեր։ Այդ պարագայում պետությունը սուբսիդավորելու է այդպիսի նախագծերը այն գումարի չափով, որքան այդ նախագիծը հարկային մուտքեր է ապահովում մեր բյուջե։ Այդպիսով, պետությունը ոչ մի վնաս չի կրում, այլ խթանում է, որպեսզի խոշոր ներդրողներ հայտնվեն մոտակա երկու տարվա ընթացքում։ Կարծում եմ` այս օրենքի մեջ կարելի է ներառել նաև մարզական օբյեկտների կառուցումը։ Իհարկե, կառավարությունը հետագայում առանձին կարգ կսահմանի օրենքն իրագործելու համար»։

Մարզպետների աշխատանքի գնահատման չափանիշներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-128 հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։ Այս որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահի մոտ 2009թ. փետրվարի 14-ին կայացած խորհրդակցության N ՀՆԱ-2 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով և սահմանում է մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու հստակ չափանիշներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա չափազանց կարևոր խնդիր է։ Մենք պետք է ունենանք օբյեկտիվ չափանիշների սանդղակ, որի միջոցով կկարողանանք գնահատել մարզպետների աշխատանքը։ Սրանով մենք մեր կողմից ապահովում ենք հրապարակայնություն, քանի որ ցանկացած քաղաքացի հնարավորություն է ունենալու ծանոթանալ արդյունքին, մյուս կողմից, մարզպետներն իրենք կկարողանան գնահատել իրենց գործունեությունը։ Որոշման ընդունումը կապահովի նաև մեր վարչարարության արդյունավետության բարձրացումը այս բնագավառում»։

Անվճար և վճարովի տեղեր

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի ու «Բարձրագույն և հետբուհական և մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009-2010թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը` ըստ մասնագիտությունների։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Այս հարցը բուռն քննարկման առարկա է եղել և մենք հանգել ենք փոխզիջման` այն է, վերջին անգամ ենք այսպիսի որոշում կայացնում։ Պայմանավորվել ենք, որ սեպտեմբերին պետք է քննարկենք հայեցակարգային նոր մոտեցումներ, նախարարությունն արդեն ՊՆ-ի հետ ձեռնամուխ է եղել այդ գործին։ Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը պետք է տեղյակ պահենք, որպեսզի 2010թ. բոլորը պատրաստ լինեն աշխատել նոր հայեցակարգով»։


Սոցիալական ոլորտ

Դեռևս 2005թ. Առողջապահության համաշխարհային վեհաժողովը ընդունել է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2007թ. հունիսի 15-ից և նպատակ ունեն կանխարգելել հիվանդությունների միջազգային տարածումը, ձեռնարկել դրանց հակազդման միջոցներ, որոնք համազոր են բնակչության առողջության ռիսկերին և լրացուցիչ խոչընդոտներ չեն հարուցում միջազգային առևտրի և փոխադրումների համար։ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված հանձնաժողովը եռամսյա ժամկետում մշակել է այդ կանոնների ներդրման ծրագիր-ժամանակացույցը, որը ներառում է իրավական, օրենսդրական և գործառնական առաջարկություններ։ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի։ Այնուհետև գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի և Միքայել Մանուկյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը։ Քանի որ առաջարկվող փոփոխությունը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացում, որի գնահատականը չի տրվել, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարման ներկա ընթացքը, կառավարությունը ԱԺ նախագահին ուղղած նամակում հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման։ Գործադիրը միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ հարցերի նախատեսվում է կարգավորել նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության հարաբերությունները։ Նկատի ունենալով նշվածը, ՀՀ կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից։ Նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողով։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 և 2007թ. դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին», ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական միավորումների և ստորաբաժանումների պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի նույն պաշտոնի նվազագույն դրույքաչափը կհավասարեցվի ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 2-ի N 331-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի նույն պաշտոնի համար սահմանված նվազագույն դրույքաչափին։ Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 5-րդ կետով սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների հաշմանդամության, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների հաշվարկման համար հիմք ընդունված ամսական վարձատրության չափի մեջ։

