Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից։
Համաժողովի նպատակն է` քննարկել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու միջոցներ փնտրել սոցիալապես խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքը «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով համաժողովում

«Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր հանդիպումը նվիրված է չափազանց կարևոր մի թեմայի` ինչպե՞ս է համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդում սոցիալական խնդիրների վրա և ի՞նչ սոցիալական ազդեցություններ է իր հետ բերում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնք նվիրված էին սոցիալական խնդիրներին։ Մեր հակաճգնաժամային ծրագիրը, որ մենք ներկայացրինք Ազգային Ժողովին նոյեմբեր ամսվա ընթացքում, նույնպես իր մեջ պարունակում էր այս հարցի պատասխանը։ Սոցիալական խնդիրներն ունենալու են առաջնային նշանակություն մեզ համար, և մեր գործողությունները լինելու են այնպիսին, որ պաշտպանենք սոցիալապես անապահով խավերին։ Մեր հայտարարությունների բովանդակությունը կայանում է նրանում, որ անկախ ֆինանսական իրադարձությունների զարգացումից, անկախ նրանից, թե ի՞նչ սցենարով կզարգանան իրադարձությունները ՀՀ-ում, պետական բյուջեի սոցիալական ծախսերը պետք է լինեն պաշտպանված և պետք է ունենան առաջնային նշանակություն։ Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապես անապահով շուրջ 114 հազար ընտանիքներին, որոնք ստանում են սոցիալական նպաստներ, այլև սոցիալական համակարգին` լայն իմաստով։ Եվ դա է պատճառը, որ մենք ստիպված եղանք վերանայել 2009թ. բյուջետային մեր քաղաքականությունը` տեղաշարժեր կատարելով` ըստ եռամսյակների, մեր ծախսերի մեջ։ Նպատակն այն էր, որ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք արդեն իսկ 2009թ. առաջին եռամսյակում դրսևորվում էին, մասնավորապես, մուտքերի հավաքագրման առումով, մեր նպատակն էր այնպիսի ֆինանսական միջավայր ձևավորել, որը մի կողմից` կպաշտպաներ մեր սոցիալական ծախսերը, մյուս կողմից` թույլ կտար չկուտակել պարտքեր։ Կախված նրանից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ինչպիսի՞ն կլինի հարկերի հավաքագրման աստիճանը, ըստ այդմ էլ մենք մնացած ծախսերը կֆինանսավորենք մեր բյուջեից։ Այսինքն` մենք բյուջեի օպերատիվ կառավարման ենք անցել, եռամսյակային կտրվածքներով ենք ճշգրտում մեր բյուջեի ծախսերը և առաջնային պաշտպանվածություն ունենալու են հենց սոցիալական ծախսերը։ Ինչպիսի՞ն է լինելու սոցիալական վիճակը ՀՀ-ում 2009թ.-ին։ Գաղտնիք չէ, որ տնտեսական անկումն առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահով խմբերին։ Ամենակարևոր ցուցանիշը, որով մենք դատում ենք այս պրոբլեմի մասին, դա գործազրկության մակարդակն է։ Գործազրկության մակարդակին հետևելով, մենք պատկերացում ենք կազմում, թե տնտեսական աճի ցուցանիշն անմիջականորեն ի՞նչ ազդեցություն է թողնում սոցիալական համակարգի վրա և, բնականաբար, այս ցուցանիշը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում։ Այն գործողությունները, հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը, որ մենք իրականացնում ենք, կայանում է նրանում, որ հնարավորինս նվազեցնենք տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հենց աշխատատեղերի կրճատման վրա։ Առաջին հարվածը մենք ստացանք հանքահումքային արդյունաբերությունում, որտեղ ունենք շուրջ 6 հազար աշխատող և, բնականաբար, մեր հակաճգնաժամային միջոցառումները սկսեցինք այդ ոլորտի ներդրողների հետ կոնսուլտացիաներից։ Վերջին տարիների ընթացքում հանքահումքային արդյունաբերությունում արձանագրվել էր գների չափազանց բարձր մակարդակ, պատմականորեն ամենաբարձր մակարդակն էր արձանագրվել, ներդրումներն այդ ոլորտում բավականին մեծ թափ էին ստացել և ոլորտը շահութաբեր էր։ Մեր կոնսուլտացիաները ներդրողների հետ ցույց տվեցին, որ դեռևս ունենք որոշակի պոտենցիալ. մասնավորապես, այն դիվիդենտները, որ ստացել էին ներդրողները և շահութաբերության մակարդակի հաշվին այն շահույթները, որ նրանք ստացել էին, հնարավորություն էին տալիս այդ ձեռնարկություններում կրճատումներ չկատարել։ Պահպանվում էր աշխատավարձը, նույնիսկ այն աշխատողների, որոնք ժամանակավորապես աշխատանք չունեին, բայց ստանում էին իրենց աշխատավարձի երկու երրորդը։ Կոնսուլտացիաների արդյունքում մենք ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ մինչև ամառվա սեզոնը կրճատումներ չեն լինելու մեր խոշորագույն հինգ կոմբինատներում և, բնականաբար, դա բավականին լուրջ սոցիալական խնդիր է լուծում մեր պետության համար։ Առաջին օգնությունը ցույց տվեցինք Քաջարանի կոմբինատին, որն ամենախոշորն է, որպեսզի կարողանա հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, ձեռք բերի այն սարքավորումները, որ նրա 2009թ. ծրագրում ներառված էին և արդյունքում կոմբինատի արտադրողականությունը կարող էր կտրուկ ավելանալ` այդ սարքավորումներն առաջին եռամսյակում պատվիրելու և ներմուծելու շնորհիվ, և ավելին` Քաջարանի կոմբինատի հետ աշխատող շուրջ 200 սատելիտային ձեռնարկություններ չէին զրկվի իրենց պատվերներից։
Արդյունքում` մենք կարողացանք այդ շրջանում լուծել ոչ միայն տնտեսական աճի հետ առնչվող խնդիր, այլ նաև լուրջ սոցիալական խնդիր։ Հասկանալի է, որ հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելիս, օպերատիվ շտաբն առաջնային նշանակություն է տալիս հենց այն ձեռնարկություններին, որոնք համակարգաստեղծ ձեռնարկություններ են, որոնց աշխատանքով է պայմանավորված լինում այս կամ այն համալիրի աշխատանքը, կամ` այս կամ այն ռեգիոնի սոցիալական իրավիճակը։ Ինչպիսին, ասենք, Սյունիքի մարզն էր։ Ուսումնասիրությունների երկրորդ ուղղությունը նվիրված է մասնավոր տրանսֆերտներին։ Գաղտնիք չէ, որ մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշիռը չափազանց բարձր է ՀՀ-ում և դրանց աճի տեմպի կրճատումը էական ազդեցություն է թողնում նաև սոցիալական վիճակի վրա։ Այստեղ մենք պետք է ուժեղացնենք մոնիտորինգը և բացահայտենք այն ընտանիքները, որոնք տրանսֆերտների կրճատման պատճառով նույնպես կարող են ունենալ սոցիալական խնդիրներ։ Մենք Համաշխարհային բանկի հետ քննարկում ենք այն խնդիրը, թե ինչպե՞ս դարձնել ավելի նպատակային մեր սոցիալական նպաստների համակարգը, ի՞նչ փոփոխություններ կարող ենք իրականացնել մեր չափանիշների մեջ, որոնցով ախտորոշում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի օգնությունը լինի նպատակային և միջոցների փոշիացում տեղի չունենա։ Փորձագետների գնահատականով, չնայած այն հանգամանքին, որ մենք մեր տեսչական ստուգումների արդյուքում, բացահայտում ենք հետաքրքիր դեպքեր, երբ մարդիկ կիրառում են ինչ-ինչ մեթոդներ, որպեսզի հայտնվեն սոցիալական նպաստ ստացողների ցանկում, բայց այնուամենայնիվ, ներդրված համակարգը հնարավորություն է տալիս բացահայտելու առավել անապահով ընտանիքներին և նրանց օգնություն տրամադրելու։ Իհարկե, մենք այսօր ունենք գնահատականներ, որ տնտեսական ցուցանիշների բարձրացման հետևանքով, այդ ընտանիքների քանակը պետք է ավելանա և ՀԲ-ի ծրագրերում, որոնցով ստանալու ենք ֆինանսական միջոցներ, նույնպես հաշվի են առնում այդ հանգամանքը, որ մեր միջոցառումները պետք է ունենան սոցիալական բովանդակություն։
