Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծով առաջարկվում է հաստատել ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 785 մլրդ 355 մլն 31.8 հազար դրամ, ծախսերի գծով` 810 մլրդ 574 մլն 523.8 հազար դրամ և բյուջեի դեֆիցիտը` 25 մլրդ 219 մլն 492 հազար դրամ։
Օրենքի նախագծի վերաբերյալ վարչապետը նշել է, որ 2008թ. պետական բյուջեի կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանը որոշակի ռեզերվներ ձևավորելու և 2009թ.-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները դիմագրավելու համար։
«Մենք, ըստ էության, եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավելի եկամուտ ենք հավաքագրել, ինչպես նաև միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ։ Բնականաբար, այդ միջոցներն այս տարի մենք օգտագործում ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը բավականին լուրջ ազդեցություն է թողնում մեր բյուջեի եկամտային մասի վրա և մեր կուտակած խնայողությունները հնարավորություն են տալիս մեզ` ամբողջությամբ կատարելու մեր բոլոր սոցիալական պարտավորությունները, որպեսզի մեր քաղաքացիները չզգան այս ճգնաժամի բացասական ազդեցությունները իրենց թոշակների, աշխատավարձերի ստացման առումով։ Բնականաբար, մենք դեռևս լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի նաև երկրորդ կիսամյակում չունենանք խնդիրներ։ Մեր արտաքին և ներքին պարտքի ցուցանիշները նույնպես մեր դիմադրողականությունը բավականին բարձր են պահում, այն առումով, որ համախառն ներքին արդյունքի մեջ մեր արտաքին և ներքին պարտքի տեսակարար կշիռները գտնվում են ցածր մակարդակի վրա, ինչը թույլ է տալու մեզ ներգրավել միջոցներ ե՛ւ ներքին շուկայից, ե՛ւ արտաքին շուկայից, ու, բնականաբար, այդ ներգրավված միջոցները նույնպես հնարավորություն կտան, որպեսզի մենք մեր պարտավորությունները ծախսային մասով ամբողջությամբ կատարենք։ Կարծում եմ, այս պարզաբանումները և հաշվետվությունը, որ կներկայացնենք Ազգային Ժողովին, պարունակում են բոլոր գնահատականները, թե ինչպիսի՞ ռազմավարություն էինք ընտրել մենք անցյալ տարի և այդ ռազմավարությունն ինչպե՞ս ենք իրականացնում այս տարի։
Իհարկե, բարդ տարի է մեզ համար լինելու, մանավանդ երկրորդ կիսամյակում։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, որը հրապարակվեց ազգային վիճակագրական ծառայության կողմից, վկայում է այն մասին, որ տնտեսության անկման միտումները դեռևս առկա են, համաշխարհային տնտեսության կանխատեսումները ևս մեկ անգամ վերանայվեցին, ցուցանիշները հրապարակվեցին Համաշխարհային բանկի կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, և այդ ցուցանիշները գնում են դեպի բարձրացում։ Այսինքն, եթե կանխատեսվում էր նախկինում, որ 2008թ. չորրորդ եռամսյակում կլինի տնտեսական անկման ամենավերջին փուլը, ապա պարզվում է, որ համաշխարհային տնտեսական անկումը շարունակվելու է նաև 2009թ. ընթացքում և հիմա, կանխատեսումների համաձայն, չորրորդ եռամսյակում է գնահատվում, որ կնկատվեն կայունացման միտումներ և 2010թ. համաշխարհային տնտեսությունը կմտնի արդեն կայունացման փուլ։ Բնականաբար, այդ բոլոր բացասական ազդեցությունները մենք զգում ենք մեզ վրա` առաջին հերթին, մասնավոր ներդրումներիև մասնավոր տրանսֆերտների տեմպերի նվազմամբ, ինչը ազդում է նաև կապիտալ ներդրումների վրա, առաջին հերթին շինարարության մեջ, քանի որ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 25 տոկոս։ Բնականաբար, այն 27 տոկոսանոց անկումը, որն ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, չէր կարող ազդեցություն չթողնել մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք, ձեզ հետ միասին, լրացուցիչ ջանքեր ենք գործադրում շինարարությունում ակտիվություն մտցնելու գործում, բոլոր խթանները պետք է կիրառենք, որպեսզի շինարարությունը թափով զարգանա այս տարի, քանի որ շինարարության աճի տեմպերը նպաստում են բազմաթիվ սպասարկող այլ ոլորտների աճին։ Եվ այն հայտարարությունը, որ մենք արել ենք շինարարական ոլորտում իրականացվող միջոցառումների համար մեր առևտրային բանկերին պետական երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է։ Ավելին` մենք օպերատիվ շտաբի նախորդ նիստում որոշել ենք, որ այն օբյեկտների ավարտվածության աստիճանը, որոնց տակ մենք պատրաստ ենք տրամադրել երաշխիքներ, կարող է լինել 50 տոկոս։ Այսինքն` այստեղ էլ մենք էապես ավելացնում ենք այն սուբյեկտների քանակը, որոնք կարող են օգտվել պետական երաշխիքներից և պետք է դրանով իսկ փորձենք նոր թափ հաղորդել շինարարությանը` առաջին հերթին, անավարտ շինարարական օբյեկտներն ավարտին հասցնելու համար», - ասել է վարչապետը։

