Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ նիստի օրակարգին անցնելը, Ոստիկանության օրվա կապակցությամբ վարչապետը նախ շնորհավորել է ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին և հաջողություններ ու բարի ծառայություն մաղթել նրանց։ «Այսօր հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքում նշեց, որ մեծ հաշվով պետության նկատմամբ վստահությունը սկսվում է ոստիկանության նկատմամբ վստահությունից։ Հասկանալի է, որ այս բնագավառում մենք դեռևս շատ անելիքներ ունենք և պետք է օժանդակենք, աջակցենք մեր ոստիկանությանը», - ասել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների խնդրին։ Հարցի կապակցությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Երեկ մենք աշխատանքային հանդիպում ենք ունեցել վերահսկիչ պալատի նախագահի հետ և, ըստ էության, հնարավորություն ենք ունեցել ամփոփելու որոշ երևույթներ, որոնք արդեն իսկ օրինաչափություն են ՀՀ-ում։ Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաև ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնել, որոնք, կարծում ենք, կզսպեն այն ռիսկերը, որ այսօր դեռևս առկա են։ Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած են չարաշահումները։ Համայնքներում տարրական կանոններ չեն պահպանվում, և վերահսկիչ պալատի կողմից բացահայտված երևույթները վկայում են այն մասին, որ մարդիկ շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով։ Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այս երևույթը միայն մեկ կամ երկու մարզերի չի վերաբերում, համատարած բնույթ է կրում և պետք է նշեմ, որ վերահսկիչ պալատում կատարված աշխատանքների արդյունքում մենք չենք կարողանում բացահայտել որևէ մի համայնք, որտեղ այսպիսի երևույթներ չեն արձանագրվում։ Սա նշանակում է, որ մենք մի կողմից` պետք է ուժեղացնենք հսկողությունը, մյուս կողմից` խստացնենք խաղի կանոնները, օրենսդրական միջամտության անհրաժեշտություն կա։ Նաև խողովակների խնդիրն է մտահոգում վերահսկիչ պալատի մեր գործընկերներին, որովհետև այս խնդիրն էլ կարծես թե ունի համակարգային բնույթ և այստեղ էլ պետք է մենք լուծումներ տանք»։
Վարչապետը նշել է, որ նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ` ներառելով բոլոր շահագրգիռ նախարարություններին, վերահսկիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ, համապատասխան հայեցակարգ մշակելու համար, թե ինչպիսի՞ օրենսդրական փոփոխություններ են այս փուլում անհրաժեշտ, որպեսզի այդ ռիսկերը հասցվեն նվազագույնի։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ` Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով։ Որոշվել է նաև հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Որոշմամբ հաստատվել են «Արփի լիճ» ազգային պարկի և ՊՈԱԿ-ի կանոնադրությունները ևս։ Սահմանվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որին վերապահվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները։ Սահմանվել է նաև, որ «Հարավային Կովկասի էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված, կամ կառուցված` մինչև նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կարող է հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկից ավելի արժողությամբ գույքը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառշինական ու հողաշինարարական նախագծերի, նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։ Որոշման համաձայն, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիտորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է։ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2009թ. պահպանման ծախսերը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի անտառշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի և դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը իրականացվելու է Գերմանիայի Դաշնության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին` համաձայն 2005թ. ապրիլի 18-ին Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված վերը հիշատակված ծրագրի ֆինանսավորման պայմանագրի Հատուկ համաձայնագրի։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում ապահովել «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետական գրանցումը, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի զբաղեցման մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը։ Հանձնարարվել է նաև` 2010թ.-ի ընթացքում, սահմանված կարգով, ապահովել որոշման մեջ նշված ֆինանսավորման շրջանակներում իրականացված «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագրի և դրա պահպանական գոտու տարածքի քարտեզի, գոտիավորման սխեմայի ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը, որից հետո` հողամասերի և ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
Նիստում գործադիրը քննարկել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևան քաղաքում ու մարզերում երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային, փողային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափերը, երաժշտական և արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային, լարային, փողային նվագարանների ցանկը սահմանելու վերաբերյալ նախագիծը։
Հարցի կապակցությամբ վարչապետը մտահոգիչ է համարել նախագծով նախատեսված ուսման վարձավճարի փոխհատուցման չափի տարբերությունը Երևան քաղաքում և մարզերում։ Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, տեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մշտապես վերարտադրվում է այն իրողությունը, որ Երևանում գներն ավելի բարձր են սահմանվում, քան մարզերում, ինչը չի նպաստում, որպեսզի մարզերում բարձր վարձատրություն ստացող մասնագետներ լինեն։ Վարչապետը նշել է, որ նման մոտեցումն ամենևին չի բխում տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ կառավարության որդեգրած կարևորագույն սկզբունքից։
«Կարծում եմ, որ այսուհետ մենք պետք է հակառակ քաղաքականությունն իրականացնենք` Երևանում վարձավճարների չափերը պետք է ավելի ցածր սահմանենք, քան մարզերում, եթե ուզում ենք ապահովել մասնագետների առկայությունը մարզերում»,- ասել է նա։
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև մայրաքաղաքում և մարզերում դասընթացների կազմակերպման գործում պատշաճ մակարդակ ապահովելու խնդիրը։
Վարչապետը հանձնարարել է` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի համակարգմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության հետ լրացուցիչ քննարկել նախագիծը` նշված մոտեցումների տրամաբանությամբ խնդրին լուծում տալու նպատակով, քանի որ, ըստ նրա, հարցը վերաբերում է ոչ միայն մշակույթի, առողջապահության, այլև բոլոր այն ոլորտներին, որտեղ կառավարությունը պարտավոր է ի կատար ածել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի խոստումներն ու ստանձնած պարտավորությունները։
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում համապատասխան պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 2 մլրդ դրամ հիմնական գումարով, 2 տարի մարման ժամկետով վարկի և տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Հանձնարարվել է նաև` որպես երաշխիք վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ կնքել 2009թ. հունվարի 16-ին կնքված պետական գնման պայմանագրի շրջանակներում հիշյալ ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարեփոխումների գրավի պայմանագիր։
ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշման համաձայն` գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մարտի 31-ին հաստատված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների։
Հարցի կապակցությամբ վարչապետը կարևորել է իրականացվելիք աշխատանքների որակի վրա մրցույթում հաղթած կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու անհրաժեշտությունը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի շրջանակներում 2009թ. մարտի 16-ին անցկացված և հիշյալ ծրագրի ձեռքբերումների խորհրդի կողմից 2009թ. ապրիլի 2-ին հաստատված «Մետաղյա խողովակների ձեռքբերում» միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ինտերփայփ-Ուկրաինա» ՍՊԸ-ն։
Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով, կառավարությունը որոշել է թույլատրել «Սևան-Հրազդան-ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև 2009թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, ջրօգտագործող ընկերությունների հայտերի համաձայն, ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով, հասույթ ձևավորելով հաշվառված, բացառապես ինքնահոս եղանակով ոռոգման ջուր մատակարարել։ Որոշվել է նաև` սկսած 2009թ. մայիսի 1-ից, ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդևրևութաբանական ծառայության կողմից, գետերի վարարումների հետևանքով, հեղեղումները կանխելու վերաբերյալ պաշտոնական ահազանգելուց հետո, թույլատրել վերոհիշյալ ընկերություններին` գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ջուրը հաշվառել և ոռոգման նպատակով, առանց հասույթի ձևավորման, տրամադրել ջրօգտագործողների ընկերություններին։ Առաջարկվել է ջրօգտագործողների ընկերություններին` որոշմամբ նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրից), ջրամատակարարումն իրականացնել անհատույց կարգով` մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ այն ունի նաև հակաճգնաժամային լուրջ բովանդակություն։
«Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բուհերի` 2009-2010 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 4162 և բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5881 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների։ Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` նախարարության սահմանած կարգով նպատակային ընդունելություն կազմակերպել` ՀՀ մարզպետարանների ներկայացմամբ (ըստ համայնքների), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Գորիսի պետական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով բակալավրիատի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով` ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 17-ի N713 և նոյեմբերի 27-ի N756 որոշումներով հաստատված համապատասխան ցանկերում ընդգրկված սահմանամերձ համայնքները և լեռնային ու բարձրլեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար։ ՀՀ մարզպետարանների ներկայացմամբ (ըստ համայնքների), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում բակալավրիատի կրթական ծրագրով անվճար տեղերի մինչև 30 տոկոսի չափով` մարզադպրոցների համար մարզչական կադրեր պատրաստելու նպատակով։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա` Հայաստանի պետական ագրարային համալսարանի մի շարք մասնագիտությունների գծով հատկացված բակալավրիատի կրթական ծրագրով անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով։ Որոշման համաձայն, ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով նախատեսված սոցիալական խմբերի, ինչպես նաև միջպետական համաձայնագրերով ՀՀ պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ՀՀ պետական բուհերի 2009-2010 ուստարվա անվճար տեղերի 10 տոկոսը` ըստ մասնագիտությունների, կհատկացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին։