Հանրային, հասարակական աշխատանքների համար մենք բյուջեում նախատեսել էինք շուրջ 700 մլն դրամ։ Այստեղ էլ ունենք լուրջ պրոբլեմներ, որովհետև մեր նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ցավոք, այդ միջոցներն արդյունավետ չեն ծախսվում համայնքներում, նպատակային չեն օգտագործվում և կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք և փոխեցինք համակարգի տրամաբանությունը` նպատակ ունենալով այդ միջոցների ծախսումը դարձնել արդյունավետ։ Սա մեզ համար կարևոր է, որովհետև կարծում ենք, որ ՀԲ-ի տրամադրած միջոցների մի մասը կուղղվի այս միջոցների համալրմանը, և մեր ծախսերը հասարակական աշխատանքների կազմակերպման համար կլինեն ավելին, քան մենք մեր բյուջեում նախատեսել էինք։ Փոփոխության տրամաբանությունը կայանում է նրանում, որ համայնքները, մարզպետները վաղօրոք մեզ պետք է ներկայացնեն աշխատանքների ծրագրեր, և այդ աշխատանքները մեզ համար պետք է լինեն տեսանելի և չափելի։ Հետագայում մենք պետք է հնարավորություն ունենանք ստուգելու, որ այն աշխատանքները, ինչի համար հատկացրել ենք գումարներ` կատարվել են տեղերում։ Կարծում ենք, որ ամենամտահոգիչ ոլորտներից մեկը մեզ համար Էկոլոգիական իրավիճակն է, աղբահանությունը, որոնք չափազանց վատ վիճակում են գտնվում ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ։ Եվ աղբահանության կազմակերպումը այն խնդիրներից մեկն է, որը հենց կարելի է հանրային աշխատանքների միջոցով իրականացնել։ Նաև կարծում եմ, արդյունքների մասին մեր բնակչությունը կարող է դատել այս տարվա ընթացքում` արդյո՞ք մեզ հաջողվել է աղբահանության ոլորտում լուրջ հաջողություններ արձանագրել, թե՞ ոչ։ Էական նշանակություն ունի առողջապահական համակարգը, և մեր ծախսերն առողջապահական ոլորտում պետք է լինեն այնպիսին, որ առաջին հերթին պաշտպանված լինեն սոցիալապես խոցելի խավերը, և այդ առումով նույնպես աշխատանքներ ենք իրականացնում։ Կրթական համակարգում` վերջին նախարարական կոմիտեի նիստում քննարկվում է մի նոր մոտեցում, որպեսզի բուհերում անվճար ուսուցման հնարավորութույն ստանան, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավերից բուհական համակարգում ընդգրկված ուսանողները, այն ուսանողները, որոնց ընտանիքները ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով ի վիճակի չեն վճարումներ իրականացնել, և այս խնդիրը նույնպես այսօր գտնվում է մեր ուսումնասիրությունների կենտրոնում, և միգուցե իմաստ ունի 2009թ.-ին ամբողջությամբ փոխել ֆինանսավորման համակարգը կրթական ոլորտում, բարձրագույն կրթության ոլորտում, և նախապատվությունն առաջին անգամ տանք հենց սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին։
Ավարտելով խոսքս, ուզում եմ մի կարևոր թեզ նույնպես առաջ քաշել, այն է` սոցիալական խնդիրները, մանավանդ տնտեսական ցուցանիշների վատթարացման պարագայում, ունեն կարևոր և էական նշանակություն մեր երկրում համերաշխության մթնոլորտ ձևավորելու, և մեր երկրի տնտեսական դիմադրողականության բարձրացման առումով։ Կարծում եմ, որ այսօրվա մեր քննարկումները օգտակար կլինեն կառավարության համար։ Նաև ուզում եմ անել հետևյալ շեշտադրումը, որ պոպուլիզմը խիստ վտանգավոր է այս պարագայում, որովհետև հայտնվում են գործիչներ, որոնք փորձում են` օգտվելով այս օբյեկտիվ դժվարություններից, բարձրացնել իրենց քաղաքական վարկանիշը և շատ հաճախ հանդես են գալիս անհիմն հայտարարություններով, որն ամենևին էլ չի նպաստում սոցիալական խնդիրների արդյունավետ կարգավորմանը և լուծմանը։
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին` այս հանդիպման համար և համոզված եմ, որ քննարկումները, գաղափարները, որ այստեղ կհնչեն, օգտակար կլինեն կառավարությանը` սոցիալական ծրագրեր մշակելու պարագայում։
Շնորհակալություն»։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