Նիստում կառավարությունը հավանություն է տվել Հարկային ոլորտին առնչվող ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Մասնավորապես, առաջարկվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները լրացնել նոր պարբերություններով, որոնց համաձայն ՀՀ տարածքում արտադրվող համապատասխան ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է միայն ակցիզային պահեստների տարածքում` «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում, ինչպես նաև որոշակի ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար բացթողման գինը կամ ներմուծման մաքսային արժեքը չի կարող պակաս լինել 1 լիտրի համար` 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով։ Նշվել է, որ իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ տարածքում ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ արտադրող, ինչպես նաև նման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության հավասար պայմանների ապահովում։ Առաջարկվել է լրացում կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որի համաձայն ՀՀ օրենսդրությամբ ալկոհոլային խմիչքների համար սահմանված բացթողման նվազագույն գնից ցածր գնով ալկոհոլային խմիչքների իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Նախագծի կապակցությամբ վարչապետը նշել է, որ, իհարկե, այն դրական կողմերի հետ, ունի նաև բացասական կողմեր, հարցի շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել նաև ԱԺ-ում, որից հետո կառավարությունը համաձայնել է ԱԺ-ի իր գործընկերների հետ, որ ներկայիս ճգնաժամային պայմաններում այս մեթոդը ենթադրում է ավելի պարզ վարչարարություն և ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր։ Միևնույն ժամանակ, այս պարզ մոտեցումը նպաստելու է նրան, որ անորակ խմիչքը շուկայից դուրս է մղվելու, ինչը ըստ Տիգրան Սարգսյանի, հենց այս հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ արդարացված է։ «Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և հարկային վարչարարության բարելավումների հետ զուգահեռաբար, հետագայում կհրաժարվենք դրանից։ Նմանատիպ մոտեցում կիրառում են նաև Ռուսաստանում և Ուկրաինայում և իր ֆիսկալ էֆեկտը, բնականաբար, այս մոտեցումն ունի։ Ուզում եմ ասել, որ մենք քաջ գիտակցում ենք, որ այս մոտեցումն ունի նաև բացասական կողմեր, բայց այս փուլում նախապատվությունը տալիս ենք այն դրական փաստարկներին, որ մեր գործընկերները մեզ ներկայացրել են»,- ասել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, թե, իհարկե, այս որոշումները ոգևորությամբ չեն ընդունվի ծխախոտ և խմիչք արտադրողների կողմից, բայց դիտարկումները, ՀԲ-ի մարկենտինգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընհանրապես ժգնաժամի պարագայում, սրանք այն ոլորտներն են, որոնք չեն ունենում անկում։ Այսինքն`ըստ նրա, ծխախոտի արտադրության, ալկոհոլային խմիչքների սպառման ծավալները չպետք է կրճատվեն, իսկ եթե լինեն կրճատման միտումներ, նշանակում է կա նաև ռիսկայնություն։ «Այս վարչարարական մեթոդները, որ մենք, ձեզ հետ միասին, ներդնում ենք, նպատակ ունեն ապահովելու բյուջեի մուտքային մասը, և այն ընկերությունները, որոնք աշխատում են ստվերից դուրս, բնականաբար, պետք է ողջունեն այս որոշումները, որովհետև առաջին հերթին դրանք հարվածելու են ստվերային մաս ունեցող ձեռնարկություններին և պաշտպանելու են ստվերից դուրս աշխատողների շահերը»,- ընդգծել է վարչապետը։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերով առաջարկվում է, որ փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձևակերպված) ձեռքբերումների գծով կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կարող է ցույց տրված ձեռքբերման դիմաց վճարել 11 տոկոս եկամտահարկ` անկախ գործարքի գումարից, ինչպես նաև ձեռքբերման գինը և 11 տոկոս եկամտահարկը կազմակերպությունների շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնել, եթե միանվագ գործարքը չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ նման գործարքների համագումարը` ամսական 3 մլն դրամը։
