չորեքշաբթի, 12 փետրվարի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի այս տարվա առաջին նիստը խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամների մասնակցությամբ։
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կանանց տեղեկացրել է, որ խորհուրդը համալրման արդյունքում 23-ից դարձել է 36 հոգանոց, ընդգրկվել են հիմնականում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ կանայք, այդ թվում գործարար համայնքը ներկայացնող։ Վարչապետը հատկանշական է համարել, որ խորհրդում փոփոխվել է նաև գործադիր իշխանությունը և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց հարաբերակցությունը հօգուտ վերջիններիս։ Մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ կանայք 14-ից դարձել են 24, կառավարության ներկայացուցիչները 9-ից 12-ը։ Խորհրդի ընդլայնումը, ըստ վարչապետի, հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը, առաջադրել կանանց խնդիրներին վերաբերող հարցերի ավելի լայն շրջանակ ու համատեղ նպաստել դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակմանը։ Անդրանիկ Մարգարյանը նոր անդամներին կոչ է արել մինչ այժմ գործող խորհրդի անդամների օրինակով ակտիվ մասնակցություն ունենալ այս մարմնի աշխատանքներին։ Նա առաջարկել է նաև խորհրդի կազմում գործող աշխատանքային 4 խմբերը դարձնել 6-ը սոցիալ-առողջապահական խմբից առանձնացնելով սոցիալական հարցերով և առողջապահական հարցերով զբաղվողներին ու ավելացնել գործարարության հարցերով աշխատանքային խումբը, որտեղ գործունեություն կծավալեն խորհրդի կին գործարարները։ Առաջարկվել է աշխատանքային խմբերի ղեկավարներ ընտրել ոչ թե գործադիր իշխանությունը, այլ հասարական կազմակերպություններ ներկայացնող կանանցից։ Կանայք ողջունել են խորհրդի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ վարչապետի մոտեցումն ու արված առաջարկները և նիստից հետո շարունակել աշխատանքը աշխատանքային խմբերի ձևավորման ուղղությամբ։
Այսօրվա նիստում խորհրդի անդամներին զեկուցվել է նաև նախորդ նիստում տրված մի քանի հանձնարարականների կատարման ընթացքի մասին։