Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 փետրվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի սկզբում, վարչապետը նախ մի քանի հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին։ Նա, մասնավորապես, հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ և միջազգային կառույցներում ունեն տարբեր հարցերով ներկայացուցիչներ` նշանակված ՀՀ կառավարության կողմից, պահպանեն ռոտացիայի սկզբունքը, դիմեն նաև միջազգային այն կազմակերպություններին, որոնք ներկայացուցիչներ ունեն ՀՀ-ում, այդ նույն սկզբունքը իրենց կողմից ևս պահպանելու առաջարկով։ Նկատի առնելով, որ սա միջազգային հարաբերություններին առնչվող խնդիր է, վարչապետն ընդգծել է, որ այն նաև ՀՀ նախագահի սկզբունքային դիրքորոշումն է։
ՀՀ կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը վերաբերել է Ազգային մրցունակության խորհրդի աշխատանքներին, որին մասնակցում են նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ` պետության հետ համատեղ մշակելով ու իրականացնելով որոշակի ծրագրեր. «Մի շարք ծրագրեր, որոնց շուրջ արդեն մենք եկել ենք համաձայնության և հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի կողմից, անհրաժեշտ է այսուհետև վերցնել մի կողմից` կառավարության հսկողության տակ, մյուս կողմից` դարձնել հանրային վերահսկողության առարկա։ Մասնավորապես, «Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում» ծրագրի մասին է խոսքը։ Այս ծրագիրը հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի հոգաբարձուների խորհրդի կողմից և իրականացվելու է մասնավոր հատված-պետություն համագործակցության սկզբունքների ներքո։ Ծրագրի արժողությունն է` շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Ենթադրվում է, որ վերականգնվելու է Տաթևի վանքի համալիրն ամբողջությամբ, աշխատանքները դրվելու են գիտական և ուսումնական հիմքերի վրա։ Տեղի բնակչության համար երկարատև զարգացման հնարավորություններ են ստեղծվելու` կլինեն նոր աշխատատեղեր, կրթական համալիր և զբոսաշրջության կենտրոն։ Կառուցվելու է ճոպանուղի, որը բավականին լավ հնարավորություն է ստեղծելու տուրիզմի զարգացման համար։ Ճոպանուղու կառուցման աշխատանքներն սկսվելու են այս տարի։ Դա կլինի ՀՀ-ում ամենաերկար ճոպանուղին, որի շինարարական աշխատանքներն իրականացնելու են ավստրիացի մասնագետները։ Հասկանալի է, որ եթե այսպիսի մեծ համալիր ծրագիր է իրականացվելու հիմնականում մասնավոր ներդրողների հաշվին, ենթակառուցվածքների առումով, անհրաժեշտ է լինելու պետության աջակցությունը, և մենք մեր ծրագրերում պետք է հաշվի առնենք, որ Տաթևի համալիրի շուրջ ստեղծվելու է մի փոքրիկ կլաստեր (համախումբ)։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ։ Ճիշտ կլինի, որ աշխատանքային խումբը համակարգի Քաղաքաշինության նախարարությունը։ Խումբն կհամակարգի բոլոր պատասխանատուների հետ աշխատանքը` աջակցելու մասնավոր հատվածին, որպեսզի ապահովվի նախատեսված աշխատանքների իրականացումը», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի CICLONE-30 իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և ՀՀ-ում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին։ Նշվել է, որ բժշկության մեջ ախտորոշման նպատակով կիրառվող ռադիոնուկլիդների բարձր աստիճանի մաքրությունն ապահովելու, անցանկալի ռադիոնուկլիդներից ազատվելու համար մշակվել են իզոտոպների արտադրության բնապահպանական տեսակետից անվտանգ նոր մոտեցումներ, որպիսիք են արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաները։ Ռադիոնուկլիդների օգտագործման մատչելիության ապահովումը բժշկության և հարակից բնագավառներում հնարավորություն կտա Հայաստանում կատարվող աշխատանքները հասցնել եվրոպական մակարդակի։ Միևնույն ժամանակ, Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի մի խումբ մասնագետներ նախատեսում են Երևանում ստեղծել ուռուցքաբանության ինստիտուտ։ Նշված ծրագրերը լրացնում են միմյանց, որի արդյունքում հնարվորություն է ստեղծվում Հայաստանը դարձնել Միջուկային բժշկության կենտրոն, որը տարածաշրջանում ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման և դրանց հիման վրա բժշկական ախտորոշման ու բուժման իրականացման բնագավառում կլինի միակը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 19 մլն եվրո։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական IBA Molecular ընկերության, Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը։ Հանձնարարվել է նաև ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարներին` աջակցել «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին համապատասխան մասնագիտությունների (տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկա, ռադիոքիմիա, բարձր էներգիաների ֆիզիկա, միջուկային բժշկություն) գծով մագիստրոսական ուսուցում կազմակերպելուն` Միջուկային բժշկության կենտրոնի համար մասնագետներ պատրաստելու նպատակով։
Հիշյալ ծրագրի հաստատումը, ըստ վարչապետի, կարևոր է այն տեսակետից, որ մասնավոր հատվածն արդեն կառավարության հետ աշխատելու է ծրագրի շրջանակներում, հստակ պատկերացնելու է կառավարության անելիքները և դրանից ելնելով` կարող է հստակ ներկայացնել մասնավոր հատվածի մասնակցության չափը և ձևը։ Ծրագիրը հաստատելուց հետո, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, բանակցությունները մասնավոր հատվածի հետ կլինեն առարկայական։ «Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ սա Ազգային մրցունակության խորհրդի կողմից հաստատված առաջնահերթ ծրագրերից մեկն է։ Մենք անցյալ տարի Ծաղկաձորում կազմակերպել էինք հավաք, որին մասնակցում էին նաև բազմաթիվ ներդրողներ, և այս ծրագիրը, մյուսների շարքում արժանացել էր մասնավոր ներդրողների ուշադրությանը։ Կային լուրջ առաջարկություններ` ֆինանսական ներարկումներ կատարել հենց այս ծրագրում։ Սա երկրի համար բավականին մեծ ապագա ունեցող ծրագիր է», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրել 125 մլն դրամի չափով բյուջետային վարկ, հիմնադրամի կողմից` տնտեսվարող կազմակերպության` «ՍՈՐՍԻՈ» ՓԲԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով։ Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ նշված ՓԲԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 200 նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպության հաճախորդների ավելացմանը մինչև 80 հազարի և միջազգային ճանաչման շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը։
Վարչապետն այս ծրագրի նկատմամբ ևս կարևորել է հասարակական վերահսկողությունը, նշելով. «Օպերատիվ շտաբի որոշման համաձայն, մենք 125 մլն դրամով մասնակցելու ենք այս ծրագրի իրականացմանը։ Սա մասնավոր հատվածից ստացված բացառիկ, կարևոր և լավագույն այն ծրագրերից մեկն է, որն օպերատիվ շտաբը քննարկել է և հավանության արժանացրել։ Արտահանման ներուժը գնահատվում է 60 մլն ԱՄՆ դոլար։ Մրցունակ ընկերություն է, իր ծրագրային արտադրանքը վաճառում է դրսում, Միացյալ Նահանգներում ստեղծելու է ներկայացուցչություն, աշխատատեղերն են ավելանալու և, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, նրանք կարողանում են գտնել իրենց տեղը և դիրքը շուկայում, ընկերության մրցունակությունը շատ բարձր է։ Պետության օժանդակությունը ընկերությանը նպաստելու է, որպեսզի համաշխարհային ճգնաժամի արդյունքում նրանք հաղթած դուրս գան և զբաղեցնեն այն դիրքերը, որտեղ շատ ընկերություններ այսօր չեն դիմանում մրցակցությանը։ Կարծում եմ, այս օրինակը վարակիչ կլինի նաև այլ ձեռնարկությունների համար` ՏՏ ոլորտում այսպիսի հավակնոտ, համարձակ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Բոլոր կարողությունները և հաջողված փորձ ընկերությունն ունի, ինչն ամենակարևորն է։ Պատրաստ է աշխատել թափանցիկ, վերահսկելի` բոլոր ֆինանսական հոսքերը մեզ համար բաց են և հասկանալի, կորպորատիվ կառավարման կանոններն էլ` ընդունելի։ Արժեթղթերի շուկայում էլ հայտնվելը նպաստելու է արժեթղթերի շուկայի զարգացմանը, քանի որ այսպիսի ընկերություններ նման աշխատաոճով արժեթղթերի շուկայի զարգացման համար անհրաժեշտություն են»։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին` 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ տրամադրել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` վերջինիս շրջանառու միջոցների համալրման նպատակով։ Նշվել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով կտրուկ իջել են նաև հիշյալ ընկերության կողմից թողարկվող պղնձի և մոլիբդենի խտանյութի գները, որի պատճառով վտանգի տակ է հայտնվել ընկերությունում իրականացվող լայնամասշտաբ ներդրումային ծրագրերի ավարտման գործընթացը։ Ընկերության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ընկերության 2009-2012թթ. զարգացման ծրագիր, որով նախատեսվում է տեխնիկական արդիական վերազինման հաշվին ինքնարժեքի նվազեցում և արտադրության ծավալների էական աճ, աշխատատեղերի պահպանում և ավելացում, որն այժմ գտնվում է քննարկման փուլում։ Նշված գումարը ընկերությանը տրամադրվել է իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակներում մասնակի վճարված և արտերկրում առաքման փուլում գտնվող եզակի սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերջնական վճարումների իրականացման և ներկրման համար։ Մեկ այլ որոշմամբ, այդ նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ 2009թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։
Վարչապետը կարևորել է, որպեսզի վերոհիշյալ հարցը հանրությանը մանրամասն ներկայացվի, քանի որ բոլորը մտահոգված են, թե հանքային արդյունաբերությունում վիճակն ինչպիսի՞ն կլինի, և միաժամանակ, բավականին հոռետեսական գնահատականներ են տրվում։ Ըստ Տիգրան Սարգսյանի, անհրաժեշտ է ներկայացնել, թե Սյունիքի մարզում ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվելու աշխատատեղերի առումով։ «Հատկացված 3 մլրդ դրամը երաշխավորելու է, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամբողջ հզորությամբ աշխատի մոտակա երեք տարիների ընթացքում։ Երկրորդը` 50 արբանյակային ձեռնարկություններ, որտեղ ներգրավված է 2 հազար աշխատող, նույնպես երաշխավորված է լինելու, որ պահպանելու են իրենց աշխատատեղերը։ Երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականությունը առնվազն 30 տոկոսով ավելանալու է, քանի որ ներմուծվելու են սարքավորումներ, որոնք կբարելավեն արտադրության տեխնոլոգիաները։ Եվ, իհարկե, Սյունիքի մարզում այսպիսով կստեղծվի շատ ավելի բարենպաստ սոցիալական միջավայր, ինչը մեզ համար կարևոր է։ Սա նախադեպը չունեցող գործառույթ է, որ մենք ձեզ հետ միասին այսօր իրականացնում ենք և ամբողջությամբ ունի հակաճգնաժամային բովանդակություն», - ասել է ՀՀ վարչապետը։
Նիստում գործադիրը հավանություն է տվել Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ «Տաթևի վանքի վերածննդի հիմնադրամ» կազմակերպության առաջարկություններին։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին և Սյունիքի մարզպետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ ծրագրի իրականացման համար օրենքով սահմանված կարգով հողամասերի հատկացման կամ փոխանակության համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն։ ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Տաթևի վանական համալիրին հարող տարածքն անհրաժեշտ հզորության էլեկտրաէներգիայով ապահովելու համար, իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` դեպի Հալիձոր համայնք տանող ավտոճանապարհի վերանորոգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար։ Հանձնարարվել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին` ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանի գլխավորությամբ, համաձայնեցնելով ՀՀ մշակույթի նախարարի հետ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2009թ. մայիսի 31-ին նշանակել և Երևան քաղաքում անցկացնել Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 183 մլն 653.079 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հիշյալ ընտրությունների նախապատրաստման ծախսերը ֆինանսավորելու և ՀՀ ԿԸՀ-ի կողմից` ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար։ 78 մլն 402.325 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ ոստիկանությանը։
ՀՀ հողային օրենսգրքին և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա քաղաքի զարգացման հեռանկարները, կառավարությունը որոշել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և որոշման նախագծի հավելվածում նշված մի շարք տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը հիմնավորվել է նրանով, որ նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և դրանց արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման։ Սահմանվել է, որ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011թ. հունվարի 1-ն է, բացառությամբ հավելվածի 6-րդ կետում նշված տարածքի, որտեղ վերջնական ժակետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։ Սահմանվել է նաև, որ սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 97 մլն 160 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` «Սփյուռքի ճանապարհներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` հատկացված գումարը տրամադրել «Հայերը և ծովը» ՀԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի կանխարգելման հայեցակարգին։ Փաստաթղթով նախատեսվում է հիշյալ բնագավառում իրականացվելիք գործողությունների տարանջատումը` ըստ ոլորտների պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքակառավարման մարմինների միջև։ Հայեցակարգի կիրառումը կնպաստի քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիսկի նվազեցման ուղղությամբ համապատասխան ոլորտում փոխհամաձայնեցված ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ քարաթափերի գոտիներում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների անվտանգ և անխափան շահագործման, բնակչության անվտանգության ապահովմանը և այդ նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործմանը։ Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին` իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտների վերաբերյալ սահմանված կարգով ապահովել հայեցակարգից բխող ծրագրային առաջարկությունների ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը։
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, կառավարությունը սահմանել է ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգը։ Սահմանվել է, որ հիշյալ գործարքների մասով ԱԱՀ-ն վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը` ներառյալ։ Սահմանվել է նաև, որ որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների նկատմամբ, որոնք ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացնում և ԱԱՀ-ի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում։ Որոշման համաձայն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը և նոտարներին ապահովում է վերոհիշյալ գործարքների մասով ԱԱՀ հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու օրենքով սահմանված պահանջների վերաբերյալ իրազեկման նյութերով, իսկ վերջիններն ապահովում են իրազեկման նյութերի փակցնումը առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում։
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հողերի մոնիտորինգի իրականացման կարգը»։ Որոշումը լրացնում է շրջակա միջավայրի մոնիտորինգի օրենսդրանորմատիվային իրավական դաշտում գոյություն ունեցող բացը` կանոնակարգելով հողերի վիճակի հետ կապված ուսումնասիրությունները, այդ մասին տեղեկատվության ստացման և հավաքագրման գործընթացները, ինչպես նաև դրա հիման վրա բնապահպանական կառավարման խնդիրների լուծման ապահովումը։ Հողերի մոնիտորինգի (բացառությամբ կառուցապատված և կառուցապատման համար նախատեսված հողերի, ինչպես նաև անտառային հողերի) բնագավառում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Հանձնարարվել է նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանել համակարգչային տվյալների շտեմարանի և գրանցամատյանի ձևը և վարման կարգը` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ։
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է հարկադիր կատարողի վարքագծի կանոնները։ Նշվել է, որ որոշմամբ սահմանվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոնները` ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս, ինչը կնպաստի հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, հարկադիր կատարողի կոչմանը հարիր վարքագծի դրսևորմանը։ Որոշմամբ հաստատված կանոնները հարկադիր կատարողի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են` հիմնված օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության գործելաոճ արմատավորելու սկզբունքների վրա։
