չորեքշաբթի, 18 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին առևտրի գլխավոր տնօրինության երկկողմ առևտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են ԵՄ-ի հետ ազատ առևտրային ռեժիմի շրջանակներում համագործակցության` Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների իրականացման ընթացքի և ընդհանուր առմամբ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվելիք Արևելյան գործընկերության հայեցակարգի ներքո ՀՀ-ի հետ հետագա գործակցությունը զարգացնելու և ընդլայնելու հետ կապված հարցեր։
Տիկին Եվա Սինովիչը նշել է, թե շնորհիվ Արևելյան գործընկերության հայեցակարգի, նախատեսվում է ՀՀ-ի և գործընկերության մեջ ներգրավված մյուս երկրների հետ երկարաժամկետ և լայն համագործակցություն։ Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի հետ ՀՀ-ի Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյան նշել է, թե իր գլխավորած փաստահավաք առաքելության նպատակը Հայաստանի ներկայիս վիճակին ծանոթանալն ու Համաձայնագրի իրագործման նախապատրաստումն է։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին` այս գործընթացին ակտիվ և շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու և համագործակցության պատրաստակամության համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կավարտվի, որը կարող է նոր թափ հաղորդել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Տիկին Եվա Սինովիչն այս կապակցությամբ նկատել է, որ Հայաստանում, իրոք, հավակնոտ ծրագրեր են իրականացվում, կառավարությունը շարժվում է հեռանկարային ներդրումները խթանելու, դրանց համար բարենպաստ միջավայր ստեղծելու ճանապարհով, ինչը ողջունելի է։
ՀՀ կառավարության ղեկավարը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունը, առաջնահերթությունները և ըստ ոլորտների նախատեսված ծրագրերը, որոնք հիմնված են այդ ոլորտներում Հայաստանի հարաբերական առավելությունների բացահայտման և օգտագործման վրա։ Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը բաց է Եվրոպական հանձնաժողովի հետ, առաջիկա անելիքներն ու առկա խնդիրները քննարկելու հարցում և պատրաստակամ` սերտորեն համագործակցելու։