Այս նախագծի կապակցությամբ վարչապետը նշել է. «Սա մեծ մեղմացում է մեր կողմից, և մենք գնում ենք բավականին լուրջ զիջման։ Այս հարցում, նույնպես բուռն բանավեճեր են եղել, մասնագիտական բանավեճերի արդյունքում է ձևավորվել այս որոշումը։ Մենք բավականին խիստ ռեժիմ էինք սահմանել, նպատակ ունենալով ստիպելու, որպեսզի տնտեսություն վարող սուբյեկտներն անպայման աշխատեն փաստաթղթերով։ Եվ եթե չկան հիմնավորող փաստաթղթեր, իսկապես 11 տոկոսանոց այս դրույթը բավական լուրջ հարված է հասցնում և, առաջին հերթին, փոքր և միջին բիզնեսին։ Ընդ որում` հետաքրքրական է, որ ձեռներեցների հետ հանդիպումների ժամանակ երկկողմ դժգոհություն կա. խոշոր բիզնեսը բողոքում է փոքրից, որ փոքրը հրաժարվում է ընդունել ապրանքները փաստաթղթերով, փոքր բիզնեսն էլ բողոքում է խոշորից, որ խոշորը, երբ տրամադրում է ապրանքներ իրացման համար, հրաժարվում է տրամադրել փաստաթղթեր։ Մեր այցելությունները տարբեր ձեռնարկություններ, նույնպես վկայում են, որ այս պրոբլեմը, ցավոք, դեռևս առկա է ՀՀ-ում և փաստաթղթաշրջանառության ապահովումը մեր հարկային վարչարարության բարելավման համար մեկ խնդիրն է։ Այս պահի դրությամբ մենք նպատակ ունենք փոքր բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ հարկային վարչարարություն։ Այս որոշման իմաստն այն է, որ չափազանց խիստ պատժամիջոց է, երբ մենք թույլ չենք տալիս փոքր բիզնեսին, որ նվազեցնի համախառն եկամուտը 11 տոկոսի չափով, որովհետև ստացվում է, որ երկակի հարկման տակ է ընկնում այս 11 տոկոսի ռեժիմի կիրառման պարագայում։ Այս որոշումով մենք, ըստ էության, թույլ ենք տալիս, որպեսզի նա իր համախառն եկամուտը նվազեցնի։ Իհարկե, սա բավականին լուրջ նահանջ է մեր կողմից, բայց նպատակն այն է, որ մենք այս տարվա ընթացքում, հարկային բարեփոխումների ծրագրով, իրականացնելու ենք միջոցառումներ, որոնք այլևս հնարավորություն չեն տալու խոշոր բիզնեսին չտրամադրել փաստաթղթեր։ Եվ այդ բեռը այս պահի դրությամբ փոքր բիզնեսի վրայից հանում ենք։ Սա իսկապես ունի լուրջ հակաճգնաժամային բովանդակություն և միայն դրա համար ենք մենք գնում այս զիջմանը, ու կարծում ենք, որ երկու տարի հետո այլևս այս ռեժիմի անհրաժեշտությունը չի լինի, և կվերադառնանք նորմալ հարկման դաշտ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս նախաձեռնությունը մենք քննարկել ենք նաև ԱԺ-ի մեր գործընկերների հետ, քանի որ այս խստացումը, երբ կիրառում էինք, մի ռեժիմ էինք նախատեսել, որ եթե փոքր բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ պահեն հարկային մարմիններին այն սուբյեկտների մասին, որոնք հրաժարվում են տրամադրել փաստաթղթեր, ապա կօգտվեն այդ արտոնությունից։ Ցավոք, այդ համագործակցության մթնոլորտը դեռևս տնտեսվարող սուբյեկտների մոտ չի ձևավորվել։ Եվ այստեղ մենք ունենք լուրջ հիմնախնդիր։ Այս ռեֆորմների տրամաբանությունն էլ կայանում է նրանում, որ փուլ առ փուլ պետք է վերականգնվի վստահությունը ոչ միայն հարկային մարմինների նկատմամբ, այլև տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչն այսօր, ցավոք, բացակայում է»։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ լրացմամբ գործադիրն առաջարկում է օրենքով սահմանված դեպքերում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու իրավասությունը, որի շնորհիվ հարկային մարմիններին հնարավորություն կընձեռնվի առավել արդյունավետ հարկային վարչարարություն և հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների և խոշոր հարկ վճարողների նկատմամբ։
Օրինագծի կապակցությամբ վարչապետն ընդգծել է, որ սա ևս այն կետերից է, որը միանշանակ չի ընդունվում, մանավանդ խոշոր բիզնեսի կողմից, բայց միևնույն ժամանակ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ կան, ովքեր իրենք են առաջարկում, որ այդ ռեժիմը կիրառվի, ինչը հեշտացնում է հարաբերությունները հարկային մարմինների հետ` մանավանդ այն պարագայում, երբ խոշոր բիզնեսն աշխատում է թափանցիկ և որևէ բան չունի թաքցնելու հարկային մարմիններից։ «Իհարկե, այստեղ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր, այդ ռիսկերը զսպելու համար ամրագրված է, որ կիրառվելու է ռոտացիոն համակարգ, և եթե մենք ունենալու ենք հարկային ներկայացուցիչ այս կամ այն խոշոր ձեռնարկությունում, ապա նա մշտապես ենթարկվելու է ռոտացիայի, ապահովվելու է նրա հաշվետվողականությունը հարկային մարմինների ղեկավարների առջև, ինչը պետք է նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Եվ սահմանված են օբյեկտիվ չափանիշներ, թե որ սուբյեկտների պարագայում այս գործիքից կարող է օգտվել հարկային մարմինը` միայն այն դեպքում, երբ կան ռիսկեր այդ խոշոր ձեռնարկություններում։ Գաղտնիք չէ, որ սա այն հարցն է, որն ամենաշատն է մտահոգում նաև մեր հասարակությանը։ Հիմնական քննադատությունը, որ հնչում է կառավարության հանդեպ, այն է, որ մենք խոշոր բիզնեսի մեջ չենք