«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը։ Որոշման ընդունումը կնպաստի ջրավազանային կառավարման պլանների հնարավորինս լիարժեք մշակմանը, ջրավազանային կառավարման տարածքներում ջրային ռեսուրսների ողջամիտ կառավարմանը` կիրառելով միասնական ջրաէկոհամակարգային մոտեցում։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 8-ի N26 արձանագրային որոշման մեջ, գործադիրն այդ որոշմամբ հավանության արժանացած «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկը» շարադրել է նոր խմբագրմամբ։ Նշվել է, որ փաստաթղթի պարբերաբար վերանայումն ու թարմացումը նախատեսվել է հենց Ազգային ակնարկի մշակման ժամանակ և ամրագրվել դրա նախաբանում։ Ակնարկում ներառված են երկրի աշխարհագրական, դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քիմիական նյութերի և թափոնների ոլորտի կառավարումն ապահովող իրավական կարգավորման մասին տեղեկություններ, որոնք նորացվել և լրացվել են 2003-2007թթ. ժամանակահատվածի տվյալներով, կատարվել է հիշյալ ոլորտին վերաբերող օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, ինչպես նաև այդ հարցերին առնչվող տարբեր պետական կառույցների գործառույթների վերլուծություն, որոշվել են ոլորտի գերակա հիմնախնդիրները, դրանց վերացմանն ուղղված հետագա աշխատանքների ուղղվածությունը։ Ազգային ակնարկը լրացվել է նաև «Պատրաստականությունը արտակարգ իրավիճակներին և դրանց հետևանքների վերացմանը» նոր գլխով։
Գործադիրը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին։ Առաջին օրինագծով առաջարկվում է` ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու և դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում, գույքահարկի պարտավորությունն այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից դադարելու վերաբերյալ դրույթի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի փոխադրամիջոցների գույքահարկի գծով կուտակված ապառքների կրճատումը և համայնքների կողմից առավել իրատեսական բյուջեների կազմումը։ Երկրորդ նախագծով նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների ցանկից բացառել տրանսպորտային միջոցը խոտանելու դեպքերը, ինչն իր հերթին, կբացառի հիշյալ օրենքով սահմանվող տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող պարտադիր վճարի (5000 դրամի չափով) գանձումը։
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերին ևս։ Օրինագծերով առաջարկվում է բարձրացնել արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների չափերը։ Մասնավորապես, նշված սուբյեկտների կողմից արժութային օրենսդրության պահանջների առաջին անգամ խախտման համար` նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի փոխարեն, կիրառել տուգանք երկու հազարապատիկի չափով կամ մինչև մեկ տարի ժամկետով կասեցնել գործունեության լիցենզիան, իսկ երկրորդ անգամ նման խախտման դեպքում` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 700-ապատիկի փոխարեն, նշանակել տուգանք 4 հազարապատիկի չափով։ Օրինագծով առաջարկվում է նաև բարձրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով ՀՀ կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված անձանց դեպքում արժութային օրենսդրության պահանջների խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները, նախկինում 100-ապատիկի փոխարեն, նախատեսելով գանձել 2 հազարապատիկի, իսկ 200-ապատիկի փոխարեն` 4 հազարապատիկի չափով տուգանք։ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել հիշյալ օրենքների նախագծերը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծով առաջարկվում է ընդլայնել և կատարելագործել հիշյալ օրենքով նախատեսված վճարների նպատակային օգտագործման ֆինանսական շրջանակները, ավելի վերահսկելի և նպատակային դարձնել համայնքների բնապահպանական ծրագրերը, ինչը կնպաստի նաև տարածքների համաչափ զարգացմանը, կմեծացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը` ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՋԻՆՋԷԿՈ» ՍՊԸ-ին տալ վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա` լուսաժապավենների, ռենտգեն և այլ ժապավենների երևակման ժամանակ առաջացող լուծույթների վնասազերծում և կորզված նյութերի վերամշակում կատարելու համար։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարներին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին` իրենց իրավասության սահմաններում իրականացնել հսկողություն սահմանված վնասազերծման աշխատանքների կատարման նկատմամբ։
Գործադիրը հավանություն է տվել նաև «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվառվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին։ Հաշվի առնելով, որ հիշյալ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված են միայն մեկ տեսակի ավիայուղ և ավիավառելիք, որոնք նախատեսված են հին մակնիշների օդանավերի համար և ներկայումս հանրապետության շուկա են ներկրվում ավիավառելիքի ու ավիայուղի բազմաթիվ տեսակներ, որոնք անհրաժեշտ են միջազգային չվերթեր իրականացնող` եվրոպական և այլ երկրների արտադրության օդանավերի լիցքավորման համար, առաջարկվում է ավիայուղի և ավիավառելիքի ներկրվող ամբողջ տեսականին ամրագրել ՀՀ օրենքում։
