երկուշաբթի, 22 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային Բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՛Քոնորին և ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթին:
Երկուստեք արդյունավետ է գնահատվել նախորդ հանդիպումից հետո ընկած ծամանակահատվածում պայմանավորվածությունների կատարման ընթացքը, աշխատանքները՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ներդրումային քաղաքականության, գործարար միջավայրի բարելավման, գործարարության աջակցմանն ուղղված խորհրդի ստեղծման, բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների, հակակոռուպցիոն ծրագրի մշակման ընթացքը, անդրադարձ է եղել նաև կառուցվածքային բարեփոխումների SAC-4 վարկի հետ կապված ընթացիկ հարցերին:
Վարչապետը նշել է, որ այդ վարկի ստացման համար նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և որևէ խնդիր չի առաջանա դրանք ամբողջությամբ ավարտելու համար: Հանդիպաման ընթացքում կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրենքների ուղղությամբ կառավարության իրականացրած ակտիվ գործունեությունը: Այդ առումով ընդգծվել է «նումների մասին» արդեն ընդունված և գործողության մեջ դրված օրենքը, ԱԺ ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը, պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագիծը և այլն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է բարեփոխումների հետևանքով որոշ դեպքերում առաջացող սոցիալական լարվածության մեղմման ուղղությամբ որոշակի մոտեցումների և մեխանիզմների մշակումը, ինչպես նաև ծրագրերի իրագործման գրասենյակների /ԾԻ/ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոտեցումների քննարկումը: Անդրադարձ է եղել նաև դոնոր կազմակերպությունների հետ մայիսին նախատեսվող հերթական հանդիպմանը ներկայացվելիք խնդիրներին:
Ջուդի Օ՛Քոնորն իր հերթին կարևորել է աղքատության կրճատմանն ուղղված կառավարության ռազմավարական ծրագրի մշակմանը հասարակության լայն շերտերի մասնակցությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել և մանրամասն քննարկել հետագա փոխգործակցության արդյունքում նշված հարցերի ուղղությամբ կատարվելիք քայլերը: