հինգշաբթի, 20 մարտի 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Կառավարությունը որոշում ընդունեց Իրաքի դեպքերի կապակցությամբ այդ երկրից տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետություն հնարավոր ներհոսքի դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների մասին։ Որոշմամբ, համապատասխան մարմիններին հանձնարարականներ է տրվում Իրաքից տեղահանված անձանց սահմանահատման գործընթացը անվտանգ ու կազմակերպված իրականացնելու, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր ապաստան տրամադրելու և այլ խնդիրների վերաբերյալ։ Առաջարկվում է նաև հարկ եղած դեպքում ՀՀ վարչապետին ներկայացնել միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկություն։
Գործադիրը որոշեց դիմել ՀՀ նախագահին կառավարության հավանությանն արժանացած մեկ տասնյակից ավելի օրինագծերի հաստատման նպատակով, մարտի 25-ին, ժամը 12։00-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ։
Նիստում առանձին որոշումներով հաստատվեցին ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման 2003/2004 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման, միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների 2003/2004 ուսումնական տարվա ընդունելության, անվճար ուսուցման, ինչպես նաև նշված ուստարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի որոշման մեջ, գործադիրը որոշեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության հինգ կենտրոնական պետական արխիվները և դրանց սպասարկման ծառայությունը միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Մարզային (Երևան քաղաքի) արխիվները վերակազմակերպվեցին մասնաճյուղերի, իսկ 41 տարածաշրջանային մասնաճյուղերի փոխարեն կստեղծվեն 30 ներկայացուցչություններ։ Հաստատվեց նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական կազմակերպության կանոնադրությունը։
Գրծադիրը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել բազմաբնակարան շենքի սեփականատերերի կամ կառավարման մարմինների կողմից շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար պարտադիր նորմերի պահանջների կատարումը, որը սահմանել է ՀՀ կառավարությունը։
Հավանություն տրվեց նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այն կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում ծառայության հիմնական սկզբունքները, այդ ծառայության մարմինների և հիմնարկների համակարգը, ծառայության անցնելու կարգը, պայմանները, ծառայողների իրավունքները, պարտականությունները, իրավական ու սոցիալական երաշխիքները, գործունեության կազմակերպման հիմունքները և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատաիրավական, մասնավորապես, քրեակատարողական համակարգի բարեփոխումներով։ Այլ որոշումներով հավանություն տրվեցին նաև «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին։
Այսօր ընդունված մեկ այլ «Հայաստանի էլեկտարական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման օրվա դրությամբ կրեդիտորական պարտավորությունների մասին որոշմամբ, կարգավորվում են հարկերի և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների արտոնության տրամադրման ու փոխհատուցման հարցերը։
Գործադիրը որոշում ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարման մասին։ Ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 26-ի «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի անշարժ գույքի (շենքեր և շինություններ) գրավադրման թույլտվություն տալու մասին» որոշումը։ Որոշման փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ռուսական «ժնհ-ՀՏրրՌՌ» և «ՁԹնխ» ընկերությունների հետ վարված բանակցությունների ընթացքում պարտքերի վերակառուցման և հետագայում դրանց մարման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածություններով։ Դրանց համաձայն, «ժնհ-ՀՏրրՌՌ» բաժնետիրական ընկերության «RAO NORDIC» ընկերության վրա վերակառուցվող «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի միջուկային վառելիքի գծով 40 մլն ԱՄՆ դոլարի պարտավորությունը պետք է մարվի «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գույքային համալիրը «RAO NORDIC» ընկերությանը 25 մլն ԱՄՆ դոլար գնով հանձնմամբ (վճարմամբ)։ Մնացած 15 մլն ԱՄՆ դոլարի պարտավորությունը կմարվի երկու տարվա ընթացքում ներհանրապետական շուկայում սպառված էլեկտրաէներգիայի ընթացիկ հավաքագրումների և նախկին դեբիտորական պարտքերի դիմաց գանձումների հաշվին։
Կառավարությունը հավանություն տվեց նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Նշվեց, որ 1997 թ. այդ օրենքի ընդունումից հետո 6 տարվա ժամանակահատվածում ՀՀ օրենսդրությունում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնց հետևանքով անհամապատասխանություն է առաջացել նշված օրենքի և որոշ այլ օրենքների մի շարք դրույթների միջև։ Մասնավորապես, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համայնքների բյուջեներին վերաբերող մի շարք դրույթներ 2002 թ. ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցման կարիք ունեն։ Առանձին դրույթներ հակասում են Քաղաքացիական օրենսգրքին և այլն։
ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշում ընդունեց «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթները սահմանելու մասին»։ Սահմանվեց, որ ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ջրային համակարգերի պահպանության բնագավառում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Նշվեց, որ որոշման ընդունումով հստակեցվում են պետական վերահսկողության գործառույթները ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի նկատմամբ, ու ավելի արդյունավետ է դառնում վերահսկողության իրականացումը։
Գործադիրը, արձանագրային որոշմամբ, ընդհանուր առմամբ դրական գնահատեց Զվարթնոց օդանավակայանի կոնցեսսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը։ Ի գիտություն ընդունվեց կոնցեսսիոների հետ ձեռք բերված բանավոր համաձայնությունը Տերմինալ 1-ի վերակառուցման փոխարեն նոր Տերմինալի շենքի կառուցման վերաբերյալ։ Կոնցեսսիոներին առաջարկվեց մինչև ս.թ. ապրիլի 30-ը ներկայացնել լրամշակված Մաստեր Պլանը հաշվի առնելով արված առաջարկները, որից հետո միայն կառավարությունը Մաստեր Պլանի վերաբերյալ մինչև մայիսի 31-ը որոշում կկայացնի։
Նիստում որոշում ընդունվեց Ծանուցումների նկատմամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության գործող պահանջներին համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալությանը տրամադրելու մասին։ Նշվեց, որ որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կողմից ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում ստանձնված պարտավորությունների իրականացման նպատակով և հնարավորություն կընձեռնի ՀՀ լիազորված մարմնին համակարգված ձևով հավաքագրել, քննարկել, ԱՀԿ դրույթների հետ համապատասխանեցնել ՀՀ իրավական ակտերի նախագծերը և դրանք ծանուցել ԱՀԿ անդամ երկրներին։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ նախարարներին հանձնարարվեց Հայաստանում ԱՀԿ-ի համաձայնագրերի դրույթներին առնչվող ՀՀ իրավական ակտերի նախագծերը տրամադրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության քննարկմանը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց թույլատրել սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային հաշիվներ։ Որոշման նպատակը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեով նախատեսված զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացումն ու աշխատանքից ազատվողի համար գործատուի կողմից զբաղվածության հիմնադրամ փոխանցումների իրականացումն է։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը ՄԱԿ-ի 1989 թ. նոյեմբերի 20-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով, հավանություն տրվեց նշված ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։ Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակ է ճանաչվում ավելի վաղ»։
ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի որոշման մեջ լրացում և ՀՀ 2003 թ. պետբյուջեում վերաբաշխում կատարելով, գործադիրը որոշեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի N11 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խաղահրապարակները, լողավազանը, ֆուտբոլի դաշտը և ուսումնական շենքից 80 քմ տարածք 4882,4 հազար դրամ արժեքով, անժամկետ և անհատույց օգտագործման հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Որոշումը կնպաստի մարզադպրոցը սեփական մարզաբազայով ապահովելուն, դպրոցականների շրջանում խաղային մարզաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը։
Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների, ինչպես նաև «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը։
Կառավարության անդամները հաստատեցին նաև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգն ու նկարագիրը, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը։
Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ համալիրի պետական կոմիտեի (Ռուսաստանի պետշին) և ՄԱԿ-ի բնակավայրերի հարցերով ծրագրի գործադիր բյուրոյի (ՄԱԿ-ՀԱԲԻԹԱԹ) միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանեց «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը»։
Գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև 1999 թ. փետրվարի 18-ին ստորագրված (էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագիր) վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու» առաջարկությանը։
Կառավարությունը որոշեց համաձայնություն տալ նաև «Գովազդային գործունեության կարգավորման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հանձնարարվեց ՀՀ արտաքին գործերի նախարարին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական ընթացակարգերն ավարտելուց հետո համաձայնագրի վերջնական տեքստը ներկայացնել ՀՀ կառավարություն։ Մեկ այլ որոշմամբ համաձայնություն տրվեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին ձայնային սարքավորումներ մատակարարելու ճապոնական դրամաշնորհի հետ կապված փաստաթղթերի կնքման առաջարկությանը։
Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով, գործադիրը որոշեց ստեղծել կառավարական հոբելյանական հանձնաժողով։ Որոշվեց նաև Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի մասնագիտական տոնը «Էներգետիկի օրը», նշել յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 22-ին։