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությանը։ Որոշումն ընդունվել է բուլղարական կողմի առաջարկությամբ, որը պայմանավորված է 2007թ. հունվարի 1-ից Բուլղարիայի Հանրապետության Եվրամիությանը անդամակցությամբ։ Նշվել է, որ համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա հիշյալ բնագավառում հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացման վրա, քանի որ երկու պետություններն անդամակցում են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառի մի շարք միջազգային կազմակերպությունների (ISO, COMMET), ինչը ոչ միայն խթանում է հարաբերությունների զարգացումը, այլև ընդլայնում է շփման դաշտը։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարին` Գյումրու քաղաքապետի հետ համատեղ, մեկամսյա ժամկետում ճշտել Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2ա հուշարձան-շենքով և Շչորսի 2 շենքով զբաղեցված հողամասի սահմանները, երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ կնքել հիշյալ հողամասը ՀՀ-ին նվիրաբերելու պայմանագիր, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել վերոհիշյալ շենքերի և դրանցով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի սահմանված կարգով պետական գրանցումը։ Որոշվել է սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, նշված գույքն ամրացնել «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
Նիստում որոշվել է նաև` որպես ՀՀ-ին նվիրաբերություն ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանող 24 հազար գծմ. երկարությամբ, 12 մլն 300 հազար դրամ հաշվեկշռային արժողությամբ ջրատար խողովակաշարը։ Սահմանվել է, որ նշված գույքը (ավելացնելով նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեով հաստատված «Նոր Խարբերդ այգեգործական տնտեսության ջրամատակարարման բարելավում» ծրագրով 59 մլն 375.489 հազար դրամ արժեքով կատարված աշխատանքները) ամրացվում է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Հանձնարարվել է պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը, ինչպես նաև երկամսյա ժամկետում այն վարձակալության իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ին և ապահովել այդ ընկերության հետ 2005թ. դեկտեմբերի 14-ին կնքված` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի ջրային համակարգերի» վարձակալության պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով։ Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, Նոր Խարբերդի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի առաջարկությունը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի N475-Ն և 1997թ. հոկտեմբերի 16-ի N445 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N112-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է որոշման հավելվածներում նշված բնակավայրերի որոշ անվանումներ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև որոշ ճանապարհներ անվանացանկում ներառելու և անվանումների ու ճանապարհների երկարությունների ճշգրտման նպատակով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքում գտնվող պանսիոնատի 3535.5քմ ընդհանուր մակերեսով, 353.1 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով շենք և շինություններն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին։
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի Կ.Ուլնեցու 64 հասցեում գտնվող 1219.6 քմ ընդհանուր մակերեսով, 4 մլն 250.4 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության հանձնել «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` տարեկան վարձավճար սահմանելով 5016.0 հազար ՀՀ դրամ։ Սահմանվել է նաև, որ հաշվարկված վարձավճարը թողնվում է հիմնադրամի տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամում կատարվող կամավոր գույքային վճար։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին և ՀՀ ոստիկանության պետին։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