Բնապահպանություն և սննդամթերքի անվտանգություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման 2010-2012թթ. ծրագրին` համաձայն հավելվածի։ Ծրագիրը կարգավորում է ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված 230 և համալրման ենթակա 71 բնության հուշարձանների պահպանության և կայուն օգտագործման հարցերը։ Բնության հուշարձանների անձնագրերով սահմանված ռեժիմներով կապահովվեն դեգրադացված էկոհամակարգերի բնականոն վերականգնումը և դրանց վտանգված բաղադրիչների պահպանումը, ինչպես նաև կստեղծվեն հուշարձանների արդյունավետ կառավարման նախադրյալներ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Մոդել-թիվի» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա` այդ աշխատանքի հսկողությունը վերապահելով ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի նախարարներին և ՀՀ ատակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին։
Գործադիրը հավանություն է տվել «Անասնակերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ներկայացվելու է Ազգային Ժողով։ Նախագծի ընդունումը կնպաստի շրջանառության մեջ գտնվող կերի և կերային հավելման մասին ամբողջական տեղեկատվության տիրապետմանը, ինչպես նաև կհանդիսանա կենդանական ծագման սննդամթերքի ապահովման հիմք։

Բյուջետային քննարկումներ

ՀՀ կառավարությունը, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, որոշել է «Կանազ» ԲԲԸ ֆինանսական պարտավորությունները մարելու նպատակով ՀՀ 2009թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 70 մլն դրամ։ Գումարը պարտատերերին տրամադրելուց հետո «Կանազ» ԲԲԸ-ն դուրս կբերվի սնանկացման գործընթացից և ընկերությանը պատկանող շենքերը կծառայեն ըստ իրենց նպատակային նշանակության, իսկ մնացած գույքը հնարավոր կլինի իրացնել շուկայական գներով, և փոխառությունն ամբողջությամբ կվերադարձվի ՀՀ պետբյուջե։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որպեսզի մինչև տարեվերջ նշված գումարը վերադարձվի պետական բյուջե։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 5 և 5բ հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։ Այս որոշմամբ գործադիրը Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնի և Երևանի պետական համալսարանի շենքերի հիմնանորոգման համար 2009թ. պետական բյուջեով նախատեսված գումարների մի մասը հատկացնելու է 2009թ. երկրորդ և երրորդ եռամսյակներում։ Գործադիրը արձանագրային որոշում է ընդունել ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008թ. տարեկան արդյունքների վերաբերյալ` ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին պարտավորեցնելով ձեռնարկել փաստաթղթում նշված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։ Վարչապետի հանձնարարությամբ այս որոշման կատարման հսկողությունը վերապահվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը։
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 12-ի N 624 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Դրանով իսկ այս իրավական ակտը Երևանի ինքնակառավարման մարմինների լիազորություններին առնչվող մասով համապատասխանեցվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրինագծին, որով սահմանվում են ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքները և կարգավորում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների, պաշտոնի նշանակման, ատեստավորման և վերապատրաստման և մի շարք այլ հարաբերություններ։ Օրենսդրական սույն նախաձեռնության մաս է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Երկու օրինագծերն էլ սահմանված կարգով ներկայացվելու են ԱԺ։


Այլ հարցեր

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այս օրենսդրական փոփոխության նպատակն է հանրապետություն ներկրվող արտադրական նշանակություն ունեցող սառնարանային և սառցարանային սարքավորումներն ազատել մաքսատուրքի վճարումից` նպաստելով արդյունաբերության զարգացմանը և խթանմանը։ Օրինագիծը սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ ԱԺ։
ՀՀ կառավարությունը որոշումներ է ընդունել «Երևանի ռադիոցանց» և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունները միացնելու ձևով վերակազմակերպելու, «Ֆեն» հասարակական սննդի ձեռնարկություն» ՊՓԲԸ-ն լուծարելու, «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու, Վալտեր Մարությանին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին, համաձայնություն տվել «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը։ Այս փաստաթուղթը կհանդիսանա երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության պատշաճ կարգավորման լրացուցիչ իրավական հիմք և կնպաստի նրանց տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը։

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ` մայիսի 29-ին, ժամը 11։00-ին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