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման մեջ, որի նպատակն է պարզեցնել հիշյալ կարգը` այն դարձնելով առավել թափանցիկ ու հասանելի, ապահովելով բոլոր շահագրգիռ անձանց մասնակցության հնարավորությունը։ Որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 12-ի N1563-Ն և N1578-Ն որոշումներով «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման ընթացակարգերի համար սահմանված առանձնահատկությունները կիրառել նաև բնության հատուկ պահպանվող այլ տարածքներում հողամասերի տրամադրման նկատմամբ։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N259-Ն որոշման մեջ, որով սահմանվել է, որ հիշյալ որոշմամբ բացված հաշվի մուտքերը միջազգային և դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության գումարներն են, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարներն ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերը, իսկ ելքերը կատարվում են ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարների ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերի վճարման նպատակով` անկանխիկ շրջանառությամբ ապրանքներ գնելու համար։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա արագացնելու դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական կարիքների համար ձեռք բերվող ապրանքների գնումների գործընթացը։
Նիստում գործադիրը որոշել է ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկություննների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 429 մլն 746.175 հազար դրամ արժողությամբ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին։ Որոշվել է նաև առաջարկել հիշյալ ծրագրի շրջանակներում խմելու մայր ջրագծերի, օրական կարգավորող ջրամբարի (ՕԿՋ), խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 126 մլն 746.689 հազար դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին և մարզպետներին։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N994-Ն որոշումը, որը պայմանավորված է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման արդյունքում Կայուն զարգացման ծրագրի ընդունմամբ, ինչը հաստատվել է ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N1207 որոշմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ստեփանավանի N1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Որոշվել է նաև ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ստեղծել կազմակերպության մասնաճյուղ։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ գիտության և կրթության նախարարին։
Գործադիրը փոփոխություն կամ փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում` դրանք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Որոշումներ են ընդուվել նաև ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին հավանություն տալու մասին։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու մասին» N531-Ն որոշման մեջ։ Մասնավորապես, նկատի առնելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ժամանակավորապես կասեցվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի ծախսերում ներառված հիշյալ համակարգի ներդրման աջակցության ծրագիրը, որոշվել է արտադրության այն ոլորտներում, որոնց համար համակարգի ներդրման ժամկետի ավարտ էր սահմանվել 2010թ. հունվարի 1-ը, այդ ժամկետը երկարաձգել մեկ տարով։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարութունը որոշել է ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշենի գյուղական համայնքի ղեկավար Հրաչյա Սահակյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված, որը պայմանավորված է վերջինիս մահվան հանգամանքով։ Որոշվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Վարդանաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղակավարի արտահերթ ընտրություն։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 505 հազար 202.85 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։
Այլ որոշումներով գործադիրը հաստատել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Սևաքարի և Արծվանիկի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «2009թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով նախատեսվում է` «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, 2009թ. գարնանային զորակոչն ու զորացրումն իրականացնել ապրիլ-հունիս ամիսներին։ Արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության «2009թ. գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագծին։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