կարողանում ապահովել հավասար մրցակցային պայմաններ։ Եվ հասկանալի է, որ այս միջոցառումները, որոնք մենք հիմա փորձում ենք կիրառել, հենց այդ նպատակն են հետապնդում` նաև վերականգնել հանրության վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ, որ խոշոր բիզնեսն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները պետության նկատմամբ։ Առավել ևս այս ճգնաժամային իրավիճակում խիստ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը վստահի խոշոր բիզնեսին։ Կան նաև նախաձեռնություններ խոշոր բիզնեսի կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ, որ ճգնաժամային իրավիճակներում որոշ սոցիալական խնդիրների լուծումը մեր խոշոր ձեռնարկությունները վերցնում են իրենց վրա։ Եվ մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունները։ Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսը ոչ միայն ամբողջությամբ կատարում է իր պարտականությունը` վճարելով հարկեր, այլև ավելին` հասարակության առջև ծագած սոցիալական որոշ խնդիրներ լրացուցիչ վերցնում է իր վրա, իր շահույթների հաշվին։ Բնականաբար, մենք ողջունելու ենք նմանատիպ ձեռնարկություններին, այդպիսի գործունեությունը։ Կարծում եմ, որ հիմա բացառիկ շանս ունեն մեր խոշոր ձեռնարկությունները` վերականգնել հասարակության վստահությունը իրենց նկատմամբ։ Եվ այդ քայլը պետք է դիտարկենք այս համատեքստում, քաջ գիտակցելով նաև, որ լինելու են լուրջ դժգոհություններ»,- ասել է վարչապետը։
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը։
Այս նախագծի կապակցությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Մենք ստանձնել ենք պարտավորություն, որպեսզի 2010թ. հունվարի 1-ից հետո, եթե պետությունն ուշացնի ավելացված արժեքի հարկի վերադարձը, դրա համար վճարելու ենք տուգանքներ մասնավոր հատվածին, քանի որ մասնավոր հատվածը կրում է վնասներ։ Մենք առաջին անգամ այսպիսի լուրջ բեռ ենք վերցնում մեզ վրա` ստեղծելով բարենպաստ պայմաններ, առաջին հերթին, արտահանողների համար։ Հասկանալի է, որ դեռևս հարկային վարչարարության ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմներ։ Դեռևս հաճախակի են այն դեպքերը, երբ մեզ ներկայացնում են փաստաթղթեր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, իսկ ավելի ճգրիտ ձևակերպումն այն է, որ կեղծ փաստաթղթեր են ներկայացնում հարկային մարմիններին` ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի առումով։ Հատուկ հարկային հաշիվների այս համակարգը, որ մենք ներդնում ենք, այդ ռիսկը էապես նվազեցնում է, և մենք պետք է հասցնենք այս տարի ավարտել։ Իհարկե, ցանկալի է, որ էլեկտրոնային եղանակը աշխատի, որպեսզի մենք 2010թ. հունվարին պատրաստ լինենք ամբողջությամբ անցնել այս նոր ռեժիմին և լրացուցիչ ռիսկեր բյուջեի համար չստեղծենք։ Որպեսզի չստացվի այնպես, որ մենք օպերատիվորեն ավելացված արժեքի հարկը վերադարձնենք տնտեսվարող սուբյեկտներին, հետո պարզվի, որ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը։ Սա բավականին լուրջ միջոցառում է և անհրաժեշտ է, որ նաև մեր ձեռնարկությունները պատրաստ լինեն համագործակցության մեզ հետ` այս լուրջ փոփոխությունը կատարելու առումով։ Սա լուրջ քայլ է քաղաքակիրթ հարկային վարչարարության մեխանիզմներ ներդնելու առումով»։
Կառավարությունը հավանություն է տվել «Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության» նախագծին։ Փաստաթղթում նկարագրվում են գնումների համակարգում առկա հիմնախնդիրները, սահմանվում են ՀՀ կառավարության կողմից գնումների համակարգում իրականացվելիք բարեփոխումների շրջանակը և հիմնական նպատակները, դրանց իրականացման կարգը և բարեփոխումների արդյունքների գնահատման հիմնական ցուցանիշները։ Նշվել է, որ գնումների բնագավառում 2000-2008թթ. իրականացված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել այդ ոլորտում համապատասխան իրավական դաշտի և ենթակառուցվածքների ձևավորմանը։ Ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել գնումների համակարգի բարեփոխումների համալիր ծրագիր, որի հիմքում դրվող սկզբունքների և նպատակների թվում են` իրավական դաշտի կատարելագործումը, ինստիտուցիոնալ վերափոխումները, գնումների գործընթացի հնարավորինս ավտոմատացումը` էլեկտրոնային գնումների ներդրումը, բացառապես շուկայական մեխանիզմով գնագոյացման ապահովումը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման, պայմանագրերի կառավարման և որակի հսկողության, գնումների պլանավորման միասնական համակարգի ներդրումը և այլն։ Հարցի կապակցությամբ վարչապետը կարևորել է «Գնումների գործակալության աշխատակազմում» ևս ռոտացիայի սկզբունքի ներմուծումը, ինչպես նաև հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների բարեփոխումների ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը։ Ծրագրի ընդունման նպատակն է` աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության, զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը։ Նշվել է, որ ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով։ Ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 1 մլրդ 712 մլն 442.8 հազար դրամով։ Համապատասխան վերաբաշխում է կատարվել ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ինչպես նաև փոփոխություններ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված վարկային պայմանագրերի համաձայն, «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավում» և «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացման նպատակով դրանց գծով ծախսերը ՀՀ 2009թ. պետական բյուջեում ներառելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը հաստատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլանը, ինչպես նաև արգելոցի (23095.5 հա) սահմանների հատակագիծը և նկարագիրը։ Որոշվել է ՀՀ պետական բյուջեից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլանով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սոցիալ-տնտեսական ներկա պայմաններին համահունչ կառավարման պլանի մշակումը, տարածքի սահմանների ճշգրտումը և քարտեզագրումը նպատակաուղղված է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի դրույթների իրականացմանը, հանրապետության լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության հետագա բարելավմանը, բնապահպանական և բնօգտագործման աշխատանքների ներդաշնակեցմանը, այդ բնագավառում միասնական համակարգված քաղաքականությանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև արգելոցում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Նիստում որոշում է ընդունվել նաև «ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ավելացման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն և 2009թ. փետրվարի 5-ի N 116-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»։ Որոշմամբ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին լրացուցիչ 128 մլն դրամ է հատկացվել` ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված 300 մլն դրամի հետ միասին Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 22-ի N 228-Ն որոշմամբ, գործադիրը թույլատրել է «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին` ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում 5 տարի ժամկետով։ Որոշվել է հիշյալ ընկերության կողմից հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «ՀՀ բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական ՓԲԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն տալու մասին» N 479-Ն որոշումը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 164 մլն 741 հազար դրամ, որից 154 մլն 720 հազար դրամ` ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշման հավելվածում ընդգրկված և 2008թ.-ին աջակցություն չստացած Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող, քանդված և քանդման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու, 6 մլն 556 հազար դրամ` Դպրաբակ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների փլուզման հետևանքով անօթևանի կարգավիճակում հայտնված անձանց բնակարանային խնդրի լուծման և 3 մլն 465 հազար դրամ` Այգուտ գյուղի սողանքային տարածքում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների իրականացման համար։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2315-Ն որոշման մեջ, որոնցով նախատեսվում է պետական նպաստների վճարման համար պետական բյուջեից միջոցների հատկացման կարգում սահմանված դրույթները տարածել նաև պետական նպաստների մյուս տեսակի` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցների վրա, միայնակ մոր երեխայի ծածկագիրը կիրառել նաև միայնակ մոր խնամքին գտնվող մեկից ավելի երեխաների դեպքում, եթե այդ երեխաները ծնվել են երկվորյակ կամ ավելի։ Որոշմամբ նախատեսվում է ընտանիքի աշխատող անդամից պահանջվող` աշխատավարձի մասին տեղեկանքների տրամադրման սահմանված ժամկետը համապատասխանեցնել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետին, ինչպես նաև վերացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկատվության և անհրաժեշտ տվյալների տարբերությունը։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի լրամշակված տարբերակը։ Որոշումն ընդունվել է հիշյալ հայեցակարգի, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հրապարակային և մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման նպատակով։ Որոշվել է ստեղծել նաև միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին` 15-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցված հանձնաժողովի անհատական կազմը։
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման, ինչպես նաև այդ պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը։ Որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերի` որոշման պահանջներին համապատասխանեցման ու կնքման ժամկետ է սահմանվել` մինչև 2011թ. հունվարի 1-ը։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) N 14 «Արդյունաբերական ձեռնարկություններում ամենշաբաթյա հանգստի մասին», ԱՄԿ N 150 «Աշխատանքի հարցերի կարգավորման դերի, գործառույթների և կազմակերպման մասին» և ԱՄԿ N 173 «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատավորների շահերի պաշտպանության մասին» կոնվենցիաների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցները։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի» պահանջներից։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնել է «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի գործողության ժամկետը մինչև 2012թ. ապրիլի 21-ը երկարաձգելու առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի քաղաքացիական ծառայության համակարգում առաջարկվում է նախատեսել բաց և փակ մրցույթների գաղափարը։ Օրինագծի համաձայն, մրցութային և ատեստավորման գործընթացներում համապատասխան մարմնի դերի և պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով, առաջարկվում է հանձնաժողովներում համապատասխան մարմնի ներկայացուցիչների թիվը սահմանել 3-ը, իսկ քաղաքացիական ծառայության խորհրդինը` մեկը, որի դեպքում մրցույթների (բաց կամ փակ) արդյունքում կճանաչվի մեկ հաղթող։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ կրտսեր պաշտոններում նշանակումներ կատարելու համար մրցույթների փոխարեն կանցկացվեն ընդհանուր բաց մրցույթներ և թեստավորման արդյունքում 90 և ավելի տոկոս ստացած մասնակիցներին կտրվի 1 տարի գործողության ժամկետ ունեցող հավաստագիր, որի հիման վրա աշխատակազմի ղեկավարը ցանկացած անձի առանց մրցույթի կարող է նշանակել տվյալ պաշտոնում։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որի անհրաժեշտությունը բխում է տվյալ տեղանքի համար ջրի որակի ապահովման նորմերի մշակման և կիրարկման առանձնահատկություններից, որոնք սահմանվում են` ելնելով ջրային ռեսուրսների դեգրադացման, հյուծման, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերն ապահովելու պահանջներից։
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոման մեջ, ըստ որի` հաշվի առնելով վերջին զարգացումների արդյունքում աշարժ գույքի շուկայում արժեքների արագ փոփոխությունները, սահմանվել է, որ անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման ներկայացման միջև ժամկետը վեց ամիսը գերազանցելու դեպքում, անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործող կարգի փոխարեն։
Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նախագծով առաջարկվում է ներմուծվող համապատասխան ծածկագրին դասվող «Թռչող ապարատներ այլ, տիեզերական ապարատներ» ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկը չհաշվարկել և չգանձել ՀՀ մաքսային սահմանին։ Արձանագրային որոշման կարգավորման առարկան ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման խթանումն է։
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել հիշյալ ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման բազան և ամբողջ զուտ շահույթի կամ դրա մի մասի հաշվին կրճատել ընկերությունների նախորդ տարիներին կուտակված վնասի չափերը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ, որով հստակեցվում է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որտեղ ընդգրկված են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համակարգի օբյեկտները։
Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի «ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ, որի կիրառման դեպքում կվերանա յուրաքանչյուր լիցենզիայի գործողության տարածքի համար առանձին տեխնիկական զննության կտրոնների տպագրման անհրաժեշտությունը, կկրճատվեն կտրոնների տպագրման ժամկետներն ու ծախսերը։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ` Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի և Կապանի մասնաճյուղերով։ Հաստատվել է նաև կազմակերպության կանոնադրությունը։ Որոշվել է ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 8-ի N 1152-Ն որոշման համաձայն «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված 236 մլն 299.2 հազար դրամ արժեքով շենքերը և շինությունները` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված 13692.2 քմ մակերեսով տարածքը, Գյումրի քաղաքի Անանիա Շիրակացու 68 հասցեում տեղակայված 880.21 քմ մակերեսով տարածքը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 46 հասցեում տեղակայված 591.44 քմ մակերեսով տարածքը, ինչպես նաև 260 մլն 196 հազար դրամ արժեքով գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։ «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած պետական սեփականություն հանդիսացող 18 մլն 362 հազար դրամ արժեքով գույքը ևս սեփականության իրավունքով հանձնվել է հիշյալ ՊՈԱԿ-ին։ Որոշման համաձայն կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Մեկ այլ որոշմամբ, հիմնադրման միջոցով ստեղծվել է նաև «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, որի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Որոշմամբ հաստատվել է նաև հիշյալ ՊՈԱԿ-ի ստեղծման ծրագիրը։ Որոշվել է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեում գտնվող շինության 2-րդ հարկից` 365 քմ ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետ մեկամսյա ժամկետում հաստատել հիշյալ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնվող կամ ամրացվող գույքի կազմը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2000թ. հունվարի 13-ի N 15 որոշման մեջ, գործադիրը սահմանել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի, Արարատյան Հայրապետական թեմի Վազգենյան դպրանոցի և Շիրակի թեմի ընծայարանի սաների հետ մասին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք ունեն նաև Մխիթարյան կրթահամալիրի սաները։
Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005թ. հունիսի 23-ի որոշմամբ հաստատված կարգի համաձայն, կառավարությունը հաստատել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը։ Ուժ կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 20-ի համապատասխան N1753-Ա որոշումը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 20 մլն 320.2 հազար դրամ` ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի ապարատի պահպանման (վարչակառավարչական) 2009թ. ծախսերը ֆինանսավորելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` հատկացված գումարը հիշյալ հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշման մեջ, գործադիրն այդ որոշմամբ հաստատված «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից հանել է «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման հնարավորության ուսումնասիրության իրականացում» և «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման իրավական հենքի ստեղծում» միջոցառումները` այդ հարցում միջազգային փորձի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտության հիմնավորմամբ։
Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N878-Ն որոշման մեջ, որը բխում է ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնում նոր ենթակետի սահմանման և առանձին ենթակետերի նոր խմբագրությամբ շարադրման անհրաժեշտությունից, ինչը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել կառավարության գործունեությունն արտակարգ իրավիճակների կանխաչգելման բնագավառում։
Փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք պայմանավորված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով։ Այդ նպատակով, մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև ՀՀ դատական օրենսգրքում և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «Շինվերանորոգում» պետական ՓԲԸ-ի` 1 մլրդ 466 մլն 796 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով, այն վերանվանելով համանուն ՓԲԸ։
Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման։
Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղիի, Վ. Պտղնիի, Վայոց Ձորի մարզի Ագարակաձորի, Արմավիրի մարզի Արաքսի (Էջ.) գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